«Աղջիկս 3 տարեկան է, բայց մազերը լավ չեն երկարում, ի՞նչն է պատճառը». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի  հերթական խմբաքանակին

Աննա

Հարց. Փոքրիկս 2 տարեկան 4 ամսական է և արդեն մի քանի ամիս է` ձայնի մեջ փոփոխություններ է նկատվում: Երբ գոռգոռում է, ձայնը քաշվում է, խոսում է հազիվ լսելի՝ ասես միշտ հիվանդ լինի:

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի  հերթական խմբաքանակին

Աննա

Հարց. Փոքրիկս 2 տարեկան 4 ամսական է և արդեն մի քանի ամիս է` ձայնի մեջ փոփոխություններ է նկատվում: Երբ գոռգոռում է, ձայնը քաշվում է, խոսում է հազիվ լսելի՝ ասես միշտ հիվանդ լինի:

Հայաստանում չենք ապրում, և ես դիմել եմ տարբեր բժիշկների, պատասխանել են, որ ոչ մի վտանգավոր բան չկա, և տարիքի հետ խնդիրը կանհետանա: Խնդրում եմ, ասեք ձեր կարծիքը` ինչի՞ց կարող է դա լինել:

 

Պատասխան. Հարգելի Աննա, երեխաների ձայնալարերը շատ նուրբ են, և նրանց գերլարումից հնարավոր է առաջանա նման վիճակ: Սակայն դա կարող է լինել նաև բորբոքային ֆոնի վրա: Եթե Ձեր մանկաբույժը վստահեցնում է, որ վտանգավոր ոչինչ չկա, ուրեմն պետք է վստահել նրան:

Սոնա

Հարց. Աղջիկս 4 տարեկան 4 ամսական է, բայց իրեն տարիքին համապատասխան չի պահում: Նշեմ, որ 2,5 տարեկանում նա պորտի և աջուկային ճողվածքի վիրահատություն է տարել: Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս վարվեմ, որպեսզի երեխաս իր տարիքին համապատասխան մեծանա:

Պատասխան. Հարգելի Սոնա, Ձեր բալիկի տարած վիրահատությունները ոչ մի կերպ չեն անդրադառնա նրա զարգացման վրա: Դուք չպարզաբանեցիք ձեզ անհանգստացնող վարքագիծը, սակայն եթե դա ձեզ մտահոգում է, կարող եք դիմել զարգացման մանկաբույժի, որպեսզի գնահատի երեխայի զարգացումը և շեղումների դեպքում՝ միջոցներ ձեռնարկի:

Գայանե Արշակի

Հարց. Երեխաս 3,5 տարեկան է: Լեզվի վրա առաջացել է սպիտակ փառ: Ատամնաբույժի այցելությունից հետո որոշ ժամանակ անցել էր, սակայն դարձյալ կրկնվեց: Մանկաբույժն ատամի գել նշանակեց՝ ցավը մեղմելու համար, սակայն չօգնեց: Ճիճվակրության դեմ ևս հաբեր նշանակեցին, սակայն ոչինչ չի օգնում: Նշեմ նաև, որ փոքրիկս հաճախակի ունենում է ջերմություն: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան.Հարգելի Գայանե, Ձեր նկարագրածը ավելի շատ նման է ստոմատիտի՝ բերանաբորբ, քան թե ճիճվակրության, որը հիմնականում առաջանում է իմունիտետի անկման և ինֆեկցիոն պրոցեսի միացման ժամանակ: Այս դեպքում միանվագ միջամտությունը էֆեկտիվ չէ, հարկավոր է շարունակական բուժում՝ մինչև լրիվ ապաքինում:

Տաթևիկ

Հարց. Տղաս 1 տարի 4 ամսական է, բայց դեռ աջ ամորձին չի իջել: Բժիշկները խորհուրդ տվեցին 1,6 տարին լրանալուն պես  վիրահատել: Միթե՞ այլ լուծում չկա:

Պատասխան. Հարգելի Տաթևիկ, Ձեր խնդրով զբաղվում են մանկական ուրոլոգները: Եթե մինչև 1,6 տարեկան դառնալը ամորձին ինքնուրույն չի իջնում, ապա խնդիրը լուծում են վիրահատական ճանապարհով, որն իրենից շատ լուրջ միջամտություն չի ներկայացնում:

Գագիկ

Հարց. Բալիկս 6 ամսական է, և որոշել ենք կերակրել հավելյալ սննդով: Ասեք, խնդրեմ, ի՞նչ կարող եմ տալ և ի՞նչ քանակով:

Պատասխան. Հարգելի Գագիկ, 6-12 ամսականում սկսեք երեխային բանջարեղենով պյուրե տալ՝ դդումով, կարտոֆիլով, գազարով կամ ճակնդեղով: Թանձր հնդկացորենի, սպիտակաձավարի կամ եգիպտացորենի շիլա՝ կաթով և կարագով կամ բուսական յուղով պատրաստված, սպիտակուցներով հարուստ սննդամթերք՝ ձու, կաթնաշոռ, եփած անյուղ միս կամ քերիչով անցկացրած ձկնեղեն, ուտելիք ընտանեկան սեղանից՝ հաց, լափշա և այլ մակարոնեղեն, բազմազան մրգեր՝ տանձ, խնձոր, ծիրան, դեղձ, խաղող, նարինջ, մանդարին:

Եթե երեխան կերակրվում է կրծքով, ապա հավելյալ սնունդը տվեք օրվա ընթացքում՝ 3 անգամ կրծքով սնվելուց հետո: Եթե կրծքով չի սնվում, հավելյալ սնունդ տվեք 5 անգամ:

Հավելյալ սնունդ տալ սկսեք աստիճանաբար՝ օրական 1-2 անգամ, 1-2 թեյի գդալից հասցնելով մինչև 250 գրամի:

Մարիամ

Հարց. Աղջիկս 3 տարեկան է, նորմալ սնվում է, վիտամինների պակաս, կարծում եմ, չունի, սակայն մազերը 3-4 սմ է: Մեկ անգամ նույնիսկ կտրել ենք, բայց աճ չկա: Խնդրում եմ ասեք՝ ինչի՞ց կարող է դա լինել:

Պատասխան. Հարգելի Մարիամ, մազերի աճը շատ ինդիվիդուալ է: Այն կարող է կախված լինել ինչպես գենետիկ գործոններից, այնպես էլ  երեխայի հորմոնալ բալանսից, իսկ վերջինս երեխաների մոտ շատ նուրբ է և բարդ: Ոմանք ծնվում են գրեթե առանց մազերի, իսկ ոմանք՝ խիտ մազերով:

Ձեզ պետք է զինվել համբերությամբ և սպասել: Մազերի լավ աճի համար հարկավոր է բալանսավորված սնունդ՝ հարուստ վիտամիններով և միկրոէլեմենտներով, A, B, C, D, E և կալցիում: Ավելացրեք սպիտակուցներով հարուստ սննդի՝ մսի, ձվի, լոբազգիների  և ընկուզեղենի չափաքանակը: Շատ օգտակար են բետա-կարոտինով հարուստ սննդատեսակները.  դրանք հիմնականում գազարագույն բանջարեղենն է: Օգտակար են նաև օմեգա-3 պարունակող սննդատեսակները:  Մազերը լվանալիս օգտագործեք միայն բնական հումքով միջոցներ: