«Աղջիկս 1 ու կես տարեկան է, այս տարիքում պե՞տք է, արդյոք, տալ վիտամին D». «իմ Փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

 «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Անուն: Ալլա

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Երեխաս 1 տարեկան 3 ամսական է: Մի քանի վայրկյան կարողանում է կանգնել, մի ձեռքից բռնած քայլում է, բայց դեռ ինքնուրույն չի քայլում: Խնդրում եմ, ասեք` անհանգստանալու կարիք կա՞: Նախապես շնորհակալություն: 

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Ալլա։ Ձեր երեխայի մոտ ոչ մի շեղում, կապված մեծ շարժողական համակարգի հետ, չկա։ Պարզապես զինվեք համբերությամբ, և նրա մոտ ամեն ինչ կսացվի։

 

Անուն: Վարդ

Հարց: Բարև Ձեզ, ինձ մի հարց է անհանգստացնում: Իմ աղջիկը 1 տարեկան 6 ամսական է, բայց դեռ ինքնուրույն չի քայլում, վախենում է, միայն ձեռքս բռնած է քայլում: Մի 2 ամիս առաջ սկսեց մի քանի քայլ ինքնուրույն անել, բայց հետո դադարեցրեց: Խնդրում եմ, ասեք` ի՞նչ անեմ: 

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Վարդ։ Հնարավոր է՝ ինչ-որ բանից վախեցել է։ Դա սովորաբար տևում է ամենաշատը 2 ամիս։ Պարզապես զինվեք համբերությամբ, օգնեք նրան, և ամեն ինչ կստացվի։

 

Անուն: Զեմֆիրա

Հարց: Բարև Ձեզ: Աղջիկս ծնվել է Հայաստանում, հիմա 2 տարեկան 2 ամսական է: Ծնվել է 8 ամսականում, 2.600 կգ քաշով, 46 սմ հասակով: Մինչև 8 ամսականն ապրել ենք Հայաստանում, բոլոր պատվաստումները արել ենք ժամանակին, բժիշկները ոչ մի արտասովոր բան չեն ասել: Ռուսաստան տեղափոխվելուց հետո երեխան սկսեց քայլել և նկատեցինք, որ ձախ ոտքը դեպի ներս է քայլում: Դիմեցինք նյարդաբանի, ասաց, որ մկանային դիստոնիա է, նշանակեց դեղեր (պանտսգամ սիրոպ, նեյրոմուլտիվիտ), մերսում, այնուհետև գնացինք վիրաբույժի մոտ, ասաց, որ երեխան ունի «անտետորսիա բյոդրա»: Ի՞նչ եք կարծում, արժի՞ անել տոմոգրաֆիա, և կանցնի՞ այս ամենը, թե՞ այդպես ծուռ կքայլի: Շնորհակալություն: 

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Զեմֆիրա։ Ձեր բալիկի մոտ հավանաբար ծուռթաթություն է։ Դա շտկվող խնդիր է, և բոլորովին կարիք չկա տոմոգրաֆիա անելու։ Այս խնդրով զբաղվող բժիշկը մանկական օրթոպեդն է։ Դիմեք նրան․․․

 

Անուն: Լիլի 

Հարց: Հարգելի մանկաբույժ, աղջիկս շուտով կլինի 2 տարեկան, բայց դեռ 9  ատամ ունի: Առաջին ատամը հանել է 1 տարեկան 2 ամսականում ու դեռ որեւէ առաջընթաց չկա: Խնդրում եմ, ասացեք՝ դա նորմա՞լ է, թե՞ ոչ և ի՞նչ է հարկավոր անել: 

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Լիլի։ Միջինում երեխայի կաթնատամներն ամբողջությամբ դուրս են գալիս 2.5 տարեկան հասակում, սակայն դա միջինացված ժամկետ է և կախված որոշ հանգամանքներից՝ կարող է լինել ավելի երկար կամ կարճ։ Այնպիսի ֆակտորներ, ինչպիսին են, օրինակ, ժառանգականությունը, հիվանդությունները, որոշ միկրոէլեմենտների և վիտամինների պակասը, կարող են երկարաձգել ատամների ծկթումը։

 

Անուն: Անուշ

Հարց: Բարև Ձեզ, աղջիկս 1 տարեկան 4 ամսական է, այս տարիքում պե՞տք է, արդյոք, տալ երեխային վիտամին Դ: 

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Անուշ։ Վիտամին Դ-ն հարկավոր է շարունակել մինչև 3 տարեկան հասակը։ 

 

Անուն: Լուսինե

Հարց: Բարև Ձեզ, խնդրում եմ` օգնեք ինձ ձեր խորհուրդով: Փոքրիկս 1.5 ամսական է, մի քանի օր է, ինչ երեխայիս ականջները ցավում են: Երեխան շատ անհանգիստ է և անընդհատ լաց է լինում: Ի՞նչ կարող եմ անել, որ ականջի ցավն անցնի: Նշեմ, որ ջերմություն չունի, բորբոքված չէ, բայց երբ դիպչում եմ ականջներին, ուժեղ լաց է լինում: Մի քանի օր է՝ օտիպակս եմ կաթեցնում, բայց չի օգնում: Ուրիշ ի՞նչ խորհուրդ կտաք: 

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Լուսինե։ Ձեզ հարկավոր է դիմել ԼՈՌ մասնագետի։

 

Անուն: Սյուզի

Հարց: Բարև Ձեզ: Իմ բալիկը 5 ամսական 28 օրական է, սակայն ձեռքը չի մեկնում և չի վերցնում խաղալիք կամ որևէ իր: Արդյո՞ք լուրջ խնդիր է դա: Եթե այո, ապա ի՞նչ մասնագետի մոտ պետք է տանել: Բայց երբ ես եմ տալիս՝ մոտեցնելով ձեռքին, բռնում և տանում է բերանը: Շատ շնորհակալություն: 

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Սյուզի։ Այդ տարիքում դա դեռ չի համարվում շեղում։ Սակայն եթե կոմպետենտ կարծիք եք ուզում լսել, դիմեք զարգացման մանկաբույժի։

  

Անուն: Անուշ

Հարց: Հարգելի բժիշկ, աղջիկս 13 ամսական է, ինքնուրույն քայլում է, բայց դեռ չի կարողանում նստած և պառկած տեղից ինքնուրույն կանգնել: Խնդրում եմ, ասացեք՝ դա նորմա՞լ է: Նախապես շնորհակալություն: 

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Անուշ։ 13 ամսականում ձեր երեխան կարող էր նույնիսկ չքայլել, և դա կհամարվեր նորմալ։ Այնպես որ մի անհանգստացեք, նա դեռ ժամանակ ունի՝ այդ հմտությունները ձեռք բերելու համար։

 

Անուն: Նառա

Հարց: Բարև Ձեզ, իմ փոքիկը 6 ամսական է: Վախենում եմ, որ աչքերը շեղ են, թեև բոլորն ասում են՝ կուղղվի: Ի՞նչ անեմ, միգուցե մանկաբույժի մոտ տանեմ: Խնդրում եմ` պատասխանեք իմ հարցին: 

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Նառա։ Աչքերի շլությունն այդքան վաղ հասակում չի ախտորոշվում, քանի որ մեծ հավանականություն կա, որ կուղղվի։ Սակայն եթե դա ձեզ անհանգստացնում է, դիմեք մանկական ակնաբուժի։

 

Անուն: Նելլի

Հարց: Իմ տղան 2.6 տարեկան է, և աղիները գործում են 3-4 օրը մեկ: Ի՞նչ կարելի է անել: 

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Նելլի։ Ձեզ հարկավոր է վերանայել երեխայի ռացիոնը։ Ավելացրեք բուսական սնունդ՝ բջջանյութով հարուստ։ Շատ հեղուկ տվեք երեխային։