«Ինչպե՞ս հաշվեմ իմ բարձր պտղաբերության օրերը». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Տողրամաջյանը:

Շողեր

Հարց: Բարև Ձեզ, հղիության թեստը ցույց տվեց դրական, ինչը ինձ շատ ուրախացրեց, բայց անհանգստանում եմ փոքր կոնքի ձախ կողմում առկա ճառագայթող ցավերի համար, հատկապես դրանք շատ ցավագին են, երբ խորը ներշնչում եմ: Ասացեք խնդրեմ, ինչո՞վ կարող է  այն պայմանավորված լինել, և արդյո՞ք կարող եմ հանգստացնող հաբեր ընդունել: Կանխավ շնորհակալ եմ:

«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Տողրամաջյանը:

Շողեր

Հարց: Բարև Ձեզ, հղիության թեստը ցույց տվեց դրական, ինչը ինձ շատ ուրախացրեց, բայց անհանգստանում եմ փոքր կոնքի ձախ կողմում առկա ճառագայթող ցավերի համար, հատկապես դրանք շատ ցավագին են, երբ խորը ներշնչում եմ: Ասացեք խնդրեմ, ինչո՞վ կարող է  այն պայմանավորված լինել, և արդյո՞ք կարող եմ հանգստացնող հաբեր ընդունել: Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան: Հարգելի Շողեր, ցանկալի է անցնել ՈՒՁՀ, տեսնել  արդյոք հղիությունը զարգանում է արգանդի խոռոչում և հասկանալ ցավերի պատճառը:

Մերի

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժշկուհի,արդեն մեկ շաբաթ է մոտս տարօրինակ զգացողություններ են ի հայտ գալիս,չգիտեմ,  հնարավո՞ր է հղիություն, թե՞ ոչ:  Առավոտյան արթնանալիս սիրտս թույլ խառնում է, օրվա ընթացքում էլ գլուխս հաճախակի ցավում է: Փորիս մեջ էլ տարօրինակ բաներ եմ զգում, ներսում տարօրինակ, անբացատրելի զգացողություն է:   7 օր է անցել,  ինչ զբաղվել եմ հարաբերությամբ, դաշտանի ավարտից անմիջապես հետո: Բժիշկ ջան, եթե ես թեստ դնեմ հիմա, ցույց կտա՞ հղիությունը:   Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Հարգելի Մերի, հղիություն նորմայում զարգանում է ձվազատման օրերին, այսինքն` 28 օր դաշտանային ցիկլ ունեցող կանանց մոտ 11-16րդ օրերին: Շատ կարևոր է իմանալ, թե երբ է սկսել Ձեր դաշտանը: Հղիության թեստերն  արդյունավետ  են դաշտանի ուշացումից հետո:

Մարինե

Հարց: Հարգելի բժիշկ,  ես 23 տարեկան եմ: Արդեն երկու տարի է փորձում ենք երեխա ունենալ,  ես և ամուսինս բուժվել ենք վիրուսների դեմ (ցերվիցիտ ու միկոպլազմա), բուժումից մեկ ամիս անց կրկին հանձնել ենք անալիզներ, ու երկուսիս մոտ ամեն ինչ նորմալ է եղել: Հաջորդ ամիս հղիացել եմ: Սակայն 11 շաբաթականում վիժում է տեղի ունեցել: Դրանից հետո 5 ամիս պաշտպանվել ենք: Արդեն 6 ամիս է չեմ հղիանում:  Հանձնել ենք անալիզներ, ամուսնուս մոտ ամեն ինչ նորմալ է: Ինձ մոտ կա հորմոնալ խանգարում՝ պրոլակտին 38.69 (նորման՝ 5.19-29.53), տեստոստերոն ընդհանուր 0.77 (0.11-0.57), մնացած հորմոնները նորմայում են: Գինեկոլոգը նշանակել է Դոստինեկս 8 հաբ (1 հաբը շաբաթում 2 անգամ) ու Դյուֆաստոն (10 օր): Խնդրում եմ ասել, հարգելի բժիշկ, արդյո՞ք պրոլակտինի իջեցման դեպքում տեստոստերոն հորմոնը կկարգավորվի:  Էլ ի՞նչ անալիզներ է պետք հանձնել: Նշեմ, որ ապրում ենք արտերկրում, և Ձեր մանրամասն պատասխանն  ինձ շատ կօգնի: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Հարգելի Մարինե, անհրաժեշտ է իջեցնել նաև տեստոստերոնի մակարդակը և հասկանալ նաև մյուս անդրոգենների ցուցանիշները Ձեզ մոտ: Իհարկե,  բարձր պրոլակտինը կարող է լինել չզարգացող հղիության, վիժման և անպտղության պատճառ, բայց անհրաժեշտ է մնացած պատճառները ևս հերքել: Վիժումից հետո կատարվե՞լ է արդյոք արգանդի խոռոչի քերում, թե՞ ոչ, կա՞ արգանդի խոռոչում նոր հղիության առաջանալուն  խանգարող հանգամանք, ինչպիսին է  պոլիպը  կամ էնդոմետրիումի պոլիպոզը, ունե՞ք արդյոք թրոմֆոֆիլիկ մուտացիաներ , թե՞ ոչ: Խնդրում եմ պատասխանել տրված հարցերին ավելի մանրամասն, որպեսզի պատկերացումը  Ձեր խնդրի վերաբերյալ լիարժեք լինի:

Քրիստինա

Հարց: Մոտ 7-8 ամիս է ամուսնացած եմ: Սկզբնական շրջանում մենք պաշտպանվում էինք պահպանակով, հետագայում սկսեցինք պաշտպանվել ընդհատված ակտով, որից հետո ինձ մոտ նկատվեց արտադրություն սուր հոտով, կար նաև քոր: Օգտագործեցի Ֆլուկոնազոլ, անցավ,  բայց մեկ ամիս անց ինձ մոտ արտադրությունը շատացավ, ու արդեն երեք ամիս ունեմ ցիկլային խանգարում: Ի՞նչ անեմ, ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան: Հարգելի Քրիստինե, հանձնեք միզասեռական քսուք, գուցե և անհրաժեշտություն լինի մի քանի սեռավարակների քննություն: Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ բակտերիա կամ ինչ վիրուս է առաջացրել Ձեզ  մոտ նշված տհաճ երևույթները: Պատճառը պարզելուց հետո կնշանակվի համապատասխան բուժում:

Կարինե

Հարց: Հարգելի բժիշկ,ամուսնացած ենք արդեն 1 տարի 3 ամիս, բայց չեմ հղիանում: Երկուսս էլ հետազոտվել ենք,  ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա: Հնարավո՞ր է խնդիր չլինի ու այսքան ուշանա: Խնդրում եմ ասեք`ի՞նչ կարելի է անել, կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան: Հարգելի Կարինե, անպտղություն, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, համարվում է 2 տարի կանոնավոր անպաշտպան սեռական կյանքով ապրելու ընթացքում հղիության բացակայությունը: Այնպես որ դեռևս կարող եք սպասել: Իսկ եթե Ձեզ անհանգստացնում է այդ հարցը, ապա կարող եք սկսել ֆոլիկուլոմետրիայից, որպեսզի հասկանաք, որ օրերին է Ձեզ մոտ դիտվում ձվազատում: Ձվազատման օրերին հարաբերություն ունենալը նպաստում է հղիություն ունենալու հավանականության մեծացմանը: Կխնդրեի Ձեր և Ձեր ամուսնու բոլոր հետազոտություններն  ուղղարկել ինձ` ավելի սպառիչ պատասխան տալու համար:

Լիլիթ

Հարց: Բարև Ձեզ: Ես ամուսնացած եմ,  22 տարեկան եմ,  ունեմ 28-օրյա դաշտանային ցիկլ, սակայն այս ամիս ցիկլի տևողությունը 36 օր է եղել: Խնդրում եմ ասել նորմա՞լ է դա, և ինչպե՞ս հաշվեմ իմ բարձր պտղաբերության օրերը:

Պատասխան: Հարգելի Լիլիթ, եթե տվյալ տատանումը եղել է միայն մեկ ամիս, ապա դա անհանգստանալու առիթ չէ: Իսկ եթե դա դիտվում է բավականին երկար ժամանակ, ապա կարելի է ստուգել հորմոնալ համակարգը:  Նորմայում 28- օրյա դաշտանային ցիկլի պարագայում օվուլյացիան  դիտվում է ցիկլի մեջտեղի օրերում, մոտ 12-16-րդ օրերին: Ձեր դեպքում բարձր պտղաբերության օրեր պայմանականորեն կարելի է համալրել 16-20-րդ օրերը: Իսկ ավելի հստակ իմանալու համար խորհուրդ կտայի կատարել ֆոլիկուլոմետրիա: