«Դաշտանի առաջին օրը քիչ քանակությամբ արյուն եմ նկատել ու հիմա ընդհատվել է: Ինչի՞ հետևանք կլինի դա». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Շենգավիթ ԲԿ-ի մանակաբարձ-գինեկոլոգ Ռաֆայել Վլադիմիրի Թադևոսյանը պատասխանել է«Իմ փոքրիկ»-ին ուղղված հարցերի հերթական խմբաքանակին:

Անի

Հարց: Բարև Ձեզ, ես 24 տարեկան եմ, ամուսնացած եմ: Դաշտանային ցիկլս նորմալ էր, բայց հիմա դաշտանի առաջին օրը քիչ քանակությամբ արյուն եմ նկատել ու հիմա ընդհատվել է: Ինչի՞ հետևանք կլինի դա: 20 օր է՝ արտադրություն կա ու տհաճ հոտ: 

Պատասխան: Հարգարժան Անի, անհրաժեշտ է անցնել հորմոնալ հետազոտություններ և ինֆեկցիաների բակտերոլոգիական հետազոտություն, որից հետո կհասկանանք խնդրի պատճառը:

 

 

Մարիաննա

Հարց: Հարգելի բժիշկ, նոր եմ ամուսնացել և ցիստիտով հիվանդ եմ, հիմա սկսել է դեղնականաչավուն արտադրություն գալ, թեև այլևս միզելիս սուր ցավեր չունեմ: Խնդրում եմ, ասեք` հնարավո՞ր է արտադրությունը կախված լինի ցիստիտից: Նաև ունեմ հաճախակի գլխապտույտներ և սրտխառնոց, հնարավո՞ր է՝ սա էլ ցիստիտի նշան լինի: Շնորհակալություն: 

Պատասխան: Հարգարժան Մարգարիտա, հնարավոր է արտադրության հետևանքով զարգանա ցիստիտ, միգուցե հաճախամիզությունը պայմանավորված լինի հղիությամբ, պետք է հերքել կամ հաստատել հղիության փաստը, այնուհետև բուժում նշանակել: Խորհուրդ` հղիության թեսթով պարզեք հղի եք, թե ոչ:

 

 

Լիլի

Հարց: Հարգելի բժիշկ, խնդրում եմ պատասխանեք: ՈՒՁՀ-ով ստուգել և ասել են, որ ձախ ձվարանում կա 1.7 սմ ձվաբջիջ, օվուլյուցիայի ժամանակ նորմալ ձվաբջիջներն ա՞յդ չափսի են լինում: Ունեմ սպիտակ, թանձր արտադրություն. դա նորմա՞լ է: Մեկ հարց ևս. հնարավո՞ր է դաշտանից 10 օր առաջ թեսթը ցույց տա հղիություն: Նախապես շնորհակալություն: 

Պատասխան: Հարգարժան Լիլի, ֆոլիկուլի չափսը համապատասխանաում է նորմային: Արտադրության բնույթը հասկանալու համար պետք է անցնել բուժզննում գինեկոլոգի մոտ:  Հղիության թեսթ խորհուրդ է տրվում կատարել սպասվող դաշտանի ուշացման դեպքում: 

 

Անուշ

Հարց: Բարև Ձեզ բժիշկ: Ես մեկ տարի առաջ եմ ծննդաբերել և մեկ ամիս առաջ եմ դաշտան տեսել, բայց այս ամիս չեմ տեսել: Հղիության թեսթ արել եմ, բայց բացասական էր: Արդեն 5 օր է` ուշացել է: Կերակրում եմ կրծքով, հնարավո՞ր է դրանից լինի: Շատ մտահոգված եմ, կարո՞ղ եք ասել` ինչն է պատճառը: Շնորհակալություն: 

Պատասխան: Հարգարժան Անուշ, կրծքով կերակրման դեպքում հնարավոր է վերը նշված ցիկլի խանգարումը: Խորհուրդ է տրվում մտածել կրծքով կերակրման դադարեցման մասին: