«Երեխայի դիրքը հետույքային է, պորտալարն էլ փաթաթված է պարանոցին. վտանգավո՞ր է արդյոք». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Շենգավիթ ԲԿ-ի մանակաբարձ-գինեկոլոգ Ռաֆայել Վլադիմիրի Թադևոսյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ին ուղղված հարցերի հերթական խմբաքանակին:

Աստղիկ 

Հարց: Բարև Ձեզ: Փետրվարի 25-ին իմ հղիությունը 19 շաբաթական 1 օր էր: Պտղի ձեռքերը և ոտքերը համապատասխանում էին ժամկետին, իսկ մարմինն ու գլուխը ոչ (18 շաբաթական 2 օր): Բժիշկը հանգստացրեց՝ ասելով` ամեն ինչ նորմալ է, բայց ես մի տեսակ անհանգիստ եմ: Նաև ավելացնեմ, որ ահավոր լարված եմ, արգանդս կծկված է: Կարո՞ղ է, արդյոք, լարվածությունը խնդրի պատճառ լինել: Իմ երկրորդ հղիությունն է:

Պատասխան: Հարգարժան Աստղիկ, արգանդի լարվածությունն ինքնին սպառնացող վտանգ է, անհրաժեշտ է դիմել բժշկին` պարզելու համար լարվածության պատճառը: Լարվածությունը կարող է պատճառ լինել վաղաժամ ծննդաբերության:

 

Անժել

Հարց: Բարև Ձեզ: Ունեմ 32 շաբաթական հղիություն, սակայն երեխայի դիրքը հետույքային է, իսկ պորտալարը երկշերտ փաթաթված է  պարանոցին: Վտանգավո՞ր է  կամ մինչ ծննդաբերելը հնարավո՞ր է ինքնիրեն դուրս գա պարանոցից: Այդ պատճառները խոչընդոտ չեն, արդյո՞ք, ինքնաթիռ նստելու համար. Կարո՞ղ եմ նստել ինքնաթիռ:

Ցանկանում եմ իմանալ Ձեր կարիծիքը. խնդրում եմ պատասխանեք:

Պատասխան: Հարգարժան Անժել, պտղի դիրքի փոփոխությունը հնարավոր է, իսկ պորտալարի հետ փաթաթումը հավանական է, եթե այն կիպ փաթաթված չէ պարանոցին:  Հաշվի առնելով առկա ռիսկերը` չի կարելի ինքնաթիռ նստել:

 

Լուսինե

Հարց: Բարև Ձեզ, պլանավորում եմ երկրորդ երեխան: 7 ամիս առաջ երկրորդ հղիությունս ավարտվեց, որից հետո անցել եմ բուժման կուրս, խնդիրներ չեն եղել, ուղղակի բորբոքումներ են եղել: Արդեն քանի ամիս է` չի ստացվում հղիանալ: Ցիկլի օրերին հետևում եմ նաև բազալ ջերմության գրաֆիկի միջոցով: Ըստ գրաֆիկի` ինձ մոտ նորմալ կատարվում է օվուլյացիա, ջերմաստիճանը նորմալ է երկու ֆազաներում, բայց միևնույն է, հղիություն տեղի չի ունենում: Խնդրում եմ, կասեք` ուրիշ ի՞նչ խնդիր կարող է լինել հղիությանը խանգարող: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան: Հարգարժան Լուսինե, անհրաժեշտ է կատարել լայնածավալ հետազոտություն՝ արգանադափողերի անցանելիության ստուգում, սպերմոգրամմայի քննություն, համատեղելիության ստուգում: Նշեք նաև, թե ո՞ր ժամկետում է գրանցվել վիժումը: Ամբողջական հետազոտությունից հետո մենք կստանանք Ձեր հարցի պատասխանը:

 

Կարինե

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Հղիության ընթացքում հիվանդացել եմ դեղնախտով և բուժվել: Հետագայում դա կարո՞ղ է խանգարել աղջկաս երեխա ունենալու հարցում կամ ի՞նչ ազդեցություն կարող է թողնել ընդհանրապես առողջության վրա: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Հարգարժան Կարինե, հարկ եմ համարում նշել` դեղնախտի  ո՞ր տեսակն է եղել, իսկ Ձեր հարցին հստակ կարող  է պատասխանել մանկաբույժը կամ վարակաբանը:

 

Անուշիկ

Հարց: Բարև Ձեզ, իմ առաջնեկը ծնվել է 1 տարի 1 ամիս առաջ: Առաջին դաշտանս տեսել եմ անցած ամսի 28-ին և արդեն 2 օր ուշացել է: Սեռական հարաբերություն ունեցել եմ 2 անգամ, բայց պաշտպանվել է ամուսինս: Հնարավո՞ր է՝ հղի լինեմ. որովայնիս շրջանում ցավեր ունեմ ինչպես դաշտանից առաջ, ինչպես նաև այս ուշացումը նորմա՞լ է: Կերակրում եմ կրծքով: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան: Հարգարժան Անուշիկ, առաջնային կարելի է կատարել հղիության թեսթ, իսկ խորհուրդ կտամ երեխային կտրել կրծքից: Հղիության առկայություն կրծքով կերակրման ժամանակ չի բացառվում, ուստի հղիության թեսթը կտա ձեր հարցի պատասխանը:

 

 Գայանե

 Հարց: Հարգելի բժիշկ, ես 35 շաբաթական հղի եմ: Արդեն մի քանի օր է՝ գրիպ եմ, խնդրում եմ, ասեք` դա որևէ կերպ կարո՞ղ է վնասել բալիկիս: Չեմ ջերմում, դեռ մի փոքր էլ ցածր է ջերմությունս (այսօր` 5.7), բայց հազում եմ: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Հարգարժան Գայանե, նախևառաջ պետք է դիմել թոքաբանի կամ վարակաբանի, պետք է ստուգել Ձեր թոքերը` խնդիրը հասկանալու համար: Իսկ ինչ վերաբերվում է բալիկին վնասելուն, նշեմ, որ ցանկացած ինֆեկցիոն հիվանդություն կարող է բացասական ազդեցություն ունենալ պտղի վրա:

 

Վիկա

Հարց: Բարև Ձեզ: Ես արդեն 11 ամիս է, ինչ ծննդաբերել եմ: Ամեն ինչ լավ է անցել, բայց մինչև հիմա դաշտան չեմ տեսել ու հաստատ գիտեմ, որ հղի չեմ: Ի՞նչ եք կարծում, արժե՞ անհանգստանալ և դիմել մասնագետի: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան: Հարգարժան Վիկա, եթե Դուք կանոնավոր կերակրում եք կրծքով, ապա հնարավոր է դաշտանի բացակայությունը:

 

Վիկա

Հարց: Բարև Ձեզ: Ինձ մոտ արտադրություն կա: Դիմել եմ բժշկի, ստուգեց ու ասաց` աջ ձվարանս բորբոքված է և մոմիկ նշանակեց, բայց չի օգնել: Խնդրում եմ, ասեք` ի՞նչ անեմ:

Պատասխան: Հարգարժան Վիկա, հարկավոր է նորից անցնել անհրաժեշտ հետազոտությունները ինֆեկցիաների հայտնաբերման նպատակով, ստանալ անտիբակտերիալ և հակաբորբոքային բուժում: