«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:
Էլեն
Հարց. Փոքրիկս 3 ամսական է և քնելուց առաջ անընդհատ լացում է: Քնել ընդհանրապես չի սիրում: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Պատասխան. Հարգելի Էլեն, այս տարիքում լացը որևէ անհանգստության կամ դիսկոմֆորտի հետ է կապված: Հարկավոր է խորհրդակցել մանկաբույժի հետ:
«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:
Էլեն
Հարց. Փոքրիկս 3 ամսական է և քնելուց առաջ անընդհատ լացում է: Քնել ընդհանրապես չի սիրում: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Պատասխան. Հարգելի Էլեն, այս տարիքում լացը որևէ անհանգստության կամ դիսկոմֆորտի հետ է կապված: Հարկավոր է խորհրդակցել մանկաբույժի հետ:
Եթե պարզվի, որ ամեն ինչ կարգին է, ապա պետք է աշխատել սեփական հոգեվիճակի և ներքին խաղաղության ուղղությամբ: Երեխաները սովորաբար խաղաղվում են, երբ մայրիկները խաղաղ և ինքնավստահ են լինում:
Անահիտ
Հարց. Հարգելի բժիշկ, ինչպե՞ս 3.5 տարեկան տղայիս բացատրեմ որովայնիս մեծանալը: Ճի՞շտ է, արդյոք, նրան ասել, որ քույրիկ է ունենալու: Դա կարո՞ղ է սթրեսի պատճառ դառնալ:
Պատասխան. Երեխային հղիության մասին սուտ տեղեկություններ տալ պետք չէ: Դա կարող է նույնիսկ վնասել նրան, վախ առաջացնել: Երեխային կարող է թվալ, որ մայրիկը հիվանդ է, իսկ երբ մի քանի օրով բացակայեք, նա կկարծի, թե ձեզ հետ ինչ-որ բան է պատահել: Այդ պատճառով երկրորդ բալիկի ծնունդը լավ առիթ է՝ երեխային պատմելու, թե որտեղ են լինում բալիկները նախքան ծնունդը, ինչպես նաև կարելի է առաջին բալիկին պատմել, որ նա ևս եղել է ձեր փորիկում, որ նրան ևս այսպես տաքուկ եք պահել ու մեծացրել: Պատմեք նրան այն մասին, որ երբ ժամանակը գա, բժիշկները կօգնեն, որ բալիկը ծնվի, և դուք իրեն կբերեք տուն: Փորձեք պատասխանել երեխայի հարցերին՝ առանց մանրամասների վրա կանգ առնելու: Պատմեք նրան, թե ինչ եք ակնկալում իրենից, ինչպես պետք է նա իրեն պահի փոքրիկի հետ: Պատմեք նրան նաև իր մանկության և այդ շրջանի մասին: Եթե երեխան ոչինչ չիմանա, այ հենց դրանից սթրես կապրի՝ անորոշությունից ու անտեղյակությունից: Իսկ երբ երեխաները լինում են տեղեկացված, ապա հանկարծակիի չեն գալիս և պատրաստ են լինում փոփոխություններին:
Դիանա
Հարց. Տղաս 6 տարեկան է: Նա ամեն ինչից շատ շուտ հուզվում է: Ծննդյան տոներին և այլ միջոցառումներին առանձնանալով՝ անդադար լացում է: Պե՞տք է, արդյոք, անհանգստանալ, թե ՞տարիքից կարող է լինել;
Պատասխան. Չեմ կարծում, որ դա տարիքային խնդիր է: Եթե տարիքային լիներ, ապա ծննդյան արարողության ժամանակ դուք այդ վարքը առանձնահատուկ չէիք նկատի, այսինքն՝ դա կնկատվեր իր հասակակից այլ երեխաների մոտ ևս: Խորհուրդ եմ տալիս դիմել մանկական հոգեբանի:
Ելենա
Հարց. Երեխաս 10 ամսական է, բայց մինչ օրս շշով ոչինչ չի ուտում, անգամ ծծակ չէր բռնում: Պե՞տք է, արդյոք, պայքարեմ, որ սովորի: Կրծքի կաթով շատ քիչ է սնվում, լրացուցիչ տալիս եմ իմ պատրաստած կերակրատեսակները: Շատ քիչ է քնում, այն էլ երկար օրորելուց հետո:
Պատասխան.Հարգելի Ելենա, այս հարցը պետք է ուղղել մանկաբույժին: Խորհրդակցեք բժիշկի հետ: Սա հոգեբանական երևույթ չէ:
Հեղինե
Հարց. Ամբողջ օրը 1 տարեկան աղջկաս հետ տանը մենակ եմ լինում, խաղում եմ նրա հետ, զբաղվում իրենով: Երեկոյան տատիկի ու պապիկի տուն վերադառնալուց հետո նա ընդհանրապես ինձ մոտ չի գալիս: Ես ահավոր խանդում եմ, չնայած գիտեմ, որ սխալ եմ: Ի՞նչ կարող եմ անել:
Պատասխան. Հարգելի Հեղինե, դուք ինքներդ եք ասում, որ բալիկի հետ ամբողջ օրը մենակ եք: Երեխան հոգնում է անընդհատ մեկ մարդու հետ շփումից, բացի այդ, կարոտում է նաև ընտանիքի մյուս անդամներին: Նա վստահ է, որ դուք որեւէ տեղ չեք փախչի, իսկ տատիկի ու պապիկի հարցում՝ ոչ: Այդ կարճ ժամանակում նա ցանկանում է երկուսի հետ ինտենսիվ շփվել, ինչը շատ նորմալ է: Երեխան գիտի, որ հաջորդ առավոտյան նորից ձեզ հետ է լինելու: Դուք պետք է փորձեք ընդունել, որ ձեր երեխան ձերն է, անկախ նրանից, թե այդ պահին ում գրկում: Բացի դա, վայելեք ազատության պահերը և փորձեք այլ գործով զբաղվել, քանի դեռ երեխային որեւէ մեկը կարող է գրկել: Այս հարցում խանդը խոսում է ձեր ցածր ինքնագնահատականի մասին և կարող է վնասել երեխայի անձի ձևավորմանը, ինչպես նաև ձեր հոգեկան առողջությանն ու ներդաշնակությանը:
Լուսինե
Հարց. Փոքրիկս 2 տարեկան, 1 ամսական է: 6-7 ամսականում ասում էր «պապա», «մամա » բառերը: 11 ամսականում արդեն ասում էր՝ «ջուր եմ ուզում», «արի խաղանք» և այլ բառեր: Այժմ 2 տարեկան է, բայց ավելի քիչ բառեր է ասում, դարձել է շատ նյարդային: Ի՞նչ խորհուրդ կտաք: Նշեմ նաև, որ անգլերեն մուլտֆիլմեր է դիտում, հնարավո՞ր է դա է պատճառը:
Պատասխան.Միանշանակ բացառեք օտարալեզու մուլտֆիլմերը, ավելորդ ինֆորմացիան: Այցելեք մանկական լոգոպեդի, հոգեբանի և հոգեբույժի: Վստահ եմ, որ իմ այս խորհուրդը ձեզ դուր չի գա, սակայն հավատացեք՝ ավելի լավ է այցելել մասնագետի և վստահ լինել, որ ամեն բան կարգին է, քան անտեղյակության մեջ սպասել և կորցնել երեխայի զարգացման համար ամենակարևոր շրջանը: Եթե սկսել եք նկատել երեխայի զարգացման մեջ բացասական տեղաշարժեր, ապա հարկավոր է դիմել մասնագետների:
Սոնա
Հարց. Երեխաս 1 տարեկան, 7 ամսական է: Սկզբնական շրջանում նստում էր գիշերանոթի վրա, իսկ այժմ կամակորություն անելով՝ հրաժարվում է: Ի՞նչ անեմ:
Պատասխան. Երեխայի վարքի փոփոխությունն ինչ-որ իրադարձության կամ ինչ-որ դեպքի հետևանք է: Պետք է փորձեք հիշել, թե ինչ է տեղի ունեցել նախքան երեխայի վարքի փոփոխությունը: Այդպես կիմանաք, թե ինչպես կարելի է նորից սովորեցնել գիշերանոթին:
Թամարա
Հարց. Հարգելի հոգեբան, փոքրիկս 1 տարեկան 3 ամսական է: Նոր մարդկանց տեսնելիս սկսում է լաց լինել, փոքրիկ երեխաներին չի սիում, խաղալիքներով չի խաղում, վերջերս շատ ագրեսիվ է դարձել՝ անտեղի բղավում է, կծում է ինձ կամ իր ձեռքը: Ինչպե՞ս օգնեմ բալիկիս:
Պատասխան. 1 տարեկան երեխան դեռ պատրաստ չէ իրական շփման: Հասակակիցներով հետաքրքրվածությունը դրսևորվում է 2 տարեկանից հետո, որոշ երեխաների մոտ ավելի ուշ: Փորձեք երեխային չպարտադրել շփում կամ որոշակի վարքագիծ: Ընտրեք 1 տարեկանի համար հարմար խաղալիքներ: Տիկնիկները և փափուկ խաղալիները 1 տարեկան երեխայի համար չեն: Փափուկ խաղալիքներ կարելի է տալ երեխային 2 տարեկանից սկսած, իսկ տիկնիկներ՝ 3 տարեկանից: Այս տարիքում երեխային տրամադրեք պարզագույն կառուցողական խաղալիքներ: