«Ի՞նչ դեղամիջոց տալ փոքրիկին` իմունիտետը բարձրացնելու և վարակներից զերծ պահելու համար». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

 

Էվելինա

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Աղջիկս մեկ տարեկան երկու ամսական է, ունի 12 ատամ, ամեն ատամ հանելուց հազում է, մինչև հակաբիոտիկներ չի ընդունում, չի անցնում:Տնական ամեն բան անում եմ, բայց չի օգնում: Ասացեք, խնդրեմ, ինչպե՞ս վարվեմ: Հակաբիոտիկներն իմունային համակարգի վրա ազդու՞մ են, թե ոչ: Նախապես շնորհակալ եմ:

 

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Էվելինա։ Մարդու լնդերի և քթի խոռոչի արյունամատակարարումը կապված են իրար հետ, և երբ ատամների ծկթման ժամանակ ուժեղանում է արյունամատակարարումը, այն ուժեղանում է նաև քթում, որն իր հերթին բերում է առատ քթահոսության, սակայն ի տարբերություն ինֆեկցիոն հիվանդությունների, այս դեպքում արտադրությունը թափանցիկ է։ Եթե քթի լորձը չմաքրեք, այն կհոսի հետին քթային անցուղիներով և կառաջացնի հազ, որը ևս ոչ մի կապ չունի ինֆեկցիոն հիվանդության ժամանակ առաջացած հազի հետ։ Ջերմության բարձրացումը նույնպես առաջանում է ատամի ծկթման պատճառով։ Ջերմության դեմ պետք է պայքարել ոչ ստերոիդային հակաբորբոքային պրեպարատներով՝ պարացետամոլի, իբուպրոֆենի կամ դիկլոֆենակի պրեպարատներով։ Իսկ քթի արտադրության դեմ պետք է օգտագործել ասպիրատոր տանձիկներ, որոնք գրեթե բոլոր դեղատներում առկա են։ Հակաբիոտիկների ոչ մի ցուցում չկա, քանի որ դրանցով դուք ընկճում եք երեխայի իմունիտետը։

 

Աննա

Հարց: Բարև Ձեզ, ես կուզենայի իմանալ, թե փոքրիկի իմունիտետը բարձրացնելու և վարակներից զերծ պահելու համար ո՞ր դեղերն են առավել արդյունավետ` Բրոնխոմունալը, թե՞ Լիկոպիդը: Նախապես շնորհակալ եմ: 

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Աննա։ Ձեր նշած դեղորայքը պետք է օգտագործել հատուկ դեպքերում և բժշկի ցուցումով, իսկ ավելի պարզ միջոց կարող են հանդիսանալ պոլիվիտամինային պատրաստուկները, իսկ հակավիրուսային պրոֆիլակտիկայի համար կարելի է օգտագործել հակավիրուսային դեղորայք՝ իրենց պրոֆիլակտիկ դեղաչափերով։

  

Լուսինե

Հարց: Բարև Ձեզ, իմ բալիկը 10 ամսական է, մշտապես փորկապություն ունի, և մեկ շաբաթ է արդեն մազեր են հայտնվել մեջքի վրա: 

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Լուսինե, փորկապության դեմ կարելի է պայքարել ճիշտ ռացիոնով՝ շատ բջջանյութ պարունակող բուսական սնունդով։ Սուր դեպքերում ցուցված է նաև դեղորայքային բուժում պրոբիոտիկներով և այլ դեղամիջոցներով։

  

Անի

Հարց: Բարև Ձեզ, տղաս 2 տարեկան 5 ամսական է, պուպուլիկը մի փոքր այտուցվել է, միշտ աշխատել եմ մաքուր պահել, մաշկը հետ տանել ու լվանալ: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Անի։ Մարդու արտաքին սեռական օրգանների հիգիենայի առումով չափից շատ ուշադրությունը նույնպես վնասակար է։ Գոյություն ունեն հատուկ թթվային օճառներ՝ նախատեսված հատուկ ինտիմ հիգիենայի համար, կարող եք օգտագործել դրանք։ Սակայն ամեն դեպքում ճիշտ կլինի դիմել մանկական ուրոլոգի՝ ավելի լուրջ խնդիրը հերքելու համար։

 

Մագա

Հարց: Բարև Ձեզ: Բալիկս 2 ամսական է և ունի դիաթեզ. շատ անհանգիստ է, անընդհատ լաց է լինում, հնարավո՞ր է՝ դիաթեզն աղիքների հետ կապ ունի, որովհետև կեղտոտելուց առաջ շատ է լաց լինում: Շատ անգամ ես եմ օգնում մոմիկով կամ ուրիշ ձևով, որ դուրս գա: Նախապես շնորհակալություն:

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Մագա, դիաթեզը երեխայի ստամոքսաղիքային համակարգի խնդրի մաշկային արտահայտությունն է։ Բուժելով աղիները՝ կբուժեք նաև դիաթեզը։

  

Անժելա

Հարց: Բարև Ձեզ,  ես Անժելան եմ, 22 տարեկան: Փոքրիկս 1 ամսական է, սկզբում կերակրում էի կրծքով, բայց երեխաս չէր կշտանում: Կաթս շատ քիչ էր.  օրվա մեջ ընդամենը 50 գրամ էր գալիս: Մտածում էի՝ կշատանա, բայց հակառակը՝ քչանում էր, դրա համար որոշեցինք հավելյալ կեր տալ, որպեսզի երեխան կշտանար և քներ: Ասեմ, որ քաշով պակասել էր: Խնդրում եմ` օգնեք. ինձ վատ եմ զգում, որ երեխայիս ես չեմ կերակրել: Ասեմ, որ կերի հետ զուգահեռ տվել եմ կուրծքս, բայց անօգուտ, մինչև կեր չտամ, չի կշտանում և չի քնում: Նախապես շնորհակալություն:

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Անժելա։ Մոր կաթնարտադրությունը խթանող տարբեր միջոցներ կան՝ Ապիլակ, Սելիա-մամա, Հիփ թեյեր։ Անկախ նրանից կշատանա կաթը, թե ոչ, մի ընդհատեք ԿԿ-ը և նաև տվեք արհեստական կաթնախառնուրդ այնքան, ինչքան կուզի երեխան։ Աշխատեք զերծ մնալ սթրեսներից, և Ձեր կաթը կշատանա։

  

Ռեբեկա

Հարց: Երեխաս 1 տարեկան է, չի կարողանում քայլել. մի անգամ քայլելիս ընկել է և այլևս չի կարողանում քայլել, վախենում է: Ի՞նչ խորհուրդ կտաք: 

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Ռեբեկա, մի անհանգստացեք, երեխայի վախը կանցնի, և նա նորից կսկսի քայլել։ Մի ստիպեք նրան քայլել, այլ համբերատար եղեք, և ամեն ինչ կստացվի։

  

Հաս

Հարց: Փոքրիկս 5 ամսական է, ու ոտքերը, ըստ իս, չի ձգում բավականին. երբ թռցնում եմ, մեկ կանգնում է, մեկ՝ չէ, ծալում է անընդհատ: Բայց երբ մարզանք ենք անում, լավ ձգում է: Ի՞նչ կարծիքի եք, հնարավո՞ր է՝ խնդիրը նյարդաբանական է: 

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Հաս։ Եթե ձեր երեխան ծնվել է հասուն և առանց որևէ պրոբլեմի, ապա անհանգստանալու պատճառ չունեք։

  

Լիլիթ

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Աղջիկս 24 շաբաթական հղի է: Դոպլեր հետազոտությամբ պարզվեց, որ երեխայի մոտ կա սրտի միջնապատի դեֆեկտ, ինչպես նաև թոքային, և աորտայի արյունը լցվում է նույն փորոք. այդպես բացատրեցին մեզ: Ի՞նչ է սպասվում մեր փոքրիկին: 

Պատասխան։ Բարև Ձեզ,  հարգելի Լիլիթ։ Փոքրիկի ծննդից հետո կատարվելու է սրտի կրկնակի հետազոտություն, և արատը հաստատվելուց հետո նա հսկվելու է մանկական սրտաբանների կողմից հետագա օպերատիվ բուժման նպատակով։ 

 

Շողեր

Հարց: Հարգելի բժիշկ, տղաս 2,5 տարեկան է, դեռ 1 տարեկանից քթից արյուն է եկել, դիմել ենք բժշկի,  խորհուրդ են տվել Аскорутин դեղը՝ 10 օր, օրը 2 կոճակ: Ի՞նչ խորհուրդ կտաք, սկսե՞նք բուժումը, թե այլ մեթոդ կառաջարկեք: Կանխավ շնորհակալ եմ: 

 

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Շողեր։ Ձեր հարցը նեղ մասնագիտական է, և ես, լինելով նեոնատոլոգ, իրավասու չեմ քննարկել ԼՈՌ բժշկի որոշումը՝ կոլեգիալության և բժշկական դեոնտոլոգիայի նկատառումներից ելնելով։ Վստահեք ձեր բժշկին։