«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Ս. Վարդանյանը:
Անժելա
Հարց. Հարգելի բժիշկ, 1 տարի է ամուսնացած եմ և չեմ հղիանում: Տարբեր հետազոտություններից հայտնի դարձավ, որ ունեմ էրոզիա, սակայն բժիշկն ասաց, որ դա չի խոչընդոտի հղիանալուն:
«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Ս. Վարդանյանը:
Անժելա
Հարց. Հարգելի բժիշկ, 1 տարի է ամուսնացած եմ և չեմ հղիանում: Տարբեր հետազոտություններից հայտնի դարձավ, որ ունեմ էրոզիա, սակայն բժիշկն ասաց, որ դա չի խոչընդոտի հղիանալուն: Մինչ օրս չեմ հղիանում, կարո՞ղ է դա լինել պատճառը:
Պատասխան. Արգանդի պարանոցի էկտոպիան սովորաբար չի կարող անպտղության պատճառ դառնալ: Չհղիանալու պատճառը պարզելու համար Ձեզ պետք է հետազոտվել ավելի մանրակրկիտ: Հնարավոր է լինի հորմոնալ խանգարում:
Լարա
Հարց. Դաշտանիս օրերը երկար է տևում, իսկ ոտքս սկսել է ահավոր ձգվել: Կարո՞ղ է դա խոչընդոտել հղիանալուն:
Պատասխան. Եթե Ձեր դաշտանը տևում է 7 օրից ավելի, ապա անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի: Դաշտանային ցիկլի խանգարումները կարող են խոչընդոտել հղիությանը: Ոտքի ցավն ունի բազմաթիվ պատճառներ, և ենթադրյալ հղիությունը դրանից առաջնահերթը չէ:
Սյուզաննա
Հարց. Բարև Ձեզ, ինձ մոտ պրոլակտին հորմոնը 27.1 է այն դեպքում, երբ պետք է լինի 23.70: Կարո՞ղ է չհղիանալու պատճառ դառնալ չհղիանալու:
Պատասխան. Հիպերպրոլակտինեմիան կարող է խոչընդոտել ձվազատմանը և անպտղության պատճառ լինել: Դոստինեքսը հիպերպրոլակտինեմիան բուժելու հիմնական դեղամիջոցներից մեկն է:
Անի
Հարց. Ուզում եմ իմանալ ուրեոպլազման, խլամիդիան և ցիտամեգալովիրուսն ի՞նչ վարակներ են: Եվ հնարավո՞ր է, որ ամուսինս վարակված լինի ուրիշ կնոջ հետ հարաբերություն ունենալուց:
Պատասխան. Ցիտոմեգալովիրուսը փոխանցվում է մեծամասամբ ոչ սեռական ճանապարհով, ուրեոպլազման պայմանական ախտածին հարուցիչ է, կարող է փոխանցվել և՛ սեռական ճանապարհով, և՛ գոյատևել օրգանիզմում առանց սեռական ակտի: Ինչ վերաբերում է խլամիդիային, ապա նրա փոխանցման ճանապարհը բացառապես սեռական է:
Մարինե
Հարց. Բարև Ձեզ, 15 շաբաթական հղի եմ: Երեք անգամ անցել եմ ՈԻՁՀ, ուզում եմ նորից անցնել: Վնաս չի՞ հասցնի, արդյոք, պտղին:
Պատասխան.ՈւՁՀ-ն անվտանգ է, սակայն նորմալ ընթացող հղիության դեպքում ցուցված է կատարել այդ հետազոտությունը 3 անգամ՝ 11-14, 18-22, 32-34 շաբաթական ժամկետներում: Խնդիրների դեպքում այն կատարվում է ըստ ցուցումների:
Անի
Հարց. Հղիության ընդհատումից հետո կարելի՞ է սեռական հարաբերություն ունենալ:
Պատասխան. Խորհուրդ է տրվում խուսափել սեռական հարաբերություններից մինչև հաջորդ դաշտանի սկիզբը:
Վարդա
Հարց. Ունեմ 2 երեխա, մոտավորապես 5-6 տարի հղիանալ չեմ ցանկանում: Բացի ներարգանդային պարույրից և պահպանակից, ի՞նչ հակաբեղմնավորիչներ խորհուրդ կտաք:
Պատասխան.Եթե 2 տարբերակները բացառում եք, ապա մնում է հակաբեղմնավորիչ հաբեր: Դրանց վերջին սերնդի տարբերակները կարող են օգտագործվել անընդմեջ մինչև 5 տարի:
Սեդա
Հարց.Կեսարյան հատումից հետո քանի՞ ամսից կարելի է նորից հղիանալ:
Պատասխան. Կեսարյան հատումից հետո խորհուրդ է տրվում սպասել 24 ամիս:
Լիլիթ
Հարց. Նորմա՞լ է, արդյոք, հղիության ժամանակ 37, 37.04 մարմնի ջերմությունը: Թոքերս ստուգել եմ, ամեն ինչ մաքուր է:
Պատասխան.Սուբֆեբրիլ ջերմությունը՝ 37, զարգացող հղիության նշան է, սակայն կարող է խոսել նաև վարակի մասին: Եթե հետազոտվել եք և ամեն ինչ մաքուր է, ուրեմն դա հղիության նշան է:
Աննա
Հարց. Ես 19 տարեկան եմ, 6 ամիս է՝ ամուսնացած եմ: Դաշտանային ցիկլը շատ անկանոն է: Տևում է 7 օր, որից հետո արտադրություն եմ ունենում: Ունեմ նաև այրոցներ, հնարավո՞ր է հղի լինեմ և դաշտան տեսնեմ:
Պատասխան. Ձեր նկարագրած իրավիճակը կարող է կապված լինել դաշտանային ցիկլի խանգարման, կամ բորբոքային հիվանդության, կամ էնդոմետրիոզի, կամ էլ հղիության հետ: Սակայն դաշտան հղիության ժամանակ հազվադեպ է լինում, այնպես որ խորհուրդ է տրվում հետազոտվել:
Լիլիթ
Հարց. Ինձ մոտ խորիոնալ հորմոնի մակարդակը 15,5 է, հնարավո՞ր է հղի լինեմ:
Պատասխան. Հավանաբար դուք հղի եք, սակայն քորիոնիկ գոնադոտրոպինի մակարդակը ցածր է:
Անյուտա
Հարց. Հարգելի բժիշկ, ես 20 տարեկան եմ և սեռական օրգանումս անտանելի քոր եմ զգում: Դաշտանային խանգարումներ, ցավեր չունեմ: Միայն այդ քորն ինձ հանգիստ չի տալիս: Ի՞նչ կարող եմ անել, և արդյո՞ք չի հանգեցնի չբերության:
Պատասխան. Անպայման դիմեք գինեկոլոգի, հետազոտվեք՝ քորի պատճառը պարզելու համար: Մի վախեցեք, կուսաթաղանթը չի պատռվի հետազոտություն կատարելիս: Սովորաբար հեշտոցաբորբերը, որոնք պայմանավորված չեն սեռավարակներով, անպտղության պատճառ չեն դառնում:
Շուշաննա
Հարց. Առաջին բեղմնավորումս տեղի է ունեցել ամուսնությունից օրեր անց: Հիմա նորից եմ ուզում հղիանալ, բայց չի ստացվում: Ի՞նչ կարող եմ անել:
Պատասխան.Երկրորդային անպտղության պատճառները բազմաթիվ են: Դուք և Ձեր ամուսինը պետք է հետազոտվեք:
Նարինե
Հարց.Ես 25 տարեկան եմ, բուժում եմ ստացել խլամիդիա և միկրոպլազմա ինֆեկցիաների դեմ: Բուժումից որքա՞ն ժամանակ հետո կարող եմ հղիանալ:
Պատասխան. Բուժումից 1 ամիս անց արդեն կարելի է հղիանալ:
Շուշան
Հարց. 4,5 ամսական հղի եմ, ձախ ձվարանի վրա ունեմ 7.5 սմ կիստա: Արդյո՞ք դա վտանգավոր է հղիության համար:
Պատասխան. Ձեր կիստայի վտանգներն ավելի հստակ պետք է բացատրի հղիությունը վարող բժիշկը: Այդ չափսերի կիստան կարող է ոլորվել, նրա պատյանը կարող է պատռվել՝ վտանգելով Ձեր առողջությունը: Եթե կիստայի չափսերը չեն մեծացել, ապա դա հուսադրող նշան է:
Մերի
Հարց. Ես շուտով ամուսնանալու եմ, և հարսանիքիս օրը համընկնում է ձվազատման օրերին: Ես չեմ ցանկանում շուտ հղիանալ, ի՞նչ խորհուրդ կտաք:
Պատասխան.Դիմեք գինեկոլոգի՝ ճշգրիտ դեղամիջոց նշանակելու համար: Կարող եմ խորհուրդ տալ պահպանակ օգտագործել:
Արևիկ
Հարց. Էրոզիան այրելը կարո՞ղ է անպտղության պատճառ դառնալ:
Պատասխան.Արգանդի պարանոցի էկտոպիան վերացնելը շատ հազվադեպ կարող է անպտղության պատճառ դառնալ:
Դիանա
Հարց. Հարգելի բժիշկ, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտով հիվանդը, ով 3 տարի անընդմեջ դեղեր է օգտագործում, կարո՞ղ է հղիանալ, և եթե այո, ապա դա ինչպե՞ս կանրադառնա պտղի վրա:
Պատասխան. Հղիության ընթացքը կախված է հիվանդության ծանրության աստիճանից, բորբոքային պրոցեսի տարածվածությունից, ընդունվող դեղորայքի անվտանգությունից: Եթե հղիությունը թույլատրելի է, ապա այն պետք է վարվի մանկաբարձ-գինեկոլոգի և գաստրոէնտերոլոգի հետ համատեղ: Ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը չի ազդում հղիանալու ունակության վրա: Անպտղությունն այս կանանց մոտ կապված է լինում վիրահատական պրոցեսներից հետո առաջացած կպումների հետ:
Աննա.
Հարց. Հնարավո՞ր է կապել փողերը, եթե ունեմ 1 երեխա:
Պատասխան. Մեկ երեխա ունեցող կնոջը փողերի կապումը ցուցված չէ, քանի որ դա բերում է բնական բեղմնավորման անվերադարձ կորստի: Կան բեղմնականխման բազմաթիվ այլ մեթոդներ:
Շաքե
Հարց. Յոթ տարի առաջ կեսարյան հատումով երեխա եմ ունեցել: Երկու տարի անց հղիացա, սակայն 7 շաբաթականում վիժեցի, դրանից հետո ևս երկու վիժում եմ ունեցել: Դաշտանի ժամանակ ունենում եմ սուր ցավեր և առատ արյուն: Հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ ունեմ ադենոմիոզ: Բժիշկներն առաջարկում են վիրահատություն, բայց ես տարակուսում եմ: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Պատասխան. Վիզաննան ադենոմիոզի բուժման ամենաարդյունավետ միջոցներից է, նշանակվում է գինեկոլոգի կողմից: Անհրաժեշտ է ստանալ ռեպրոդուկտոլոգի խորհրդատվություն՝ անպտղության պատճառը, ինչպես նաև հետագա բուժման ընթացակարգը պարզելու համար:
Սյուզաննա
Հարց. Պրոլակտին հորմոնի բարձր լինելու պատճառով խմել եմ 2 կոճակ դոստինեքս: Այժմ պարզել եմ, որ հղի եմ: Կարո՞ղ է, արդյոք, վտանգված լինել պտուղը:
Պատասխան.Եթե դուք օգտագործել եք 2 հաբ, ապա այն չի կարող բացասաբար ազդել երեխայի առողջության վրա: Դադարեցրեք օգտագործումը, եթե անգամ այն նշանակված է ավելի երկար:
Լիլիթ
Հարց.Հնարավո՞ր է արտաարգանդային հղիության ժամանակ դաշտան ունենալ: Ես ունենում եմ կանոնավոր դաշտան, սակայն սրտխառնոց:
Պատասխան.Միայն սրտխառնոցը չի կարող վկայել հղիության մասին: Դիմեք գինեկոլոգի, որոշեք քորիոնիկ գոնադոտրոպինի մակարդակը արյան շիճուկում՝ հղիությունը ժխտելու կամ հաստատելու համար:
Էլեն
Հարց. Հնարավո՞ր է հղիության ժամանակ ունենալ դաշտանային ցավեր:
Պատըասխան.Դաշտանային տիպի ցավերը հղիության առաջին և երկրորդ եռամսյակում կարող են խոսել վիժման վտանգի մասին, իսկ երրորդ եռամսյակում՝ վաղաժամ ծննդաբերության մասին: Երբեմն պայմանավորված են լինում նաև արգանդի աճի հետ:
Գոհար
Հարց. Աղջիկս 15 տարեկան է, նրա մոտ դաշտանը լինում է երեք ամիսը մեկ և ուղեկցվում է ահավոր ցավերով: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Պատասխան.Դիմեք մանկական գինեկոլոգի, կատարեք փոքր կոնքի գերձայնային հետազոտություն, անհրաժեշտության դեպքում որոշեք հորմոնների մակարդակը արյան շիճուկում:
Իննա
Հարց.Կարո՞ղ է կանդիդոզը դառնալ անպտղության պատճառ:
Պատասխան.Միայն կանդիդոզն ինքնին չի կարող անպտղության պատճառ լինել: Անպտղության պատճառ կարող են լինել մի շարք վարակներ, օրինակ՝ խլամիդիան: Կանդիդոզը կարող է լինել երկրորդային պրոցես, որն առաջանում է այլ վարակների բուժումից հետո: Եթե չեք հղիանում, ապա պետք է մանրակրկիտ հետազոտվեք՝ պատճառը պարզելու համար: