«Փոքրիկս ծնված օրվանից սնվում է մայրական կաթով և հետ տալիս. ի՞նչը կարող է լինել պատճառը». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

 «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Լուսինե Գրիգորյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

 

 Շուշաննա

Հարց: Բարև Ձեզ: Փոքրիկիս աղիները 2 ամսականից սկսած գործում են շատ ուշ ու հիմնականում մոմիկներով: 5 ամսականում տեղափոխվեցինք ՌԴ, սկսեց գործել 1 օր դադարով: Հիմա վերադարձել ենք, նորից նույն խնդիրն է: Հնարավո՞ր է օդից լինի: Խնդրում եմ պատասխանել: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Հարգելի Շուշաննա, պետք է նշել «շատ ուշ» ասվածը ինչ հաճախություն ունի: Փորկապությունը առնվազն 2 կամ ավելի շաբաթների ընթացքում առկա` շաբաթական 2 անգամ կամ դրանից պակաս, դժվարացած կղազատությունն է: Եթե նշվածից հաճախ է գործում փորքրիկի աղիները, մոմիկի կարիք չկա: Կարգավորեք երեխայի սննդակարգը, օրվա ռեժիմը: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել բավարար քանակով հեղուկների ընդունմանը։

 

Անի

Հարց: Բարև Ձեզ, երեխաս 2 ամսական է, կրծքով եմ կերակրում: Ինձ մոտ ալերգիա է սկսվել. մարմնիս վրա բլթակատիպ բշտիկներ են առաջանում և քոր առաջացնում: Ասացեք խնդրում եմ`  կարո՞ղ եմ շարունակել կերակրել բալիկիս: Կանխավ շնորհակալություն

 

Պատասխան: Հարգելի Անի, ալերգիան կրծքով կերակրման հակացուցում չէ: Շարունակեք երեխային կերակրել կրծքով:

 

Աիդա

Հարց: Բարև Ձեզ: Իմ երեխան 3 ամսական է: Ծնված օրվանից սնվում է մայրական կաթով և հետ տալիս: Փորձել եմ կերակրել նաև արհեստական կերով, որը ուտելուց հետո հետ չի տվել: Ի՞նչ միջոցների կարող եմ դիմել որպեսզի երեխան հետ չտա: Ի՞նչ դեղորայքային միջոցներ կան: Ի՞նչը կարող է լինել պատճառը: Նշեմ, որ երեխան լավ աճում է:

Պատասխան: Հարգելի Աիդա, նորածինների մոտ փսխումները ֆիզիոլոգիական պրոցես են համարվում և պայմանավորված են ստամոքսի նյարդային և մկանային համակարգերի անբավարար զարգացմամբ: Շարունակեք կրծքով կերակրել երեխային, բայց հետևեք որ երեխան ճիշտ բռնի կուրծքը: Կրծքով կերակրման կանոնների խախտումերը կարող են բերել նրան, որ երեխան շատ օդ կուլ տա, որի հետևանքով փսխումները հաճախանան: Կերակրելուց հետո ուղղահայաց դիրքով պահեք երեխային 10-15 րոպե: Նորածինների համար նախատեսված հակափսխումային դեղորայք չկա: Եթե երեխան նորմալ աճում է, փսխումները ֆիզիոլոգիական պրոցես են համարվում և ժամանակի ընթացքում ինքնուրույն անցնում են:

Հասմիկ

Հարց: Տղաս 7 տարեկան է, դեմքը թեփոտվածություն ունի: Արդյոք, կարո՞ղ է լինել վիտամինի պակասից: Նախապես շնորհակալություն:

 

Պատասխան: Հարգելի Հասմիկ, վիտամինային անբավարարությունը կարող է արտահայտվել մաշկի չորությամբ և թեփոտվածությամբ:

Անուշ

Հարց: Բարև Ձեզ: Տղաս 2.5 տարեկան է, քնած ժամանակ շատ է շարժվում և ողնաշարը ուղիղ չի պահում: Որքան էլ փորձում եմ իրեն ուղղել, բայց միևնույն է փոխում է դիրքը ինչպես իրեն է հարմար, բարձը նույնպես հանում է հաճախ: Արդյո՞ք դա վտանգավոր չէ ողնաշարի համար, և ես ինչպե՞ս վարվեմ: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան: Հարգելի Անուշ, դա ողնաշարի համար վտանգավոր չէ: Թույլ տվեք երեխային հանգիստ քնել այն դիրքով, որով իրեն հարմար է:

Լիանա

Հարց: Բարև Ձեզ: Հարգելի բժիշկ, տղաս 2 տարեկան է: Թիկունքին խալի նման գոյացություն է առաջացել և մեծանում է: Վտանգավո՞ր է: Շնորհակալություն:

 

Պատասխան: Բարև Ձեզ, հարգելի Լիանա: Պետք է պարզել` ինչ գոյացություն է: Եթե իսկապես խալ է և սկսել է մեծանալ, ապա այո, վտանգավոր է: Շտապ դիմեք մաշկաբանի: