«Հղիության արհեստական ընդհատումից հետո որքա՞ն ժամանակ անց կարելի է հղիանալ». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Շենգավիթ ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Ս. Վարդանյանը պատասխանել է  «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին

Շենգավիթ ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Ս. Վարդանյանը պատասխանել է  «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին

Անի

Հարց. Բարև ձեզ: Ամուսնացած եմ արդեն 5 տարի, ունեմ 3,5 տարեկան տղա երեխա: Ուզում եմ նորից մայրանալ, սակայն չեմ հղիանում: Ասեմ, որ երբեք չենք պաշտպանվել և դաշտանային ցիկլիս հետ կապված խնդիրներ չեմ ունեցել, առհասարակ սեռական որեւէ խնդիր չեմ ունել: Կասե՞ք՝ ինչից է, որ չեմ հղիանում:

 

 

Պատասխան. Հարգելի Անի, Ձեզ պետք է հետազոտվել մասնագիտացված կլինիկայում՝ անպտղության պատճառը պարզելու համար: Միայն կանոնավոր դաշտանային ցիկլը չի կարող հանդիսանալ պարտադիր հղիանալու գրավական:

 

Անի

Հարց. Ձեզ այսպիսի մի հարց ունեմ.  կանոնավոր դաշտան ունեմ ամեն ամիս՝ 10-15-ը ընկած հատվածում, սակայն հիմա կրծքերս ցավում են և ունեմ սրտխառնոց: Հնարավո՞ր է՝ դրանք նախադաշտանային սիմպտոմներ են, չնայած որ դեռ 1 շաբաթ կա, կամ էլ այլ պատճառ՝ ասենք, մրսածություն: Եւս մեկ հարց՝ հնարավո՞ր է հարաբերություն ունենալ դեկտեմբերի 6-ին, սակայն նույն ամսի 11-ին և հունվարի 13-ին ունենալ դաշտան, և առանց սեռական հարաբերության հղիանալ հունվարի դաշտանից հետո կամ փետրվարին: Դաշտանս կանոնավոր է: Նախապես շատ շնորհակալ եմ:

Պատասխան. Հարգելի Անի, ցավը կրծքագեղձերում կարող է կապված լինել ինչպես նախադաշտանային համախտանիշի հետ, այնպես էլ այս կամ այն խնդրի հետ կրծքերում, օրինակ` մաստոպատիայի: Ձեզ անհրաժեշտ է առնվազն կատարել կրծքագեղձերի գերձայնային հետազոտություն և այցելել գինեկոլոգի կամ մամմոլոգի: Ինչ վերաբերում է Ձեր երկրորդ հարցին, ապա հղիանալ առանց սեռական հարաբերության հնարավոր չէ /մարդկությանը հայտնի է միայն մեկ դեպք/:

Նոնա

Հարց. Բարև ձեզ: Ես 25 տարեկան եմ, նշանված եմ,  երբեք սեռական հարաբերություն չեմ ունեցել: Ունեի ահավոր արտադրություն ու մեջքի ցավեր, որոշեցի այցելել մասնագետի: Հետազոտությունից հետո պարզեցի, որ կուսաթաղանթս անկյունով վնասված է, բայց ես երբեք սեռական հարաբերություն չեմ ունեցել: Ինչի՞ց դա կարող է լինել: Հնարավո՞ր է մատով վնասած լինեմ, որովհետև ես ձեռքով միշտ ինձ բավարարել եմ ու դա զննելուց կերևա՞, որ մատով է եղել: Ես կարո՞ղ եմ նորմալ առաջին գիշեր ունենալ ու արյուն տեսնել: Եթե ոչ, ի՞նչ խորհուրդ կտաք: Շնորակալություն:

Պատասխան. Հարգելի Նոնա, կուսաթաղանթը հնարավոր է վնասել անգամ մատով ինքնաբավարարման պրոցեսում: Արտադրությունը կարող է կապված լինել հենց նրա հետ, որ առկա է վարակի անցնելու մշտական հավանականություն մատի միջոցով /տարրական հիգիենայի կանոնները չպահպանելիս/: Մասնագետն արձանագրում է վնասվածք, սակայն նա չի կարող ասել՝ ինչպես է դա եղել` առնանդամով, մատով, թե մի այլ միջոցով: Եթե կուսաթաղանթը վնասված է միայն մեկ հատվածում, առաջին հարաբերության ժամանակ կարող է լինել արյուն, բայց դա քիչ հավանական է: Խորհուրդ եմ տալիս ամեն ինչ անկեղծ պատմել Ձեր ապագա ամուսնուն:


Տաթեւիկ

Հարց. Բարև Ձեզ: Իմ հարցը հետևյալն է` հղիության արհեստական ընդհատումից հետո որքա՞ն ժամանակ անց կարելի է հղիանալ: Շնորհակալություն:

Պատասխան. Հարգելի Տաթևիկ, հղիության արհեստական ընհատումից հետո կարելի հղիանալ միջինը 3 ամսից, եթե այն կատարվել է Ձեր ցանկությամբ: Եթե հղիության արհեստական ընդհատումը կատարվել է որևէ բժշկական ցուցումով, օրինակ` չզարգացող հղիության պատճառով, ապա հաջորդ հղիությունը խորհուրդ է տրվում պլանավորել հետազոտվելուց 3-6 ամիս անց:


Սոնա

Հարց: Խնդրում եմ ասեք՝ եթե տղամարդու արյունը 3-րդ բացասական է, իսկ կնոջինը՝ 2-րդ դրական, դա կարո՞ղ է ազդել ապագա երեխայի վրա, կամ ի՞նչ վտանգներ կան, հնարավո՞ր է խուսափել դրանցից:

Պատասխան. Հարգելի Սոնա, ամուսնու ռեզուս բացասական արյունը չի ազդում ապագա երեխայի վրա: Ռեզուս կոնֆլիկտը զարգանում է, երբ մայրը ռեզուս բացասական է, հայրը` ռեզուս դրական, իսկ երեխան ժառանգում է հոր ռեզուս գործոնը: Այդ դեպքում ռեզուս բացասական արյուն ունեցող մոր մոտ առաջանում են հակամարմիններ դեպի պտղի ռեզուս դրական արյունը: Ձեր դեպքում ռեզուս կոնֆլիկտը չի զարգանում, քանի որ մայրը ռեզուս դրական է, և եթե անգամ երեխան լինի ռեզուս բացասական, հակամարմիններ չեն առաջանում:


Անի

Հարց. Հարգելի բժիշկ, ամուսնացած եմ արդեն մեկ տարի: Հղիություն ունեցել եմ 7-րդ ամսում, սակայն վիժել եմ: Անցել եմ ստուգում, պարզվել է, որ ունեմ ձախ ձվարանի բորբոքում, որի համար ստացել եմ համապատասխան բուժում: Քսուքի վերջնական արդյունքը ցույց տվեց, որ ամեն ինչ նորմալ է, սակայն չեմ հղիանում և դաշտանից հետո ձախ կողմումս էլի ցավ եմ զգում: Խնդրում եմ՝ մի խորհուրդ տվեք:

Պատասխան. Հարգելի Անի, Ձեզ անհրաժեշտ է հետազոտվել ավելի մանրակրկիտ, քանի որ հղիության կրելախտն  ունի բազմաթիվ պատճառներ. ներքին սեռական օրգանների բորբոքային պրոցեսը դրանցից մեկն է: Վիժման պատճառ կարող են լինել գենետիկ ախտահարումները, հորմոնալ փոփոխությունները, մակարդելիության խնդիրները և այլն:


Հասմիկ

Հարց: Բարև ձեզ, ինձ մոտ արդեն 3 ամիս դաշտան չի լինում: Հղիության թեստերը պարզ ցույց չեն տալիս՝ հղի եմ, թե ոչ: Ինչի՞ց կարող է դա լինել:

Պատասխան. Հարգելի Հասմիկ, Ձեզ անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի, կատարել փոքր կոնքի օրգանների գերձայնային հետազոտություն, քորիոնիկ գոնադոտրոպինի որոշում արյան շիճուկում /եթե կա հղիության կասկած/: Հղիության չհաստատվելու դեպքում կարելի կատարել հորմոնալ հետազոտություններ:


Արփինե

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժշկուհի: 2.5 տարի է,  ինչ ամուսնացած եմ, սակայն դեռ բալիկ չունեմ: Ունեի խնդիր, պրոլակտինս նորմայից բարձր էր, այժմ այն վերահսկում եմ Դոստինեքսի օգնությամբ և պարբերաբար ստուգում եմ, որպեսզի չբարձրանա: Բարձր պրոլակտինի պատճառով ձվազատում չէր կատարվում, ֆոլիկուլը հասնում է այն չափսին, որ պետէ ձվազատում կատարվի, բայց չի լինում: 2 անգամ Պրեգնիլ 5000 են սրսկել. 1-ին սրսկումը արդյունք չտվեց,  2-րդ սրսկման հետ միասին նաև ֆիզոթերապիա են արել, որի արդյունքում ձվաբջիջը  պայթեց, սակայն հղիություն չեղավ: Հարցս հետևյալն է՝ հնարավո՞ր է, որ նորից ձվաբջիջը չպայթի: Ի՞նչը կարող է պատճառ լինել: Խնդրում եմ, ասեք՝ հնարավո՞ր է, որ այլ պատճառ լինի: Բազմիցս ստուգվել եմ, որեւէ  այլ խնդիր կամ բորբոքում չունեմ:  Ի՞նչը կարող է պատճառ լինել: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան. Հարգելի Արփինե,  Ձեր ներկայացրած տեղեկատվությունը բավարար չէ՝ եզրակացություն անելու անպտղության պատճառի վերաբերյալ: Անպտղության պատճառները բազմաթիվ են: Կատարվա՞ծ է, արդյոք, սպերմագրամմա, համատեղելիության թեստ, երբ է ներարկվել Պրեգնիլը, որոշվե՞լ է, արդյոք, ֆոլիկուլի չափսերը և էնդոմետրիումի հաստությունը այդ պահին, ո՞ր հորմոններն են որոշվել պրոլակտինից բացի և այլն: Եթե Դուք իսկապես լիարժեք հետազոտված եք, բայց չեք հղիանում, ապա Ձեզ անհրաժեշտ է դիմել վերարտադրողական առողջության մասնագիտացված կենտրոն, օրինակ` «Շենգավիթ» բժշկական կենտրոն: