«6 ամիս ամուսնացած եմ ու չեմ հղիանում, ի՞նչ անեմ». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Շենգավիթ ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Ս. Վարդանյանը պատասխանել է  «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին:

Հակոբ

Հարց: Իմ աղջիկը 12 տարեկան է,  նրա մոտ սկսվել է դաշտանային ցիկլը: Անցած ամիս նրա մոտ տեղի ունեցավ ամսի 5-ին,  իսկ հիմա չկա: Խնդրում եմ  ասեք` ի՞նչ անեմ:

Շենգավիթ ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Ս. Վարդանյանը պատասխանել է  «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին:

Հակոբ

Հարց: Իմ աղջիկը 12 տարեկան է,  նրա մոտ սկսվել է դաշտանային ցիկլը: Անցած ամիս նրա մոտ տեղի ունեցավ ամսի 5-ին,  իսկ հիմա չկա: Խնդրում եմ  ասեք` ի՞նչ անեմ:

Պատասխան: Հարգելի Հակոբ, դաշտանային ցիկլը միշտ չէ, որ սկսվում է կանոնավոր, այլ կանոնավորվում է 6-12 ամսվա ընթացքում: Մի անհանգստացեք, պարզապես խորհուրդ տվեք երեխային ունենալ դաշտանային օրացույց, կամ Դուք վարեք այն:

 

Նարինե

Հարց: Ես 5 ամսական հղի եմ, արդեն 3 անգամ հիվանդացել եմ հարբուխով,1-ինը եղել է 3 շաբաթականում, 2-րդը` 19-ում, 3-րդը` 21-ում, բոլորն էլ առանց ջերմության: Խնդրում եմ ասեք` դա ի՞նչ հետևանք կարող է թողնել երեխայի վրա: Շնորհակալություն:

Պատասխան: Հարգելի Նարինե, եթե դա եղել է միայն հարբուխ, որը չի համակցվել տենդի հետ, ապա այն վտանգավոր չէ:

Մանե

Հարց: Ես գտնվում եմ հղիության 30 շաբաթում, օրեր առաջ եղա իմ հերթական ստուգմանը, և պարզվեց, որ պորտալարը փաթաթված է երեխայի վզին: Շատ եմ անհանգստանում,  արդյո՞ք դա վտանգավոր է և ինչքանո՞վ:

Պատասխան: Հարգելի Մանե, պորտալարի փաթաթումը պտղի պարանոցի շուրջ կարող է վտանգավոր լինել ծննդաբերության ժամանակ, երբ սկսվում են կծկանքները, հետո ճիգերը, երեխան անցնում է ծննդաբերական ուղիներով, իսկ պորտալարը ձգվում է՝ դառնալով թթվածնաքաղցի պատճառ: Հղիության ժամանակ այն այդքան վտանգավոր չէ, սակայն շատ հազվադեպ կարող է բերել թթվածնաքաղցի:

Կատի

Հարց: Բժիշկ ջան, արդեն 6 ամիս ամուսնացած եմ ու չեմ հղիանում,բայց շատ եմ ուզում: Ի դեպ, դաշտանս անկանոն է, ի՞նչ անեմ:

Պատասխան: Հարգելի Կատի, վեց ամիսը դեռ շատ կարճ ժամանակահատված է՝ անպտղության մասին մտածելու: Եթե չհղիանաք առաջիկա 6 ամսվա ընթացքում, ապա Ձեզ անհրաժեշտ է դիմել անպտղության խնդիրներով զբաղվող մասնագիտացված կլինիկա, օրինակ, «Շենգավիթ» ԲԿ-ի Մարդու վերարտադրողական առողջության բաժանմունք:

Լիլիթ

Հարց: Հնարավո՞ր է հղիանալ,  երբ սերմնահեղուկը թափվում է հեշտոցի վրա, չնայած նրան, որ աղջիկը կույս է:

Պատասխան: Հարգելի Լիլիթ, հազվադեպ, սակայն հնարավոր է սպերմատազոիդների բարձր շարժունակության շնորհիվ:

Ասյա

Հարց: Հարգելի բժիշկ, ամուսնացած եմ ուղիղ 2 տարի, սակայն չեմ հղիանում: Սկզբում կարծում էինք պատճառը ձվազատման բացակայությունն է: Սակայն եղել են ամիսներ, որ ձվազատումը նորմալ կատարվել է, բայց միևնույն է, հղիություն չի եղել: Վերջերս մի գինեկոլոգ ինձ ներզննում անելուց հետո ասաց, որ արգանդի կամ դրա վզիկի թեքություն ունեմ: Նա նաև նշեց, որ ամուսնուս սպերմատոզոիդները միմյանց խանգարում են: Արդյո՞ք դրանք կարող էին այդքան խանգարել հղիանալուն: Նշեմ, որ ունեի հերպես և ցիտոմեգալովիրուս, որոնց դեմ ստացել եմ համապատասխան բուժում: Խնդրում եմ ասեք, ի՞նչ հետազոտություններ կարելի է անցնել՝ բուն պատճառը բացահայտելու համար:

Պատասխան: Հարգելի Ասյա, ցիտոմեգալովիրուսը և հերպեսը սովորաբար չեն բերում անպտղության, դրանք ավելի շատ վտանգավոր են պտղի համար: Արգանդի և պարանոցի թեքությունը նույնպես չեն ազդում հղիանալու վրա: Իմ կարծիքով՝ Ձեզ անհրաժեշտ է դիմել անպտղության խնդիրներով զբաղվող մասնագիտացված կլինիկա, օրինակ, «Շենգավիթ» ԲԿ-ի Մարդու վերարտադրողական առողջության բաժանմունք:

Գոհար

Հարց: Բարև Ձեզ, ես ունեմ հորմոնալ խախտում. ինձ մոտ պրոգեստերոն հորմոնը ցածր է և ձվազատում տեղի չի ունենում: Հնարավո՞ր է պրոգեստերոնի վերականգնման արդյունքում  ինձ մոտ վերականգնվի նաև ձվազատումը:

Պատասխան: Հարգելի Գոհար, միայն պրոգեստերոնի ցածր ցուցանիշները չեն կարող ազդել ձվազատման վրա: Պրոգեստերոնը պատասխանատու է դաշտանային ցիկլի երկրորդ փուլի համար: Ձեզ անհրաժեշտ է դիմել անպտղության խնդիրներով զբաղվող մասնագիտացված կլինիկա, օրինակ, «Շենգավիթ» ԲԿ-ի Մարդու վերարտադրողական առողջության բաժանմունք:

Լինա

Հարց: Ինձ մոտ 5 շաբաթական շատ սպասված հղիություն է : Չիմանալով այդ մասին` օգտագործել եմ Գրոպրինոսին հաբերը, դա հետակագայում կարո՞ղ է ազդել փոքրիկիս առողջության վրա: Նաև փորիս վրա կան մազեր, կարելի՞ է դրանք հեռացնել ոսկով կամ էպիլյատորով:

Պատասխան: Հարգելի Լինա,  Գրոպրինոսինը խորհուրդ չի տրվում օգտագործել հղիության ժամանակ, սակայն եթե Դուք օգտագործել եք մի քանի հաբ, ապա դա այդքան էլ վտանգավոր չէ: Վտանգավոր է երկարատև օգտագործումը: Ինչ վերաբերում է մազերի հեռացման մեթոդներին, ապա խորհուրդ եմ տալիս կիրառել այն հղիության երկրորդ եռամսյակում:

Անի

Հարց: Ես 1.5 տարի սեռական կյանքով եմ ապրում: Պաշտպանվել եմ,  բայց առանց ինչ-որ հաբերի: Դա կարո՞ղ է չհղիանալու պատճառ դառնալ:

Պատասխան: Հարգելի Անի, անհասկանալի է, թե ինչ հակաբեղմնավորման եղանակ եք Դուք կիրառել: Այդ պատճառով չեմ կարող պատասխանել Ձեր հարցին:

Ամալյա

Հարց: Ես 25 շաբաթական հղի եմ,  2-րդ հղիությունս է,  ինձ մոտ շատ անբնական մազաթափություն է սկսվել,  խնդրում եմ ասեք` ի՞նչ կարելի է անել, ես բոլոր կայքերում կարդում եմ, որ հիմա պետք է մազերն ու եղունգներն ավելի քան ամուր լինեն:

Պատասխան: Հարգելի Ամալյա, եթե Ձեր հղիությունը 25 շաբաթական է, ապա Դուք արդեն պետք է  հսկվեք կանանց կոնսուլտացիայում: Ձեր բժիշկը կարող է ավելի ճիշտ խորհրդատվություն տալ, քանի որ արդեն հետևում է հղիությանը: Սովորաբար մազաթափությունը կապված է լինում վահանաձև գեղձի խնդիրների կամ  միկրոէլեմենտների պակասի հետ:

Լինա

Հարց: Արդյո՞ք Ֆարմատեքսի կոճակները (ոչ մոմիկը) համարվում են  նորմալ միջոց՝ չհղիանալու համար: Այն  ունի՞ որևէ լուրջ վատ ազդեցություն առողջության համար:

Պատասխան: Հարգելի Լինա, Ֆարմատեքսը չունի բացասական ազդեցություն առողջության վրա:  Այն բավականին արդյունավետ  է, երբ կիրառվում է արտադրողի խորհուրդների համաձայն /մեկ հաբ ամեն սեռական հարաբերությունից առաջ, հարաբերությունից 2 ժամ առաջ և 2 ժամ նրանից հետո սովորական օճառով լվացման բացառում և այլն/:

Ռոզա

Հարց: Հարգելի գինեկոլոգ, ես արդեն 6 ամիս է ամուսնացած եմ , սակայն դեռ չեմ հղիացել: Ինձ մոտ ձախ ձվարանում  առկա է ֆոլիկուլյար կիստա, որի չափսերը փոքրացել են: Հնարավո՞ր է արդյոք չհղիանալու պատճառն այդ կիստան լինի:

Պատասխան: Հարգելի Ռոզա, վեց ամիսը կարճ ժամանակահատված է՝ անպտղության մասին մտածելու համար: Ֆոլիկուլյար կիստան որոշակի հորմոնալ խանգարման նշան է, իսկ հորմոնալ խանգարումները կարող են չհղիանալու պատճառ դառնալ:

Մարինա

Հարց: Հարգելի գինեկոլոգ, աղջիկս արդեն 3,9 տարեկան է, ունեցել եմ կեսարյանով: Արդեն 1 տարի է՝ չեմ հղիանում, ահավոր ցավում են 2 կողքերս, մանավանդ հարաբերության ժամանակ: Կարելի՞ է տնային պայմաններում ներլվացում անել և ինչպե՞ս: Ուղղակի ամեն անգամ բժշկի գնալուց հետո ահավոր քոր եմ ունենում:

Պատասխան: Հարգելի Մարինա, եթե Դուք չեք հղիանում արդեն 1 տարի, ապա Ձեզ անհրաժեշտ է դիմել անպտղության խնդիրներով զբաղվող մասնագիտացված կլինիկա, օրինակ, «Շենգավիթ» ԲԿ-ի Մարդու վերարտադրողական առողջության բաժանմունք: Կներեք, բայց ես չեմ կարող  հեռակա կարգով նշանակումներ անել:

Թիթիզ աղջիկ

Հարց: Ամեն օր 15-20 րոպե օղակ եմ խաղում, ցանկանում եմ նիհարել, արդյո՞ք վնաս չէ այդքան օղակ խաղալը:

Պատասխան: Հարգելի «թիթիզ աղջիկ»,օղակ պտտելը չի վնասում առողջությանը, հակառակը՝ ամրապնդում է այն:

Միլենա

Հարց: Ես ունեմ արյան բացասական կարգ, իսկ ամուսինս՝ դրական, հղիության յոթերորդ շաբաթում պարզվեց՝ չզարգացող է, որովհետև ինձ մոտ կա թրոմբոֆիլիա: Ես այժմ ընդունում եմ Կարդիոմագնիլ: Ես անալիզով ստուգվել եմ,  իմ արյան մեջ ռեզուս հակամարմիններ չկան: Հարցս հետևյալն է` մինչև չեն խառնվում մոր և պտղի արյունները, կարո՞ղ է լինել վիժում:

Պատասխան: Հարգելի Միլենա, Ձեր դեպքում վիժումը ավելի հավանական է՝  կապված լինի  թրոմբոֆիլիայի հետ: Ամուսինների տարբեր ռեզուս գործոններով պայմանավորվում է, այսպես կոչված, «ռեզուս կոնֆլիկտը»: Եթե Ձեր արյան մեջ ռեզուս հակամարմիններ չկան, ապա դա չի կարող լինել վիժման պատճառ: Իսկ մոր և երեխայի արյունները խառնվում են` սկսած քորիոնի թավիկների ներթափանցումից մոր արյունատար համակարգ:

Նարա

Հարց: Իմ պրոլակտինը բարձր է, հեշտոցս՝ բորբոքված, նաև ունեմ էրոզիա, բուժվում եմ: Հնարավո՞ր է չհղիանամ:

Պատասխան: Հարգելի Նարա, հեշտոցաբորբն ու արգանդի պարանոցի էրոզիան պրակտիկորեն չեն ազդում հղիանալու վրա, իսկ պրոլակտինի բարձր կոնցենտրացիան արյան մեջ ընկճում է ձվազատումը, ինչը և դառնում է անպտղության պատճառ:

Լիլիթ

Հարց: Բարև Ձեզ,  ես 12 շաբաթական հղի եմ, գրանցվել եմ, ամեն ինչ նորմայի մեջ է` թե անալիզները, թե սոնոգրաֆիան: Ուզում եմ իմանալ`  հղիներն ի՞նչ գենետիկական անալիզներ պետք է հանձնեն:

Պատասխան: Հարգելի Լիլիթ, եթե Ձեր հղիությունն  արդեն  12  շաբաթական է, հավանաբար Դուք հսկվում եք կանանց կոնսուլտացիայում և Ձեր բժշկից կարող եք ստանալ համապատասխան խորհդատվություն: Հղիության 11-14 շաբաթական ժամկետում, որպես անթենատալ թեստ, կատարում են PAPP-A  և բեթա քորիոնիկ գոնադոտրոպինի որոշում մոր արյան շիճուկում:

Լիանա

Հարց: Հղիության ընթացքում պետք է պաշտպանվա՞ծ սեռական հարաբերություն ունենալ:  15 շաբաթական է հղիությունս:

Պատասխան: Եթե Ձեր հղիությունն արդեն  15  շաբաթական է, հավանաբար Դուք հսկվում եք կանանց կոնսուլտացիայում և Ձեր բժշկից կարող եք ստանալ համապատասխան խորհդատվություն: Նաև պարզաբանեք, թե ինչ եք հասկանում պաշտպանված սեռական հարաբերություն ասելով: Եթե արդեն հղի եք, ապա նորից չեք կարող հղիանալ: Եթե Ձեր ամուսինը հավատարիմ է, ապա Դուք չպետք է վախենաք  սեռավարակներից:

Աննա

Հարց: 3 ամիս առաջ եմ ծննդաբերել եմ: Ծննդաբերելիս կտրվածք են արել, ունեմ ներքին և արտաքին կարեր: Հիմա հարաբերություն  ունենալիս ինձ  մոտ բացվածքը փոքր է և չի ստացվում: Ինձ հետաքրքրում է` ի՞նչ խնդիր կարող է լինել, թե՞ դեռ ինձ պետք է սպասել՝ ամբողջովին վերականգնվելու համար:

Պատասխան: Հարգելի Աննա, դիմեք Ձեր ծնունդը վարող բժշկին կամ մեկ այլ գինեկոլոգի զննման նպատակով: Հեռակա կարգով  հնարավոր չէ պատասխանել Ձեր հարցին:

Ռուզաննա

Հարց: Հարգելի բժիշկ, հղիության ընդհատումից հետո բուժվել եմ ուրեապլազմա և ցիտոմեգալովիրուս ինֆեկցիաներից: Սոնոգրաֆիան ցույց տվեց,  որ ֆոլիկուլը  նորմալ է, սակայն հետ է զարգանում, ձվազատում չի լինում:  Հանձնել եմ պրոլակտին և թիրետրոպ հորմոնների անալիզ, արդյունքները նորմայի մեջ են: Արդյո՞ք խնդիրս լուրջ է ու ինչի՞  հետ կարող է կապված լինել (հնարավո՞ր է կապված լինի երկար ժամանակ հարաբերություն չունենալու հետ): Նշեմ նաև, որ 1 ամիս է՝ խմում եմ Ֆոլաթթու: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան: Հարգելի Ռուզաննա, Ձեր վիժումը հավանաբար կապված է եղել ոչ միայն վարակների, այլ նաև հորմոնալ խանգարումների հետ: Միայն պրոլակտինի և թիրեոտրոպ հորմոնների նորմալ ցուցանիշները բավարար չեն: Ձեզ անհրաժեշտ է ավելի մանրակրկիտ հետազոտություն  և հղիության կրելախտի և երկրորդային անպտղության պատճառը պարզելու նպատակով:

Էլեոնորա

Հարց: Իմ արյան կարգը բացասական է,ծննդաբերությունից հետո ինձ պետք է հատուկ շիճուկ ներարկեին,երեխայիս արյունը դրական է,սակայն չեն ներարկել:Ի՞նչ բարդություններ են հնարավոր,ի դեպ, ես ծննդաբերությունից հետո ևս 1 անգամ հղիացել եմ,սակայն կորցրել եմ պտուղն  ընկնելու պատճառով:

Պատասխան: Հարգելի Էլեոնորա, անհասկանալի է, թե ինչու Ձեզ չեն ներարկել հակառեզուս իմմունոգլոբուլին: Եթե Դուք ունեիք հակառեզուս հակամարմիններ, իհարկե, Ձեզ չպետք է ներարկեին հակառեզուս իմմունոգլոբուլին, եթե հակառակը, ապա դա անհրաժեշտ էր: Եթե այժմ Ձեր արյան մեջ չկան հակառեզուս հակամարմիններ, ապա դա չի կարող վիժման պատճառ դառնալ, իսկ եթե ունեք, ապա Ձեզ անհրաժեշտ է մանրակրկիտ հետազոտում: