Մինչև որ տարիքն է հարկավոր փոքրիկին վիտամին D տալ. «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Լոռետա

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Լոռետա

Հարց. Բալիկս 1 ամսական է, ծնվել է թթվածնային անբավարարությամբ: Հիվանդանոցից դուրս ենք գրվել, երբ բոլոր հետազոտությունների արդյունքները նորմալ էին: Այժմ երեխայիս դեմքին, վերջին օրերին նաև ձեռքերին, ցան է դուրս տվել: Կերածը, ի դեպ սնվում է կրծքի կաթով, հետ է տալիս: Դեմքին ցանի հետևանքով առաջացել են նաև թեփուկներ: Բժիշկներն ասում են, որ կամ ալերգիա է, կամ դիաթեզ: Հնարավո՞ր է արդյոք լինի կրծքի կաթից, նշեմ, որ հիվանդանոցում գտնված ժամանակ կրծքով չեմ կերակրել:

Պատասխան. Հարգելի Լոռետա, երեխայի տարած թթվածնաքաղցը, կախված նրա ծանրությունից, կարող է իր բացասական ազդեցությունը ունենալ տարբեր օրգան-համակարգերի վրա, այդ թվում նաև ստամոքսաղիքային համակարգի, սակայն դուք նշեցիք, որ երեխան հիվանդանոցից դուրս է գրվել խնդիրը լուծված:

Ալերգիկ ռեակցիան կարող է լինել ոչ միայն մայրական կաթով փոխանցված որոշ ալերգեններից, այլ նաև կոնտակտային, օրինակ` լոգանքի օճառ, խնամքի պարագաներ և այլն: Ինչ վերաբերում է փսխումներին, ապա վաղ հասակի երեխաների հազվադեպ փսխումները համարվում են նորմալ, իսկ եթե դա ավելի հաճախակի է լինում, ապա ես խորհուրդ կտամ Ձեզ դիմել մանկական վիրաբույժի, որպեսզի նախ և առաջ հերքվի վիրաբուժական պատճառը: Ցանավորման բնույթը պարզելու համար շատ կարևոր է տեսնել այն, իսկ շփման այս ֆորմատով դժվար է Ձեզ օգնելը:

Ռուզաննա

Հարց.Փոքրիկս 5 ամսական է, և կղանքի մեջ արյան հետքեր եմ նկատել: Բոլոր հետազոտությունները  նորմալ են եղել, բայց շատ անհանգիստ եմ, ինչի՞ց կարող էր դա լինել:

Պատասխան. Հարգելի Ռուզաննա, կարևոր է իմանալ արյունը ալ կարմիր է, թե մակարդված: Եթե այն կարմիր է, ապա դա կարող է հետանցքի վնասվածքի պատճառ լինել, իսկ եթե այն մակարդված է, ապա դա կարող է լինել աղիքային ինֆեկցիայի արդյունք, որի ժամանակ փոխվում է նրա կղանքի բնույթը: Այն կարող է լինել ոչ դեղին, լորձոտ, կամ սուր հոտով: Այդ դեպքում հարկավոր է կղանքի բակ հանձնել և ստանալ բուժում:

Շողեր

Հարց. Հարգելի բժիշկ, տղաս 7 տարեկան է: Նրան ամեն առավոտ 1 կաթիլ D վիտամին եմ տալիս: Մինչև ե՞րբ կարող եմ տալ:

Պատասխան.Հարգելի Շողեր, առաջ կարծիք կար, որ արևոտ երկրներում D վիտամինի պակաս երեխաների մոտ չի լինում, սակայն այժմ հերքվել է այդ կարծիքը: Խորհուրդ է տրվում փոքրիկներին  D վիտամինի պրոֆիլակտիկ դեղաչափ  տալ միչև 3 տարեկանը՝ ռախիտի կանխման նպատակով:

Գոհար

Հարց. Հարգելի բժիշկ, տղաս 2 տարեկան է և օրվա մեծ մասն անցկացնում է համակարգչի առջև՝ մուլտֆիլմեր դիտելով, խաղեր չի խաղում: Նստեցնում եմ համակարգչից 1 մետր հեռավորության վրա, այնուամենայնիվ անհանգստանում եմ: Այդյո՞ք չի վնասի տեսողությանը կամ առողջությանը:

Պատասխան. Հարգելի Գոհար, նախկին համակարգչային էկրանները ունեին վնասակար ճառագայթում, այժմ LCD էկրաններն  ազատված են այդ վնասակար ճառագայթումից: Սակայն բոլորովին կապ չունի երեխան համակարգչով խաղում է, թե մուլտֆիլմ է դիտում: Նա տևական ժամանակ գտնվելով համակարգչի առջև՝ ուշադիր նայում է էկրանին՝ հազվադեպ թարթելով աչքերը, իսկ դա արդեն վտանգավոր է և կարող է հանգեցնել աչքերի բորբոքման: Բացի այդ, երկարատև նույն հեռավորության վրա գտնվող օբյեկտին նայելը  լավ չի անդրադառնում տեսողության վրա: Երկարատև համակարգչի առջև նստելը հանգեցնում է նաև հենաշարժիչ համակարգի խանգարման: Պետք է երեխայի մոտ խթանել նաև այլ հետաքրքրություններ, օրինակ՝ նկարչություն, բակային խաղեր և այլն:

Հասմիկ

Հարց.Երեխաս 2.5 ամսական է և ունի չափից շատ գազեր: Ամբողջ օրը ցավից լացում է: Սնվում է կրծքի կաթով: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան. Հարգելի Հասմիկ, երեխաների մոտ գազերի խնդիրը սովորաբար տևում է մինչև 4 ամսական: Օգնելու համար կարող եք որովայնը մերսել ժամացույցի սլաքի ուղղությամբ, ոտքերը ծալել դեպի որովայնը, պառկեցնել փորի վրա և դիմել որոշ դեղորայքային միջոցների օգնությանը:

Լիլիթ

Հարց. Հարգելի բժիշկ, երեխաս 1 տարեկան 2 ամսական է: Ոտքի թաթերը դեպի ներս են ուղղված: 10 ամսականում տարել եմ վերականգնողական վարժությունների, սակայն 1 ամսով: Երեխաս դեռ չի քայլում, միայն չոչ է անում: Կարո՞ղ է պատճառը լինել թաթի թեքվածությունը և կարո՞ղ է հետագայում խնդիրների պատճառ դառնալ:

Պատասխան. Հարգելի Լիլիթ, մի անհանգստացեք: Չոչ անող երեխաներն ավելի ուշ են քայլում, սակայն նրանց մոտ հենաշարժիչ համակարգն ավելի ուժեղ է զարգանում: Եթե Ձեր երեխայի մոտ առկա է ծուռթաթություն, դա կարող է որոշ չափով խանգարել քայլին: Ձեզ հարկավոր է դիմել մանկական օրթոպեդի:

Հերմինե

Հարց.Հարգելի բժիշկ, ցիտոմոգալովիրուսի լիակատար բուժման կուրսից հետո հղիացել եմ: Այժմ պարբերաբար հանձնում եմ վիրուսի ակտիվությունը որոշող անալիզներ, նաև արատի անալիզ, որևէ խնդիր չկա: Սակայն կարո՞ղ եմ վստահ լինել, որ բալիկս չի ծնվի ցիտոմեգալովիրուսով վարակված: Հակառակ դեպքում, որքանո՞վ կազդի դա նրա հետագա կյանքի և առողջության վրա: Ի՞նչ կարող եմ անել նրա ծնվելուց հետո, արդյո՞ք նրան ևս բուժում հարկավոր կլինի;

Պատասխան. Հարգելի Հերմինե, ցիտոմեգալովիրուսը`  բարձր տիտրով մեծ հավանականությամբ բերում է ԿՆՀ- ի արատավորման և ծանր վիճակների, սակայն եթե այն բուժվել է, ապա վտանգը նահանջում է:  Այդ հարցում դուք պետք է վստահեք Ձեր մանկաբարձ- գինեկոլոգին: