«Տղաս շատ կամակոր է, մի բանը 100 անգամ պիտի ասեմ, որ անի. ինչպե՞ս վարվեմ». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

 

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

 

Արևիկ
Հարց: Բարև Ձեզ: Ինչպե՞ս կարելի է 5 տարեկան երեխայի միջից վերացնել եսասիրությունն ու նախանձը: Երեխան խանդում է, երբ իրենից փոքրին ուշադրություն են դարձնում, սակայն փոքրիկի ներկայությունից չի պակասել իր հանդեպ ուշադրությունը. երբ որևէ խաղալիք են նվիրում իրենից փոքրիկին, նա սկսում է խաղալ փոքրիկին նվիրած խաղալիքով:

Պատասխան: Այստեղ խնդիրը կամ ուշադրության ավելցուկն է կամ ուշադրության պակասը։ Երկուսի դեպքում էլ երեխան կարող է ագրեսիվ դառնալ, խանդել և չհանդուրժել մյուս երեխաների ներկայությունը, չկարողանալ կիսել ինչ-որ բան։ Որպեսզի այդ վարքը փոխվի, պետք է վերականգնել արդար և հանդուրժող հարաբերություններն ընտանիքում և հավասարակշռել երեխայի նկատմամբ վերաբերմունքը: Դա երբեմն դժվար է լինում, որովհետև ոչ միշտ են ծնողները նկատում իրենց վերաբերմունքի թերություններն ու բացթողումները։ Բայց կա մի կանոն, որ երեխան «վատ» վարք ունենում է, միայն երբ իրեն «վատ» է զգում։ Պետք է հասկանալ` ի՞նչն է պակասում երեխային, ինչի՞ կարիք նա ունի, որը չի բավարարվում:

 

Նվարդ
Հարց: Հարգելի մասնագետներ, երեխաս 5 տարեկան է: Արդեն մի քանի ամիս է՝ քնի մեջ ատամները կրճտացնում է: Ճի՞շտ է, արդյոք, կարծիքը, որ ճիճվի հետևանքով է, թե՞ հոգեբանական խնդիր է: Շնորհակալ եմ:

Պատասխան: Հնարավոր է, որ հոգեբանական պատճառներ ունենա, բայց պետք է հետազոտել, հետո միայն հստակ պատասխանել: Ատամները կրճտացնելը կապված է ինչպես սթրեսների, այնպես էլ ատամնաշարի և ծնոտի տարբեր անոմալիաների հետ: Դրանք բացառելուց հետո կարելի է դիտարկել միայն սթրեսային պատճառները: 

 

Անի
Հարց: Բարև Ձեզ: Տղաս 2.6 տարեկան է,  շատ ագրեսիվ ու նյարդային է: Ամեն ինչում կապրիզ է անում, չի ուզում լսել բացատրություն: Ի՞նչ կարող եմ անել: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Կամակորությունը խթանվում է ծնողների կողմից։ Եթե դուք կամակորություններին տեղի չտաք, եթե իր ցանկություններն ու պահանջները, որոնք կամակորությամբ է պահանջում, չանեք, բայց միևնույն ժամանակ հանգիստ ու խաղաղ մնաք, կամակորությունը կանցնի։ Բայց նյարդային ու ագրեսիվ լինելը շատ դժվար է կռահել, թե ինչից է։ Պետք է երեխային հետազոտել և ընտանեկան հարաբերությունները վերլուծել, որ հասկանանք, թե երեխայի վարքն ինչ պատճառներ ունի։ Ամեն դեպքում դուք ևս կարող եք ուսումնասիրել, թե ինչն է երեխայի վրա բացասաբար անդրադառնում։

 

Կարող եմ ասել, որ հստակ կանոնների բացակայությունը շատ վատ է անդրադառնում երեխայի վարքի ու հուզական վիճակի վրա։ Փորձեք սահմանել քիչ, բայց հստակ կանոններ, որոնք կպահվեն տան բոլոր անդամների կողմից։ 

 

Լուսի
Հարց: Բարև Ձեզ, հարգելի հոգեբան: Խնդրում եմ, օգնեք ռւ խորհուրդ տվեք: Արդեն 6 տարի է, ինչ ամուսնացած եմ, ամեն ինչ կարգին էր մինչև վերջերս: Վերջին 2-3 ամիսներն ամուսինս անտանելի է դարձել, անընդհատ վիճում ենք: Նա շատ է փոխվել, անգամ երեխաների հետ վերաբերմունքն է փոխել: Ես փորձել եմ պարզել` ինչ է կատարվում, բայց ապարդյուն. գոռում ու ասում է`  հոգնած եմ: Խնդրում եմ, մի խորհուրդ տվեք:

 

Պատասխան: Եթե մարդու վարքը փոխվել է, նշանակում է, որ նրա կյանքում որոշ պայմաններ ևս փոխվել են։ Դրանք կարող են լինել աշխատանքային, հարաբերությունների կամ առողջական խնդիրներ։ Շատ դժվար է, գրեթե անհնարին, այսպես մի քանի տողի միջոցով հասկանալ, թե ինչն է ձեր ամուսնու վարքի փոփոխության պատճառը, ինչպես նաև խորհուրդ տալ, թե ինչպես վարվեք կամ հասկանաք նրան։