«Աղջիկս կախում ունի համակարգչից. ինչպե՞ս վարվել». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 26-րդ խմբաքանակին:

Անուն: Տաթևիկ

Հարց: Բարև Ձեզ, հարգելի հոգեբան: Բալիկս 10 ամսական է: Հենց սկզբից գազիկներ է ունեցել ու քնած ժամանակ լացով արթնանալիս միայն հանգստացել է, երբ կրծքով կերակրել եմ: Հիմա էլ է լինում, որ այդպես արթնանում է, բայց արդեն ատամների պատճառով ու էլի հանգստանում է կրծով կերակրելիս: Ատամներ է հանել, 2-ն էլ հանում է ու շատ է նեղվում: Գիշերներն էլ 2-3 անգամ արթնանում է ու մինչև կուրծք չի ուտում, չի քնում:

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 26-րդ խմբաքանակին:

Անուն: Տաթևիկ

Հարց: Բարև Ձեզ, հարգելի հոգեբան: Բալիկս 10 ամսական է: Հենց սկզբից գազիկներ է ունեցել ու քնած ժամանակ լացով արթնանալիս միայն հանգստացել է, երբ կրծքով կերակրել եմ: Հիմա էլ է լինում, որ այդպես արթնանում է, բայց արդեն ատամների պատճառով ու էլի հանգստանում է կրծով կերակրելիս: Ատամներ է հանել, 2-ն էլ հանում է ու շատ է նեղվում: Գիշերներն էլ 2-3 անգամ արթնանում է ու մինչև կուրծք չի ուտում, չի քնում: Բայյց նաև լինում է` ընդհանրապես չի արթնանում: Հիմա հարցս այսպիսին է. կարո՞ղ է պատահի` նրա մոտ ավելի շատ կուրծք ուտելու սովորություն է ձևավորվել, քան ուտելու պահանաջ: Եվ ինչպե՞ս վարվեմ: Շնորհակալություն

Պատասխան:Կրծքով կերակրման համար կա մի քանի մոտեցում, որոնցից ընտրություն կարող եք անել միայն դուք: Մի մոտեցման դեպքում մայրիկներին խորհուրդ է տրվում կերակրել երեխային բոլոր այն դեպքերում, երբ նա պահանջում է: Երկրորդ մոտեցման դեպքում առաջարկում են երեխայի կերակրման պրոցեսը դարձնել ավելի համակարգված և ռեժիմավորված:

 

Երկու մոտեցումներն էլ ունեն իրենց հարմար և անհարմար կողմերը, իրենց թերություններն ու առավելությունները կոնկրետ ձեզ համար:

Կուրծքը կարող է երեխան վերցնել և´ կերակրվելու, և´ խաղաղվելու, և´ մոր հետ կապն զգալու համար: Դուք պիտի որոշեք, թե որքան եք ցանկանում դեռևս կերակրել երեխային: Իրականում ձեր երեխան դեռ այն տարիքում է, երբ կրծքով կերակրումը նրա համար շատ կարևոր է: Չի կարելի դա ուղղակի սովորություն համարել:  Ցանկալի է այդ ընթացքում խաղաղ և հանգիստ լինել: Եթե դժվարանում եք գիշերը կերակրել, կարող եք գիշերը ծծակ օգտագործել, որը նորից կխաղաղեցնի երեխային: Իհարկե, ուտելու պահանջ երեխան կարող է չունենալ գիշերը: Երեխաներ կան, որ կարող են արդեն 5 ամսականից քնել ամբողջ գիշեր և ուտելու պահանջ չունենալ: Ուտելու պահանջն էլ, իրականում, ժամանակի ընթացքում դառնում է սովորություն, այսինքն` եթե դուք սովորաբար կերակրում եք նրան 3 ժամը մեկ անգամ և նույնը գիշերվա ընթացքում, ապա նա դրան կսովորի և կպահանջի շարունակել այդպես:

Անուն: Արմինե

Հարց: Ես ունեմ աղջիկ և տղա: Ամեն օր դասերը սովորելիս ես կողքը պիտի նստեմ, թեպետ արդեն 7-րդ և 5-րդ դասարան են: Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս վարվեմ:

Պատասխան: Ինքնուրույնությունը ձևավորվում է աստիճանաբար: Այն դեպքում, երբ օգնությունը լինում է ավելի շատ, քան երեխան դրա կարիքն ունի, ձևավորվում է կախվածություն: Եթե ուզում ենք` երեխան ավելի ինքնուրույն լինի, պետք է աստիճանաբար պատասխանատվությունը թողնենք երեխայի վրա: Հեշտ առարկաների դեպքում պետք չէ օգնել: Դժվար դասերի դեպքում  պետք է ուղղակի ուղղորդել, թեթև խթանել և հուշել, բայց ոչ մի դեպքում չանել, չասել այն, ինչ երեխան ինքնուրույն էլ կկարողանա անել:

Եթե նրանք մինչ օրս ձեզ հետ են անում դասապատրաստում, նշանակում է` դուք ավելի շատ եք օգնել նրանց, քան կարիքը եղել է, և այսօր նրանք առանց ձեր օգնության չեն կարողանում կատարել անգամ հեշտ հանձնարարությունները:

Ծնողների օգնությունն անհրաժեշտ է մինչև միջին դպրոցը, դրանից հետո երեխան պիտի կարողանա աշխատել ինքնուրույն: Գուցե դուք կառարկեք եւ կասեք, թե ծրագիրը բարդ է եւ այլն: Ես կհամաձայնեմ ձեզ հետ եւ նորից կասեմ նույնը: Եթե անգամ դուք շատ ջանք թափեք երեխային սովորեցնելու այն ամենը, ինչ պահանջվում է, միևնույն է, նա յուրացնելու է միայն այն,  ինչն իր համար հասանելի է, իսկ ժամանակի ընթացքում նստվածք է մնալու միայն այն, ինչ երեխան ձեռք է բերել ինքնուրույն: Այնպես որ, ջանալով օգնել` մտածեք, որ երբեմն անօգուտ ջանքեր եք թափում:

Անուն: Աննա

Հարց: Շատ շնորհակալ եմ հարցիս պատասխանելու համար: Ուզում եմ նաև իմանալ` երեխային կարիք կա՞ ինչ-որ մասնագետի մոտ տանելու, և  ուրիշ էլ ինչ մեթոդներ կան երեխային խոսել սովորեցնելու: Եվ այս շրջանում, որ երեխան չի խոսում և անընդհատ վազվզում է, կարելի՞ է մանկապարտեզ տանել, թե՞ ոչ:

Պատասխան: Մանկապարտեզ կարելի է տանել, մանկապարտեզը շատ լավ է անդրադառնում սովորաբար խոսքի զարգացման վրա: Մասնագետներին դիմելու առումով, կասեմ, որ ցանկալի է, բայց պարտադիր չէ, եթե դուք դրա անհրաժեշտությունն այս պահին չեք տեսնում: Ցանկալի է դիմել մասնագետին` ոչ միայն հասկանալու համար խնդիր կա, թե ոչ, այլ նաև ձեզ հստակ խորհուրդներ և հրահանգներ տալու համար: Այս պահին տրված ցանկացած խորհուրդ կարող է լինել անօգուտ ձեր երեխայի համար, քանի որ տրվում է` առանց երեխային ճանաչելու:

Անուն: Նառա

Հարց: Հարգելի հոգեբան,  ես ունեմ մի հարց` իմ 10 ամսական աղջկա հետ կապված: Նա իր շրթունքները ծծում է ինչպես ծծակը: Երբևէ ծծակ չի կերել: Ես լսել եմ, որ դա կարող է լինել ուղեղի հետ կապված խնդիրների հետևանք,  բայց իմ աղջիկը շատ աշխույժ և ուրախ բալիկ է:  Իր տարիքից բարձր երեխաներից ավելի գիտակ է, ունի շատ արագ ռեակցիա ամեն բանի նկատմամբ: Միգուցե դա փոքր խնդիր է կամ բնավորություն,  բայց ես անհանգստանում եմ: Խնդրում եմ, պատասխան եք իմ հարցին: Կանխավ շնորհակալություն

Պատասխան: Այս պահին կարող եմ խորհուրդ տալ, որ սովորեցնեք ծծակին: Մի որոշ ժամանակ հետո կարիք կլինի նաև ծծակից կտրել երեխային, բայց դա այլ հարց է:

Ուղեղի հետ կապված խնդրի վերաբերյալ որևէ բան ասել չեմ կարող, չգիտեմ նման պատճառ` ծծելու համար: Դա ավելի շուտ կարող է տագնապը թոթափելու միջոց լինի, կամ այդ տարիքի համար շատ սովորական ծծելու ցանկություն, որն ունենում է այդ տարիքի գրեթե յուրաքանչյուր երեխա:


Անուն: Տաթևիկ

Հարց: Բարև Ձեզ, հարգելի հոգեբան: Դուստրս 10 ամսական է: Վերջերս սկսել է աչքերը շատ տրորել ու հաճախակի ձեռքերը դեպի ականջներն է տանում, ավելի հաճախ` աջ ականջը, դրա շրջակայքն ու այդ շրջանի մազերը: Եվ քնած, և արթուն ժամանակ կարող է այդպես անել: Ասեմ, որ ես շատ ուշադիր եմ հիգիենայի նկատմամբ, մինչև հիմա ես նրան ամեն օր լողացնում էի ու ամբողջովին չորացնում, այդ թվում` նաև ականջները, շատ զգուշորեն, առանց վնասելու: Ցրտի պատճառով սկսել եմ օր ու մեջ լողացնել: Գլխի գագաթային մասում մի քիչ քերքեշ ունի, բայց դա կանհանգստացնի՞  արդյոք: Ձեր մասնագիտական տեսանկյունից  որևէ խնդիր կա՞ : Շնորհակալություն

Պատասխան: Չեմ կարծում`այստեղ որևէ հոգեբանական խնդիր լինի: Պետք է մանկաբույժի հետ խորհրդակցել, քանի որ կարող է երեխան թեթև ցավ կամ քոր ունենա: Եթե այդ պատճառները բացառվեն, նոր կարելի է մտածել այլ պատճառների մասին կամ քննարկել առհասարակ` դա խնդիր է, թե ոչ:

Անուն: Նարե

Հարց: Բարև ձեզ,  հարգելի հոգեբան։ Աղջիկս 6 տարեկան է,  բայց շատ է վախենում մթությունից ու հատկապես այն ժամանակ, երբ պետք է քնի։ Միասին նույն ննջարանում ենք քնում,  բայց կեսգիշերին կարող է արթնանալ, նստել անկողնում։ Ի՞նչ կարող եմ անել և արդյո՞ ք դա հետագայում լուրջ խնդրի կարող է հանգեցնել։ Կանխավ շնորհակալ եմ։

Պատասխան: Այդ տարիքում ցանկալի է, որ երեխան քնի առանձին սենյակում: Մայրիկի և հայրիկի սենյակում, որքան էլ պահպանեք զգուշությունը, միևնույն է, երեխան կարող է աննկատ արթնանալ և ականատես լինել ծնողների սեռական հարաբերություն­ներին, ինչը բացարձակ ցանկալի չէ: Դա ևս կարող է վախերի ու տարբեր հոգեբանական խնդիրների պատճառ դառնալ: Սա, իհարկե, Ձեր հարցին չի վերաբերում, բայց ամեն դեպքում ապահովության համար դա կարևոր է:

Վախի լրջությունը որոշվում է նրանով, թե որքան է այդ վախը խանգարում երեխայի բնականոն կյանքին և հարաբերություններին: Եթե այդ վախը գնալով ուժգնանում է, ապա պետք է դիմել մասնագետի, եթե նկատում եք, որ պակասում է, ապա անհանգստանալ պետք չէ:

Անուն: Արևիկ

Հարց: Երեխաս 10 ամսական է: Ախորժակը նորմալ է, ամեն ինչ էլ ուտում է իր տարիքին համապատսախան: Կրծքի կաթ էլ է ուտում: Բայց ուզում եմ աստիճանաբար կտրեմ: Ինչպե՞ ս հասկանամ, որ երեխաս պատրաստ է իմ կաթից ու մայր-երեխա կապից կտրվելուն: Ասեմ, որ ցերեկն ուտում է 3 անգամ, գիշերը` 1 կամ 2 անգամ, կաթ ուտելու ռեժիմ չեմ սահմանել: Շնորհակալություն:

Պատասխան: Ցանկացած փոփոխություն երեխայի և անգամ ձեր կյանքում պետք է անել աստիճանաբար: Սկզբում պետք է ցերեկը կրծքով կերակրելը պակասեցնեք, ապա նոր` աստիճանաբար գիշերը: Սակայն ուզում եմ հիշեցնել, որ կրծքով կերակրումը խրախուսվում է մինչև 2 տարեկան, անգամ ավելի: Կրծքից երեխայի կտրվելու պահը պետք է շատ զգույշ որոշել, որպեսզի ոչ երեխան, ոչ դուք սթրես չապրեք: Իրականում, լավագույն տարբերակն այն է, երբ երեխան ինքնակամ է հրաժարվում կրծքից և ոչ թե մերժում է ստանում մոր կողմից:

Անուն: Աստղիկ

Հարց: Բարև ձեզ, աղջիկս 2 տարեկան է, կախում ունի համակարգչից, արթնանալուն պես վազում է համակարգչի մոտ, չենք կարողանում հետ պահել: Սկսել է չլսել, ագրեսիվ պահել իրեն, գիշերն ահավոր ուշ է քնում` ժամը 2-ին մոտ, ցերեկը 1 անգամ եմ քնեցնում: Խնդրում եմ` ասեք, թե  պահվածքի կտրուկ փոփոխությունը կապ ունի՞ , արդյոք, համակարգչի դիմաց այդքան երկար նստելու հետ: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Ի սկզբանե ասեմ, որ 2 տարեկան երեխայի կախումը համակարգչից խիստ վտանգավոր է ոչ միայն նրա զարգացման, այլև հուզական և անձնային ոլորտների ձևավորման համար: Միանշանակ այստեղ պետք է քայլեր ձեռնարկել: Պետք է երեխայի կյանքը լցնել տարբեր հետաքրքիր և հուզական զբաղմունքներով, ձեզ հետ շփումով ու խաղով: Պետք է խիստ սահմանափակել ոչ միայն համակարգիչը, այլև հեռուստացույցն ու այդ տիպի այլ տեխնիկան:

Փորձեք երեխային ավելի շատ ժամանակ տրամադրել, կարող եք հաճախել նաև զարգացման կենտրոն, մանկապարտեզ, ամեն ինչ, միայն թե երեխան համակարգչից հեռու մնա:

Եթե սկզբում շատ նյարդային ու տագնապային դառնա, ապա փորձեք ուղղակի սահմանափակել, ընթացքում լինել կողքին և վերահսկել նրա խաղերն ու դիտումները, փորձել շեղել այլ` ավելի հետաքրքիր զբաղմունքների ուղղությամբ: