«Հնարավո՞ր է նևրոզը կրկնվի հղիության ընթացքում». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 32-րդ խմբաքանակին:

Մերի

Հարց: Երեխաս 2.5 ամսական է, սկսել է մատները բերանը տանել և ուտել, խնդրում եմ ասեք` դա նորմա՞լ երևույթ է, թե՞ ոչ: Իսկ եթե ոչ, խնդրում եմ ասեք՝ ինչի հետևանք է և ինչպես ազատվենք այդ երևույթից: Կանխավ շնորհակալություն:

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 32-րդ խմբաքանակին:

Մերի

Հարց: Երեխաս 2.5 ամսական է, սկսել է մատները բերանը տանել և ուտել, խնդրում եմ ասեք` դա նորմա՞լ երևույթ է, թե՞ ոչ: Իսկ եթե ոչ, խնդրում եմ ասեք՝ ինչի հետևանք է և ինչպես ազատվենք այդ երևույթից: Կանխավ շնորհակալություն:

 

Պատասխան: Մինչև 1 տարեկան երեխայի համար ցանկացած առարկա բերանը տանելը նորմալ է համարվում։ Բնականոն զարգացման հետևանք է, քանի որ այդ տարիքում երեխան աշխարհը ճանաչում է բերանի միջոցով։


Վարսենիկ

Հարց:Հարգելի մասնագետ, ես ունեմ աղջիկ երեխա, որը 1 տարեկան 5 ամսական է, բայց դեռ մի քանի բառ է արտասանում: Դա խնդի՞ր է:

Պատասխան:Եթե այդ տարիքում երեխան արդեն սկսել է խոսել, օգտագործում է որոշ բառեր իրենց իմաստով և տեղին, հասկանում է ձեր խոսքը, արձագանքում է իր անվանը, ապա անհանգստանալու կարիք չկա։ Հետևեք խոսքի զարգացման դինամիկային։ Ժամանակի ընթացքում պիտի անընդհատ նոր բառեր ավելանան երեխայի բառացանկում։ Եթե կնկատեք, որ երկար ժամանակ որևէ բառ չի ավելանում երեխայի բառացանկում, նոր կարելի է անհանգստանալ։ Այս պահին ամեն բան նորմալ է ։


Էլեն

Հարց: Փոքրիկս 2.4 տարեկան է, չի ուզում մանկապարտեզ գնալ, խուսափում է աղմկոտ երեխաներից, առհասարակ չի սիրում աղմկոտ միջավայր: Նշեմ, որ նա չի խոսում: Ի՞նչ կարող եմ անել՝ երեխային միջավայրին սովորեցնելու համար:

Պատասխան: Երեխաների հետ շփման հնարավորինս հաճախ առիթներ ստեղծեք։ Տանը մի պահպանեք ծայրահեղ լռություն և խաղաղություն։ Աստիճանաբար երեխային հարմարեցրեք մարդաշատ միջավայրերի, ակտիվ շփում ապահովեք ինչպես ձեզ հետ, այնպես էլ իր հասակի երեխաների հետ։ Այժմ կան բազմաթիվ զարգացման և զբաղմունքի կենտրոններ, ուր կարող եք երեխային տանել, որոշակի ժամանակով հասակակիցների հետ շփում ապահովելու համար։


Նազելի

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժշկուհի, իմ աղջիկը 6 տարեկան է,  շատ հաճախ նյարդայնանում է, սկսում է բղավելով խոսել, Աստծուն օգնության է կանչում, այդ ընթացքում սկսում է դողացնել, չի ուզում ինձ տեսնել: Այդ ժամանակ նրան հնարավոր չի լինում ինչ-որ բան ասել կամ հանգստացնել: Խնդրում եմ ինձ հուշել, թե  որ մասնագետին կարող եմ դիմել: Լսել եմ, որ դա կարող է լինել վիտամինների պակասից /օրինակ մեգա 3 ձկան յուղ/: Շնորհակալություն

Պատասխան: Կարող եք, իհարկե, դիմել նաև բժշկի, սակայն ամենայն հավանականությամբ խնդիրը հոգեբանական է։ Հատկապես այդ տարիքը ճգնաժամային է, և բոլոր երեխաները ունենում են այս կամ այն չափով վարքի և հուզական ոլորտի խնդիրներ։  Դիմեք հոգեբանի խորհրդատվությանը, սակայն մինչ այդ փորձեք լսել ձեր բալիկին և հասկանալ՝ ինչն է նրան անհանգստացնում։ Երեխաները սովորաբար առանց պատճառի իրենց նման կերպ չեն պահում։ Մի կարծեք, որ եթե դուք մայրն եք և սիրում եք ձեր բալիկին, ուրեմն ամեն բան անթերի եք անում։ Այդպես չէ։ Փորձեք գտնել ձեր բացթողումները երեխայի հետ հարաբերություններում։


Սիրանույշ

Հարց: Բարեւ ձեզ, հարգելի հոգեբան: Ամուսնացած եմ, ունեմ երկու դուստր: Ինձ մոտ անցած տարի նևրոզ սկսվեց, այնուհետեւ դեպրեսիա: Բուժումներից հետո կարգավորվեց: Հիմա ուզում եմ հղիանալ,  կարո՞ղ է կրկնվել:

Պատասխան: Հարգելի Սիրանույշ,  նման խնդիրների դեպքում պետք է բուժմանը զուգահեռ անցնել նաև հոգեբանական թերապիա։ Թերապիայից հետո միայն կարելի է քիչ թե շատ վստահությամբ ասել, որ չի կրկնվի։ Բայց դա էլ միայն դուք կարող եք ասել, դուք կարող եք վստահ լինել՝  կկրկնվի, թե ոչ։ Պարտադիր պետք է հոգեբանական թերապիա անցնել։


Վալերիա

Հարց: 12 տարեկան եմ,  հաճախ եմ նյարդայնանում ամեն հասարակ բանից: Այդ ժամանակ մոտս գլխացավ է սկսվում: Խնդրում եմ ասեք,  թե ինչ կարելի է անել այդ դեպքում և ի՞նչն է դրա պատճառը: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Սիրելի Վալերիա, դու գտնվում ես դեռահասության շրջանում, երբ օրգանիզմում շատ խոշոր փոփոխություններ են տեղի ունենում։ Այդ փոփոխությունները պատրաստում են քեզ հասուն կյանքին։ Բայց դրա համար շատ էներգիա է պահանջվում քո օրգանիզմից։ Բացի էներգիայից, նաև որոշակի հորմոններ են արտադրվում քո տարբեր օրգանների կողմից, որոնք անընդհատ քեզ պահում են լարվածության մեջ։  Տպավորություն է լինում, որ ամեն րոպե կարող ես լաց լինել կամ հարձակվել, կռվել, նեղանալ։ Դրա համար դու մեղավոր չես։ Սա նորմալ է քո տարիքի համար։ Եթե նկատել ես, քո հասակակիցներից շատերն ունեն նման ապրումներ ու վարքագիծ։ Մի փոքր ժամանակ հետո այդ ամենը կխաղաղվի։ Որոշ հոդվածներ այդ մասին կարող ես կարդալ www.2ov.am կայքի «Դեռահասներին» բաժնում։