«Ամուսինս մեկնել է արտագնա աշխատանքի. ինչպե՞ս վարվեմ, որ աղջիկս հայրիկի բացակայությունը հեշտ տանի». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 25-րդ խմբաքանակին:

Անուն: Աննա
Հարց: Բարև Ձեզ: Տղաս 2 տարեկան 3 ամսական Է, բայց չի խոսում. մի քանի բառ ասում է, բայց անընդհատ չի կրկնում, օր` ջուր, դուրս արի: Շատ աշխույժ և խելացի երեխա է, նույնիսկ գերակտիվ` ծնված օրից...ինչը կարևորում է, միայն դրա վրա է ուշադրություն դարձնում, իսկ մնացած դեպքերում նույնիսկ չի էլ լսում: Ուզում եմ իմանալ` չխոսելը կապված է ակտիվ լինելու՞ հետ, թե՞ ինչ-որ խնդիր կա: Շնորհակալություն..

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 25-րդ խմբաքանակին:

Անուն: Աննա
Հարց: Բարև Ձեզ: Տղաս 2 տարեկան 3 ամսական Է, բայց չի խոսում. մի քանի բառ ասում է, բայց անընդհատ չի կրկնում, օր` ջուր, դուրս արի: Շատ աշխույժ և խելացի երեխա է, նույնիսկ գերակտիվ` ծնված օրից...ինչը կարևորում է, միայն դրա վրա է ուշադրություն դարձնում, իսկ մնացած դեպքերում նույնիսկ չի էլ լսում: Ուզում եմ իմանալ` չխոսելը կապված է ակտիվ լինելու՞ հետ, թե՞ ինչ-որ խնդիր կա: Շնորհակալություն..

 

Պատասխան: Եթե ձեր երեխան իսկապես ունի գերակտիվություն, որի հետ զուգահեռ հաճախ լինում է նաև ուշադրության դեֆիցիտ, ապա կարելի է ասել, այո, դա կարող է դառնալ խոսքի ուշացման պատճառ: Հիպերակտիվության և ուշադրության դեֆիցիտի դեպքում երեխան ուշադրության կենտրոնացման դժվարություններ է ունենում, և ինչպես դուք շատ գրագետ նշեցիք, նրա ուշադրությունը անընդհատ գրավում է այն, ինչ այդ պահին թվում է կարևոր կամ, ես կասեի, այն, ինչն ավելի ուժեղ է ազդում, քան այդ պահին մյուս ազդակները: Օրինակ` եթե երեխան մուլտֆիլմ է դիտում, բակի աղմուկն անմիջապես կարող է նրան շեղել: Խաղալիս կողքի սենյակի աննշան աղմուկը կարող է ստիպել դադարեցնել խաղը և վազել ձայնի ուղղությամբ: Այս երևույթը դանդաղեցնում է խոսքի յուրացման գործընթացը, քանի որ յուրացման գործընթացը պահանջում է առնվազն որոշակի ժամանակահատված կենտրոնացում և խոսքի լիարժեք ընկալում: Սա երեխայի առանձնահատկությունն է, ոչ դաստիարակության կամ ցանկության պակասը: Այդ պատճառով երեխայի ակտիվության կամ ցրվելու համար որևէ մեկին մեղադրել, հատկապես երեխային մեղադրել կամ պատժել պետք չէ:

Եթե այդպես է, ցանկալի է երեխայի խոսքի զարգացմամբ փոքր-ինչ ավելի հետևողականորեն զբաղվել: Պետք է հասնել նրան, որ երեխան ուշադրությունը կենտրոնացնի ձեզ հետ շփման և խոսքի վրա: Պետք է խոսել խաղալով, ընթացքում անընդհատ գրավել երեխայի ուշադրությունը նրան հետաքրքրող զբաղմունքներով: Պետք է հնարավորինս ավելի կարճ, բայց ուշագրավ զբաղմունքներով հետաքրքրել երեխային և այդ ամենը զուգորդել խոսքով: Հրահանգները պետք է ամրապնդել խոսքային-լսողական և տեսողական ազդակներով, այսինքն` որևէ հրահանգ տալիս պետք է նաև ցույց տալ, թե ինչ է նրանից պահանջվում, որպեսզի ընկալումն ավելի ամբողջական լինի:

Անուն: Արմինե

Հարց: Տղաս 3 տարեկան է, ինձ բացարձակ չի լսում: Ինչ ասում եմ, հակառակն է անում: Ի՞նչ խորհուրդ կտայիք: Եթե հնարավոր է, շուտ պատասխանեք: Նախօրոք շնորհակալություն:

Պատասխան: Երեք տարեկանը ճգնաժամային տարիք է, երբ ծնվում է երեխայի կամքը, և ձևավորվում են «ես»-ի մասին առաջին պատկերացումները: Այդ տարիքում բոլոր երեխաները դառնում են ավելի անկառավարելի, և նրանց վարքը փոխվում է, դառնում ավելի հանդուգն, կամակոր, հակառակվող: Այս տարիքում են առաջին անգամ սկսում հաճույք ստանալ իրական չարաճճիություններից: Սրա պատճառն այն է, որ երեխան սկսում է գիտակցել, որ ինքն իրենից ինչ-որ բան է ներկայացնում և կարող է նույնիսկ չենթարկվել, հակառակվել, և դա դառնում է այս տարիքում արտաքին աշխարհի վրա ազդելու իր սիրելի միջոցը: Նա զայրացնում է  մեծահասականերին և հասկանում, որ ինքն ուժեղ է: Եթե այս տարիքում մեծերն ավելի են խստացնում իրենց պահանջները և պահանջում են երեխայից նախկին տարիքային փուլի վարքագիծը, ապա դրանով երեխայի վարքն ավելի կամակոր ու անկառավարելի է դառնում:

Այդ տարիքում նորմալ է, որ երեխան վազվզի, թափի խաղալիքները, երբեմն կամակորություն անի, պահանջի, որ կատարեք իր ցանկությունները, երբեմն բակից լսած վատ խոսքեր օգտագործի` հասկանալով, որ դրանք անթույլատրելի են և այլն:

Հիմա անդրադառնամ ձեր հարցին: Որպեսզի ասեմ, թե ինչպես վարվեք, նախ պետք է հասկանամ` ինչ տեսակ ենթարկվողականություն եք պահանջում: Օրինակ` եթե դուք ցանկանում եք, որ 3 տարեկան երեխան ամեն ինչում ենթարկվի և հնազանդվի ձեզ, ապա այդ սպասելիքն ինքնին սխալ է: Եթե ցանկանում եք, որ երեխան կատարի ձեր հրահանգները, ապա փորձեք դրանք հասկանալի կերպով բացատրել և տալ միայն իրական, հնարավոր հրահանգներ, այսինքն այնպիսիք, որոնք երեխան իսկապես կարողանա կատարել: Փորձեք հնարավորինս նվազեցնել «չի կարելի»-ները, որոնք եթե չափից շատ են լինում, միայն խանգարում են երեխայի զարգացմանը:

Եթե երեխան բացարձակ չի ենթարկվում, ամենայն հավանականությամբ նա շատ հաճախակի է լսում հրահանգներ, և դրանք արդեն կորցրել են իրենց ուժը: Հրահանգները պիտի լինեն խիստ սահմանափակ և տեղին: Փորձեք կողքից դիտարկել ձեր և տան մյուս մեծահասակների վարքը և կտեսնեք, թե ինչու երեխան չի ցանկանում ենթարկվել:

Անուն: Գայանե

Հարց: Բարև Ձեզ: Աղջիկս 2 տարեկան, 10 ամսական է: Վերջին շրջանում հրաժարվում է մենակ խաղալ կամ մի սենյակից մյուսն ինքնուրույն գնալ (նախկինում հանգիստ շրջում էր տան մեջ), անընդհատ խոսում է ծաղրածուների ու հրավառությունների մասին, բայց հստակ չի շեշտում, որ վախենում է դրանցից: Մենք նրա հետ այդպիսի միջոցառումների չենք մասնակցել, որ ծաղրածուներ և հրավառություններ լինեն միաժամանակ: Խնդրում եմ, օգնեք, հասկանամ` ինչ է կատարվում նրա հետ:

Պատասխան: Տարիքային յուրաքանչյուր փուլում երեխաներն ունենում են այդ տարիքին բնորոշ վախեր, որոնք նորմալ են և վկայում են երեխայի բնականոն զարգացման մասին: Ձեր երեխան ունի հենց իր տարիքին բնորոշ վախ: 3-5 տարեկանում երեխաներն ունենում են մենակության-մթության-փակ տարածության վախ: Իհարկե, պարտադիր չէ, որ բոլոր երեխաներն ունենան այսպիսի վախեր: Երբեմն դրանք կարող են շատ թույլ արտահայտվել և արագ, ծնողների համար նույնիսկ աննկատ անցնել: Այնուամենայնիվ, այս պահին ես անհանգստության առիթ չեմ տեսնում: Ինչ վերաբերում է ծաղրածուներին և հրավառություններին, ենթադրություններ անել չեմ կարող: Ամեն դեպքում երեխան կամ լսել է դրանց մասին, կամ հեռուստացույցով, կամ էլ մանկական սրճարանում տեսել:

Խորհուրդս կարող է միայն հետևյալը լինել` եթե տվյալ վախը չի խանգարում երեխայի կյանքին, շփմանը առօրյա իրավիճակներում, ապա անհանգստանալ պետք չէ: Եթե նկատում եք, որ վախը խորանում և տարածվում է, սկսում է խանգարել տարբեր իրավիճակներում, որևէ տեղ այցելել, հյուր գնալ, տանը զբաղվել սովորական գործերով, ապա դիմեք մասնագետի:

Անուն: Հասմիկ

Հարց: Բարև Ձեզ, իմ տղան 1 տարեկան 7 ամսական է, բայց ես նրան չեմ կարողանում սովորեցնել օգտվել գիշերանոթից: Երբ լսում է այդ մասին, սկսում է լացել, փախչել, նույնիսկ անելու պահին լացով նստեցնում եմ, նստում է շատ երկար, բայց միևնույն է, չի անում: Խնդրում եմ` մի խորհուրդ տվեք, չեմ հասկանում, թե նրա նման ռեակցիան ինչով է պայմանավորված: Ի դեպ, նա 7 ամսականից մինչև 1 տարեկանը օգտվում էր դրանից, բայց  հետո միանգամից հրաժարվեց:

Պատասխան: Հարգելի Հասմիկ, նախ ցանկալի չէ երեխային լացելով և հիստերիաներով ստիպել օգտվել գիշերանոթից, հատկապես եթե երեխան ժամանակին արդեն սովոր է եղել դրան, իսկ հետո միանգամից հրաժարվել: Պետք է փորձեք հիշել այդ ժամանակահատվածը և պարզել, թե ինչը պատճառ դարձավ հրաժարվելու և վախենալու: Դա ենթադրությունների տեղ չէ: Այսպես հնարավոր չէ կռահել` ինչն է երեխային խանգարում: Պետք է փորձեք հիշել այդ շրջանը: Այս պահին առնվազն դադարեցրեք երեխային ստիպել և սթրեսի ենթարկել: Դա էլ ավելի կերկարաձգի հարմարման պահը:

Ի դեպ, տակդիրից ազատվելու ամենալավ ժամանակահատվածը 1,5 տարեկանն է: Հնարավոր է, որ փոքր-ինչ շտապել եք, և 1 տարեկանին մոտ երեխան սկսել է ընդվզել: Եթե այդ շրջանից մինչև հիմա փորձում եք, որը տևում է առնվազն 7 ամիս, ապա հնարավոր է, որ երեխայի մոտ ամրապնդվել է բացասական վերաբերմունք գիշերանոթի նկատմամբ:

Մի որոշ ժամանակ պետք է դադար տալ: Գիշերանոթը պետք է պահել մեծահասակների նման զուգարանում և ժամանակ առ ժամանակ երեխային պատմել, թե մեծահասակներն ինչպես պիտի իրենց պահեն, որ մեծ լինելը լավ է, որ դա պատասխանատու է, խրախուսել փոքրիկի մեծանալու և ինքնուրույն լինելու ցանկությունը: Պետք է բացառել գիշերանոթից օգտվելու հետ կապված բոլոր տիպի սթրեսները: Չի կարելի ամոթանք տալ երեխային տակը թրջելու համար կամ պահանջել, որ նա բոլորի ներկայությամբ մեծ սենյակում օգտվի գիշերանոթից: Երբեմն փոքր բալիկները ևս ունենում են սուր ամոթի զգացում: Կարելի է անգամ նոր գիշերանոթ գնել, որոշ ժամանակ անց միասին գնալ, ընտրել: Փորձեք և գրեք արդյունքների մասին:

Անուն: Լուսինե

Հարց: Հարգելի հոգեբան, աղջիկս 3 տարեկան է: Ամուսինս հիմա մեզ հետ չէ,  մեկնել է արտագնա աշխատանքի: Աղջիկս ամեն օր հարցնում է` որտե՞ղ է պապան, որտե՞ղ է քնում, ինչու՞ չի գալիս: Ես պատասխանում եմ, որ ինքը հիմա գնացել է իր հորաքրոջ մոտ, որպեսզի կարողանա իր համար լավ բաներ գնի, որ իր ուզած իրերը կարողանա գնի, որ շատ է իրեն սիրում, կարոտում, բայց հիմա չի կարող գալ, որովհետև աշխատում է: Երեխաս նոր է սկսել  մանկապարտեզ հաճախել: Ամեն անգամ, երբ գնում ենք մանկապարտեզ,  ասում է, որ ես անպայման գնամ` իրեն բերելու: Հայրիկի մեկնելուց իրեն չտարա ճանապարհելու, տանից են հրաժեշտ տվել իրար, ու երբ մանկապարտեզից վերադարձավ, սկսեց հարցնել հոր մասին: Ես ենթադրում եմ, որ մտածում է` ես էլ մի օր չեմ գնա իր ետեւից, այդ պատճառով էլ վախենում է մանկապարտեզ գնալ: Ձեր մասնագիտական խորհրդի կարիքն ունեմ այս հարցում` ինչպե՞ս անեմ, որ հնարավորինս քիչ կարոտի հայրիկին, չնեղանա նրանից, քանի որ հրաժարվում է հոր հետ խոսել, դեմքը փակում է,  որ իրեն չտեսնի: Ի՞նչ անեմ, որ հասկանա,  որ իրեն երկուսս էլ շատ ենք սիրում ու ուզում ենք միշտ իր հետ լինել:

Պատասխան: Հարգելի Լուսինե, ձեր խոսքերից հասկացա, որ երեխան հստակ չի իմացել, որ հայրիկը մեկնում է և որոշ ժամանակ իր կողքին չի լինելու: Սա շատ կարևոր բան է: Հայրիկն ինքը պիտի երեխայի հետ խոսեր մեկնելուց առաջ և մեկնելուց առնվազն մեկ ամիս առաջ պետք էր երեխային պատրաստել այդ բաժանմանը, պատմել, որ հայրիկը բացակայելու է: Պետք է երեխայի համար հասկանալի լեզվով ասել, թե դրա պատճառը որն է, խոսել այն մասին, թե ինչպես են կապ պաշտպանելու բացակայության ընթացքում, նաև այն մասին, թե ինչքան են իրար կարոտելու:

Եթե երեխայի հետ այս զրույցը չի արվում, նախ երեխան բացասական անակնկալի է հանդիպում, որից հետո առաջանում է վիրավորանքի և լքվածության զգացում: Ինչպես դուք տեսնում եք, արդյունքում նաև առաջանում է վախ, որ իրեն կարող է լքել նաև մայրիկը:

Այժմ կարևոր է, որ դուք բալիկի հետ խոսեք, նրան պատմեք, որ հայրիկը մեկնելուց առաջ իր հետ չխոսեց, որովհետև դժվար էր ու ինքը շատ տխուր էր, չէր ցանկանում հեռու լինել իրենից, բայց դուք հասկանում եք, որ ինքը նեղացել է դրանից և ճիշտ է արել, հայրիկը շատ մեղավոր է իրեն զգում դրա համար: Պետք է պատմել, թե ինչ է նա անում այնտեղ, որ շատ կարոտում է իրեն, ցանկանում է խոսել իր հետ: Պետք է պատմել, թե ինչ է հայրիկը հարցնում իր մասին, թե դուք ինչեր եք պատմում իր մասին, որ հայրիկը այսպես կամ այնպես է ասում… Պետք է փորձել մեղմել հայրիկից երեխայի վիրավորանքը: Հավատացեք, դա կարևոր է անգամ ավելի փոքր բալիկների համար:

Պետք է բարձրաձայն երեխայի հետ խոսել իր վախերի մասին, հենց այն մասին, ինչից դուք խոսեցիք այս պահին, որ նա հոր բացակայությունից հետո վախենում է, թե մաման էլ կհեռանա:  Փորձեք և գրեք արդյունքների մասին: