«Ամուսնուս հիվանդագին խանդում եմ, ինչպե՞ս հաղթահարեմ». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Անուն: Գայանե
Հարց: Բարև Ձեզ, տղաս 7 տարեկան է: Խաղալիս խոսում է  ինքն իր հետ, խաղալիքների հետ, նույնիսկ դրսում: Պե՞տք է դիմել բժշկի:

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Անուն: Գայանե
Հարց: Բարև Ձեզ, տղաս 7 տարեկան է: Խաղալիս խոսում է  ինքն իր հետ, խաղալիքների հետ, նույնիսկ դրսում: Պե՞տք է դիմել բժշկի:

 

Պատասխան: Շատ հնարավոր է,  որ որևէ խնդիր չկա: Այդ տարիքի երեխաները հաճախ երևակայական ընկերներ են ունենում, ում հետ խաղում են, զրուցում, վիճում անգամ: Որոշակի պայմաններում և տարիքային փուլերում դա նորմալ է: Ապահովության համար կարող եք դիմել մանկական հոգեբանի:

 

Անուն: Նառա
Հարց: Հարգելի հոգեբան, ես ունեմ 2 տարեկան աղջիկ: Աղջիկս շատ ուշ է քնում. վախեր ունի մուգ գույներից,  վախենում է ստվերներից, շատ մարդկանց շրջապատից: Մի քանի ամիս առաջ նման բան չկար, մինչև մի ամիս առաջ հիվանդանոցում պառկելը. այդ պահից ամեն ինչ սրվեց. երևի այնտեղ վախեցավ: Չգիտեմ՝ ինչ անել: Միգուցե դրանք մանկական վախեր են: Խնդրում եմ, մի խորհուրդ տվեք: Նաև ավելացնեմ, որ շատ ընդունակ և խելացի է, ամեն ինչ շուտ ըմբռնում է: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան: Հիվանդանոցում կամ որոշակի սթրեսային շրջաններում երեխայի մոտ կարող են ավելանալ վախերը կամ երեխան դառնա ընդհանուր առմամբ տագնապային: Պետք է սպասել մինչև հետ սթրեսային շրջանն անցնի: Եվս մի քանի ամիս սպասեք, երեխային ապահովություն և ամրության, վստահության զգացում տվեք, օգնեք հասկանալ, որ ամեն բան իր շուրջը կայուն է և ապահով: Եթե այդ ընթացքում վախերը չթուլանան, դիմեք մանկական հոգեբանի և մի վախեցեք վախերից, դրանք շատ հեշտ են հաղթահարվում:

 

Անուն: Անուշ
Հարց: Բարև Ձեզ, իմ աղջիկը 3 տարեկան է և խոսում է: Պարզապես վերջերս նկատել եմ, որ ամեն բառից առաջ, կարծեք թե, կակազում է, մանավանդ երբ իրեն լսում են կամ մի բառը մի քանի անգամ է ասում: Ճիշտ է, ես նրան ուղղում եմ, ասում եմ, որ հանգիստ խոսի, բայց միևնույն է, նա լարվում է և նորից կակազելով խոսում: Անգամ վերջերս   հրաժարվեց արտասանելուց` բացատրելով, թե չի կարողանում խոսել: Հնարավո՞ր է, որ անցնի տարիքի հետ, թե՞ հարկավոր է դիմել մասնագետի:

Պատասխան

Կակազելու դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի՝ հոգեբան, լոգոպեդ: Կակազությունը բավական լուրջ խնդիր է և՜ խոսքային տեսանկյունից, և՜ հոգեբանական: Դրա շտկումը բավական բարդ գործընթաց է և հաճախ ունի կրկնվելու հակում: Այստեղ շատ կարևոր է նաև ընտանեկան մթնոլորտը: Երեխան լարվածություն է զգում, որը չի կարողանում որևէ կերպ արտահայտել, դրա պատճառով այդ լարվածությունը դուրս է գալիս նման միջոցներով: Պետք է հնարավորինս մեղմ ու հանգիստ մթնոլորտ ապահովել տանը: Սակայն մասնագիտական խորհրդատվությունն առավել գրագետ կլինի այս դեպքում: Խորհրդատվությունն անհրաժեշտ է ստանալ ամբողջ ընտանիքով՝ բոլոր նրանք, ովքեր ապրում են երեխայի հետ:

 

Անուն:Վանուշ
Հարց: Բարև Ձեզ: Խնդրում եմ, եթե կարող եք օգնեք: Ես չափից դուրս խանդում եմ ամուսնուս: Արդեն հիվանդագին է դարձել, նույնիսկ պատրաստ եմ մեռնել, միայն չտեսնեմ, թե ինչպես է զանգեր և նամակներ գալիս նրան: Ես ամուսնուս ասում եմ այդ մասին, բայց նա երդվում է երեխաներով, որ իր կյանքում ոչ ոք չկա: Նա լավ է  վերաբերում ինձ, ուզում է, որ   բոլորից լավ հագնվեմ, որ բոլորից լավը լինեմ: Նա աշխատում է  Մոսկվայում և մինչ մեր համատեղ կյանքն այնտեղ կապ է ունեցել ռուս աղջկա հետ. ինքն է ինձ պատմել: Ես վախենում եմ,  որ նորից կհանդիպեն ու նորից միասին կլինեն: Ես անկարող եմ, չեմ կարող ապրել էսպես, ամեն պահի խանդն է մտքումս: Աղաչում եմ, օգնեք, հարգելի հոգեբան:

 

Պատասխան: Հարգելի Վանուշ, խանդը սեփականատիրական զգացում է, որն ավելի շատ սրվում է ցածր ինքնագնահատականից և կորցնելու վախից: Այստեղ ավելի շատ պետք է աշխատեք ձեր անձի նկատմամբ, ձեր վերաբերմունքի շուրջ, քան ձեր ամուսնու նկատմամբ: Եթե նույնիսկ նա հանդիպի կամ հաղորդագրություն ստանա, աշխարհը փուլ չի գա դրանից, չնայած որ ձեզ այս պահին այդպես չի թվում կամ թվում է, որ աշխարհը փուլ կգա իսկապես: Այնուամենայնիվ, ինքնավստահ մարդիկ ավելի քիչ են խանդում: Պետք է աշխատել սեփական ինքնագնահատականի վրա: Փորձեք ինքներդ էլ դուրս գալ ու շփվել մարդկանց հետ, մի կառչեք միայն մեկ մարդուց և նրա վերաբերմունքից, անգամ եթե այդ մեկն ամուսինն է: Պետք է լիարժեք դարձնել կայնքը՝ շփումները, հարաբերությունները, ընկերներին, աշխատանքը և այլն: Սրանք օգնում են, որ կյանքի բոլոր ոլորտներում համապատասխան մոտեցում ունենաք: