«Ինչպե՞ս անեմ, որ երեխաս ինձ լսի տատիկ-պապիկի ներկայությամբ». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 20-րդ խմբաքանակին:

Անուն: Արևիկ
Հարց: Հարգելի բժիշկ, 21 տարեկան եմ,ապրում եմ Մոսկվայում ամուսնուս և երեխայիս հետ,ամուսնուս ծնողները  տարվա ուղիղ կեսն անցկացնում են մեզ մոտ: Խնդիրս այսպիսին է. ամուսինս նորմալ վաստակում է, դե բնական է` փողը միշտ քիչ է,  ցանկալի է նաև իմ աշխատելը, իսկ փոքրիկս 1 տարեկան 2 ամսական է: Ես կարծես ներքին հակամարտության մեջ եմ, մի կողմից չեմ ուզում երեխայիս խնամքը թողնել սկեսուրիս, մտածում եմ  երեխայի հոգեբանական

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 20-րդ խմբաքանակին:

Անուն: Արևիկ
Հարց: Հարգելի բժիշկ, 21 տարեկան եմ,ապրում եմ Մոսկվայում ամուսնուս և երեխայիս հետ,ամուսնուս ծնողները  տարվա ուղիղ կեսն անցկացնում են մեզ մոտ: Խնդիրս այսպիսին է. ամուսինս նորմալ վաստակում է, դե բնական է` փողը միշտ քիչ է,  ցանկալի է նաև իմ աշխատելը, իսկ փոքրիկս 1 տարեկան 2 ամսական է: Ես կարծես ներքին հակամարտության մեջ եմ, մի կողմից չեմ ուզում երեխայիս խնամքը թողնել սկեսուրիս, մտածում եմ  երեխայի հոգեբանական վիճակի,մայրական դաստիարակության կարևորության , իմ կարոտի մասին,և ինչու չէ, խանդում եմ, որ երեխաս ավելի կկապվի տատիկի հետ, քանի որ տատիկն, այսպես  ասած,  խորը չի ընկալում մայր-երեխա հոգեբանական կապը: Մյուս կողմից էլ մեղքի զգացումն է ,որ հրաժարվում եմ ամուսնուս օգնել: Ինչպե՞ս վարվեմ , որ ոչ մեկս չտուժենք: Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան: Իրականում ընտանիքի ֆինանսական վիճակի համար պատասխանատու են ընտանիքի բոլոր 4 մեծահասակները` ներառյալ ձեր ամուսնու ծնողները: Բնական է, որ դժվար է այդ հոգսը տանել միայնակ, բայց արդյո՞ք դա միայն ձեր խնդիրն է:

Մյուս կողմից, երեխայի և մոր կապը միայն երեխայի համար չէ, դա նաև մոր կապն է երեխայի հետ: Մինչև 3 տարեկանը այդ կապը շատ սերտ է, և ցանկալի չեն երկար բաժանումները: Բնականաբար, երբ կարիք կա աշխատելու, մենք շատ երկար չենք մտածում: Բայց երբ կարելի է ընտրություն կատարել, ապա ես խորհուրդ կտամ լսել ձեր սրտին, քանի որ ընտանիքի ֆինանսական վիճակն ապահովելը այս պահին 1 տարեկան փոքրիկ ունեցող մոր ուսերին չպիտի լինի, դուք շատ կարևոր պարտականություն ունեք` ձեր բալիկին մեծացնելը, և դա ավելի կարևոր է:

Անուն: Նարե

Հարց: Հարգելի հոգեբան, շնորհակալ եմ Ձեր պատասխանի և խորհրդի համար: Մի փոքրիկ հավելում կուզեի անել նախորդ հարցի հետ կապված: Աղջկաս օտար լեզուներով խոսել, երգել, գույներ ու թվեր ճանաչել ինքս չեմ սովորեցնում, այդ ամենը նա անում է ինքնուրույն և կարողանում դրանք հստակորեն և ճիշտ իրավիճակներում կիրառել: Դա զարմացնում է ինձ ու ընտանիքի անդամներին, բայց շատ հասարակ հարց ու պատասխանի ժամանակ նա կաղում է: Ես որպես մայր զգում եմ, հասկանում , որ երեխաս խնդիր ունի, ինչպես նաև օգնության կարիք: Նա նման չէ բոլորին, իր ավագ եղբորը, որը 6 տարեկան է և փայլում է իր ունակություններով:Դեռ փոքրուց զգում էի, որ փոքրիկս հետ ինչ-որ բան այն չէ, բայց երբ բարձրաձայնում էի այդ մասին, ամուսինս սաստում էր ինձ `ասելով, որ դեռ փոքր է, ընթացքում ամեն ինչ կհասկանա, և մինչև հիմա էլ չեմ կարողանում նրան համոզել, որ որևէ մասնագետի դիմենք: Թեպետ նա էլ է նկատում, որ իր ուղղած հարցերի 5-10 %-ին է միայն ճշգրիտ պատասխան ստանում, այն էլ այնպիսի տարրական հարցեր, որ կտային 2 տարեկան երեխային (ինչ է մամայիդ անունը, ով է քո եղբայրը և այլն):Ես սարսափում եմ այն մտքից, որ իմ աղջիկն  որեւէ մտավոր խնդիր կարող է ունենալ:Խնդրում եմ, ասացեք ինձ հարգելի հոգեբան, ո՞րը կարող է լինել իմ առաջին քայլը, արդյո՞ք ես չեմ ուշացել:Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Հարգելի Նարե, կարծում եմ` նախորդ հարցին պիտի պատասխանած լինեի, որ դիմեք մասնագետի: Հիմա ևս պնդում եմ, որ մասնագետների հետ խորհրդատվությունը կարևոր և անհրաժեշտ է: Առաջին քայլը հոգեբանի, հատուկ մանկավարժի հետ խորհրդատվությունն է: Կարծում եմ `չեք ուշացել:

Անուն: Արևիկ

Հարց: Բարև Ձեզ : Հարգելի հոգեբան, խնդրում եմ խորհուրդներով օգնել: Ինչպե՞ս ես կարողանամ հանգիստ վերաբերվել երեխայիս հետ կատարվող և նրա հետ առնչություն ունեցող ամեն մի երևույթին :Նա  6 ամսական է: Ամենն ,  ինչը խախտում է նրա հանգիստը , ինձ նյարդացնում է: Ամբողջ օրը ես եմ երեխայի հետ : Շատ ակտիվ երեխա է : Անընդհատ պահանջում է զբաղվել իրենով , հանգստի ժամանակ չի մնում: Շնորհակալություն նախապես :

Պատասխան: Նորածին երեխայի վրա կենտրոնանալն ու նրա ամեն փոքրիկ փոփոխությամբ ապրելն  ինչ-որ տեղ նորմալ է: Սակայն ձեր հարցադրումից պարզ չէ,  թե ինչից եք նյարդայնանում. նրանի՞ց, որ որևէ մեկը խախտում է երեխայի հանգիստը, թե՞ այլ բանից: Նշում եք, որ դուք եք երեխայի հետ, այդ դեպքում պարզ չէ, թե ինչն է  խախտում երեխայի հանգիստը, բացի այդ, նշում եք, որ ձեզ համար հանգստի ժամանակ չի մնում: Այս ամենից  ո՞րն է ձեզ անհանգստացնում, պարզ չէ: Եթե կարող եք, մեկ անգամ ևս ձևակերպեք ձեր հարցը:

Անուն: Մարինե

Հարց: Բարև ձեզ,իմ մեծ աղջիկը տասը  տարեկան է ,ես չեմ կարողանում նրա հետ շփվել , շատ բռնկուն է, շատ ցրված, ամեն ինչի հանդեպ անուշադիր ,ոչ մի կերպ չի ստացվում իր  հետ շփումը ,փորձում եմ անընդհատ հետը զրուցել, հասկանալ , բայց չի ստացվում: Իրեն միայն խաղն է հետաքրքրում: Նաև սիրում է կարդալ: Իր  ծանր բնավորության պատճառով դպրոցում էլ իր հետ համարյա չեն շփվում ,ուսուցիչներն էլ միշտ բողոքում են, թե նա կռվարար է : Չգիտեմ` ինչ անեմ: Ի՞նչ խորհուրդ կտաք:  Ամուսինս դեմ է  որևէ հոգեբանի դիմելու հարցում: Խնդրում եմ, ինձ մի խորհուրդ տվեք: Շնորհակալություն:

Պատասխան: Եթե ձեր ամուսինը դեմ է հոգեբանի դիմելուն, ապա գուցե նա գիտի, թե ինչպես է պետք վարվել: Բայց եթե դմում եք այս հարցադրումով, ամենայն հավանականությամբ նրա մոտեցումները ևս չեն օգնում իրավիճակից դուրս գալ: Ամենայն հավանականությամբ , երեխայի մոտ սկսվել է դեռահասության ճգնաժամը, սակայն պարտադիր չէ: Եթե երեխան ունի խնդիրներ նաև դպրոցում, ապա նրան դաստիարակելու և խրատելու փոխարեն պիտի փորձեք օգնել և հասկանալ երեխային: Սովորաբար ծնողները  խրատներով են մոտենում երեխային սիրելու և հասկանալու փոխարեն:

Եթե անգամ ձեր աղջիկն  արդեն մեծ է և ինքնուրույն քնում է, այնուամենայնիվ խորհուրդ կտամ գիշերը քնելուց առաջ մի փոքր ժամանակ հատկացնեք նրան, առանց ավելորդ զրույցների ու խրատների, քննադատության, ուղղակի գրկեք ու քնքուշ սիրեք քնելուց առաջ, պառկեք նրա կողքին և զրուցեք այլ բաներից:  Եղեք մի փոքր ուշադիր և աջակցող, մոռացեք որ դուք ծնող եք, մի փոքր  էլ ընկեր եղեք:

Անուն: Լուսինե

Հարց: Կրկին անգամ բարև ձեզ, հարգելի հոգեբան: Աղջիկս 1 տարեկան 7ամսական է, բավականին հասկացող և խելացի է,ազատ կարողանում է խոսել, հաղորդակցվել, անմիջապես ընկալում է, երբ մի բան եմ ասում:Սակայն մի խնդիր կա, երբ գնում ենք ամուսուս  ծնողների տուն, ինձ ընդհանրապես չի լսում, դառնում է կամակոր:Նշեմ,որ մենք ապրում ենք առանձին, բայց հանգամանքների բերումով 3-4ամիս պետք է ապրենք այնտեղ: Խնդրում եմ, ասեք ինչպե՞ս վարվել, ի՞նչ անել, որ երեխան ինձ լսի տատիկ-պապիկի ներկայությամբ, շատ չբարկացնի: Շնորհակալ եմ,որ ձեր խորհուրդներով օգնում եք ինձ:

Պատասխան: Հարգելի Լուսինե, երբ երեխան ուրիշների ներկայությամբ չի ենթարկվում ծնողին, դա շատ հունից հանող իրավիճակ է: Արդյունքում ծնողներն սկսում են զայրանալ ավելի շատ քան մեկ այլ իրավիճակում կզայրանային, քանի որ այդ դեպքում կարծեք երեխան հարվածում է իրենց հեղինակությանը: Եթե մի պահ մոռանաք այդ հեղինակության, որպես ծնող ձեր դիրքի ու մնացած նման բաների մասին, ապա կկարողանաք կառավարել երեխայի վարքն ավելի շատ: Ամեն դեպքում նրա վարքը կախված է մեծահասակների վերաբերմունքից: Հնարավոր է, որ տատիկն ու պապիկը ավելի հանդուրժող են երեխայի նկատմամբ և դա մի փոքր նրան ռեժիմից գցում է: Ոչ ամբողջությամբ, բայց ինչ-որ չափով գուցե պետք է համակերպվել  և ընդունել, որ որոշ հարցերում այլ մեծահասակներ կարող են ազդել ձեր երեխայի վարքագծի վրա, և դուք չեք կարող իդեալական արդյունք ակնկալել: