«Փոքրիկիս փորիկը դժվարությամբ է դուրս գալիս. ի՞նչ խորհուրդ կտաք». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Անուն: Աննա

Հարց: Տղաս արդեն 5 և կես տարեկան է: Ամեն տարի ես կղանքի անալիզ եմ հանձնել,  պատասխանը մաքուր է  ցույց տվել:

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Անուն: Աննա

Հարց: Տղաս արդեն 5 և կես տարեկան է: Ամեն տարի ես կղանքի անալիզ եմ հանձնել,  պատասխանը մաքուր է  ցույց տվել:

Գրեթե մեկ տարի է` նրա մոտ նկատում եմ, որ ատամներն է կրճտացնում, բերանի կողքից ջուր է գալիս, դեմքին՝ լաքաներ, ագրեսիվ պահվածք: Ես տվեցի նրան Դեկարիս՝ մեկ անգամվա հաբ: Անալիզը պարզեց, որ հայտնաբերվել է ասկարիդի ձվիկներ: Տվեցի 2-րդ ու 3-րդ հաբը՝ 10 օր ընդմիջումով: Դա հունիս ամսին էր:  Ես նույնպես խմեցի,  ինձ  մոտ էլ կար: Ես կերակրող մայր եմ, փոքրիկս 9 ամսական է:  Հուլիս ամսին խմեցինք 2 հատ Զեստավալ՝ 10 օր ընդմիջումով: Անալիզը ցույց տվեց սրատուտ: Օգոստոսին մեկ անգամ խմեցինք Զենտել՝ մանկաբույժի ցուցումով: Նորից չի մաքրվել: Խնդրում եմ, օգնեք: Ի՞նչ անեմ:

 

Պատասխան։ Բարև ձեզ, հարգելի Աննա, ցավոք սրտի լինում են դեպքեր, երբ հիվանդությունը բավականին դժվար է ենթարկվում բուժման և երբեմն հարկ է լինում հակահելմինթային դեղորայքից բացի, դիմել այլ միջոցների։ Ես ձեզ խորհուրդ կտամ դիմել մանկական գաստրոէնտերոլոգի, քանի որ խնդիրը պրոֆիլային է և, իհարկե, հետևեք երեխայի անձնական հիգիենային, քանի որ ինֆեկցումը տեղի է ունենում ոչ թե հիվանդ մարդուց, այլ աղտոտված իրերից և հողից։

 

Անուն: Տաթևիկ

Հարց: Բարև Ձեզ, երեխաս արդեն 4,5 ամսական է և այս վերջերս խախտվել է աղիների նորմալ գործընթացը, այսինքն՝ երեխան կեղտոտում է 3-4 օրը մեկ՝ այն էլ մոմիկի կամ չոփիկի օգնությամբ: Ի՞նչ կարելի է անել: Երեխան փորիկի ցավից լացում և անհանգիստ է լինում, բայց ինքնուրույն չի կարողանում անել: Կխնդրեի ուղղություն ցույց տալ: Կանխավ շնորհակալություն.

Պատասխան։ Բարև ձեզ, հարգելի Տաթևիկ: Նախևառաջ պետք է հրաժարվել մոմիկի և չոփիկի ռուտին օգտագործումից, քանի որ դա, ի վերջո, կբերի նրան, որ երեխան առանց կողմնակի օժանդակության չի կեղտոտի։ Պետք է հասկանալ փորկապության պատճառը և լուծել այն։ Ես դժվարանում եմ ձեզ կոնկրետ պատասխան տալ և օգնել, քանի որ բավարար ինֆորմացիա չունեմ։ Երեխայի ռացիոնում ավելացրեք միրգ և բանջարեղեն՝ սև սալոր, բանան, դդում և այլն, շատացրեք հեղուկները։ Եթե վիճակը չի փոխվի կամ կբարդանա, դիմեք մանկաբուժի։

 

Անուն: Անահիտ

Հարց: Երեխաս 2 ամսական է և ունի սուր փորացավ. ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան։ Բարև ձեզ, հարգելի Անահիտ: Եթե 2 ամսական երեխայի մոտ կեղտի որակական կամ քանակական փոփոխություն չկա, ապա փորացավի հավանական պատճառներից մեկը կարող է լինել աղիքային կոլիկները։ Կարող եք երեխային տալ գազերի դեմ նախատեսված պրեպարատներ, մերսել փորիկը ժամ-սլաքի ուղղությամբ, երբ փորիկը կցավի, ոտքերը ծալել դեպի որովայնը, որպեսզի գազերը հեշտ դուրս գան։ Այս խնդիրը հիմնականում 3-4 ամսականից հետո վերանում է։

 

Անուն: Անժելա

Հարց: Բարև Ձեզ:  Իմ Բալիկը 6.5 ամսական է, լնդերը քոր են գալիս, բայց դեռ ատամ չի հանել: Արդեն 5-6 օր է՝ երեխայիս ջերմությունն անկայուն է: Բարձրանում է մինչև 39 և իջնում ` 35.5: Բժիշկը կոկորդում մի քիչ կարմրածություն նկատեց, ջերմիջեցնող նշանակեց՝ Իբուֆեն, ամենաթույլ դեղաչափով: Դեղն օգտագործեցի, ջերմությունը նորմայից իջնում է, հետո էլի է բարձրանում: Վտանգավո՞ր է, արդյոք, այս վիճակը եւ ինչի՞ց է  ջերմում: Խնդրում եմ, խորհուրդ տվեք` ինչ անեմ: Նախապես շնորհակալություն:

Պատասխան։ Բարև ձեզ, հարգելի Անժելա: Ատամների ծկլթումից կարող է առաջանալ ջերմության տատանումներ։ Ատամների ցավն ու քորը կարող եք մեղմացնել տարբեր տեսակի գելերով և քսուքներով, որոնք նախատեսված են այդ ժամանակաշրջանի համար։ Ցանկալի է վերցնել առանց բենզոկայինի միջոցները։ Ջերմությունն իջեցրեք ձեզ հայտնի ցանկացած միջոցով։ Նորմայից ցածր ջերմությունն  ավելի է ուշադրության արժանի, հատկապես եթե կրում է պարբերական բնույթ: Ավելին ասել չեմ կարող, քանի որ չունեմ բավարար ինֆորմացիա։

 

Անուն: Անուշ

Հարց: Երեխաս 11 ամսական է: Ամբողջ գիշեր ծծակի նման չի թողնում կուրծքս: Ի՞նչ խորհուրդ կտաք: Նախապես շնորհակալություն

Պատասխան։ Բարև ձեզ, հարգելի Անուշ: 11 ամսականում երեխային կարելի է աստիճանաբար հետ վարժեցնել կրծքից։ Կրծքի փոխարեն առաջարկեք հյութեր, կոմպոտներ, բայց կտրականապես մի զրկեք կրծքից, արեք դա աստիճանաբար։

 

Անուն: Անուշ

Հարց: Բալիկս 3 ամսական է, կղանքը մշտապես կանաչ է լինում: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան։ Բարև ձեզ, հարգելի Անուշ: 3 ամսական երեխայի կղանքը պետք է լինի դեղին և միատարր, իսկ նրա որակական փոփոխությունը պետք է ձեզ զգուշացնի աղիներում խնդրի մասին։ Խորհուրդ կտամ դիմել մանկական գաստրոէնտերոլոգի։

 

Անուն: Զարուհի

Հարց: Բարև ձեզ, ես ուզում եմ ճշտել՝ որ ամսից կարելի է փոքրիկին դնել կենգուրուի մեջ: Կանխավ շհնորհակալություն:

Պատասխան։ Բարև ձեզ, հարգելի Զարուհի: Կոնկրետ ժամկետ չկա։ Օգտագործեք կենգուրուն, երբ որ երեխան կկարողանա իր գլուխը լավ պահել, քանի որ կենգուրուի մեջ դուք նրա գլուխը չեք պահելու։

 

Անուն: Դիաննա

Հարց: Բարև Ձեզ: Փոքրիկս 8 ամսական է: Շատ է քրտնում: Խնդրում եմ, ասեք՝ ինչ կարելի է անել: Շնորհակալություն

Պատասխան։ Բարև ձեզ, հարգելի Դիանա: Եթե դուք ձեր երեխային վիտամին Դ չեք տալիս, ապա խորհուրդ կտամ սկսել այն, քանի որ շատ քրտնարտադրությունը կարող է լինել ռախիտի նախանշան։ Շատ քրտնարտադրության կարող է հանգել նաև չափից շատ կամ սխալ ընտրված հագուստը, երեխայի շատ ակտիվ լինելը, ինչպես նաև էնդոկրին համակարգի անլիարժեքությունը, որն այդ տարիքին բնորոշ է։


Անուն: Սոնա

Հարց: Հարգելի բժիշկ, երեխաս 6 ամսական է, մեկ ամիս առաջ և վերջերս նորից կրծքով կերակրման ընթացքում ամբողջ մարմնով թեթև ցնցվեց, ուտելիս նա քնած եր: Խնդրում եմ ասեք՝ ինչի հետ կարող է կապված լինել: Շնորհակալություն

Պատասխան։ Բարև ձեզ, հարգելի Սոնա: Եթե ձեր երեխան ծնվել է առողջ և առանց խնդիրների, ապա լուրջ մտահոգության կարիք չկա։ Ժամանակ առ ժամանակ քնած վիճակից վեր թռնելը կրծքի հասակի երեխայի համար չի համարվում պաթոլոգիա։


Անուն: Հասմիկ

Հարց: Բարև ձեզ, տղաս արդեն երկու ամսական է դեղնություն ունի: Մանկաբույժը Խոֆիտոլ է նշանակել, բայց չի անցել: Ի՞նչ անել: Կցանկանայի իմանալ՝ արդյոք ծնվելիս ստուգում են բիլիռուբինը. երեխաս Ձեր հիվանդանոցում է ծնվել:

Պատասխան։ Բարև ձեզ, հարգելի Հասմիկ: Գոյություն ունի, այսպես կոչված, «ֆիզիոլոգիական դեղնուկ», որն առաջանում է կյանքի 3-րդ օրվանից սկսած: Եթե դեղնությունն առաջանում է ավելի շուտ, դա արժանի է ուշադրության, քանի որ այդ դեղնությունը համարվում է պաթոլոգիկ։ Երեխայի ադեկվատ կերակրման ֆոնին «ֆիզիոլոգիական դեղնությունն» անցնում է 2-3 շաբաթվա ընթացքում, իսկ որոշ դեպքերում (անբավարար կերակրում, լյարդի և/կամ լեղուղիների պաթոլոգիա) դեղնությունը կարող է ձգձգվել, և դա նույնպես ուշադրության արժանի է։ Գոյություն ունի նաև, այսպես կոչված, կրծքի կաթի դեղնություն, որն ունի բարենպաստ ընթացք, և բավական է՝ ընդամենը 1-2 օր կրծքի կաթ չտալ, եւ դեղնությունը զգալի կնվազի:

 

Անուն: Աննա

Հարց: Բարեւ ձեզ: Փոքրիկիս ծնվելուց մեկ ամիս հետո գլխի ձախ անկյունում նկատեցի փոքրիկ գնդիկ: Բժշկին հարցրի, ասաց՝ եթե շարժում է, վտանգ չկա: Խնդրում եմ, ասեք՝ ինչ եք մտածում դուք:

Պատասխան։ Բարև ձեզ, հարգելի Աննա, ոչնչով չեմ կարող օգնել, քանի որ չեմ տեսել դա։ Դիմեք մանկական վիրաբուժի և գործեք նրա որոշմամբ։