«Ինչպե՞ս փոքրիկիս սովորեցնեմ միրգ ուտել». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Լուիզա
Հարց. Բարեւ Ձեզ, փոքրիկս մանկապարտեզում չի ուզում մնալ, առաջին իսկ օրվանից լաց է լինում իմ ետեւից: Ինչպե՞ս վարվեմ:

Պատասխան. Մանկապարտեզին հարմարվելը լուրջ խնդիր է, որին բախվում են գրեթե բոլոր ծնողները: Երեխայի հարմարվելուն պետք է օգնել:

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Լուիզա
Հարց. Բարեւ Ձեզ, փոքրիկս մանկապարտեզում չի ուզում մնալ, առաջին իսկ օրվանից լաց է լինում իմ ետեւից: Ինչպե՞ս վարվեմ:

Պատասխան. Մանկապարտեզին հարմարվելը լուրջ խնդիր է, որին բախվում են գրեթե բոլոր ծնողները: Երեխայի հարմարվելուն պետք է օգնել:

Բայց նախքան դա պետք է պարզել՝ արդյոք երեխան պատրաստ է պարտեզ գնալուն, արդյոք նա կարող է դիմանալ առանց մայրիկի այս շրջանում, կարևոր է ինչպիսի իրավիճակ ու մթնոլորտ է տանը, կարևոր է երեխայի տարիքը, անձնային և զարգացման առանձնահատկությունները և այլն: Առանց այս տեղեկությունների դժվար է ասել, թե ինչպես վարվեք:

 

 

Նունե
Հարց. Իմ բալիկը 4.5 տարեկան է, բութ մատը քնելուց դնում է բերանը: Ինչպե՞ս վերացնել այդ սովորույթը:

Պատասխան. Հարգելի Նունե, դա սովորաբար տագնապի նշան է, որի հետ աշխատում են մասնագետները՝ մանկական հոգեբաններն ու թերապևտները: Դա պարզապես սովորություն չէ: Դիմեք մասնագետի, պարզեք երեխայի տագնապի պատճառը, վերացրեք այդ պատճառը և մատիկը ծծելն այլևս սովորություն չի լինի:

 

Հեղինե

Հարց. Ինչպե՞ս անեմ, որ 2 տարեկան տղաս միրգ ուտի:

Պատասխան. Ցանկացած նոր սննդատեսակի երեխան պիտի հարմարվի: Այստեղ շատ կարևոր է ձեր համբերատարությունն ու ոչ կոպիտ մոտեցումներն ու վերաբերմունքը: Բացի այդ,  կարևոր է երեխայի տարիքը: Եթե երեխան արդեն այնքան մեծ է, որ կարող է պարզապես կամակորություն անել և հրաժարվել, ապա դժվար կլինի: Բայց այն տարիքից, երբ արդեն կարելի է մրգեր փորձել փոքր չափաբաժնով, պետք է սկսել և անընդհատ նոր ձևով ու նոր տեսակներ առաջարկել: Երբեմն երեխան կարող է մերժել նույն միրգը մի 5 անգամ, բայց 6-րդ անգամ հավանել և ուտել: Սննդային վարքագիծ ձևավորելը պահանջում է համբերատարություն, համառություն և բարություն: Երբեք չի կարելի երեխային ստիպել, պարտադրել կամ զայրանալ ինչ- որ բան ուտելու կամ չուտելու համար: Պարզապես պետք է նորից ու նորից առաջարկել՝ պյուրեի տեսքով, քամած, կտրատած, սիրուն մանկական թեմաներով ձևավորված կամ կտրատված: Այսինքն՝ այստեղ ստեղծագործականության բոլոր ձևերն օգտագործելով և համառությամբ պետք է հասնել նրան, որ երեխան ուտի: Բոլոր սննդատեսակները երեխաները կարող են ուտել իրենց տարիքին համապատասխան, պարզապես պետք է ճիշտ ժամանակահատվածում և համբերատարորեն առաջարկելով սովորեցնել դրան:

 

Ջայանա

Հարց. Տղաս 3,5 տարեկան է: Չի խոսում, չի կրկնում, ինչ-որ տարօրինակ անհասկանալի լեզվով է խոսում, շատ ակտիվ է, անընդհատ ցատկում է, նյարդային է, սիրում է թուղթ ուտել: 1 ամիս հոգեբանի մոտ եմ տարել, աուտիզմ է ախտորոշվել: Ամեն այցից հետո երեխաս ավելի էր վատանում, նյարդայնանում: Դադարեցրել եմ հոգեբանի մոտ այցելությունը, խնդրում եմ՝ օգնեք կողմնորոշվել:

Պատասխան. Հարգելի Ջայանա, մենք չենք կարող ախտորոշումներ դնել համացանցով և կես պարբերություն ինֆորմացիայի հիման վրա: Բացի այդ, աուտիզմ ախտորոշումը կարող է դնել միայն մանկական հոգեբույժը: Սակայն, զարգացման և մանկական տարիքի նմանատիպ խնդիրները պետք է ախտորոշել միայն բավական երկարատև հետազոտության արդյունքում: Ես այս պահին խորհուրդ չէի տա կանգնել ախտորոշման վրա և այդ հարցը քննարկել: Ավելի հրատապ է զբաղվել երեխայի զարգացման խնդիրներով, որոնք գնալով կարող են խորանալ: Գտեք ձեզ համար վստահելի մասնագետների՝ մանկական հոգեբույժ, մանկական հոգեբան, հատուկ հոգեբան, հատուկ մանկավարժ, լոգոպեդ: Նրանց մոտ անցեք մանրակրկիտ հետազոտություն, ապա սկսեք շտկողական աշխատանքները այն մասնագետների հետ, ում կվստահեք: Մասնագետի մոտից տուն դառնալուց հետո երեխայի վարքի ցանկացած փոփոխություն պետք է քննարկել մասնագետի հետ, պետք չէ հապճեպ որոշումներ կայացնել, քննարկեք մասնագետների հետ և պահանջեք, որ նրանք բացատրեն ձեզ իրենց քայլերն ու մոտեցումները և ձեզ համար հասկանալի մեթոդների և մոտեցումների ընտրություն կատարեք: Արդյունքում ավելի գոհ կմնաք: