«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 24-րդ խմբաքանակին:
Անուն: Մարինե
Հարց: Բարեւ ձեզ: Տղաս 1 տարեկան է: Խաղալիս եթե վերցնում ենք ձեռքից խաղալիքը, իրեն թափ է տալիս, անգամ ընկնում է հատակին: Ի՞նչ եք կարծում, նյարդերի հե՞տ է կապված, թե՞ քմահաճույք է: Օրվա ընթացքում ջղաձգման նման շարժումներ է անում (դողի նման):
«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 24-րդ խմբաքանակին:
Անուն: Մարինե
Հարց: Բարեւ ձեզ: Տղաս 1 տարեկան է: Խաղալիս եթե վերցնում ենք ձեռքից խաղալիքը, իրեն թափ է տալիս, անգամ ընկնում է հատակին: Ի՞նչ եք կարծում, նյարդերի հե՞տ է կապված, թե՞ քմահաճույք է: Օրվա ընթացքում ջղաձգման նման շարժումներ է անում (դողի նման): Հնարավո՞ր է՝ միզելու հետ կապված լինի, թե՞ նյարդերից է: Շնորհակալություն
Պատասխան: Միանշանակ ասելու համար պետք է մասնագետի (հոգեբան, նյարդաբան, մանկաբույժ) հետ խոսել առերես և քննարկել երեխայի վարքում մնացած բոլոր դրսևորումները, ինչպես նաև զարգացման առանձնահատկությունները: Այնպես, ինչպես նկարագրում եք, հնարավոր է, որ իր բողոքի արտահայտման ձևը լինի, կամակորություն ևս, բայց ամեն դեպքում սովորական ձևով չի արտահայտվում: Սովորաբար երեխաներն իրենց դժգոհությունը լացով են արտահայտում և բողոքով: Այս դեպքում ավելի լավ է դիմել մասնագետի, քանի որ փոքր-ինչ անսովոր ձև է: Բացի այդ, կան նաև տարբեր այլ դրսևորումներ (ջղաձգումներ, դող), որոնք անհասկանալի են:
Անուն: Ժաննա
Հարց: Բարև Ձեզ, ես 26 տարեկան եմ: Տղաս 4 տարեկան է: Նա վախենում է ամեն ինչից՝ կենդանիներից, մեքենաներից, չնայած նրան, որ մեքենաներ շատ է սիրում, մանկապարտեզից և այլն: Անընդմեջ հիշատակում է, որ ինքը վախենում է: Խնդրում եմ պատասխանել՝ արժե՞, արդյոք, դրանից անհանգստանալ, թե՞ ոչ: Եվ ի՞նչ կարելի է անել:
Պատասխան: Եթե երեխան շատ վախեր ունի, այնքան, որ դուք ասում եք «ամեն ինչից», ապա դա խնդիր է: Սակայն պարտադիր չէ, որ նա իսկապես վախ ունենա: Դա կարող է լինել նաև կամակորության դրսևորման ձև, ինչ-որ բանից հրաժարվելու ձև, ծնողների ուշադրությունը գրավելու ձև և այլն: Ամեն դեպքում դա խնդիր է, քանի որ նորմայում երեխաները պիտի ուշադրություն ստանալու այլ ձևեր ունենան: Իսկ եթե վախենում է իսկապես, ապա դա կխանգարի երեխայի կյանքի կարևոր ոլորտներում և նրա անձի լիարժեք զարգացմանն ու ձևավորմանը: Վախերը հեշտությամբ են հաղթահարվում հոգեբանական խորհրդատվության միջոցով, և դրանցից էլ ավելի վախենալ պետք չէ: Ավելի հեշտ է դիմել մասնագետի և ազատվել դրանցից, քան ամբողջ կյանքում տառապել ու կաշկանդվել այնպիսի իրավիճակներում, որոնք մյուսների համար շատ սովորական են:
Անուն: Աննա
Հարց: Բարև Ձեզ: Տղաս 2 տարեկան 3 ամսական Է, բայց չի խոսում. մի քանի բառ ասում է, բայց անընդհատ չի կրկնում, օրինակ` ջուր, դուրս արի: Շատ աշխույժ և խելացի երեխա է, նույնիսկ գերակտիվ՝ ծնված օրից: Այն, ինչը կարևորում է, միայն դրա վրա է ուշադրություն դարձնում, իսկ մնացած դեպքերում նույնիսկ չի էլ լսում: Ուզում եմ իմանալ՝ չխոսելը կապվա՞ծ է, արդյոք, ակտիվ լինելու հետ, թե՞ ինչ-որ խնդիր կա: Շնորհակալություն:
Պատասխան: Չխոսելը երբեմն լինում է հիպերակտիվության պատճառով: Պատահում է, որ երեխան ուշադրությունը չի կենտրոնացնում խոսքի վրա և չի յուրացնում: Սակայն այս դեպքում մենք նման բան ասել չենք կարող, քանի դեռ երեխային չենք տեսել: Այն, ինչ դուք նշում եք, կարող է լինել լրիվ նորմալ դրսևորում, բայց կարող է և լինել լուրջ զարգացման խնդրի դեպքում: Ամեն դեպքում հարցերին չպատասխանելը, խոսքի ուշանալը, միայն սեփական կամքով խոսելն ու այլ դեպքերում լռելը կարող են լինել որոշ խնդիրների դեպքում: Դրա համար ավելի լավ է երեխային մասնագետի ցույց տալ և հանգիստ լինել:
Անուն: Լուսինե
Հարց: Հարգելի հոգեբան, աղջիկս 3 տարեկան է, ու իր մոտ սկսել են վախեր ի հայտ գալ: Ինչպե՞ս արձագանքել, օրինակ, երբ վախենում է միայնակ սենյակում մնալ կամ մի սենյակից մյուսն անցնել:
Պատասխան: Նախ՝ պիտի իմանաք և հաշվի առնեք, որ այդ բնույթի վախերը հենց այդ տարիքում նորմալ են և համարվում են տարիքային վախեր: Երեխայի զարգացման ընթացքում գալիս է մի շրջան, երբ նա հասկանում է կյանքում գոյություն ունեցող վտանգները և որոշակի զգուշավորություն է ձեռք բերում: Դա բնական է: Սուր արձագանքել պետք չէ: Պետք է ուղղակի ապահովություն տալ երեխային, սպասել մինչև կանցնի այդ շրջանը: Երեք տարեկանի շրջանում տարիքային վախեր են մենակության, փակ տարածության և մթության վախը: