«Ծննդաբերությունից անմիջապես հետո հնարավո՞ր է հղիանալ. «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Շենգավիթ ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Ս. Վարդանյանը պատասխանել է  «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 25-րդ խմբաքանակին:

Անուն: Անի

Հարց: Ի՞նչ է գարդներելեզը և արդյո՞ք վտանգավոր է հղիության ընթացքում: Կարո՞ղ է  չհղիանալու պատճառ հանդիսանալ:

Պատասխան: Հարգելի Անի, գարդներելեզը  հեշտոցային դիսբիոզ է:

Շենգավիթ ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Ս. Վարդանյանը պատասխանել է  «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 25-րդ խմբաքանակին:

Անուն: Անի

Հարց: Ի՞նչ է գարդներելեզը և արդյո՞ք վտանգավոր է հղիության ընթացքում: Կարո՞ղ է  չհղիանալու պատճառ հանդիսանալ:

Պատասխան: Հարգելի Անի, գարդներելեզը  հեշտոցային դիսբիոզ է:

Հղիության ժամանակ այն կարող է դառնալ վաղաժամ ծննդաբերության պատճառ: Գարդներելեզը առանձին չի հանդիսանում անպտղության պատճառ, սակայն կան հարուցիչներ, որոնք համակցված են Gardnerella vaginalis-ի հետ (տարատեսակ միկոպլազմաներ) և այդ համալիրը կարող է առաջացնել փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ: Իսկ այդ հիվանդությունները բերում են անպտղության գործոնների զարգացմանը:

 

Անուն: Հերմինե

Հարց: 8 ամսական հղիություն ունեմ, վերջին էխոն ցույց տվեց, որ պորտալարը մի քանի գալարով փաթաթված է փոքրիկիս պարանոցին: Վտանգավո՞ր է դա և հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերել:

Պատասխան: Հարգելի Հերմինե, պորտալարի փաթաթումը կարող է լինել վտանգավոր պտղի համար: Եթե պորտալարը մի քանի անգամ փաթաթված է պտղի պարանոցի շուրջ, առաջնահերթ Ձեզ անհրաժեշտ է կատարել պտղի և մոր անոթների դոպլերֆլուսոմետրիա, որը կտա պատասխան, թե որքանով է այդ փաթաթումը վնասում պտղի սնուցմանը: Մյուս պարտադիր հետազոտությունը  կարդիոտոկոգրաֆիան է, որը պետք է կատարվի պարբերաբար մինչև ծննդաբերություն: Եթե այս հետազոտությունները ցույց տան պտղի թթվածնաքաղց, ապա կեսարյան հատման հարց կդրվի: Եթե այդ հետազոտությունները ցույց տան, որ պտղի վիճակը բավարար է, պետք է սպասել ծննդաբերական գործունեության սկսվելուն: Այդ ժամանակ կարող է ի հայտ գալ այլ վտանգ` արգանդի կծկանքներով պայմանավորված պորտալարի կոմպրեսիա և թթվածնաքաղց: Այդ դեպքում նույնպես ծննդաբերությունն  ավարտվում է կեսարյան հատումով: Եթե պորտալարի փաթաթումը ամուր չէ, ապա կա նաև հնարավորություն ծննդաբերել բնական ճանապարհով: Բոլոր դեպքերում այդ վիճակը հանդիսանում է բարձր ռիսկի գործոն:

Անուն:Աշխեն

Հարց: Ինձ մոտ 22 շաբաթական հղիություն է և ընկերքի մասնակի առաջադրություն կա (ներքին օղից 32 մմ բարձր): Որովայնիս ներքևի հատվածում ունեմ սուր ցավեր հատկապես քայլելուց, հնարավո՞ր է դա կապված է դրա հետ, և ինչի՞ց է առաջանում ընկերքի առաջադրությունը:

Պատասխան: Հարգելի Աշխեն, որովայնի ստորին հատվածների ցավերը կարող են կապված լինել արգանդի տոնուսի աճի հետ: Ընկերքի մասնակի առաջադրությունը միշտ չէ, որ բերում է նման ցավերի: Դիմեք Ձեր բժշկին, միգուցե նա գտնի այդ ցավերի ուրիշ պատճառ: Առաջադիր ընկերքի պատճառներն են` արգանդի կառուցվածքային անոմալիաները, արգանդի նորագոյացությունները, նախկինում կատարված արգանդի խոռոչի բազմակի քերումները և այլն:

Անուն: Ռոման

Հարց:Հարգելի բժիշկ, ես լսել եմ, որ հղիություն պլանավորելուց առաջ ծնողները պետք է ստուգվեն. ինձ մոտ կա հերպես հիվանդություն, այսինքն՝ ջերմություն ունենալուց բերանիս կողքերը բորբոքվում են, դա կարո՞ղ է վատ անդրադառնալ պտղի վրա: Սեզոնային ալերգիկ փռշտոցների մասին կխնդրեի ասեիք: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Հարգելի Ռոման, պտղի համար վտանգավոր է II տիպի հերպեսը (HSV2), իսկ Ձեր նկարագրածը առաջին տիպն է (HSV1): Եթե Դուք չունեք նմանատիպ ցան սեռական օրգաններին, ապա պտղի ախտահարման հավանականությունը ցածր է: Սեզոնային փռշտոցների հարցով դիմեք ալերգոլոգին:

Անուն:Սուսաննա

Հարց: Ես 20 տարեկան եմ ունեմ 6.5 ամսական փոքրիկ, կերակրում եմ կրծքով և արդեն ներառել եմ հավելյալ սնունդ, մոտ 4 ամիս է, ինչ օգտագործում եմ հակաբեղմնավորիչ Լակտինետ, դեռ դաշտան չեմ տեսել, բայց մի տեսակ դիսկոմֆորտ, փքվածություն  եմ զգում: Դա որևէ կապ ունի՞ դաշտանի հետ:  Ասեմ,  որ ամեն ամիս տեստ եմ անում և բացասական պատասխան եմ տեսնում: Ե՞րբ կվերականգնվի դաշտանս:

Պատասխան: Հարգելի Սուսաննա, քանի դեռ Դուք կրծքով եք կերակրում,  դաշտանային ցիկլը կարող է չվերականգնվել: Նաև Լակտինետի օգտագործումը կարող է պատճառ դառնալ դաշտանի բացակայության: Փքվածությունը և դիսկոմֆորտը կարող են կապված լինել ինչպես դաշտանի բացակայության, այնպես էլ աղիքային խնդիրների հետ: Խորհրդակցեք այն բժշկի հետ, ով Ձեզ նշանակել է Լակտինետը: Միգուցե ընտրվի ուրիշ հակաբեղմնավորիչ միջոց, եթե Ձեր նկարագրված երևույթները անհանգստացնում են ավելի,  քան հակաբեղմնավորիչի արդյունավետությունն է:

Անուն: Արուս

Հարց: Ինձ մոտ 22 շաբաթական հղիություն է, և ընկերքի մասնակի առաջադրություն կա: Որովայնիս ներքևի հատվածում ունեմ սուր ցավեր հատկապես քայլելիս, հնարավո՞ր է՝ դա կապված է դրա հետ:

Պատասխան: Հարգելի Արուս, որովայնի ստորին հատվածների ցավերը կարող են կապված լինել արգանդի տոնուսի աճի հետ: Ընկերքի մասնակի առաջադրությունը միշտ չէ, որ բերում է նման ցավերի: Դիմեք Ձեր բժշկին, միգուցե նա այդ ցավերի ուրիշ պատճառ գտնի:

Անուն: Տաթև

Հարց: Ես ամուսնացել եմ մոտ մեկ ամիս առաջ: Սովորաբար իմ դաշտանային ցիկլը սկսվում է ամեն ամսվա 15-ին, սակայն այս ամիս դեռ չի եղել: Ես կարծում էի, թե հղի եմ, սակայն թեստից պարզվեց,  որ չկա հղիություն: Արդեն 10 օր շարունակ ցավեր ունեմ որովայնի շրջանում: Ինչի՞ հետ են կապված որովայնիս ցավերը և դաշտանային ցիկլի բացակայությունը: Շնորհակալություն:

Պատասխան: Հարգելի Տաթև,  սեռական կյանքի սկիզբում որոշ կանանց մոտ կարող են լինել անցողիկ հորմոնալ խախտումներ՝ ի պատասխան առաջին սեռական հարաբերությունների: Օրգանիզմում տեղի է ունենում հորմոնների մեծ քանակության արտազատում, որը կանոնավորվում է բավականին արագ, սակայն կարող է դաշտանային ցիկլի փոփոխությունների պատճառ դառնալ: Նաև Ձեզ մոտ կարող է լինել փոքր հղիություն, որը թեստով չի հայտնաբերվում: Ձեզ անհրաժեշտ է դիմել բժշկի, կատարել փոքր կոնքի օրգանների գերձայնային հետազոտություն և առաջնորդվել  բժշկի խորհուրդներով:

Անուն:Վարդուշ

Հարց: Հարգելի բժիշկ, ես 33 տարեկան եմ, ունեմ 2 աղջիկ, սակայն ուզում եմ ունենալ 3-րդ  երեխան, սակայն փոքր աղջիկս 10 ամսական է: Կարո՞ղ եմ այդքան շուտ հղիանալ, տարիքի սպատճառով եմ հարցնում:  Ես ունեցել եմ մեկ վիժում և 1 արտարգանդային հղիություն: Եթե հղիանամ, կունենա՞մ առողջ երեխա: Նշեմ, որ հիմա էլ օգտագործում եմ թիրոքսին դեղամիջոցը: Շնորհակալություն:

Պատասխան: Հարգելի Վարդուշ, ցանկալի ժամանակահատվածը երեխաների միջև 2,5-3 տարին է, այնպես որ սպասեք մոտ մեկ տարի, նոր պլանավորեք հղիությունը: Նախքան դա կրկին հետազոտվեք  էնդոկրինոլոգի մոտ՝ թիրոքսինի դեղաչափի կորեկցիայի համար /եթե այն անհրաժեշտ է/, և գինեկոլոգի մոտ արտարգանդային հղիության և վիժման հնարավոր պատճառները պարզելու համար: Նախապես հետազոտվելուց հետո հղիանալը և անհրաժեշտության դեպքում բուժվելը առողջ երեխա ունենալու գրավականն են:

Անուն:Մարինե

Հարց: Ամուսնացած եմ 2013թ. նոյեմբերից: Ցիկլիս 3-րդ օրը հանձնել եմ անալիզ TSH (պատասխանը` 3,3),  PRL (37,9), DHEA-S (1,2), 17OH PG (1,1): Խնդրում եմ, կասե՞ք՝ պատասխանները նորմայի մե՞ջ են, թե՞ ոչ, իսկ եթե որևէ մեկը նորմայի մեջ չէ,  ի՞նչ դեղ են սովորաբար դրանց համար նշանակում: Կցանկանայի նշել նաև, որ այս ամիս ցիկլս սովորականից ավելի քիչ է եղել ու ուղեկցվել է ցավերով:

Պատասխան: Հարգելի Մարինե, եթե ուշադիր նայեք պատասխանները, այնտեղ գրված են նորմալ ցուցանիշները: Տարբեր լաբորատորիաներ ունեն տարբեր չափման միավորներ և նորմատիվներ, սակայն, իմ կարծիքով, Ձեզ մոտ PRL և 17OH PG-ն նորմայից բարձր են: Դիմեք բժշկի՝ ճշգրիտ նշանակումներ ստանալու համար: Դեղորայք գրել չեմ կարող, քանի որ այդ վիճակների բուժման համար ընտրվող դեղամիջոցները տարբեր են:

Անուն: Սիրանուշ

Հարց: Ես  9 ամիս է, ինչ ամուսնացած եմ և չեմ հղիանում, ինձ մոտ փողերի սուր բորբոքում էր, վերջերս եմ բուժվել, սակայն ասում են, որ դեռևս չեմ կարող հղիանալ: Արդյո՞ք վտանգավոր է հիմա հղիանալը:  Նաև ասեմ, որ ինձ մոտ դաշտանի 20-րդ օրը ձվաբջիջը դեռևս պայթած չի եղել, արդյո՞ք դա խնդիր է և ինչքա՞ն է տևում բուժումը:

Պատասխան: Հարգելի Սիրանուշ, նախևառաջ անպտղության ախտորոշում դրվում է, երբ մեկ տարվա ընթացքում կանոնավոր սեռական կյանքի պայմաններում հղիություն չի լինում: Եթե Դուք արգանդափողերի սուր բորբոքում եք տարել, ապա բուժումից հետո առնվազն 3  ամիս պետք չէ հղիանալ: Ձեր անպտղության պատճառը կարող է լինել նաև անօվուլյացիան, եթե ձվազատումը դաշտանային ցիկլի 20-րդ օրը մի քանի ամիս շարունակ տեղի չի ունենում: Դիմեք ռեպրոդուկտոլոգին կամ գինեկոլոգ-էնդոկրինոլոգին:

Անուն:Լուսինե

Հարց: Հարգելի բժիշկ,  36 տարեկան եմ, ամուսնացած, ունեմ 3 տարեկան երեխա: Վերջին մի քանի ամիսներին նկատել եմ, որ նախքան դաշտանի սկսվելն ունենում եմ առավոտյան սրտխառնոց, ընդհանուր թուլություն, երբեմն աչքերիս առաջ մթագնում է, և սկսվելուց լինում է  մուգ շագանակագույն արտադրություն,  այնուհետև կարմիր արտադրություն և ավարտվելուց էլ է լինում շագանակագույն արտադրություն: Խնդրում եմ, հուշեք՝ կա՞, արդյոք, անհանգստանալու առիթ և ինչի հետ կարող է սա կապված լինել:

Պատասխան: Հարգելի Լուսինե, Ձեզ մոտ հավանաբար զարգացել է նախադաշտանային համախտանիշ, որի հետ կապված են սրտխառնոցը, ընդհանուր թուլությունը, աչքերի առաջ մթագնումը: Իսկ շագանակագույն արտադրությունը մինչև դաշտան և դաշտանից հետո կարող են կապված լինել ինչպես ադենոմիոզի /էնդոմետրիոզ/, այնպես էլ հորմոնալ կամ բորբոքային փոփոխությունների հետ: Դիմեք Ձեր բժշկին՝ հստակ ախտորոշում և բուժում ստանալու համար:

Անուն: Արմինե

Հարց: Բարև Ձեզ, ես պետք է ծննդաբերեմ պարտադիր կեսարյան հատմամբ, բայց չեմ ցանկանում մարզային հիվանդանոցում: Մայրաքաղաքում վիրահատվելու համար, կարո՞ղ եք ասել, թե  պետական վճարը որքան է: Չեմ կարողանում ոչ մի տեղեկություն գտնել այդ մասին:

Պատասխան: Հարգելի Արմինե, մարզերից Երևանում ծննդաբերող կանանց համար պետության կողմից հաստատվել է վճար միայն նորմալ և թեթև շեղումներով ծննդաբերությունների համար: Բարդացած ծննդաբերությունները և կեսարյան հատումը վճարում չեն պահանջում: Դիմեք Ձեր ընտրած ծննդատուն և ստացեք պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն:

Անուն:Կարինե

Հարց:Բարև Ձեզ, հարգելի բժիշկ, ծննդաբերությունից հետո մինչև դաշտան տեսնելը հնարավո՞ր է հղիանալ:

Պատասխան: Հարգելի Կարինե, մինչև դաշտանային ցիկլի վերականգնումը հղիանալ հնարավոր է: Եթե Դուք կերակրում եք և ուզում եք կիրառել լակտացիոն ամենոռեայի մեթոդը, ապա պետք է կերակրել երեխային օրվա ընթացքում 4 ժամը մեկ, իսկ գիշերը` 6  ժամը մեկ: Ձվազատումը կանխվում է միայն այդ դեպքում: Դիմեք բժշկի՝ հակաբեղմնավորման մեթոդ ընտրելու համար:

Անուն: Ռիտա

Հարց: Բարև Ձեզ: Ես 7 ամիս է՝ ամուսնացած եմ և դեռ չեմ հղիացել: Ի՞նչ խորհուրդ կտաք, և ի՞նչ անալիզներ է անհրաժեշտ հանձնել՝ պատճառն  իմանալու համար: Շնորհակալություն:

Պատասխան: Հարգելի Ռիտա, նախևառաջ անպտղության ախտորոշում դրվում է, երբ մեկ տարվա ընթացքում կանոնավոր սեռական կյանքի պայմաններում հղիություն տեղի չի ունենում: Սովորաբար խորհուրդ ենք տալիս հետազոտվել ամուսնանալուց մեկ տարի անց: Անպտղության պատճառները բազմաթիվ են, այնպես որ հետազոտման ճիշտ պլանը մշակեք Ձեր բժշկի հետ:

Անուն: Թամար

Հարց: Հարգելի բժիշկ, արդեն 2 տարի է՝ ես մտահոգված եմ այս հարցով. մի քանի տարի առաջ ինձ մոտ հայտնաբերեցին  գարդներելեզ և էրոզիա: Նշանակեցին Նիկոմեդ դեղահաբը , որից հետո անցավ, իսկ էրոզիայի համար բժշկուհին ասաց՝ քանի որ ես դեռ ոչ մի անգամ չեմ ծննդաբերել, այդ իսկ պատճառով չի կարող այրել, բայց օգտագործեց յոդանման հեղուկ: Մի՞թե այդ հեղուկը չէ, որ այրում է:

Պատասխան: Հարգելի Թամար, Ձեր հարցին դժվար է պատասխանել, քանի որ չեք նշում դեղորայքը, նշում եք միայն նրա գույնը: Այնուամենայնիվ բժիշկը ճիշտ է ասել, որ չծննդաբերած կնոջ մոտ արգանդի պարանոցի էկտոպիաները չեն այրվում: Կրկին դիմեք բժշկի, կատարեք հետազոտություններ՝ ներառյալ PAP թեստ, «էռոզիայի» հետագա հսկողության համար:

Անուն:Մարգարիտա

Հարց: Հարգելի բժիշկ, ես մի տարի առաջ ունեցել եմ գարդներելեզ և ստացել համապատասրան բուժում: Վերջերս հանձնեցի քսուկի անալիզ և պարզվեց, որ կրկին ունեմ: Ասացեք խնդրեմ՝ կարո՞ղ եմ ընդունել այն նույն հաբերն ու մոմիկները, ինչ նախկինում և ինչո՞վ կարելի է փոխարինել Miko Plus N 10 մոմիկները: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Հարգելի Մարգարիտա, մի զբաղվեք ինքնաբուժմամբ և դիմեք Ձեր բժշկին՝ ճշգրիտ բուժում ստանալու համար: