«Եղբոր ծնվելուց հետո աղջիկս կամակոր է դարձել. ինչպե՞ս վարվեմ». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

 

Անուն: Քնքուշ
Հարց: Բարև Ձեզ: Բալիկս 4 տարեկան է, շատ նյարդային և դյուրագրգիռ է: Բոլորին իր կամքն է թելադրում, շպրտում է ձեռքին եղած խաղալիքը, վատ է սնվում, գիշերը լացով արթնանում է: Խնդրում եմ, օգնեք.  ինչպե
՞ս լուծել խնդիրը:

Պատասխան: Երբ խնդիրը դրսևորվում է մի քանի ոլորտում, ինչպես դուք նկարագրում եք՝ վարքում, հուզական ոլորտում, և նկատում եք, որ խախտվել է երեխայի քունը, սնվելու ռեժիմն ու սննդային վարքագիծը, նշանակում է, որ երեխան ունի հոգեբանական խնդիրներ, որոնք մակերեսային բնույթ չեն կրում: Ցանկալի է դիմել մասնագետի: Հոգեբանական աշխատանքն այս դեպքում ուղղված կլինի ծնողների և երեխային շրջապատող մեծահասակների վարքի և վերաբերմունքի փոփոխությանը, ինչպես նաև երեխայի ներքին հոգեբանական խնդիրների հաղթահարմանը: 

 

Անուն: Քրիստինե
Հարց: Բարև Ձեզ, իմ աղջիկը 7 տարեկան է, տղաս` 3 ամսական: Եղբոր ծնվելուց հետո աղջիկս ինձ չի ենթարկվում, չնայած ամեն բան իր սրտով եմ անում: Դիտմամբ կարող է գոռալ, երբ երեխան քնած է, հետո արդարանալ, որ ինքը չգիտեր և նման այլ բաներ: Կարծես իր համար կապ չունի եղբոր քնած լինելը: Ես երբեմն ինձ չեմ կարողանում տիրապետել ու զայրանում եմ, բայց անարդյունք: Հաճախ կարող է ցածր գնահատական ստանալ ու անտարբեր տոնով հայտարարել: Բնավորության հետ փոխել է նաև ձեռագիրը: Խնդրում եմ, ինձ խորհուրդ տվեք` ինչպե
՞ս վարվել:

 

Պատասխան: Ամեն ինչ երեխայի սրտով անել պետք չէ: Պետք է լինեն որոշակի կանոններ, որոնք հստակ պահվում են և լինի բավարար ուշադրություն երեխայի նկատմամաբ: Եթե երեխան մինչ երկրորդի ծնունդը եղել է ուշադրության կենտրոնում, ապա հիմա իր դիրքերը շատ դժվար կզիջի: Անկախ իր սեփական խնդիրներից, երկրորդ երեխայի ծնունդն առաջինի համար միշտ սթրեսային է, և ժամանակ է պահանջում՝ հարմարվելու և երկրորդ երեխային ոչ թե որպես մրցակից, այլ որպես ընկեր տեսնելու համար: Փորձեք այս պահին չպահանջել ավելին, քան կարող է անել ձեր աղջիկը և սահմանեք հստակ կանոններ, որոնք կպահեք ոչ միայն դուք, այլև տան մյուս անդամները: Մի արեք ամեն բան նրա սրտով, արեք միայն այն, ինչն իսկապես ճիշտ եք համարում:  Փորձեք անհրաժեշտ ուշադրություն տալ ձեր աղջկան, բայց դարձյալ ոչ ավելին, քան պետք է: Այն բոլոր գործերը, որոնք երեխան կարող է անել ինքնուրույն, պետք է թողնել, որ ինքը կատարի: Ուշադրություն տալու համար օգտագործեք այլ պահեր:

 

Անուն: Մարիամ
Հարց: Բարև Ձեզ: Խնդրում եմ, օգնեք ինձ: Իմ աղջիկը 7 տարեկան է և չի համակերպվում իր հայրիկի հետ: Նրանք անընդհատ վիճում են, ամեն մի փոքր առիթից երկուսն էլ բռնկվում են: Ինչո
՞վ ես կարող եմ օգնել նրանց. բանն այն է, որ երկուսն էլ ունեն սխալ այդ հարցում: Ի՞նչ խորհուրդ կտաք: Շնորհակալ եմ:

Պատասխան: Հայրիկի և երեխայի վարքը պիտի տարբեր լինի: Եթե ծնողները սկսում են երեխայի հետ վիճել, նշանակում է՝ երեխայի վարքագիծ են դրսևորում: Դա ցանկալի տարբերակ չէ: Ավելի ճիշտ կլինի հայրիկին բացատրեք՝ ինչպես պիտի վարվի, քան երեխային: Բնական է, որ երեխան կունենա սխալներ, որովհետև երեխա է: Բայց հայրիկի սխալները պետք է հնարավորինս նվազեցվեն: Չի կարելի երեխայից պահանջել մի բան, որը մեծահասակներն անգամ չեն կարողանում անել: Եթե երեխայից պահանջում ենք, որ զիջի կամ ենթարկվի մեծահասակին, ապա պետք է նաև օրինակ ցույց տանք զիջելու, լսելու և հասկանալու: Եթե մենք վիճում ենք երեխայի հետ անընդմեջ և ստիպում ենք նրան ընդունել մեր տեսակետն ու համաձայնել մեզ հետ, երեխան էլ կարող է այդ կերպ վարվել: Մեծահասակները պիտի փոխեն իրենց վարքը:

 

Անուն: Գայանե
Հարց: Բարև Ձեզ, սիրելի «Իմ փոքրիկ»: Երեխաս 1 տարեկան, 7 ամսական է: Ահագին ժամանակ է՝ աշխատում եմ իր կամակորությունը, հիսթերիայի պես անդադար լացը շտկել, բայց ապարդյուն: Շատ աշխույժ երեխա է ու միևնույն ժամանակ շատ անհանգիստ. գիշերներն անհանգիստ է քնում. երբ բարկանում եմ վրան թեկուզ հանգիստ տոնայնությամբ, սկսում է անդադար լաց լինել: Մեկ արթնանում է շատ լավ տրամադրությամբ, մեկ էլ լացելով ու հրաժարվում է ամեն ինչից մինչև մյուս քնելը: Ես իր հետ շատ եմ զբաղվում, միասին խաղում ենք, բայց հենց վրան խոսում եմ իր սխալի համար, սկսում է հիսթերիան: Էլ չգիտեմ՝ ինչ մոտեցում ցուցաբերեմ: Ինչպե
՞ս վարվեմ: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան: Ձեր նամակից կարելի է կռահել, որ պահանջները երեխայի նկատմամբ մի փոքր գերազանցում են նրա տարիքային հնարավորությունները: Դեռ 2 տարին չլրացած երեխային շատ բան բացատրել պետք չէ կամ ցույց տալ նրա սխալները: Այս տարիքի երեխան գրեթե չի կարող սխալ բաներ անել: Նա պարզապես փորձում է ճանաչել իրեն շրջապատող աշխարհը և կարող է անել բաներ, որոնք կարող են վտանգավոր լինել: Միայն այդ դեպքերում պետք է երեխային հստակ և կարճ ասել, որ այդպես անել պետք չէ, բայց միևնույն ժամանակ հետևել, որովհետև նույնիսկ այս զգուշացումը կարող է անօգուտ լինել այդ տարիքի երեխայի համար:

Հիմա անդրադառնանք ձեր նամակի 2-րդ մասին: Եթե երեխան լավ չի քնում, անհանգիստ է, նյարդային է օրվա ընթացքում, երկար լաց է լինում ու չի հանգստանում, պետք է դիմել մասնագետի՝ ոչ միայն հոգեբանի, այլև գուցե նյարդաբանի: 

Երեխայի տարիքն այնպիսին է, որ ամենայն հավանականությամբ ավելի շատ ձեր դաստիարակչական մեթոդներում կա փոփոխությունների կարիք, քան երեխայի վարքում: