«Ինչպե՞ս պետք է փոքրիկին վարժեցնել մանկապարտեզին, որո՞նք են առաջին քայլերը ». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Հայարփի 
Հարց: Բարև Ձեզ, աղջիկս 4 տարեկան է: Կարծում եմ, ներկայումս հոգեսեռական զարգացման փուլում է, որի հետևանքով ոտքերը ամուր խփում է իրար ու ձգվում, պատահում է, երբ քրտնում է: Արդյո՞ք ճիշտ եմ, որ երեխաս հոգեսեռական զարգացման փուլում է: Փորձում եմ արգելք չհանդիսանալ, բայց նաև ունեմ որոշակի անհանգստություն: Անտեսե՞լ, թե արգելել: Արգելելու դեպքում դառնում է ավելի դյուրագրգիռ: Խնդրում եմ` առաջարկեք ճիշտ տարբերակ, որը չի վնասի երեխայի հոգեբանությանը: Շնորհակալություն:

 

Պատասխան: Առհասարակ երեխայի զարգացումն ընթանում է հարմոնիկ կերպով բոլոր ոլորտներում։ Ինչպես դրան նախորդող, այնպես էլ հաջորդող փուլերում զարգանում է ոչ միայն երեխայի հուզական, սոցիալական, ֆիզիկական ոլորտները, այնպես էլ հոգեսեռական ոլորտը։ Այդ շրջանում՝ ինքնաճանաչմանը զուգահեռ, ժամանակ առ ժամանակ կարող են նկատվել մանկական օնանիզմի երևույթներ։ Եթե դուք նկատում եք այդ երևույթը հաճախակի, պետք է դիմել մանկական հոգեբանի, քանի որ մանկական օնանիզմը երեխայի մոտ տագնապի ախտանշան կարող է լինել։

Բնական է՝ արգելել, բարկանալ չի կարելի, դա ոչ միայն չի օգնի, այլև կարող է ավելի լարվածություն առաջացնել։ Եթե դուք նկատում եք այդ երևույթը քնելուց առաջ, երբեմն-երբեմն, որոշ օրեր, ապա կարող եք անտեսել և փոքր-ինչ երեխայի հոգեբանական մթնոլորտը խաղաղեցնել։ Եթե դա նկատվում է ամեն օր, օրվա ընթացքում մի քանի անգամ, ապա դիմեք մանկական հոգեբանի։


Անի
Հարց: Բարև Ձեզ:  Աղջիկս 3 տարեկան է, հաճախում է մանկապարտեզ: Այնտեղ շատ ամաչկոտ, պասիվ և չշփվող է, մենակ է խաղում հիմնականում, իսկ տանը լրիվ հակառակ պատկերն է՝ շատ աշխույժ է, անընդհատ խոսում, պարում է, բայց նաև կամակոր է: Խնդրում եմ՝ օգնեք հասկանալ` որն է խնդիրը: Շնորհակալություն:

Պատասխան: Եթե ձեզ դուր չի գալիս երեխայի վարքը դրսում և հասակակիցների հետ, ապա դուք պիտի ուսումնասիրեք ձեր հարաբերությունները երեխայի հետ։ Սովորաբար  դրա մեջ է ամբողջ խնդիրը։ Երեխան կարող է դրսում ամաչկոտ լինել, եթե դուք շատ պահանջկոտ և քննադատող եք, բծախնդիր եք և նկատում եք բոլոր թերությունները։  Պատճառներից մեկն էլ կարող է լինել  տանն ավելորդ ուշադրության կենտրոն պահելը կամ  գերխնամքը: Առաջին դեպքում երեխան ինչպես ձեզ հետ, այնպես էլ դրսում վախենում է սխալվելուց։ Եթե նույնիսկ ձեզ հետ չի վախենում, ապա դրսում վախենում է, որովհետև հիշում է ձեր խրատներն ու ավելի զգուշավոր պահում իրեն։

Երկրորդ դեպքում երեխան երկչոտ է լինում դրսում, որովհետև այնտեղ նա այդքան ուշադրության կենտրոնում չէ, որքան տանը, և դա իր համար մի քիչ վախեցնող և օտար է, նա չի համարձակվում ակտիվ լինել, քանի որ չգիտի, թե ինչպես կարձագանքեն կողքինները։ Այսինքն՝ նա վստահ է, որ այնպես չեն արձագանքի, ինչպես տանը։

Երկու դեպքում էլ, պիտի փորձեք ձեր վերաբերմունքը փոխել երեխայի նկատմամբ։

 

Վարդուհի
Հարց: Բարև Ձեզ: Տղաս 1.7 տարեկան է: Վերջերս նկատել եմ, հենց մի բանից ներվայնանում է կամ իր ուզածը չեմ անում, գլուխը խփում է հատակին կամ պատին: Ես հասկանում եմ, որ այդ տարիքին բնորոշ հատկություն է ու փորձում եմ հնարավորինս համբերատարություն ցուցաբերել, օգտագործում եմ շեղելու մեթոդը, բայց միաժամանակ վախենում եմ: Ինչպե՞ս վարվեմ ու ի՞նչ կասեք այդ երևույթի մասին: Արդյո՞ք տեղին է մտահոգությունս, թե՞ տարիքային առանձնահատկություն է:

Պատասխան: Իրականում նման տարիքային առանձնահատկություն չկա, և բոլոր երեխաների համար այդ վարքն օրինաչափ համարել չի կարելի։ Լինում են դեպքեր, երբ երեխաները նման ձևով արտահայտում են իրենց ագրեսիան, իրենց դժգոհությունը և այլն։ Նման վարքը կարող է զուգակցվել նաև զարգացման տարբեր խնդիրների հետ։ Քանի որ ձեր նամակում որևէ այլ տեղեկություն չկա երեխայի զարգացման և վարքի այլ առանձնահատկությունների մասին, ես կդժվարանամ ասել՝ կարի՞ք կա անհանգստանալու, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ մանկաբույժը ևս կարող է գնահատել երեխայի զարգացումը այս տարիքում և կարող է ասել, դուք անհանգստանալու առիթ ունեք, թե ոչ։

 

Կարինե
Հարց: Բարև Ձեզ: Աղջիկս 1տ 10 ամսական է: Սկսում ենք հաճախել մանկապարտեզ: Խնդրում եմ, խորհուրդ տվեք` ինչպե՞ս սկսենք հաճախումները, որպեսզի աղջիկս հեշտ հարմարվի նոր միջավայրին և կարողանա բաժանվել մայրիկից: Կանխավ շնորհակալ եմ:

 

Պատասխան: Նախ՝ պետք է երեխային ուսումնասիրել և տեսնել՝ որքանով է երեխան պատրաստ պարտեզ հաճախելուն։ Եթե երեխան մինչ օրս երբեք չի մնացել այլ մեծահասակների հետ, երբեք մայրիկից չի բաժանվել, երբեք առիթ չի ունեցել երեխաների հետ երկարատև շփման, տանը միակ երեխան է և այլն, նա դժվար կհարմարվի պարտեզին։  Եթե ճիշտ հակառակը, այսինքն՝ երեխան շատ շփում է ունենում հասակակիցների և այլ տարիքի երեխաների հետ, մեծահասակներից վախ չունի, հանգիստ բաժանվում է մայրիկից, ինքնավստահ է և աշխույժ, ապա կարող է ավելի հեշտ բաժանվել։

Սակայն պիտի հիշեք, որ այս տարիքը դեռ վաղ է մայրիկից երկարատև բաժանումների համար։ Դրա համար ամենահարմար տարիքը 3 տարեկանն է։

Ինչ անել.

Բնականաբար պետք է աստիճանաբար սկսեք։ Մինչ պարտեզ տանելն  ապահովեք, որ երեխան հասակակիցների հետ շփվելու հնարավորություն ունենա, մի փոքր հեռու մնա ձեզանից, հավատա, որ գնալուց հետո դուք միշտ վերադառնում եք։ Կարևոր է, որ երեխան կարողանա արտահայտել իր ցանկություններն ու դժգոհությունը, իմանա շփվելու տարրական ձևեր, ունենա հմտություններ։

Եթե այդ ամենը կա, պետք է պարզապես երեխային աստիճանաբար սովորեցնել պարտեզի առօրյային, մայրիկից հեռու մնալուն։ Նախքան գնալը պետք է երեխայի հետ խոսել այդ մասին, մի քանի օր, անգամ շաբաթներ առաջ պետք է պատմել` ինչ է պարտեզը, կարելի է անգամ մի քանի անգամ այցելել ու ցույց տալ ամեն բան, ասել, թե ինքը ում կարող է դիմել, եթե ինչ-որ բանի կարիք ունենա, պետք է ասել, որ ձեզ անպայման զանգ կտան, եթե կարիք լինի, պետք է ասել, թե ինքն ինչ է անելու պարտեզում և ինչ չի կարելի անել, պետք է ասել, թե դուք ինչ եք անելու այդ ժամանակ։ Այսինքն՝ պետք է երեխային մաքսիմալ տեղեկություններ տալ, որ նրա նույնիսկ թաքուն հարցերը բավարարվեն։ Ինչպես նաև պետք է դրական կոնտակտ ստեղծել դաստիարակի հետ, որպեսզի երեխան նրան վստահի և սիրի։ Հակառակ դեպքում չի գնա։