«Տղաս 9 ամսական է, բայց դեռ ատամ չունի, ի՞նչն է պատճառը». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 13-րդ խմբաքանակին:

Սեդա

Հարց: Բարև Ձեզ, ես ցանկանում եմ իմանալ, թե երեխային 7 ամսականում ինչ ուտելիք կարելի է տալ, քանի որ ինձ ասել են տալ միայն բորշչ, բրնձով շիլա և կաթ: Կարելի՞ է, արդյոք, այլ ուտելիքներ  տալ: Մեկ էլ տակդիր չեմ օգտագործում, և երեխայի տուտուզիկը կարմրել է, սակայն ցանափոշին չի օգնում: Կարելի՞ է, արդյոք, ԲՈՐՈ ՊԼՅՈՒՍ կրեմ օգտագործել:

Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 13-րդ խմբաքանակին:

Սեդա

Հարց: Բարև Ձեզ, ես ցանկանում եմ իմանալ, թե երեխային 7 ամսականում ինչ ուտելիք կարելի է տալ, քանի որ ինձ ասել են տալ միայն բորշչ, բրնձով շիլա և կաթ: Կարելի՞ է, արդյոք, այլ ուտելիքներ  տալ: Մեկ էլ տակդիր չեմ օգտագործում, և երեխայի տուտուզիկը կարմրել է, սակայն ցանափոշին չի օգնում: Կարելի՞ է, արդյոք, ԲՈՐՈ ՊԼՅՈՒՍ կրեմ օգտագործել:

Պատասխան: Հարգելի Սեդա, ընդհանուր առմամբ խորհուրդ է տրվում մինչև 1.5 տարեկան կերակրել կրծքով: Ցավոք դուք չեք նշել՝  երեխան կուրծք ուտում է, թե ոչ: Եթե երեխան կուրծք չի ուտում, ապա 7 ամսականում կրծքի հասակի երեխաներին ձեր նշած բոլոր կերերին զուգահեռ նպատակահարմար է տալ  կաթնային խառնուրդ նախատեսված 6 ամսեկանից մինչև 1 տարեկան երեխաների համար: Ինչ վերաբերում է մաշկի շփաբորբին, իհարկե տակդիր  հագցնել ցանկալի է: Բայց այսպարագայում  կարող եք օգտագործել ցինկ պարունակող ցանկացած քսուք կամ  «Դրապոլեն»  մանկական կրեմ:

 

Վարս

Հարց: Կարելի՞ է, արդյոք, չորս ամսականից բանան և խնձոր տալ:

Պատասխան: Հարգելի Վարս, ցանկալի է մինչև 1-1.5 տարեկանը երեխային կերակրել կրծքով: Բանանը և խնձորը համարվում են հավելյալ սնունդ և տրվում են փոքրիկին ավելի ուշ տարիքից՝ 6-8 ամսականից:


Ինգա

Հարց: Բարեւ ձեզ,  հարգելի բժիշկ:  Տղաս ինը ամսական եւ ութ օրական է, բայց ատամ դեռ չունի: Դա նորմա՞լ երեւույթ է: Արդեն քանի ամիս է՝ գիշերներն անհանգիստ է քնում, երեսուն րոպեն մեկ արթնանում է, մի փոքր հյութ խմում եւ քնում: Ասեմ, որ գիշերը կերակրում եմ մեկ անգամ արհեստական կաթով: Ի՞նչ խորհուրդ կտաք: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Հարգարժան Ինգա, խորհուրդ կտամ շարունակել Ձեր կյանքի ռեժիմը: Ատամների ծկթման ուշացումը որոշ դեպքերում կախված է լինում կալցիումի փոխանակության խանգարումներից: Կարող է լինել նաև առանց որևէ լուրջ պատճառի: Երևի թե այդ անհանգստությունները կապված են լնդերի նախածկլթային բորբոքումների հետ:


Լիլիթ

Հարց: Բարեւ ձեզ: Երեխաս 6 տարեկան է: Նրա մոտ հայտնաբերվել է՝ 1. ամբլյոփիա, 2. հեռատեսություն: Ւ՞նչ է առաջինը նշանակում, բուժվու՞մ է արդյոք:  Մենք բնակվում ենք ԱՄՆ ում:

Պատասխան: Հարգարժան Լիլիթ, անպայման պետք է դիմեք մանկական ակնաբույժի, ով Ձեզ, բացի սպառիչ պատասխան տալուց, նաև կօգնի բուժման հարցում:

 

Մարինե

Հարց: Բալիկս 14 ամսական է եւ շատ լիմոնով թեյ է խմում: Վտանգավո՞ր է, արդյոք:

Պատասխան: Հարգարժան Մարինե, կարծում եմ, որ 1 տարեկանին մոտ երեխան ինքնակամ չի խմում այդ թեյը, այլ Դուք եք տալիս: Պետք է հիշել, որ չդոզավորված ամեն ինչը  վտանգավոր է: Դրա համար պետք է քանակը սահմանափակել:

 

Էլեոնորա

Հարց: Բարև ձեզ: Տղաս 2 տարեկան է, պարբերաբար նրա այտերին մանր ցանավորում է լինում: Նկատել եմ որ հատկապես գրգռվում է կոնֆետներից ու ցրտից: Ի՞նչ կարող եմ անել: Քաղցր շատ քիչ եմ տալիս, ցրտից պաշտպանող քսուք եմ քսում, բայց ամբողջովին չի անցնում: Խնդրում եմ՝ օգնեք: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Հարգարժան Էլեոնորա, մաշկային նման տիպի արտահայտությունները որոշ դեպքերում կարող են կախված լինել մարսողական համակարգի դիսֆունկցիոնալ երևույթներից: Հավանաբար Ձեր նկարագրածը ցրտային կամ սննդային ալերգիա  է և պահանջում է մասնագիտացված կոնսուլտացիա:


Լենա

Հարց: Բարև Ձեզ: Իմ երեխան 2տ.3 ամսական Է, նա անդադար հիվանդանում է, մշտապես հազում է: Բժիշկները լսում են թոքերն ու բրոնխները և ասում են, որ հիմնականում կոկորդն է(տրախեա): Ոչ մի դեղամիջոց չի օգնում: Ի՞նչ կարելի է անել: Ի՞նչ վիտամիններ կարող եմ տալ, որ օրգանիզմը կարողանա պայքարել և լավ իմունիտետ ունենա:

Պատասխան: Հարգարժան Լենա, իհարկե կարիք կա երեխայի իմունիտետը ամրապնդել, բայց ոչ միայն վիտամիններով, այլ նաև իմունիտետը բարձրացնող պրեպարատներով: Կարծում եմ՝ նաև կա խնամքի ֆակտոր, իսկ լարինգոտրախեիդը լուրջ հիվանդություն է, և կրկնվելու դեպքում խորհուրդ եմ տալիս գտնվել մանկաբույժի հսկողության տակ:


Վարս

Հարց: Բարև ձեզ: Իմ փոքրիկը քսաներկերու օրական է: Նկատել եմ, որ կեղտոտելուց լորձ է երևում: Ի՞նչ կարող եմ անել:

Պատասխան: Հարգարժան Վարս, եթե փոքրիկը կերակրվում է կրծքով, միջամտության կարիք չկա, շարունակեք կերակրել կրծքով, իսկ նման երևույթները նորմալ են այդ տարիքի երեխայի համար: Այլ բան է, եթե լորձի մեջ լինի արյան հետք: Այդ պարագայում պետք է անհանգստանալ և  դիմել մանկաբույժի:


Տաթեւիկ

Հարց: Բարև, հարգելի բժիշկ: Շնորհակալ եմ հարցիս անդրադառնալու համար: Սպարտացի երևի թե չհաջողվի դարձնել, բայց աշխատում եմ շատ շոր չհագցնել, թեպետ ջերմություն է սիրում:  Տանը 22 աստճան է՝ ըստ Ցելսիուսի, դրա համար էի ասում, որ թեթև շորերի դեպքում փռշտում է: Հիմա հարցս այլ է: Ռեժիմով պարտադիր ամեն օր՝ 10:30-12:30 դուրս եմ տանում:  Ցրտերն ընկնելուն պես էլ տարա: Ասեմ, որ համապատասխան եմ հագցրել՝ տաք, բերանը փակ, բայց հազ մոտը սկսվեց  ու տրախեոբրոնխիտի հասավ: Անցած ձմեռ էլ է տրանխեոբրոնխիտ ունեցել: Հիմա ես զգում եմ՝ ինչքան դուրս եմ տանում, մոտը հազ է սկսվում: Վերջերս սկսել է բերանով շնչել, կարո՞ղ է դրանից լինել: Իսկ եթե ոչ, էլ ինչի՞ց կլինի: Ինչպե՞ս վարվեմ:  Ինձ ասեցին՝ մոտն ալերգիկ ֆոն կա. դա ի՞նչ է նշանակում: Ասեմ, որ աղջիկս 1 տարեկան է: Շնորհակալություն:

Պատասխան: Հարգարժան Տաթևիկ, կդժվարարանամ ասել՝  երեխայի հազն այս պարագայում կապված է դուրս տանելու հետ,  թե ոչ, ամեն դեպքում խորհուրդ եմ տալիս տեղամասային բժշկի նշանակումով օգտագործել իմունիտետը բարձրացնող, խթանող դեղամիջոցներ:  Իսկ բերանով շնչելը միշտ ռիսկ է վերին շնչուղիների բորբոքային հիվանդությունների զարգացման համար:


Նաիրա

Հարց: Բարեւ Ձեզ, իմ բալիկը 1տարեկան 1ամսական է: Ես փորձել եմ նրան կտրել կրծքի կաթից եւ դեղ եմ խմել,  որպեսզի կաթնարտադրություն չլինի: Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ եմ նորից կերակրել, երեխային չեմ կարողանում հանգստացնել: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Հարգարժան Նաիրա, եթե արդեն երեխային սկսել եք կտրել կրծքից, նպատակահարմար է շարունակել այդ գործընթացը: Երեխայի անհանգստությունը, լացը ժամանակի հետ կանցնի, պետք է գտնեք այլ միջոց՝ նրան հանգստացնելու համար:  Հետագայում երեխայի համար ավելի դժվար կլինի երեխային կրծքից կտրել: