«Տղաս վախենում է մանկական հերոսներից, մթությունից. ինչպե՞ս հաղթահարենք խնդիրը». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

 «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:


Անուն: Անի
Հարց: Բարև Ձեզ, խնդրում եմ, օգնեք: Բալիկս 3 տարեկան է, ամեն օր կեսօրին քնում է, բայց մեծ դժվարությամբ, իսկ գիշերները ստիպում է, որ քնի տատիկի ու պապիկի մոտ: Երբ թույլ եմ տալիս, որ տատիկի մոտ մնա, գիշերվա 2-3-ին պահանջում է, որ տանեն իր անկողին: Երբ թույլ չեմ տալիս, ահավոր դիմադրության եմ արժանանում: Տհաճ իրավիճակ է լինում ինձ համար ու սթրես՝ բալիկիս համար: Ի՞նչ անեմ:

Պատասխան: Հարգելի մայրիկ, որքան էլ հասկանալի է ձեր իրավիճակը, միևնույն է, պետք է հարցը լուծել մեծահասակաների հետ: Եթե մեծերը երեխային սթրեսի ենթարկող մոտեցումներ ունեն, ապա երեխայից կանոնավոր վարք պետք չէ սպասել: Երեխան պիտի միշտ քնի միևնույն ձևով, միևնույն ժամին և միևնույն տեղում, որպեսզի կարողանա խաղաղվել և հանգստանալ: Եկեք համաձայնության մեծերի հետ: Այստեղ հոգեբանը չի կարող օգնել, այստեղ առողջ տրամաբանությամբ է պետք առաջնորդվել: Մեծերին համոզեք, որ երեխային ռեժիմ, կարգ ու կանոն է պետք հատկապես այդպիսի հարցերում՝ քուն, ուտել, լոգանք և այլն: 


Անուն: Ռուզաննա
Հարց: Բարև Ձեզ, հարգելի հոգեբան: Աղջիկս 26 տարեկան է և հղի է: 4 ամիս առաջ նրա 7 տարեկան աղջիկն անսպասելի մահացավ էխինակոկի վիրահատությունից: Չեմ ուզում մանրամասնել, քանզի այդ թեմայով խոսելը մեզ համար շատ ծանր է: Ցանկանում եմ իմանալ՝ աղջիկս հնարավո՞ր է բարդություններ ունենա ծննդաբերության պահին կամ սթրեսը ազդի պտղի վրա: Խնդրում եմ, պատասխանեք և խորհուրդ տվեք` ի՞նչ կարելի է անել: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Ցավում եմ նման անմխիթար կորստի համար: Սարսափելի բան է, բայց բացարձակ պարտադիր չէ, որ դա լուրջ բացասական հետևանքներ ունենա պտղի վրա, ինչպես նաև ձեր աղջկա հոգեկան առողջության վրա: Նորմայում մարդիկ ունակ են տանել նույնիսկ նման կորուստը և, ի վերջո, վերականգնվել և շարունակել կյանքը: Հասկանւոմ եմ, որ խոսքերս այս պահին կարող են մակերեսային թվալ: Բայց կորուստները ապրվում են և դառնում մարդու կյանքի մի մասը, թեկուզև ամենատխուր, բայց մի մասը, ոչ ամբողջ կյանքը: Պարզապես ուշադիր և հոգատար եղեք ձեր աղջկա նկատմամբ. վստահ եմ, որ այդպես է:  Օգնեք այն ամենով,  ինչի կարիքը նա կունենա: Բացասական և դրական ապրումները հաճախ անդրադառնում են պտղի զարգացման և հուզական ոլորտի վրա, բայց պարտադիր չէ, որ բացասական լինի այդ ազդեցությունը: Նույնիսկ մոր բացասական ապրումները կարող են դրական ազդել պտղի վրա: Երբեմն երեխաներն անգամ ներարգանդային շրջանից մոր հետ միասին ունենում են շատ տարբեր երանգներ ունեցող ապրումներ, որոնք նպաստում են երեխայի հասունացմանն ու ձևավորմանը:  Հղի կանանց պետք չէ շատ հեռու պահել տարբեր բնույթի ապրումներից, դա նրանց կյանքի անբաժանելի մի մասն է: Մի վախեցեք, պարզապես աջակցեք: Այդ դեպքերն ու իրադարձությունները մարդկանց կյանքի մի մասն են կազմում, բայց դրանք չեն կոտրում և չեն սպանում մարդուն: Կյանքը շարունակվում է բոլոր նրանց համար, ովքեր ապրում են և պարտավոր են ապրել իրենք իրենց և մտերիմների համար, հանուն նաև նրանց, ովքեր եղել են:

Ցավում եմ ձեր կորստի համար…


Անուն: Մարինե
Հարց: Բարև Ձեզ: Տղաս 6 տարեկան է, միշտ քնում է 21:30, լինում են դեպքեր` մի փոքր ուշ, և այդ ընթացքում իրեն սկսում է շատ վատ պահել, սպառնալիքներ ներկայացնել, որոնք տեսել է հեռուստացույցով, նույն հիմարություններն է կրկնում: Չգիտեմ` ինչպես վարվեմ: Խնդրում եմ, խորուրդ տվեք: Շնորհակալություն:

 

Պատասխան: Եթե երեխայի վարքը փոխվում է  քնի ռեժիմը խախտելու արդյունքում,   աշխատեք այդպիսի դեպքերը պակաս լինեն: Բացի այդ, նվազեցրեք ագրեսիվ և վտանգավոր բովանդակությամբ մուլտֆիլմերի և հաղորդումների դիտումը, հատկապես քնից առաջ:


Անուն: Մարգարիտա
Հարց: Բարև Ձեզ, հարգելի հոգեբան: Տղաս 1 տարեկանից վախենում է բարձր ձայներից, մանկական հերոսներից, մթությունից, գունավոր լույսերից: Այս ամենի հետ մեկտեղ բղավում է, լացում: Մի խոսքով՝ վախենում է ամեն ինչից: Խնդրում եմ, օգնեք: Շնորհակալություն:

Պատասխան: Եթե լիներ միայն բարձր ձայներից վախը, ապա ես կասեի, որ դա տարիքային վախ է: Բայց քանի որ վախենում է շատ տարբեր բաներից, ապա դա կարող է ընդհանուր տագնապի ֆոնի վրա առաջացող վախերի շարք լինել: Այսինքն՝ մեկ վախն անցնելուց հետո մյուսն է առաջանում ու այդպես շարունակ: Պետք է տագնապի պատճառը վերացնել: Հնարավորինս նվազեցրեք երեխայի միջավայրում վախեցնող իրավիճակները, մեծահասկաների խիստ մոտեցումները, եթե կան այդպիսիք, պահանջներն ու վախեցնող դաստիարակչական մոտեցումները:
Եթե վախերի պատճառները չեք տեսնի ձեր միջավայրում, ընտանիքում, ապա դիմեք մասնագետի, որպեսզի ուսումնասիրի իրավիճակն ու իրական լուծում առաջարկի:


Անուն: Նառա
Հարց: Բարև Ձեզ, հարգելի հոգեբան: Աղջիկս 2 տարեկան 3 ամսական է, միշտ աշխույժ, ուրախ, թռվռան է եղել ու հիմա ավելի է կատարելագործվել: Շատ բարդ է նրան քնեցնելը. մոտ երկու ժամ խաղում, թռվռում է անկողնում, կեսգիշերին նոր քնում է, գիշերն էլ անպայման արթնանում է ու լացում: Նաև ասեմ, որ վերջերս շատ կամակոր է դարձել, ամեն ինչի համար լացում է, մինչև ստանա: Ավելացնեմ, որ միայն բառեր է ասում, նախադասություններ չի ասում, միգուցե պատճառը դա՞ է, որ չի կարողանում բացատրել, թե ինչ է ուզում: Խորհուրդ տվեք` ի՞նչ անեմ: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան: Եթե դուք նկատում եք փոփոխություններ երեխայի վարքում, հուզական ոլորտում, քնի ռեժիմի և մնացած բոլոր ոլորտներում, ապա դա վկայում է երեխայի կյանքում որևէ բացասական տեղաշարժի մասին:  Հնարավոր է նաև՝ երեխան հիպերակտիվություն ունենա, որը երբեմն սկսում է դրսևորվել այս տարիքում: Ամեն դեպքում մասնագետի հետ հանդիպելը չի խանգարի: