Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 7-րդ խմբաքանակին:
Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 7-րդ խմբաքանակին:
Պատասխանների առաջին մասը կարող եք կարդել այստեղ
Անուն: Մառա
Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Շատ շնորհակալություն նախորդ հարցիս հանգամանալից պատասխանելու համար: Այժմ հարցս հետևյալն է. երեխաս 3 տարեկան է, անցած տարի նոյեմբերին խիստ բարդացված գրիպ տարավ՝ միջին ականջի օտիտով, պարացենտեզ կատարեցին, որից հետո երեխայի մոտ գերառատ քրտնարտադրություն է մնացել (գուցե պատճառն ամենևին էլ այդ հիվանդությունը չէ, չգիտեմ), բայց երեխայի գլուխը, թիակներն ու վիզն անտանելի քրտնում են քնի ժամանակ: Նշեմ, որ երեխայի աճը նորմալ է, քաշը նորմալ ավելանում է, սնվելու հարցում կամակորություն չունի, առատ կաթնամթերք է օգտագործում, պարզապես այդքան առատ քրտնելու հետևանքով բավական շուտ է հիվանդանում, վերջերս էլ անընդհատ կրկնվող գրիպոզ վիճակից ելնելով՝ տարբեր հետազոտությունների ենթարկեցին. արյան, մեզի անալիզները նորմալ էին, ԷԽՕ-ի պատասխանը՝ նույնպես, միայն երեխայի մոտ ախտորոշվեց վերին շնչուղիների լորձաթաղանթի բորբոքում: Խնդրում եմ, պատասխանեք՝ ինչպե՞ս պայքարեմ այդքան առատ քրտնարտադրության դեմ: Կանխավ շնորհակալություն:
Պատասխան: Հարգարժան Մառա, այդ տարիքում երեխայի քրտնելը կարող է և նորմալ երևույթ լինել, ամեն դեպքում խորհուրդ կտամ Ձեր մանկաբույժին այցելել, ով, հնարավոր է, հավելյալ անալիզներ նշանակի՝ մի շարք հիվանդություններ ժխտելու համար:
Անուն: Լիլիթ
Հարց: Հարգելի բժիշկ, տղաս 1,4 ամսական է, առողջական որեւէ խնդիր չունի, բայց չուտող երեխա է ու շատ նիհարիկ: Կրծքի կաթ չի կերել և որեւէ տեսակի վիտամին չի ստացել: Ի դեպ, ասեմ, որ շատ աշխույժ է: Խնդրանքս հետևալն է՝ ի՞նչ խորհուրդ կտաք անել, որպեսզի երեխայի ախորժակը կարգավորվի և ի՞նչ վիտամիններ կնշանակեք: Ավելացնեմ, որ կաթնամթերք էլ չի ուտում: Նախապես շնորհակալություն
Պատասխան: Հարգելի Լիլիթ, խնդրում եմ հստակ նշել, թե ինչ եք տալիս երեխային կամ ինչ կաթնային խառնուրդներ եք տալիս նրան, եթե, իհարկե, տալիս եք, քանի որ այն հարուստ է մի շարք օգտակար վիտամիններով:
Անուն: Աննա
Հարց: Բարև Ձեզ, բժիշկ: Տղաս 4 օրից կլինի 2 ամսական: Մենք ձեռքերի և ոտքերի վարժություններ (իմ կարծիքով) շատ քիչ ենք արել, և ես նկատում եմ լարվածություն երեխայիս մոտ: Քնում է շատ անհանգիստ՝ անընդհատ կտրուկ շարժելով թաթիկներն ու գլուխը: Արդյո՞ք դեռ ուշ չէ մարմնամարզությունների միջոցով լարվածությունը հանելու համար եւ օրվա ընթացքում քանի րոպե մինիմում պետք է կատարել վարժություններ: Շնորհակալություն:
Պատասխան: Հարգելի Աննա, հարկավոր է դիմել մանկական նյարդաբանի, որպեսզի հստակ հասկանանք, թե երեխայի մոտ ինչ խնդիր է, ապա նոր մտածել վարժությունների մասին: