«Երբ գնում ենք ամուսուս ծնողների տուն, երեխաս ինձ ընդհանրապես չի լսում. ինչպե՞ս վարվեմ» . «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս ու մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 21-րդ խմբաքանակին:

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 21-րդ խմբաքանակին:

Անուն: Կարինե

Հարց: Բարև Ձեզ, հարգելի՛ բժիշկ, իմ երեխան 6 ամսական է, նա շատ աշխույժ է, շարժուն: Երեխային սովորեցրել ենք գրկելուն, իսկ հիմա կանգնել եմ խնդրի առջև. նա ոչ սայլակում է մնում ու խաղում, ոչ էլ սիրում է խաղալիքով մենակ պառկել ու խաղալ: Պետք է նրան անընդհատ գրկեմ ու պտտվեմ տանը կամ դրսում: Ինչպե՞ս փոխեմ այս սովորությունը և ուղղեմ իմ սխալը: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան: Առաջին հերթին դադարեք երեխային գրկելը սխալ համարել: Ճիշտ եք արել: Փոքրիկ երեխաները բոլորից շատ ունեն ֆիզիկական շփման կարիք: Այս պահին ուղղակի պետք է աստիճանաբար երեխային ավելի ինքնուրույն ու հետաքրքրասեր դարձնել: Սկզբում կարող եք ուղղակի ձեր կողքին նստեցնել ու խաղալ իր հետ, ապա նորից գրկել: Այսինքն՝ աստիճանաբար երեխային սովորեցրեք ձեր գրկից դուրս լինել: Մի՛ վախեցեք, եթե նա անմիջապես չհամաձայնի երկար մնալ հեռու: Դա նորմալ է: Թողեք, որ երեխան հարմարվի այդ իրավիճակին:

Անուն: Նարե

Հարց: Հարգելի՛ բժիշկ, երեխաս 6 ամսական է, ինձ դեռ չի ճանաչում, տան մյուս անդամներից չի առանձնացնում, հնարավո՞ր է՝ դեռ մորը ճանաչելու ժամանակը չէ: Ինչպե՞ս է դրսևորվում այդ տարիքում երեխայի՝ մորը ճանաչելը: Կանխավ շնորհակալ եմ

Պատասխան: Հարգելի՛  Նարե, հնարավոր է, որ ձեզ թվում է միայն, որ երեխան ձեզ չի ճանաչում: Բայց եթե իսկապես նա ձեզ չի ճանաչում, ապա անպայման պետք է դիմել մանկաբույժի խորհրդատվությանը, քանի որ երեխան շատ ավելի վաղ շրջանում է սկսում ճանաչել մորը, մոր ձայնը, հոտը, տեսքը: Այս հարցում նախնական կողմնորոշվելուն կարող է օգնել նաև այս հոդվածը: Ընթերցեք՝ հետեւելով հղմանը՝  http://bit.ly/1rIMfUj

Անուն: Արևիկ

Հարց: Բարև, հարգելի՛  բժիշկ: Շնորհակալ եմ հարցիս անդրադառնալու համար: Նախորդ հարցս ավելի մանրամասնեմ: Ընտանիքս բազմանդամ է, 3 ընտանիք միասին ենք ապրում, կան նաև փոքր երեխաներ: 6 ամսական աղջիկս շատ  զգայուն է: Թեպետ միշտ աղմուկի մեջ է քնում, բայցևայնպես չի սովորել դրան և անհանգիստ է քնում: Տան փոքր երեխաները վերաբերում են ինչպես տիկնիկի և շատ հաճախ ձգում ձեռքերն ու ոտքերը: Այդ ամենի դեմ հսկողությունը միայն իմ կողմից է, ու ես շատ եմ լարվում այդ առումներով: Դրան ավելանում է նաև այն, որ միայն ես եմ խնամում երեխային ու անընդհատ ես եմ իր կողքին: Ակտիվ, շարժուն ու իր նկատմամբ ուշադրություն պահանջող երեխա է: Իմ հոգնածությունը ևս գումարած ընդհանուրին՝ մոտս գերլարված ու գերհոգնած վիճակ է: Ինչպե՞ս կարողանամ անցկացնել այս շրջանը, որ և՛ ես վերականգնեմ ուժերս, և՛ տան մթնոլորտը չտուժի: Շնորհակալ եմ:

Պատասխան: Հարգելի՛  Արևիկ, նման դեպքերում մայրիկները հաճախ ավելորդ շատ պարտականություններ են վերցնում իրենց վրա, փորձում են ամեն բան հասցնել, օրինակ` երեխային իդեալական պահել, տան գործերը հասցնել, հյուրեր ընդունել, բոոլորին գոհացնել և այլն: Բացի այդ, հաճախ նաև դիմում են տարբեր զոհողությունների և ակնկալում, որ շրջապատը պիտի գնահատի: Արդյունքում՝ շրջապատը հարմարվում է այդ վիճակին և անընդհատ պահանջում: Գնահատելու մասին էլ խոսք լինել չի կարող, քանի որ որեւէ մեկը շնորհակալություն չի ասում առանց խնդրելու արված բանի համար: Որպեսզի ավելի հեշտ ու թեթև անցնի այս շրջանը, թուլացրեք ձեր պահանջներն առաջին հերթին ձեզանից, ապա՝ մյուսներից: Զբաղվեք հիմնականում ձեր երեխայով ու ձեր փոքրիկ ընտանիքով: Յուրաքանչյուրը կարող է հասցնել իր գործերը առանց ձեր օգնության, հատկապես երբ ունեք նորածին երեխա: Արեք միայն այն բաները, ինչը հասցնում եք և հանգստացեք անհրաժեշտության դեպքում:

Անուն: Հռիփսիմե

Հարց: Բարև, հարգելի՛  հոգեբան: Խոսքը ինձ է վերաբերում և ոչ՝ երեխայիս: Շատ ծանր, խառնաշփոթ հոգեբանական վիճակ է մոտս: Բնավորությամբ դժվար հարմարվող եմ ու մի փոքր կոպիտ խոսքին ներսումս պատնեշ եմ ստեղծում ու ամեն հաջորդ խոսքին կարծես խոսքերով պաշտպանվում, ու ստացվում է այնպես, կարծես ես անընդհատ կռիվ եմ անում: Մեկ տարի է, ինչ ամուսնացած եմ, ու նույն պահվածքը հիմա ինձ չի թողնում հանգիստ հոգեկան վիճակում ապրել: Անընհատ լարված եմ: Ամեն խոսքս, քայլս ժամերով վերլուծում եմ, որ հանկարծ ինձանից վիրավորվելու առիթ չլինի: Թեթև, հանգիստ վերաբերելուն ինձ ի՞նչն է խանգարում: Շնորհակալ եմ նախապես:

Պատասխան: Հարգելի Հռիփսիմե, բանն այն է, որ մեզ կառավարում են մեր այն խնդիրները, որոնք մենք լավ չենք հասկանում և չենք կարողանում կառավարել: Նման դեպքերում պետք է դիմել մասնագետի, որի օգնությամբ դուք կհասկանաք ձեր վարքի պատճառները, ապա կզարգացնեք այդ վարքը կառավարելու և փոխելու ձևերն ու հնարքները: Մեր ցանկացած վարքի հիմքում ընկած են տարբեր ապրումներ և զգացմունքներ: Դրանք են ստիպում մեզ այդ կերպ վարվել: Երբեմն էլ երկար ժամանակ նույն կերպ վարվելու հետևանքով ձևավորվում են ավտոմատ քայլեր ու արձագանքներ: Այս ավտոմատիզմներից էլ ազատվելու համար ճիշտ է դիմել մասնագետի:

Անուն: Անահիտ

Հարց: Բարև Ձեզ, իմ փոքրիկը 2,7 տարեկան է և ընդամենը 3 բառ է ասում, չի կատարում հրահանգներ և շատ կամակոր է: Խնդրում եմ՝ ասեք ի՞նչ անել, ինչպե՞ս ստիպել խոսել:

Պատասխան: Հարգելի՛ Անահիտ, երբեմն պատահում է, որ երեխաները ուշ են սկսում խոսել, բայց խոսում են հստակ ու արագ գնում առաջ իրենց զարգացման մեջ: Բայց լինում է նաև հակառակը, երբ ուշ խոսելն անդրադառնում է երեխայի զարգացման վրա՝ իր հետ բերելով բազմաթիվ խնդիրներ կամ նշան է լինում երեխայի ընդհանուր հոգեկան զարգացման հապաղման կամ այլ խնդրի: Այդ պատճառով նման դեպքերում ապահովության համար լավ է դիմել մասնագետների` զարգացման մանկաբույժի, հոգեբանի, լոգոպեդի կամ այլ մասնագետի խորհրդատվության:

Անուն: Լուսինե

Հարց: Կրկին բարև ձեզ, հարգելի՛ հոգեբան: Աղջիկս 1տարեկան, 7ամսական է, բավական հասկացող և խելացի է, ազատ կարողանում է խոսել, հաղորդակցվել, անմիջապես ընկալում է, երբ մի բան եմ ասում: Սակայն մի հարց կա. երբ գնում ենք ամուսուս  ծնողների տուն, ինձ ընդհանրապես չի լսում, դառնում է կամակոր: Նշեմ, որ մենք ապրում ենք առանձին, բայց հանգամանքների բերումով 3-4ամիս պետք է ապրենք այնտեղ: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս վարվել, ի՞նչ անել, որ երեխան ինձ լսի տատիկ-պապիկի ներկայությամբ, շատ չբարկացնի: Շնորհակալ եմ, որ ձեր խորհուրդներով օգնում եք ինձ:

Պատասխան: Ամենայն հավանականությամբ այնտեղ ձեր երեխային մի քիչ ավելի ազատ են թողնում, իսկ դուք ուզում եք, որ ինքը շարունակի պահպանել իր նախկին կարգն ու կանոնը: Մեծերին դուք փոխել կդժվարանաք, երեխային եթե փորձեք ստիպել, նա կհակառակվի, ինչը և տեղի է ունենում: Ավելի լավ է, որ այդ օրերը դուք համարեք արձակուրդ և թողնեք երեխային փոքր-ինչ ազատ, այսինքն՝ ոչ թե հրամայեք այնպիսի բաներ, որոնք ինքը միանշանակ չի անելու, այլ ստեղծեք այնպիսի տպավորություն, որ դուք թույլ եք տալիս իրեն նման բաներ անել: Փոքրիկ իշխանի թագավորի նման, ով հրամայում էր, որ արևը ծագի կամ մայր մտնի: Այսկերպ դուք կպահպանեք ձեր հեղինակությունը և երեխայի նյարդերը: Տուն վերադառնալուց հետո նա հստակ կզգա, որ այստեղ ինքը պարտավոր է նորից կարգապահ լինել: Երեխաները շատ լավ հասկանում են նման բաները:

Անուն: Լիլիթ

Հարց: Հարգելի՛ բժիշկ, իմ բալիկն արդեն 4 տարեկան է, շատ զիջող է, իր ամենասիրելի խաղալիքներն առանց դժկամության տալիս է այլ երեխաների, իր աչքի առաջ նրանք շատ անփույթ են վերաբերում դրանց ու փչացնում են, բայց ինքն ամաչում է հետ վերցնել խաղալիքը: Iսկ երբ տուն ենք վերադառնում, սկսում է նեղվել, որ էլ չի խաղա իր խաղալիքները փչացնող բալիկների հետ: Խնդրում եմ խորհուրդ տալ:

Պատասխան: Նման վարքագիծը կախված է ոչ միայն երեխայի բնավորությունից, խառնվածքից, այլև դաստիարակությունից: Եթե դուք տանn ինքներդ քիչ եք լսում երեխայի պահանջները, թույլ չեք տալիս չհամաձայնել ձեզ հետ, ստիպում եք ենթարկվել, կամ ինքներդ շատ զիջող եք ու երբեք չեք պայքարում ձեր պահանջների համար, կարող է երեխան էլ նման վարքագիծ ունենա: Մի փոքր ուսումնասիրեք ձեր վարքը, երեխայի նկատմամբ վերաբերմունքը ու հետո նորից գրեք ձեր եզրակացության մասին, գուցե այդ ժամանակ ավելի կիրառական խորհուրդ տանք ձեզ: