«Փոքրիկիս մոտ վախից առաջացել է կակազություն. ի՞նչ խորհուրդ կտաք». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Անուն: Վիկա

Հարց: Բարև Ձեզ, բալիկս 1.6 տարեկան է: Նկատել եմ, երբ որևէ բանից նյարդայնանում է, գլխով մի տեղի է հարվածում: Ի՞նչ կարելի է անել:

 Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Վիկա։ Դա պարզապես վատ սովորույթ է...

Անուն: Անի

Հարց: Հարգելի բժիշկ, տղաս 3 տարեկան է, զարգանում է նորմալ, ոչ մի շեղում չեմ նկատել: Նախ ասեմ, որ ընտանիքում շփվում ենք 2 լեզվով` հայերեն և ռուսերեն: Խոսքը պարզ չէ. նա ամեն բան հասկանում է, բայց գրեթե ոչ մի բառ ճիշտ չի արտաբերում: Հասակակիցների հետ շփվում է  ճչալով, գոռալով ու նվնվալով: Լոգոպեդի դիմել եմ, սակայն ասել է` անհանգստանալու կարիք չկա:

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Անի։ Բազմալեզու ընտանիքների երեխաները ուշ են խոսում, դա նորմալ է։ Աշխատեք գոնե երեխայի հետ խոսել մեկ լեզվով, որպեսզի նա կենտրոնանա այդ լեզվի վրա։

Անուն: Ֆլորա

Հարց: Բարև Ձեզ, փոքրիկս 1 տարեկան երկու ամսական է: Երբևէ ուտելիքի, աղիների հետ կապված խնդիր չի ունեցել,բայց վերջերս պատահում է, որ ամեն օր դուրս չի գալիս, մի օր անցնում է մյուս օրն է դուրս գալիս, բայց նորմալ ու առանց միջամտության: Դա նորմա՞լ է, թե՞ մտահոգվելու կարիք կա:

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Ֆլորա։ Մարդու դեֆեկացիայի ակտը պետք է լինի 2 օրը մեկ անգամից մինչև օրը 2 անգամ։ Այնպես որ անհանգստանալու պատճառ չունեք։

Անուն: Նարինե

Հարց: Բարև Ձեզ, իմ աղջիկը 3.8 տարեկան է և կշռում է 13 կգ, շատ նիհար տեսք ունի: Ախորժակը բացող և քաշ ավելացնող ի՞նչ վիտամիններ կարող եք առաջարկել: Նախապես շնորհակալություն:

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Նարինե։ Կարող եք վերցնել ցանկացած վիտամինային կոմպլեքս տվյալ տարիքին համապատասխան դեղաչափով։

Անուն: Սուսաննա

Հարց: Ինչպե՞ս կարելի է վերացնել շլությունը:

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Սուսաննա։ Շլությունը վերացնելու համար պետք է դիմել մանկական ակնաբուժի։

Անուն: Արփինե

Հարց: Բարև Ձեզ, տղաս 2.5 տարեկան է, վախից նրա մոտ առաջացել է կակազություն: Ի՞նչ խորհուրդ կտաք, որ կարգավորվի երեխայի խոսելաձևը: Նախապես շնորհակալություն:

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Արփինե։ Կակազը ժառանգական նախատրամադրվածությունով խոսքի դեֆեկտ է, որը շատ հաճախ հենց վախից էլ առաջանում է։ Բուժման տարբեր տակտիկաներ կան, սակայն ոչ մեկը կայուն բավարար արդյունք չի բերում։ Շատ հաճախ տարիքի հետ կակազը զգալի նվազում է կամ պարզապես կակազող մարդը սովորում է այս կամ այն չափով կառավարել այն։

Անուն: Նվարդ

Հարց: Բարև Ձեզ: Փոքրիկս 10 ամսական է, արյան տոկոսը ցածր է` 80: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս բարձրացնեմ: Ես ցանկանում եմ սնունդով կարգավորել: Կասեք` ի՞նչ սնունդ տամ փոքրիկիս: Շնորհակալություն:

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Նվարդ։ Սակավաարյունությունը հնարավոր չէ վերականգնել սննդով։ Հարկավոր է  երկաթի պրեպարատների ընդունում։

Անուն: Վարդուհի

Հարց: Բարև Ձեզ, իմ երեխան 1 տարեկան 4 ամսական է: Սկսել է ճաշ չուտել, ինչ տալիս եմ, 3-4 գդալ ուտում է, մնացածը բերանն է առնում ու թափում: Մինչև 1 տարեկան շատ նորմալ ուտում էր: Խնդրում եմ ասեք` ի՞նչ անեմ, ինչի՞ց կարող է լինել: Նախապես շնորհակալություն:

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Վարդուհի։ Մի ստիպեք երեխային ուտել, դա էլ ավելի զզվանք կառաջացնի նրա մոտ ուտելիքի հանդեպ։ Պարզապես սպասեք մինչև նա ինքնուրույն կպահանջի ուտելիք։

Անուն: Մերի

Հարց: Բարև Ձեզ: Իմ փոքրիկը դեռ 1 ամսական է, բայց ունի փորկապություն. աղիները գործում են 10 օրը մեկ, մոմիկի օգնությամբ, բայց պինդ չէ: Սնվում է միայն կրծքի կաթով:

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Մերի։ Դա շատ մեծ ինտերվալ է։ Խորհուրդ կտամ  դիմել մանկական վիրաբույժի որևէ լուրջ խնդիրը հերքելու համար։

Անուն: Շողիկ

Հարց: Բարև Ձեզ: Ես կերակրող մայր եմ, երեխաս 3 ամսական է: Ինտերնետում կարդացել եմ սառույցով ճարպերից ազատվելու միջոցի մասին, կուզենայի իմանալ դա  արդյո՞ք  չի խանգարի կրծքով կերակրելուն:

 

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Շողիկ։ Ես չգիտեմ այդ մեթոդի մասին, սակայն եթե խոսքը միայն սառույցի մասին է, ապա կարող եք կիրառել։