«Ե՞րբ է կարելի փոքրիկին մանակական քայլասայլակ նստեցնել». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Աննա

Հարց: Հարգելի մանկաբույժ,  փոքրիկս 8 ամսական է, և մինչ այսօր ոչ մի խնդիր չեմ ունեցել: Սակայն արդեն 1 շաբաթ է, նրա ներքին օրգանների վրա` շեքի հատվածում,  կարմրած է, ցանի պես: Մեր մանկաբույժը խորհուրդ տվեց Սեդա քսուկ, հետո չիչխանի յուղ քսել, բայց չօգնեց: Ասաց, որ մեզի աղերից է: Շատ անհանգիստ եմ, ի՞նչ կարող եմ անել, խնդրում եմ օգնել: Նախօրոք շնորհակալ եմ:

Պատասխան։ Բարև Ձեզ,  հարգելի Աննա: Նման դեպքերի համար շուկայում բազմազան միջոցներ կան, սակայն չեմ կարող կոնկրետ դեղորայք խորհուրդ տալ,  քանի որ երեխային չեմ տեսել։

Տաթև

Հարց: Բարև Ձեզ: 34 շաբաթական հղիությունում երեխան 2100 գրամ է: Ասացեք խնդրեմ, նորմալ չէ՞ այդ քաշը հղիության այդ ժամանակահատվածում:

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Տաթև:  34 շաբաթական  գեստացիայում 2100 գ քաշը նորմայի սահմանում է։

Մելինե

Հարց: Բարև Ձեզ, երեխայիս ոտքերին կարմիր, կորյականման երևութ կա, բժշկի դիմել ենք, Սինաֆլանա քսուկ է  նշանակել,  որը չի օգնել: Ի՞նչ է դա, ի՞նչ պետք է անել: Խնդրում եմ օգնեք: Ասեմ, որ աղջիկս 7 տարեկան է:

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Մելինե: Առհասարակ ցանկացած մաշկային երևույթի մասին կարծիք կազմելու համար անհրաժեշտ է, որպեսզի բժիշկը տեսնի մաշկը։ Շփման այս ֆորմատով ես Ձեզ օգնել չեմ կարող։

Ան

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ, տղաս 9 ամսական է, հեմոգլոբինի տոկոսը 68 է, խնդրում եմ ասացեք` դա նորմա՞լ է այդ հասակում: Նախապես շնորհակալություն:

Պատասխան։ Բարև Ձեզ,  հարգելի Ան, 68 հեմոգլոբինը չափազանց ցածր է։ Խնդիրը լուծելու համար դիմեք բժշկի։

Անի

Հարց: Բարև Ձեզ, փոքրիկս  7 ամսական է, մի քանի օր առաջ կրծքից կտրել եմ, քանի որ անընդհատ վերքերից տաքություն էի ունենում, կերակրելն էլ շատ ցավոտ էր:  Սկսել եմ կերակրել Հիպով (մի անգամ` գիշերը քնելուց առաջ), քանի որ սկզբնական շրջանում, երբ կաթը քիչ էր, դա էի տալիս: Կարիք կա՞ ուրիշ կեր տալու, եթե այո, ի՞նչ խորհուրդ կտաք: Եվս մեկ հարց,փոքրիկս քնից առաջ ծծում է դատարկ շիշ, երբ փորձում եմ հանել, լացում է, նորից պահանջում,արդյո՞ք դատարկ շիշ ծծելը վնաս չէ նրան:

Պատասխան։ Բարև Ձեզ,  հարգելի Անի: Եթե բալիկը նորմալ յուրացնում է   արհեստական կաթը, ապա այն փոխելն իմաստ չունի։ Իսկ դատարկ շիշ ծծելու ցանկությունը կարող է կապված լինել նրա չհագենալու հետ, փորձեք ավելացնել կերակրման ծավալները, և միգուցե երեխան հագենա և քնի։

Անի

Հարց: Բարև Ձեզ, երեխաս 3 ամսական է, ծնվել է աջ ձեռքին 6-րդ մատով:  Եթե հնարավոր է, կարո՞ղ եք ասել` ի՞նչը կարող է պատճառ  լինել: Նախապես շնորհակալություն:

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Անի: Հավելյալ մատը կոչվում է պոլիդակտիլիա։ Դա ներարգանդային զարգացման շեղում է, պատճառն անհայտ է, սակայն հանգստացնելու համար ասեմ, որ ավելորդ մատը հեռացնելուց հետո դուք կմոռանաք նրա մասին, քանի որ դա երեխայի առողջությանն ոչ մի կերպ չի վնասում։

Աննա

Հարց: Բարև Ձեզ: Երեխաս 1 տարեկան  7 ամսական է, կրծքի կաթ կերել է մինչև 7 ամսականը, դրանից հետո կաթնախառնուրդ է կերել, 1 տարեկանից հետո` կովի կաթ, բայց միայն գիշերը, քնելուց առաջ, 150-200մլ, այն էլ ստիպելով: Արդեն մեկ ամիս է, դա էլ չի խմում: Չի ուտում մածուն, կաթնաշոռ, մի խոսքով, կաթնամթերքից ուտում է միայն պանիր (քիչ) և հազվադեպ՝ յոգուրտ: Իսկ այս տարիքում, ինչպես հայտնի է, խիստ անհրաժեշտ է կաթնամթերքը, որպես կալցիումի հարուստ աղբյուր: Երկու անգամ, 3 ամիս ընդմիջումով, տվել եմ կալցիում՝ Հերբալենտի ժելեյանման կոնֆետները, առաջին անգամ 30 հատ, 2-րդ անգամ՝ 20 հատ: Ի՞նչ խորհուրդ կտաք: Ինչպե՞ս վարվել: Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան։ Բարև Ձեզ,  հարգելի Աննա: Երբեք մի ստիպեք երեխային ուտել մի բան, ինչը նա չի սիրում, այլապես կայուն զզվանք կառաջացնեք տվյալ սննդի նկատմամբ։ Երեխան կարող է մի ժամանակաշրջանում մի բան ուտել, իսկ մյուսից զզվել, իսկ որոշ ժամանակ անց նրա նախասիրությունները կարող են փոխվել։ Կաթնամթերքը կալցիումով հարուստ  միակ սննդատեսակը չէ:  Կալցիումով հարուստ են նաև որոշ ձկնատեսակներ, սև շոկոլադը, սև հացը, կաղամբը և այլն։

Անի

Հարց: Բարև Ձեզ, ճիշտ է արդյո՞ք, որ բանանը փորկապություն կարող է առաջացնել, եթե այո, ապա ի՞նչ մթերքներ են թուլացնում փորիկը, նաև շաբաթը քանի անգամ կարելի է նրան ձու տալ (փոքրիկս 7 ամսական է): Կանխավ շնորհակալություն:

Պատասխան։ Բարև Ձեզ,  հարգելի Անի, բանանը հարուստ է կալիումով, որն  իր հերթին խթանում է աղիների պերիստալտիկան (գալարակծկանքը)։ Սա նպաստավոր է փորկապությունների ժամանակ։ Այսպիսով, բանանը չի առաջացնում փորկապություն։ Ինչ վերաբերում է ձվին, ապա խորհուրդ կտամ սկսեք ձվի հետ ծանոթությունը նրա դեղնուցից, ավելի կոնկրետ` դեղնուցի ¼-ից, այնուհետև ավելացրեք քանակը` մեկ ամսվա ընթացքում հասցնելով մեկ ամբողջական դեղնուցի։ Իսկ սպիտակուցը տվեք 8-9 ամսականից` նույն սկզբունքով։

Կիմա

Հարց: Բարև Ձեզ: Կասեք` ե՞րբ է կարելի փոքրիկին մանակական քայլասայլակ նստեցնել: Նախապես շնորհակալություն:

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Կիմա, քայլասայլակի համար կոնկրետ տարիք չկա։ Դուք ինքներդ  կհասկանաք, որ երեխան պատրաստ է օգտվել քայլասայլակից։ Սովորաբար դա 7-8 ամսական հասակն է։

Անի

Հարց: Բարև Ձեզ, ասում են, որ երեխաները մեծանում են քնի ժամանակ: Ճիշտ է արդյո՞ք, որ հիմնականում դա լինում է գիշերվա 10-12 քնի դեպքում, ճիշտ է արդյո՞ք նաև այն, որ երեխային ավելի լավ է մատուցել ոչ թե եռացրած և հետո տնային ջերմաստիճանի հասցրած, այլ սառնարանում լրիվ սառեցրած և հետո սենյակային ջերմաստիճանի հասցրած ջուրը:

Պատասխան։ Բարև Ձեզ,  հարգելի Անի: Մարդու օրգանիզմն  աճում է անկախ ամեն ինչից, սակայն կախված օրվա ժամանակից  և տվյալ մարդու բիոռիթմից,  տարբեր օրգան համակարգեր ավելի ակտիվ են կամ պասիվ։ Իսկ ինչ վերաբերում է ջրին, ապա բարձր ջերմաստիճանն  ավելի էֆեկտիվ է, քան ցածրը, քանի որ մի շարք պաթոգեն միկրոօրգանիզմներ ցածր ջերմաստիճանի պայմաններում մնում են կենդանի, մինչդեռ բարձրի ժամանակ վերանում են։

Սոֆյա

Հարց: Բարև Ձեզ:  Իմ տղան 4 տարեկան է: Անընդհատ պուպուլիկի հետ է խաղում և  այդ պահերին շատ լարված է: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Սոֆյա: Ցանկացած տղա երեխա պետք է անցնի իր պուպուլիկի հետ ծանոթության էտապը։ Վտանգը կայանում է կեղտոտ ձեռքերով պուպուլիկի ինֆեկցման մեջ։ Ուշադիր եղեք, որ կանխեք դա։ Երեխային պետք է մեղմ հասկացնել, որ նա կվնասի իրեն, եթե չափից դուրս շատ զբաղվի իր պուպուլիկով։