«Աղջիկս շատ դժվար է քնում, ընդ որում՝ միայն հեռուստացույցի առջեւ. ինչպե՞ս վարվեմ». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

 «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:


Անուն: Կարինե
Հարց: Բարև Ձեզ, հարգելի հոգեբան: Աղջիկս 1 տարեկան 6 ամսական է և չի խոսում: Անհանգստանալու կարիք կա՞: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Եթե երեխան 18-20 ամսականում դեռևս որեւէ մի բառ չի ասում, գլխի շարժումով ցույց չի տալիս այո կամ ոչ, ապա պետք է անհանգստանալ: Առաջին հերթին պետք է դիմել զարգացման մանկաբույժի, ապա լոգոպեդին և հոգեբանին:

 

Անուն: Հեղինե Սևոյան
Հարց: Բարև Ձեզ, հարգելի հոգեբան, Ձեր խորհրդի կարիքն ունեմ, խնդրում եմ` օգնեք: Աղջիկս տակդիրից կտրվեց 2 տարեկան 8 ամսականում, միանգամից, առանց խնդիրների: Առաջին օրվանից ամեն ինչ անում էր զուգարանում: Մի քանի օր անց դադարեց կեղտոտել զուգարանում, միայն միզում է, կեղտոտում` տակդիրի մեջ: Որոշեցի մի փոքր սպասել, կարդացի այդ խնդրի մասին, այլ մայրիկների հետ խորհրդակցեցի: Մի օր ասացի` այլևս տակդիր չկա, բայց չօգնեց, ուղղակի այդ օրը չարեց, հետո արդեն չէի կարող թողնել, որ տանջվի: Խոսել եմ իր հետ, ոչինչ չի ասում, թե ինչու չի անում զուգարանում: Այդ ընթացքում մի անգամ սրճարանի զուգարան գնալ չուզեց, բերեցի տուն, մտածեցի՝ զուգարանից է, բայց տանն էլ չարեց: Հիմա այլ վայրերի միայն մաքուր զուգարաններում է միզում: Արդեն 3 տարեկան 4 ամսական է, չգիտեմ` ինչքան է շարունակվելու տակդիրում անելը: Խնդրում եմ, խորհուրդ տվեք` ինչ անեմ: Լրացուցիչ տեղեկություններ կարող եմ տրամադրել, եթե հարկավոր է: Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան: Խնդիրն այն է, որ դեֆեկացիայի (կեղտոտելու) պրոցեսը մի քանի անգամ կոնկրետ ձևով իրականացնելու դեպքում երեխայի մոտ առաջանում է պայմանական ռեֆլեքս: Այսինքն՝ միայն այդ ձևով է առաջ գալիս աղիները դատարկելու ռեֆլեքսը: Ամեն դեպքում այդ ռեֆլեքսն այս պահին ամրապնդված է և հիմա պետք է կամ աստիճանաբար այլ ռեֆլեքս ամրապնդել երեխայի մոտ, կամ ինչպես մանկուց սկսում են սովորեցնել զուգարանակոնքին, այնպես էլ այս տարիքում սովորեցնել` խրախուսելով և շահագրգռելով: Ամեն դեպքում որքան երկար նա շարունակի այդ կերպ անել, այնքան ավելի դժվար կլինի երեխային հետ վարժեցնել: Կապ չունի` ինչ ձևով է երեխան անում, դա իր համար արդեն պայմանական ռեֆլեքս է դարձել: Երեխային կարող է վախեցնել կամ տհաճ լինել գիշերանոթի սառնությունը, որն ավելի հաճախ է հանդիպում, կամ մեկ այլ նման զգացողություն: Պետք է ուշադիր լինեք, մանրամասն վերլուծեք իրավիճակը՝ աստիճանաբար երեխայի մոտ այլ սովորություններ ձևավորելու համար: Հանրավոր չէ այս պահին մեկ պատրաստի լուծում տալ, որը կօգնի անմիջապես շտկել իրավիճակը: Պետք է աստիճանաբար երեխային սովորեցնել այնպես, ինչպես փորձել եք սկզբում և հետո չեք շարունակել:



Անուն: Աստղիկ
Հարց: Հարգելի հոգեբան, աղջիկս 2 տարեկան է: Վերջերս սկսել է շատ դժվար քնել: Նախ նշեմ, որ խոսելու խնդիր էլ դեռ ունենք: Բառեր ասում է, բայց քիչ: Երբ պատրաստվում ենք քնելու, դրանից հետո ակտիվանում է ու սկսում խաղալ, երբ ուզում եմ պառկեցնել, կամակորություն է անում և չի ենթարկվում: Պառկելու դեպքում էլ անընդհատ ասում է`
«էնի»: Չեմ հասկանում` ինչ է ուզում: Քնում է միայն հեռուստացույցի առաջ ու ոչ մի կերպ չեմ կարողանում համոզել ու սենյակ տանել: Ընդ որում նշեմ, որ միշտ իրեն քնեցրել եմ սենյակում: Բայց որոշակի պահից սկսած սկսեց քնել հյուրասենյակում ու հեռուստացույցի առջև: Այս ամենը գիշերվա քնի մասին: Կեսօրին էլ գրեթե միշտ լացով է արթնանում, երբեմն էլ ձեռքերը դողացնելով: Խնդրում եմ, ասեք, արդյո՞ք տարիքային առանձնահատկություն է, թե՞ պետք է դիմել մասնագետի:

Պատասխան: Երեխայի քնի սովորությունները ծնողներն են ձևավորում: Եթե հիմա քնում է հեռուստացույցի առջեւ, նշանակում է, որ այդպես մի քանի անգամ արել եք նախկինում: Պետք չէ երեխայի քնի, սնվելու, հանգստի ռեժիմը և ձևը փոփոխել, դրանք րիտուալներ են, որոնք օգնում են երեխային խաղաղվել: Եթե հիմա փոխվել է քնելու ռեժիմը, պետք է նորից վերադարձնեք նախկին ձևին: Քնելու ժամին անջատեք հեռուստացույցը, որ նրան դժվար չլինի անջատվել և գնալ ննջասենյակ: Հնարավորինս փորձեք հանգիստ և խաղաղ մթնոլորտ ստեղծել տանը, քնելու համար հարմար միջավայր: Ձեր վարքով մի ակտիվացրեք երեխային:
Խոսքի հետ կապված պետք է անպայման խորհրդակցել մասնագետի հետ: Սկսած 18 ամսականից, եթե երեխան դեռ ոչ մի բառ չի ասում, արդեն պետք է անհանգստանալ: Քնից լացով արթնանալու և ձեռքերը դողացնելու համար գուցե մեկ անգամ մանկական նյարդաբանի հետ խորհրդակցեք: 


Անուն: Կարինե
Հարց: Բարև Ձեզ, երեխաս 5 տարեկան է, գնում է նախակրթարան, բայց չի շփվում ուսուցիչների հետ: Խնդրում եմ` որևէ լուծում առաջարկեք:

Պատասխան: Պարզ չէ` չշփվել ասելով ինչ եք հասկանում: Չի խոսում առհասարակ, թե՞ խոսում է, բայց քիչ: Չի շփվում միայն ուսուցիչների՞ հետ, իսկ հասակակիցների հետ շփվու՞մ է: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները, ինչպես նաև այլ մանրամասնություններ, պետք է իմանա մասնագետը, որպեսզի խորհուրդ տա, թե ինչպես վարվեք: Չկան պատրաստի դեղատոմսեր չշփվող երեխաների համար: Երեխայի չշփվելը պատճառներ ունի, որոնք պետք է հասկանալ:


Անուն: Անի
Հարց: Բարև Ձեզ, ես ունեմ 3 երեխա: Մեծ բալիկս աղջիկ է, 5 տարեկան, հաճախում է մանկապարտեզ: Շատ ագրեսիվ է. հարվածում է կամ բղավում է իրենից փոքրերի վրա, ամեն հարցում իրենն է պարտադրում և հասնում իր ուզածին, քանի որ պապիկը իրեն է պաշտպանում: Ինչպե՞ս կարելի է ազդել երեխայի վրա, փոխել նրա պահվածքը, բնավորությունը:

2-րդ բալիկս տղա է, 2 տարեկան 7 ամսական, ասում է մի քանի բառ` մամա, պապա, տատա, հաց, հա, բայց հասկացնում է ամեն ինչ: Ո՞ր տարիքում կարելի է տանել լոգոպետի մոտ: Նախապես շնորհակալ եմ:

 

Պատասխան: Եթե երեխան չի տարբերում փոքրերին մեծերից և ագրեսիվ է իրենից փոքր երեխաների նկատմամբ, դա անհանգստանալու և մասնագետին դիմելու առիթ է: Այստեղ նաև կա մեծերի խնդիրը: Նախ՝ մեծերի վերաբերմունքը փորձեք փոխել, ապա նոր երեխայի վրա ազդել: Երբ մեծերը հակասական մոտեցումներ են ունենում, երեխաները մեղք չունեն, որ սկսում են համապատասխան վարք դրսևորել: Մեծերից սկսեք:

2.7 տարեկանում արդեն կարող եք դիմել լոգոպեդի, քանի որ երեխան սկսում է բավարարվել արդեն իր խոսքային միջոցներով, այսինքն սկսում է հասկացնել, դուք էլ հասկանում եք նրա պահանջները, և խոսելու անհրաժեշտությունը կարծես երկրորդ պլան է անցնում: Կարող եք արդեն դիմել լոգոպեդի:


Անուն: Վիկա
Հարց: Բարև Ձեզ, բալիկս 1 տարեկան 6 ամսական է: Նկատել եմ` երբ որևէ բանից նյարդայնանում է, գլխով հարվածում է որևէ տեղ: Ի՞նչ կարելի է անել:

Պատասխան: Միայն այդ մեկ սիմպտոմով դժվար է ասել: Ավելի լավ կլինի մասնագետի դիմել, ով երեխային կուսումնասիրի: Նման վարք դրսևորում են երբեմն և՛ առանձնահատուկ խնդիրներ չունեցող, և՛ ունեցող երեխաները: Հնարավոր չէ միայն այդ դրսևորումով որևէ հստակ բան ասել:


Անուն: Անի
Հարց: Հարգելի հոգեբան, տղաս 3 տարեկան է, զարգանում է նորմալ, ոչ մի շեղում չեմ նկատել: Նախ ասեմ, որ ընտանիքում շփվում ենք 2 լեզվով` հայերեն եվ ռուսերեն: Նրա խոսքը պարզ չէ, ամեն բան հասկանում է, բայց գրեթե ոչ մի բառ ճիշտ չի արտաբերում: Շփվում է հասակակիցների հետ ճչալով, գոռալով, նվնվալով: Լոգոպեդի դիմել եմ, ասել են` անհանգստանալու կարիք չկա:

Պատասխան: Կարծում եմ՝ կարիք կա անհանգստանալու, քանի որ երեխան պետք է սկսի խոսել 1 տարեկանում և այլ երեխաների նման 3 տարեկանում արդեն խոսի առաջին դեմքով և պարզ, առնվազն պետք է կազմի 2 բառանոց նախադասություններ: Եթե երեխան դեռևս ոչ մի բառ հստակ չի ասում, չի շփվում խոսքի միջոցով, խոսքն անհասկանալի է,  պետք է դիմել լոգոպեդի, ինչպես նաև զարգացման մանկաբույժին:  


Անուն: Ալինա 
Հարց: Բարև Ձեզ: Իմ փոքրիկը 2 տարեկան 5 ամսական է, ամբողջ օրն ուտում է ձեռքի բութ մատը: Ի՞նչ անեմ՝ այդ վատ սովորությունը վերացնելու համար: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Մատը ծծելը վատ սովորություն չէ, այլ հաճախ դա կպչուն գործողություն է, որը վկայում է երեխայի բարձր տագնապայնության մասին: Եթե մանրակրկիտ ուսումնասիրենք իրավիճակը,  կարող են նաև այլ խնդիրներ դուրս գալ: Պետք է անպայման մասնագետի հետ առերես խորհրդակցել: Բարձր տագնապայնությունը կարող է շատ տարբեր պատճառներով առաջանալ: Երբեմն ծնողները դժվարանում են դա նկատել: