ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի
համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը
պատասխանել է «Իմ փոքրիկ»-ին ուղղված հարցերի հերթական խմբաքանակին:
Անուն: Շուշան
Տարիք: 22
Հարց: Բարև Ձեզ: Արդեն երկու ամիս է, ինչ ամուսնացել եմ, հղի եմ և ապրում եմ սեռական կյանքով, սակայն ոչ մի հաճույք չեմ զգում: Ո՞րն է պատճառը:
Պատասխան: Հաճախ կանանց մոտ օրգազմ զգալու հմտությունն արթնանում է ծննդաբերությունից հետո, և դա ֆիզիոլոգիական երևույթ է, ուստի պետք չէ անհանգստանալ: Եթե հետո չլուծվի խնդիրը, կարող եք դիմել սեքսապաթոլոգիական բուժման:
Անուն: Գայանե
Հարց: Բարև Ձեզ, ես մի հարց ունեմ, խնդրում եմ պատասխանեք: Ես և ընկերս զբաղվել ենք պետինգով, ես մերկ չեմ եղել, սերմնահեղուկը թափել է տաբատիս, խնդրում եմ, ասեք՝ հնարավո՞ր է հղիություն:
Պատասխան: Այս պարագայում հղիանալու հավանականությունը գրեթե հավասար է զրոյի, քանի որ սերմնահեղուկի և հեշտոցի ուղղակի շփում չի եղել:
Անուն:Ամալյա
Հարց: Հարգելի բժիշկ, հնարավո՞ր է սեքսից հետո երկրորդ օրը թեստի միջոցով իմանալ՝ հղի եմ, թե ոչ: Եթե ոչ, ապա կա՞ն ուրիշ տարբերակներ շուտ իմանալու համար: Կներեք, հարցս երկարացնելու համար, ուղղակի արդեն 16 օր է` ամեն օր ես ու ամուսինս սեքսով ենք զբաղվում: Հաջորդ օրը, ամուսնուս հրամանով, թեստով ստուգում եմ: Ես էլ, ամուսինս էլ օրեցօր հիասթափվում ենք: Ի՞նչ խորհուրդ կտաք, խնդրում եմ մանրամասն բացատրեք: Նախապես շնորհակալություն:
Պատասխան: Հղիության հավաստի նշանները կարող են ի հայտ գալ միայն հերթական դաշտանը չտեսնելուց սկսած, ուստի հենց այդ ժամանակ թեստն առավել հավաստի ցույց կտա հղիության փաստը, որից հետո այն պետք է հաստատել սոնոգրաֆիկ մեթոդով:
Անուն: Արմինե
Հարց: Բարև Ձեզ: Ես 14 տարեկան եմ, դաշտանային ցիկլս անկանոն է: Այնպես է ստացվում, որ 1 ամիս հիվանդանում եմ, հաջորդը` ոչ կամ 2 ամիս հիվանդանում եմ, մյուսը` ոչ: Ինձ շատ հետաքրքիր է՝ դա կկարգավորվի՞ ինքնուրույն, թե՞ հետագայում խնդիրներ կառաջանան կամ դա կխոչընդոտի՞ հղիությանը հետագայում: Ի՞նչ խորհուրդ կտաք: Նախապես շնորհակալություն պատասխանի և խորհրդի համար:
Պատասխան: Կարծում եմ` մենստրուալ գործընթացը կկարգավորվի, սակայն առավել ամբողջական պատկերացում կազմելու համար անհրաժեշտ կլինի անցնել որոշ հետազոտություններ, նաև խորհրդակցեք գինեկոլոգի հետ:
Անուն: Անի
Հարց: Ես 17 տարեկան եմ, ուզում եմ ընկերոջս հետ սեռական հարաբերություն ունենալ: Ինձ կարելի՞ է: Բայց չեմ ուզում հղիանալ: Ի՞նչ անեմ, որ չհղիանամ:
Պատասխան: Կարծում եմ, որ դա պետք է որոշեք դուք: Սակայն նաև պետք է սեռական կյանքը հիմնված լինի հասուն սիրո և փոխըմբռնման վրա, ուստի և պետք է որոշակի ժամանակ՝ այդ ամենում համոզվելու համար:
Անուն: Կարեն
Հարց: Հարգելի բժիշկ, շագանակագեղձի թեթև բորբոքումը կարող է երեխա չունենալու պատճառ դառնալ: Նախապես շնորհակալություն:
Պատասխան: Պետք է նշել, որ պրոստատիտը, որպես այդպիսին, կարող է որոշակի բացասական նշանակություն ունենալ սերմնահեղուկի որակական հատկանիշների վրա, քանի որ շագանակագեղձի հյութը, միախառնվելով սերմնահեղուկին, ապահովում է սերմնաբջիջների շարժունակությունը:
Անուն: էլեն
Հարց: Ես 1 ամիս է, ինչ ամուսնացած եմ, ամուսնուս մոտ սեռական ակտի ժամանակ նկատում եմ էրեկցիայի թուլացում: Ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ: Մինչ ամուսնանալը նույնպես ապրել ենք սեռական կյանքով, նման խնդիր չի եղել: Արդյո՞ք անհանգստանալու առիթ կա:
Պատասխան: Իհարկե, այս իրավիճակը պետք է դիտարկել որպես էրեկտիլ ֆունկցիայի խանգարում, ուստի և անհրաժեշտ է ուսումնասիրել և հետազոտել, որպեսզի պարզենք դրա առաջացման մեխանիզմները:
Անուն: Գոհարիկ
Հարց: Բարև Ձեզ: Արդեն 1 տարի է՝ ամուսնացած եմ, իրար ճանաչում ենք 3.5-4 տարի, բայց հարաբերություն ունեցել ենք ամուսնանալուց հետո: Որպես զույգ՝ լավ հասկանում ենք իրար, բայց հարաբերություն չենք կարողանում ազատ ունենալ, անընդհատ ինչ-որ խանգարող բան կա: Ես չեմ կարող ասել, որ իրար հետ հարաբերություն ունենալն ուղղակի պարտականություն է դարձել ինձ համար, ես հաճույք ստանում եմ, բայց միայն համբույրներից ու փաղաքշանքներից: Ի՞նչ անեմ, խնդրում եմ, մի խորհուրդ տվեք:
Պատասխան: Այս իրավիճակում նկատելի է զույգի սեքսուալ դիսհարմոնիա, որը կարող է պայմանավորված լինել մի շարք գործոններով: Միանշանակ այդպիսի սեռական կյանքը կարող է հանգեցնել որոշակի ամուսնական խնդիրների, ուստի անհրաժեշտ է սեքսոլոգիական մասնագիտական ուսումնասիրություն՝ պարզելու մի շարք գործոնների ազդեցությունը սեքսուալ դիսհարմոնիայի ձևավորման վրա: