«Ո՞ր օրերին է հղիության հավանականությունը մեծանում». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

 «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Տողրամաջյանը: 

Լիանա

Հարց: Բարև Ձեզ։ Ես 4 ամիս է, ինչ ամուսնացել եմ և դեռ հղի չեմ։ Նորմալ հարաբերություն եմ ունենում գրեթե ամեն օր։ Հնարավո՞ր է, որ խնդիրներ լինեն։ Նորմալ դաշտան եմ տեսնում 28-րդ օրը։ Խնդրում եմ, օգնեք` ինչպե՞ս հղիանամ:

 

Պատասխան: Հարգելի Լիանա 4 ամիս չհղիանալը դեռևս անհանգստանալու առիթ չէ. Անպտղություն է համարվում 12 ամիս՝ ըստ ռուսական բժշկության, և 24 ամիս՝ ըստ համաշխարհային առողջապահության կազմակերպության, կանոնավոր անպաշտպան սեռական կյանքով ապրելու ընթացքում հղիության բացակայությունը: Ամեն դեպքում, եթե ցանկանում եք հղիության հավանականությունը բարձրացնել, ապա հարաբերություն ունեցեք ձվազատման օրերին. 28-օրյա դաշտանային ցիկլի դեպքում ձվազատման օրերն են համարվում 12-18-րդ օրերը: Եթե այդ ամենը հաշվի առնելով էլ չեք հղիանում, և դա Ձեզ անհանգստացնում է` դիմեք մեզ՝ ավելի խորը բուժզննում և մասնագիտական օգնություն ստանալու համար. (Հեռ. 010. 449503, 010.443373) :

 

Ջուլի

Հարց: Բարև Ձեզ, արդյո՞ք օրգանիզմում կալցիումի ցածր քանակը կարող է խոչընդոտել հղիանալուն: 

Պատասխան: Հարգելի Ջուլի, Ca-ը, ինչպես նաև մի շարք այլ միկրոէլեմենտներ, շատ կարևոր են օրգանիզմի նորմալ ֆիզիոլոգիական վիճակի համար: Կալցիումի քանակական փոփոխությունները կարող են բերել նյութափոխանակության խանգարման, էնդոկրին համակարգի ոչ նորմսլ գործունեության, ինչն էլ իր հերթին կարող է բերել անպտղության կամ հղիության ընթացքում բարդությունների առաջացման: Կալցիումի ցածր քանակությունը կարող է բերել տղամարդկանց մոտ շատ լուրջ խնդիրների առաջացման` էրեկցիայի խանգարման, սպերմատոզոիդների ֆերմենտատիվ ակտիվության իջեցման, անպտղության:

 

Սիրուն

Հարց: Բարև Ձեզ բժիշկ: Ես մոտ 2 տարի է, ինչ ամուսնացել եմ և դեռ չեմ հղիացել. բազմաթիվ հետազոտություններ եմ անցել: Ինձ մոտ էրոզիա կա, մի քանի օր առաջ բիոպսիա են արել, կասե՞ք` բիոպսիան հիմնականում ինչու՞ են անում և բիոպսիայի անալիզն ի՞նչ է հայտնաբերում: 

Պատասխան: Հարգելի Սիրուն, կատարված հետազոտությունն ինֆորմացիա է տալիս Ձեր խնդրի բջջային մակարդակով ախտահարման մասին: Էրոզիան ինքնին կարող է լինել անպտղության պատճառ, քանի որ հղիություն առաջացնելու համար անհրաժեշտ է նորմալ սպերմատոզոիդներ, արգանդի առողջ վզիկ, էնդոմետրիումի նորմալ անատոմիա, անցանելի փողեր, ձվարաններ, ճիշտ ձվազատում: Հղիություն կարող է առաջանալ բոլոր այս գործոնների առկայության դեպքում, որոնց ապահովումը բժշկի կողմից կբերի ցանկալի արդյունքի: Ավելի մանրամասն կարող եմ Ձեզ օգնել, եթե ուղղարկեք ինձ Ձեր հետազոտությունները: (Հեռ. 010. 449503, 010.443373)

 

Մարինե

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժշկուհի Աննա Տողրամաջյան: Դաշտանային ցիկլի 4-րդ օրը կրկին հանձնել եմ արյան անալիզ` պրոլակտին 0.90 (նորման 5,19-29,53) և տեստոստերոն ընդհանուր 0,65(նորման 0,11-0,57): Ինձ բուժող բժիշկն ասաց, որ դադարեցնեմ Դոստինեկսը: Նշանակեց «джес» հակաբեղմնավորիչ 2 ամիս` տեստոստերոնի մակարդակն իջեցնելու համար: Նշեմ, որ ինձ մոտ ձվազատում եղել է մինչև Դոստինեկս խմելը, իսկ հիմա չգիտեմ: Հարցս հետևյալն է. արդյո՞ք պրոլակտինի այդքան ցածրանալն անհանգստանալու պատճառ չէ: Արդյո՞ք պետք է հակաբեղմնավորիչ խմել: Շնորհակալություն: 

Պատասխան: Հարգելի Մարինե, Դոստինեքսի ընդունման ընդհատումը ժամանակի ընթացքում կբերի պրոլակտինի քանակի նորմալացման: Սակայն անհրաժեշտ է ամեն ամիս պրոլակտին հորմոնի դինամիկ կոնտրոլ: Ինչ վերաբերում է տեստոստերոնի մակարդակի բարձրացմանը, ապա անհրաժեշտ է բացի տեստոստերոնի քանակի որոշումից, մյուս անդրոգենների որոշումը ևս: Հակաբեղմնավորիչների ընդունման կամ նշանակման մասին ոչինչ չեմ կարող ասել. դա Ձեր բժշկի ընտրած տակտիկան է, գուցե դա նշանակվել է ոչ միայն տեստոստերոնի քանակի իջեցման, այլև ձվարաններին հանգիստ տալու համար, քանի որ անդրոգենների իջեցման համար կան այլ դեղորայքային մեթոդներ ևս, որոնք չունեն հակաբեղմնավորիչ էֆֆեկտ:

 

Մարիամ

Հարց: Բարև Ձեզ: Խնդրում եմ, ասեք` հղիության և ծննդաբերության 140 օրը լրանալուն պես կարո՞ղ եմ անցնել աշխատանքի, արդյո՞ք գործատուն չի առարկի: 

Պատասխան: Հարգելի Մարիամ, քանի որ դա բժշկական հարց չէ, ես իրավասու չեմ պատասխանել այդ հարցին: 

 

Լուսինե

Հարց: Բարև Ձեզ: Ես ամուսնացած չեմ, արդեն մի քանի տարի է՝ խմում եմ էուտիրոկս հիպոթերիոսի դեմ: Վերջերս հայտնաբերվել է արգանդի վզիկի շրջանում դրսից 2 հատ միոմա՝ 2 սմ և 2.5 սմ մեծությամբ: Հարց 1` արդյո՞ք կարող է դա խանգարի հղիանալուն: Դաշտանի ցիկլի ամբողջ ընթացքում ցավեր եմ ունենում, ցիկլը կրկնվում է համարյա միշտ 28 օր ինտերվալով: Հարց 2` արդյո՞ք կարող է միոման պատճառ լինել դեմքիս վրա բշտեր առաջանալուն: Ասեմ, որ երբեք չեմ ունեցել այդպիսի խնդիր: Ամենաշատը եղել է 4-5 հատ ցիկլի օրերին, իսկ հիմա` 20-ից ավել: Օգտագործեցի անտիբիոտիկ թերապևտի նշանակմամբ, հետո արտաքին շատ միջոցներով մաքրող հակաբոբոքային, բայց չօգնեց: Օգտագործեցի Նարինե,  լակտոֆիլտրում: Հիմա էլ մաշկաբանը նշանակել է Ակնեկուտան, սակայն կոմենտները կարդալով՝ հասկացա, որ կանցնի դեղ օգտագործելու ընթացքում, բայց մի՞թե չկա այնպիսի դեղամիջոց, որը կկարգավորի հորմոնալ համակարգը: Ակնեկուտանն ունի շատ վատ ազդեցություններ: Շնորհակալություն: 

Պատասխան: Հարգելի Լուսինե, Ձեր միոմաները կարո՞ղ են դառնալ անպտղության պատճառ, թե ոչ, չեմ կարող ասել, քանի որ անհրաժեշտ են Ձեր ՈւՁՀ արդյունքները, իսկ ինչ վերաբերում է Ձեր մաշկային խնդիրներին, դա կարող է լինել հորմոնալ ախտահարման հետևանք: Երբևիցե, բացի վահանաձև գեղձի հորմոններից, ստուգե՞լ եք, արդյոք, Ձեր հորմոնալ ստատուսը, անդրոգենների քանակությունը: Իհարկե, եթե կա հորմոնալ խնդիր, միայն տեղային կամ սիմպտոմատիկ բուժումը չի կարող լուծել Ձեր խնդիրը: Անհրաժեշտ է վերացնել խնդիր առաջացնող գործոնը: Ավելի մանրամասն չեմ կարող պատասխանել, կապ հաստատեք մեզ հետ՝ ավելի մանրամասն տեղեկություններ և խորհուրդներ ստանալու համար: (Հեռ. 010. 449503, 010.443373)

 

Անահիտ

Հարց: Բարև Ձեզ, ինձ մի հարց է հետաքրքրում. եթե վերջին դաշտանը եղել է նոյեմբերի 29-ին 2014 թ. և հունվարի 19-ին, ՈւՁՀ-ն ցույց է տվել 8 շաբաթական հղիություն, ապա բեղմնավորումը ե՞րբ է տեղի ունեցել: Շնորհակալություն: 

Պատասխան: Հարգելի Անահիտ, կախված է, թե քանի օր է Ձեր դաշտանային ցիկլը, կանոնավո՞ր է, արդյոք, վերջինս, թե՞ ոչ: Եթե ցիլկը կանոնավոր է, բեղմնավորում հնարավոր է տեղի ունեցած լինի դեկտեմբերի 10, դեկտեմբերի 15, բայց սա միայն մոտավոր է: Ստույգ ասելու համար ինֆորմացիան շատ քիչ է:

 

Աննա

Հարց: Ուզում եմ իմանալ` ո՞ր օրերին կարող եմ հղիանալ: 

Պատասխան: Հարգելի Աննա, գոյություն ունեն օրեր, որոնց ժամանակ հղիանալու հավանականությունը շատ ավելի մեծ է: Այդ օրերը ձվազատման օրերն են, որոնք նորմալ կանոնավոր դաշտանային ցիկլի դեպքում համապատասխանում են 12-18 րդ օրերին: Շատ կարևոր է իմանալ, թե քանի օր է Ձեր դաշտանային ցիկլը, կանոնավոր է, թե կան խախտումներ:

 

Լենա

Հարց: Բարև Ձեզ: Առաջին հղիությունը եղել է հենց առաջին սեռական ակտից հետո, սակայն որոշ պատճառներով դիմել եմ հղիության արհեստական ընդհատման (դեղորայքային): Անցել է 3 ամիս, 2-րդ ամիսն է՝ փորձում եմ հղիանալ, բայց չի հաջողվում: Հարկ կա՞ անհանգստանալու: Բժիշկը վստահեցնում էր, որ տվյալ տարբերակով ընդհատումն անպտղություն չի առաջացնի: 

Պատասխան: Հարգելի Լենա, ցավոք, պետք է նշել, որ բժշկության մեջ ոչ ոք չի կարող տալ որևէ երաշխիք, և առավել ևս վստահեցնել որևէ խնդրի խուսափում: Սակայն դա չի նշանակում, որ դուք ունեք որևէ խնդիր, քանի որ 2 ամիս չհղանալը դեռևս չի խոսում որևէ խնդրի մասին: Իսկ եթե դուք ունեք որոշակի անհանգստություն, դիմեք ինձ` ավելի հստակ հետազոտվելու և պատասախաններ ստանալու համար. (Հեռ. 010. 449503, 010.443373):

 

Լուսինե

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Խնդրում եմ, ասացեք` հղիության ո՞ր շաբաթում է պտուղը փողից տեղափոխվում արգանդ: Շնորհակալություն: 

Պատասխան: Հարգելի Լուսինե, ձվաբջջի և սպերմատոզոիդի հանդիպումից 3-5 օրվա ընթացքում (միջինը 96 ժամ) բեղմնավորված ձվաբջիջը հայտնվում է արգանդի խոռոչում: