«Ինչպե՞ս ընտրել ճիշտ մուլտֆիլմ երեխայի համար». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 33-րդ խմբաքանակին:

Հասմիկ

Հարց. Բարև ձեզ: Մի հարց ունեմ. տղաս 6 ամսական է, շատ է սիրում հեռուստացույց դիտել՝ հատկապես մուլտֆիլմ: Նստեցնում եմ բավական հեռու, դիտում է մոտավորապես 20-25 րոպե,  որից հետո քնում է: Խնդրում եմ,  ասեք՝ դա բնակա՞ն է, թե՞ ոչ: Շնորհակալություն

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 33-րդ խմբաքանակին:

Հասմիկ

Հարց. Բարև ձեզ: Մի հարց ունեմ. տղաս 6 ամսական է, շատ է սիրում հեռուստացույց դիտել՝ հատկապես մուլտֆիլմ: Նստեցնում եմ բավական հեռու, դիտում է մոտավորապես 20-25 րոպե,  որից հետո քնում է: Խնդրում եմ,  ասեք՝ դա բնակա՞ն է, թե՞ ոչ: Շնորհակալություն

Պատասխան. Այդ տարիքի երեխայի համար բնական է, որ հեռուստացույցի պատկերները գրավեն, և նա հետևի տեսարաններին։ Սակայն ցանկալի չէ  6 ամսական երեխային նստեցնել հեռուստացույցի առջև։ Քանի դեռ շատ ուշ չէ, դադարեցրեք այդ զբաղմունքը՝ հետագայում տարբեր խնդիրներից խուսափելու համար։ Երեխային հնարավորինս ուշ է պետք հաղորդակից դարձնել հեռուստացույցին, համակարգչին և էլեկտրոնային նմանատիպ այլ սարքերին։

Լիլիթ

Հարց. Բարև Ձեզ, տղաս մի քանի օրից կլինի երկու տարեկան, բայց նա դեռ չի խոսում, նույնիսկ մամա-պապա բառերը չի ասում, չնայած այն բանին, որ դեռ 8 ամսականում է ասել մամա: Ի՞նչ անեմ, որ սկսի խոսել, կա՞ն հատուկ մեթոդներ: Վերջերս նկատել եմ, որ տղաս, չնայած որ երկու տարի միայն ես եմ եղել կողքին և ոչ մի ժամ առանց ինձ չի մնացել, հիմա այդքան կապվածություն չունի ինձ հետ, շատ հեշտ կարող է առանց ինձ մնալ հայրիկի մոտ: Ավելացնեմ, որ ամուսինս աշխատանքի բերումով մի քանի օրով բացակայում է տնից և բնականաբար կարոտում է հորը, բայց, այնուամենայնիվ, մի տեսակ անհանգստություն կա ինձ մոտ: Կներեք այսքան երկար հարցադրման համար և անչափ շնորհակալություն:

Պատասխան. Խոսքի զարգացմանն ուղղված հոդվածներ կան կայքում, կարող եք գտնել և կարդալ։ Անհանգստանալ պետք է, եթե երեխան չի հասկանոմ ձեր պարզ հրահանգները, եթե չի արձագանքում իր անվանը, եթե կապվածության նշաններ չկան որևէ մեկի հետ, եթե ուշադրություն չի դարձնում առհասարակ ձեր խոսքին։


Նառա

Հարց. Բարև ձեզ, երեխաս 5 տարեկան է,  գիշերն անընդհատ վախից արթնանում է, ասում է, որ կենդանիներից է վախենում երազում: Նշեմ, որ առանձին սենյակում է քնում 3 տարեկանից: Խնդրում եմ՝ խորհուդ տվեք:

Պատասխան. Եթե անընդհատ արթնանում է գիշերը, ավելի լավ է դիմեք մանկական հոգեբանի։ Վախերը հեշտությամբ հաղթահարվում են հոգեբանական աշխատանքի արդյունքում, պետք չէ անհանգստանալ։ Մի քանի հանդիպումը հնարավոր է բավարար լինի։


Լիլիթ

Հարց. Բարև Ձեզ, փոքրիկս 5 տարեկան է, սակայն գիշերները քնի մեջ միզում է: Նա բացատրում է, որ չի զգում: Խնդրում եմ, ասեք՝ դա հիվանդությու՞ն է, թե՞ ժամանակի խնդիր: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան. Գիշերամիզությունը կարող է ունենալ հոգեբանական կամ օրգանական պատճառ։ Նախապես պետք է դիմել բժշկի, անցնել համապատասխան հետազոտությունները։ Եթե պարզվի, որ երեխան օրգանական կամ ֆիզիոլոգիական որևէ խնդիր չունի, պետք է դիմել հոգեբանի։ Գիշերամիզությունը նևրոտիկ բնույթի խնդիր է։


Լուսինե

Հարց. Բարև Ձեզ: Տղաս ութ տարեկան է: Հաճախակի ստում է, երբեմն էլ զգում եմ, որ երևակայությունը շատ վառ է: Ստելն ինձ շատ է անհանգստացնում:  Խնդրում եմ, ասեք` ինչպես վարվեմ, որ տղայիս չնեղացնեմ: Շնորհակալություն:

Պատասխան. Այդ տարիքում ստում են արդեն ոչ թե վառ երևակայությունից ելնելով, այլ որևէ բան թաքցնելու համար։ Գուցե պետք է մի փոքր թուլացնեք խստությունն ու ճշտապահանջությունը։ Այդ տարիքում ինչ-որ բանից վախենալով են ստում։


Ռուզաննա

Հարց. Բարև Ձեզ, տղաս մեկ տարեկան, ինը ամսական է, դեռ պարզ չի խոսում, վերջերս  սկսել է գոռգոռալ, հարվածել առանց պատճառի: Իր ակտիվությունն ագրեսիվությամբ է արտահայտում. երբ չի ուզում ուտել, ձեռքով խփում է ափսեին, թափում: Ուզում ենք գրկել-համբուրել, ճանկռում է, չեմ հասկանում՝ պատճառն ինչն է: Միգուցե ես եմ ինչ-որ տեղ սխալ: Երբ զբոսանքից պետք է գանք տուն, նա լացում է ու հրաժարվում տուն մտնել, իսկ զբոսնելիս էլ չի ուզում քայլել, պահանջում է, որ գրկեմ: Մի խոսքով՝ չեմ հասկանում՝ ինչ է կատարվում իր հետ, ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան. Հարգելի՛ Ռուզաննա, պետք է մասնագետին դիմեք:  Եթե երեխայի վարքը փոխվել է բոլոր իրավիճակներում և ոլորտներում, նույնիսկ ձեզ համար է անհասկանալի կամ դուք չեք կարողանում նրա հետ որևէ շփման եզր գտնել, ապա դա խոսում է խնդիրների մասին։ Այստեղ մեկ խորհրդով չի լուծվի խնդիրը։ Հատկապես եթե երեխան ունի խոսքի, այժմ արդեն վարքի ու հուզական ոլորտի խնդիր, պետք է մասնագետին ցույց տալ։


Սաթենիկ

Հարց. Հարգելի հոգեբան, տղաս 2 տարեկան,  9 ամսական է, վերջերս որոշեցինք մանկապարտեզ ուղարկել: Առաջին օրը հենց սկզբից շատ ուրախացավ, անմիջապես սկսեց խաղալ երեխաների հետ ու ինձ ասացին, որ աննկատ հեռանամ, որ երեխան շուտ սովորի, թեև ես առաջարկեցի սկզբնական շրջանում մնամ երեխայի հետ, մինչև վստահի ու սիրի իր նոր ընկերներին ու խնամողներին, բայց հետո մտածեցի, որ նրանք ավելի լավ կիմանան, որովհետև գրեթե ամեն օր բազմաթիվ նման դեպքերի են առնչվում: Երկրորդ և երրորդ օրերը շատ մեծ ուրախությամբ տանից դուրս էր գալիս, մտնում մանկապարտեզ, բայց հենց տեսնում էր, որ ես պետք է գնամ, լաց էր լինում ու չէր իջնում գրկիցս, բայց դաստիարակչուհին գրկում էր ու տանում, շեղում, համոզում: Ես սպասում էի միջանցքում և համոզվելով, որ երեխան հանգստացել է ու խաղում է` տուն էի վերադառնում: Հետո տուն բերելիս տեսնում էինք, որ երեխան իրեն շատ լավ է զգում, ուրախ է, օրվա ընթացքում իրեն շատ լավ է դրսևորել և տանն էլ ավելի հանգիստ ու լսող էր դարձել, շատ էինք ուրախացել: Ասեմ, որ մանկապարտեզում շատ սիրալիր ու հոգատար էին երեխայի հանդեպ: Բայց փոքրիկս հարբուխով հիվանդացավ ու տանը մնաց, և երբ կարիք եղավ բժշկի տանել, լացում էր ու հրաժարվում տանից դուրս գալ` վախենալով մանկապարտեզ գնալուց: Հիմա էլ, երբ ասում ենք՝ լավանաս, որ գնաս պարտեզ, բղավում է, լացում, ասում, որ չի գնա: Խնդրում եմ, խորհուրդ տվեք, ի՞նչ անեմ, ինչպե՞ս համոզեմ, գուցե երեխաս դեռ պատրաստ չէ մանկապարտեզ գնալ: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան. Ձեր բալիկը մանկապարտեզ գնացել է ու հանգիստ հարմարվել է։ Պարզապես հիվանդանալուց հետո դեռևս իրեն այնքան լավ չի զգում, որ պատրաստ լինի ձեզանից հեռու լինել։ Իսկ այդ մասին խոսակցությունները նրան վախեցնում են հիմա։ Բացի այդ, երեխան իրեն վատ է զգում և ավելի է կառչում իրեն շրջապատող մեծերից, մայրիկից ու հայրիկից։ Փորձեք մի փոքր ավելի հանգիստ և համբերատար լինել։ Սպասեք՝ երեխան լիարժեք առողջանա, որից հետո ինքն էլ կցանկանա գնալ ու խաղալ երեխաների հետ։ Եթե այդպես չլինի, ապա փորձեք մի փոքր օգնել այնպես, ինչպես առաջին անգամ արեցիք։


Վիկտորյա

Հարց. Բարև Ձեզ, ես մի հարց ունեմ. աղջիկս 3 տարեկան է և նկարելիս, ուտելիս նախապատվությունը տալիս է ձախ ձեռքին, մեկ-մեկ փոխում է ձեռքը, հավանաբար հոգնում է: Մտավախություն կա՞, որ նա ձախլիկ կլինի: Այդ տարիքից կարելի՞ է հետևություն անել, որ նա հետագայում արդեն ձախ ձեռքով կանի ամեն ինչ:

Պատասխան. Ձախլիկությունը կամ աջլիկությունը՝ լատերալիզացիան, լիարժեք ձևավորվում է  5-6 տարեկանին մոտ։ Այս ընթացքում դեռևս կարող է ձեռքը փոխել։ Մտավախություն ունենալ պետք չէ։ Ձախլիկությունը կամ աջլիկությունը երեխայի հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունն է, որի դեմ պայքարել կամ որը փոխել չի կարելի։ Դա ոչ վատ է, ոչ էլ լավ։ Նույնն է, թե մենք ուզենանք փոխել երեխայի աչքերի գույնը։ Դա ոչ լավ է, ոչ վատ, դա երեխայի առանձնահատուկ որակն է։


Լիդա

Հարց. Բարև ձեզ, աղջիկս երկու տարեկան, տասն ամսական է, մի քանի ամիս է, ինչ հաճախում է մանկապարտեզ, բայց ամեն առավոտ ստիպելով է գնում,  բայց այնտեղ իրեն շատ լավ է զգում, խաղում է, ուտում, քնում: Պե՞տք է, արդյոք, դիմեմ հոգեբանի խորհրդատվության, թե՞ ինքնուրույն կանցնի: Եվ կամակորությու՞ն է դա, թե՞ ոչ:  Իմ՝ ստիպողաբար տանելը կազդի՞, արդյոք, երեխայիս հոգեբանության վրա: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան. Եթե երեխան այնտեղ հեշտությամբ հարմարվում է, ապա շարունակեք տանել։ Երբեմն երեխաներին դուր է գալիս, որ ծնողները համոզում են իրենց կամ ստիպում նույնիսկ։ Ավելացրեք օրվա ընթացքում ուշադրությունն ու սերը, և, կարծում եմ, ամեն բան ինքն իրեն կհարթվի։ Դեռևս հոգեբանին դիմելու պատճառ չեմ տեսնում։


Զառա

Հարց. Բարև Ձեզ,  ինձ մի հարց է հուզում. մուլտերը երեխաների մտածողության ու հոգեկան աշխարհի վրա ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ: Կուզենայի իմանալ` կարո՞ղ է ագրեսիա ձևավորել մուլտը և ինչպե՞ս ընտրել ճիշտ մուլտֆիլմ երեխայի համար:

Պատասխան. Մուլտերն ինքնին երեխային այդքան չեն վնասում, որքան դրանք դիտելու տևողությունն ու ձևը։ Որքան մուլտերում ագրեսիան, գույները, աղմուկն ու շարժումները շատ լինեն, այնքան այդ մուլտից վնասն էլ է շատ։ Երեխայի համար ընտրեք պարզ և հասարակ մուլտեր, դուք դիտեք նրա հետ միասին, բացատրեք և խոսեք մուլտֆիլմի մասին, հարցրեք երեխային տպավորությունների մասին։ Մուլտֆիլմերի դիտումը պետք է իմաստ ունենա, մեծահասակի հետ միասին լինի, նպաստի երեխայի արժեքային համակարգի ձևավորմանը, այսինքն՝ զարգացնող կամ դաստիարակչական լինի։ Դուք ինքներդ սկզբում դիտեք մուլտֆիլմը, ապա նոր երեխային հրամցրեք։


Աննա

Հարց. Բարև Ձեզ, հարգելի հոգեբան: Փոքրիկս 1 ամսից կդառնա 2 տարեկան, ասում է բավականին շատ բառեր, սակայն դեռ նախադասություն չի կապակցում: Կուզեի իմանալ՝ արդյո՞ք փոքրիկի ուշ խոսելը նշանակում է, որ նա հետագայում այնքան էլ ընդունակ չի լինի: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան. Երեխայի ուշ խոսելը բացարձակ չի նշանակում, որ նա հետագայում ընդունակ չի լինի, երբեմն նույնիսկ հակառակը։ Սակայն լինում են դեպքեր, երբ որոշակի զարգացման խնդիրներ արտահայտվում են նաև խոսքի թերզարգացմամբ և նմանատիպ այլ խնդիրներով։ Բայց այս պահին ձեր բալիկը խոսում է։ Եթե բառերն օգտագործում է ըստ իրենց նշանակության, ապա դեռևս անհանգստանալու կարիք չունեք։