«Կարելի՞ է, արդյոք, փոքրիկի գլխի տակ բարձ դնել». «Իմ Փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 12-րդ խմբաքանակին:

Թամարա

Հարց: Բարև ձեզ: Իմ բալիկը 10 ամսական է, մի քանի օր է` նկատում եմ, որ նրա ուսերի հատվածում մազեր են աճել: Ասեմ, որ ծնվելուց հետո բոլոր մազերը թափվել էին: Կցանկանայի իմանալ` հնարավո՞ր է, արդյոք, պատճառը հորմոնալ խախտումը լինի, թե՞ դա նորմալ է: Նախապես շնորհակալություն:

Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 12-րդ խմբաքանակին:

Թամարա

Հարց: Բարև ձեզ: Իմ բալիկը 10 ամսական է, մի քանի օր է` նկատում եմ, որ նրա ուսերի հատվածում մազեր են աճել: Ասեմ, որ ծնվելուց հետո բոլոր մազերը թափվել էին: Կցանկանայի իմանալ` հնարավո՞ր է, արդյոք, պատճառը հորմոնալ խախտումը լինի, թե՞ դա նորմալ է: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Հարգարժան Թամարա, անհանգստանալու ոչինչ չկա, այդ տարիքի երեխաների մոտ նման իրավիճակը սովորական բնույթ ունի: Որեւէ հորմոնալ խախտում չկա:


Ամալյա

Հարց: Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ձեր խորհրդով. երեխաս 1 տարեկան 7 ամսական էր, երբ ստացավ վերջին պատվաստումը: 1 օր անց կարմրել և քարացել է բավականին մեծ տարածք:  Ի՞նչ կարելի է անել: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Հարգարժան Ամալյա, դա կարող է լինել տեղային հետվակցինալ ռեակցիա: Եթե կնկատեք, որ հատվածը սկսում է մեծանալ և ավելի պնդանալ, ապա դիմեք տեղամասի մանկական վիրաբույժին:


Արաքս

Հարց: Բարև Ձեզ, փոքրիկս 4.5 ամսական է, նկատել եմ, որ ոտքերը ուղիղ չեն, արժե՞ դիմել օրթոպեդի, թե՞ դեռ կուղղվի:

Պատասխան: Հարգարժան Մարիամ, օրթոպեդի դիմելու կարիք, կարծում եմ, չկա:  Սակայն  եթե անհանգստանում եք, ապահովության համար կարող եք դիմել` հասկանալու համար, որ լուրջ խնդիր չկա:


Ռուզաննա

Հարց: Բարև, «Իմ Փոքրիկ»: Տղաս մեկ տարեկան, յոթ ամսական է: Նա ծնված օրից մինչև հիմա արթնանում է ժամը մեկ ու դժգոհ լացում. մինչև կրծքով չեմ կերակրում, չի հանգստանում: Դրա պատճառով նրան ստիպված իմ կողքին եմ քնեցնում, կերակրման տևողությունն էլ տարբեր է` մեկ րոպեից մինչև մեկ ժամ: Ես չեմ հասկանում` դա ֆիզիոլոգիակա՞ն,  թե՞ հոգեբանական խնդիր է: Ասեմ, որ նա հինգ ամսականում ձախակողմյան հիդրոնեֆրոզով վիրահատվել է, հնարավո՞ր է` դա լինի պատճառը: Ի՞նչ անեմ, որ երեխաս էլ, ես էլ գիշերը հանգիստ քնենք: Շնորհակալություն: 

Պատասխան: Հարգարժան Ռուզաննա,  այդ տարիքում պետք է աշխատեք կտրել կրծքից: Կրծքով կերակրելն այդ տարիքի երեխաների համար սովորույթի պես մի բան է, և այդ սովորույթից ազատվելու համար պետք է սովորույթից ձերբազատվել: Իսկ ինչ վերաբերում է վիրահատությանը, ասեմ, որ այն վիրահատության հետ  որեւէ կապ չունի: Հոգեբանական և ֆիզիոլագիական խնդիր նույնպես չկա, դա պարզապես մանկական կապրիզ է` կապված նորից սովորույթի հետ:


Անի

Հարց: Բարև ձեզ, ես մեկ հարց ունեմ: Երեխաս 1 տարեկան, 5 ամսական է: Երկու ամսականից սկսած փսխում է, 6-9 ամսականում սրվեց, հիմա մի քիչ թեթևացել է, բայց դեռ շարունակվում է: Շատ մասնագետների ենք դիմել, բոլորն ասում են, որ վտանգավոր որեւէ բան չկա, ինքն էլ այդպիսի երեխա է: Ոմանք կապում են ատամների ընթացքի հետ: Կուզենայի ձեր կարծիքն էլ իմանալ: Ձեր պրակտիկայում այդպիսի դեպքեր եղե՞լ են, վտանգավոր որեւէ  բան կա՞: Ասեմ, որ միշտ չէ, որ փսխում է` օրվա մեջ մեկ անգամ: Լինում են դեպքեր, երբ մեկ շաբաթ կամ տասը օրը մեկ է դա պատահում` անմիջապես ուտելու ընթացքում:

Պատասխան: Հարգարժան Անի, եթե երեխայի աճի ու զարգացման վրա չի անդրադառնում, անհանգստանալու կարիք չկա:  Ժամանակի ընթացքում կանցնի:


Նառա

Հարց: Հարգելի «Իմ փոքրիկ», ես ունեմ մի քանի հարցեր, որոնց, խնդրում եմ, պատասխանեք: Ես ուզում եմ իմանալ`կարելի՞ է, արդյոք, երեխայի գլխի տակ բարձ դնել, թե՞ պետք է հարթ լինի: Եթե կարելի է, ապա քանի՞ սանտիմետր պետք է բարձր լինի: Մյուս հարցս վերաբերում է երեխայի վատ սնվելուն. նա 1 տարեկան է, դեռ կերակրում եմ կրծքով, սակայն կողմնակի ճաշիկները լավ չի ուտում: Ի՞նչ վիտամին կարող եմ տալ և ինչքա՞ն: Իսկ իմ վերջին հարցը վերաբերում է երեխայիս քայլելուն: Ինչպես նշեցի, աղջիկս 1 տարեկան է, սակայն նա ինքնուրուն դեռ չի քայլում. բռնում է, կանգնում, փոքր քայլեր անում: Դեռ պետք է սպասե՞լ, թե՞ անհանգստանալ: Կանխավ շնորհակալ եմ և ներողություն շատ հարցերիս համար:

Պատասխան: Հարգարժան Նառա, չկա որեւէ չափանիշ բարձի բարձրության համար, այդ տարիքում կարելի է օգտագործել տափակ բարձեր` մինչև 5 սմ: Քայլելու համար անհանգստանալու կարիք չկա. կարելի է սպասել դեռ 1-2 ամիս, որից հետո կարելի է անհանգստանալ:  Դուք ևս պետք է օգնեք երեխային քայլել: Ինչ վերաբերում է հաջորդ հարցին, կերակրման ռացիոնում պետք է ավելացնել հավելյալ սննդատեսակներ և զուգահեռ նվազեցնել կրծքով կերակրումը` ընդհուպ կրծքից կտրելը:


Ռուզաննա

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Աղջիկս 1 տարեկան է, հանձնել ենք մեզի անալիզ, էրիթրոցիտների քանակն առաջին անգամ 9-10 էր, երկրորդ անգամ` 6-8: Երեխայի ինքնազգացողությունը լավ է, բողոքներ չկան: Ի՞նչն է վատ անալիզի պատճառը: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան: Հարգարժան Ռուզաննա, երեխային պետք է մանկաբույժը զննի, քանի որ լավ ինքնազգացողությունը դեռևս ոչինչ չի նշանակում, միգուցե կան խնդիրներ, որոնք արտահայտված չեն:


Նարինե

Հարց: Բարև ձեզ, իմ տղան ծնվել է 3.500գ. քաշով, հասակը` 51սմ: 1,5 ամսականում արդեն 5.500գ. է, հասակը` 58սմ, 3 ամսականում` 8,400գ, հասակը` 64 սմ, գլխի շրջագիծը` 43սմ, 4 ամսականում` 8.900գ.,  հասակը` 67: Արդեն 5 ամսական է,  քաշը` 9.500գ, հասակը 69սմ է, գլխի շրջագիծը` 45 սմ: Գիտեմ, որ իր տարիքին չի համապատասխանում: Խնդրում եմ ասել` արդյո՞ք տվյալները շատ են տարբերվում նորմայից և եթե այո, ի՞նչ մասնագետի պետք է դիմեմ: Սնվում է բացառապես կրծքի կաթով, տալիս եմ նաև D վիտամին: Ասեմ նաև, որ գլուխը շատ հաճախ քրտնում է: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան: Հարգարժան Նարինե, չափսերը տարիքային նորմայից ավել են և անմիջապես դժվար է պատկերացում կազմել, թե ինչն է պատճառը: Պետք է դիմել մանկական էնդոկրինոլոգի:


Հասմիկ

Հարց: Բարև ձեզ,  ես մի հարց ունեմ. տղաս 4 ամսական է, ունի գազեր և փորպնդություն: Խնդրում եմ ասեք` ինչ է հարկավոր անել: Շնորհակալություն:

Պատասխան: Հարգարժան Հասմիկ, ցավոք դուք չեք նշել, թե ինչով է կերակրվում  երեխան: Կարելի է օգտագործել աղիքների պերեստատիկան ակտիվացնող միջոցներ: Դրանք բազմազան են և ունեն ինդիվիդուալ ազդեցություն, կարող եք ընտրություն  ինքներդ կատարեք:


Լենա

Հարց: Բարև Ձեզ, իմ տղան 2,5 տարեկան է, շատ շուտ հիվանդանում է և որպեսզի շատ դեղեր չընդունի, խորհուրդ են տվել ինգալյատոր օգտագործել: Խնդրում եմ, կարող եք ասել, ի՞նչ տիպի ինգալյատոր կարելի է օգտագործել և արդյո՞ք այն արդյունավետ է հազի դեմ պայքարի համար: Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան: Հարգարժան Լենա, ընտրված է շատ տարօրինակ բուժման մեթոդ, շատ ավելի նպատակահարմար է գտնել հազի պատճառը և վերացնել այն, եթե կարիք կա նույնիսկ դեղամիջոցներով:


Արմինե

Հարց: Իմ փոքրիկն արդեն յոթ ամսական է: Ես նրան,  բացի կաթից, կերակրում եմ նաև տարբեր տեսակի շիլաներով, բայց արդեն 15 օր է, ինչ նա չի ուտում շիլաներ: Ի՞նչը կարող է լինել պատճառը:

Պատասխան: Հարգարժան Արմինե, հավանաբար երեխային դուր չի գալիս շիլաների համը, փորձեք օգտագործել այլ տեսակի ու համի շիլաներ:


Սյուզաննա

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Փոքրիկս 1տ. 4ամս. է, սակայն մինչև հիմա ատամ չունի, և անգամ լնդերն էլ ուռած չեն: Մեր մանկաբույժին շատ անգամ եմ դիմել այս հարցով, սակայն նա հանգստացնում է` ասելով, որ վախենալու ոչինչ չկա: Սակայն սա միակ խնդիրը չէ: Փոքրիկիս գաղթունը դեռ չի փակվել. շոշափելով կարելի է դատել, որ ահագին մեծ է: Սակայն մեր մանկաբույժը կրկին մեզ հանգստացնում է: Խնդրում եմ, բժիշկ, ասեք` իրականում վախենալու ոչինչ չկա՞: Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան: Հարգարժան Սյուզաննա, կարծում եմ, որ փոքրիկն ունի խնդիր` կալցիումական աղերի փոխանակության խանգարումով, էթիկայի կանոններից դուրս է դեղ նշանակել առանց երեխային տեսնելու, բայց խորհուրդ կտամ այս պարագայում օգտագործել կալցիում պարունակող պրեպարատներ կամ սննդատեսակներ: