Հղիությունը և տեսողությունը. ո՞ր դեպքում պետք է կատարվի կեսարյան հատում

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է Շենգավիթ բժշկական կենտրոնի տեսողության և լազերային կորեկցիայի կենտրոնի ակնաբույժ Էմմա Ղազարյանը

 

Հղիությունը կամ ծննդաբերությունը որքանով կարող է ազդել տեսողության վրա

Ե՛վ հղիությունը, և՛ ծննդաբերությունը որոշակի ազդեցություն կարող են ունենալ տեսողական համակարգի վրա` պայմանավորված օրգանիզմում հորմոնալ տեղաշարժերով: Հղիության ընթացքում երբեմն ի հայտ է գալիս կարճատեսություն կամ արդեն եղածն ավելանում է: Սակայն առաջացած խնդիրները, մեծամասբ, անցում են ծննդաբերությունից հետո:

Հղիության ժամանակ հորմոնալ փոփոխությունների հետևանքով առաջանում է աչքի չորության զգացողություն, և այդ ժամանակ կոնտակտային լինզաներ կրելն ավելի տհաճ և դժվար է դառնում, քան մինչ հղիությունը:

Բարորակ փոփոխությունները, ինչպիսիք են սրտխառնոցը, փսխումները անցնում են ծննդաբերությունից հետո: Նույնը կարելի է ասել և տեսողության հետ կապված խնդիրների մասին։ Սակայն եթե դիտվում է տեսողության կտրուկ վատացում կամ այլ ախտանշաններ` աչքերի առաջ սևանալ և այլն, դրանք արդեն վկայում են լուրջ խնդիրների մասին: Այս դեպքում ակնաբույժը, նկատելով օրգանիզմի նման փոփոխությունները, անհրաժեշտություն է համարում թե՛ ակնաբուժական, թե՛ գինեկոլոգիական լուրջ հետազոտությունները:

 

Ինչպե՞ս կանխարգելել

 

Ակնաբույժը ցուցում է տալիս, որ կան անոթների հետ կապված խնդիրներ, այնուհետև հետագա բուժումը շարունակում է հիմնական բուժող բժիշկը` գինեկոլոգը, մանկաբարձը: Հղիներին խորհուրդ եմ տալիս ավելի շատ լինել դրսում` մաքուր օդին, հեռուն նայել,  չծանրաբեռնել աչքերը` հեռախոսից կամ համակարգչից երկարատև օգտվելով:

 

Ո՞ր դեպքում է անհրաժեշտ լինում ծննդաբերել կեսարյան հատման ճանապարհով

 

Կեսարյան հատման ցուցում է հանդիսանում ցանցաթաղանթի վիճակը: Եթե ցանցաթաղանթում կան պատռվածքներ կամ բարձր աստիճանի կարճատեսություն, և ռիսկ կա, որ ծննդաբերական ճիգերի ժամանակ կարող է առաջանալ պատռվածք, շերտազատում, ապա այդ դեպքում խորհուրդ է տրվում ծննդաբերել կեսարյան հատման ճանապարհով: Իհարկե, վերջնական որոշումը կայացնում է բժիշկը, որի ցուցումով էլ կատարվում է կեսարյան հատում:

 

Կա՞ն աչքի հիվանդություններ, որոնք կարող են առաջանալ ծննդաբերության կամ հղիության հետևանքով

 

Ակնային խնդիրները, որոնք եղել են մինչ հղիությունը, ծննդաբերությունը, այդ ընթացքում կամ սրվում են կամ հանգստանում: Հղիությունից կամ ծննդաբերությունից առաջացած ակնային հիվանդություն չկա, որը կարող է լինել անբուժելի:

 

Ինչպե՞ս է կատարվում բուժումը

 

Կախված է նրանից, թե ինչ խնդիր է: Եթե բորբոքային խնդիրներ են առաջացել, ապա կատարվում է հակաբորբոքային բուժում: Տեսողության փոփոխությունների դեպքում խորհուրդ չի տրվում փոխել ակնոցը կամ կոնտակտային կորեկցիայի մեթոդը, քանի որ հետծննդաբերական շրջանում այդ փոփոխությունները կարող են վերանալ: Եթե փոփոխությունները նոր են և արտահայտված, առաջացել է բարձր աստիճանի կարճատեսություն, ապա նշանակվում է ժամանակավոր ակնոց:

 

Հղիության ընթացքում հնարավո՞ր է վիրահատական միջամտություն կատարել

 

Հղիության ժամանակ լազերային կորեկցիան ցանկալի չէ, քանի որ եղջերաթաղանթի փոփոխությունների հետևանքով ճշգրիտ հաշվարկները հնարավոր չեն: Դրա համար պետք է սպասել մինչեւ ծննդաբերություն, որից հետո կատարվում է վերջնահաշվարկ և համապատասխան միջամտություն: Եթե առաջացել է անհապաղ վիրահատական միջամտություն պահանջող խնդիր, օրինակ` շերտազատում, ապա այդ դեպքում կատարվում է վիրահատություն:

 

Որքանո՞վ կարող են ազդել պտղի վրա

 

 

Թեև կատարվում են տեղային անզգայացմամբ, սակայն մասնակիորեն կարող է ազդել պտղի վրա: Հստակ տվյալներ չկան, որ կարողանանք ասել՝ ազդում են, թե ոչ, ուստի հղիության ընթացքում  հաշվի ենք առնում` որքանով ենք վնասում և որքանով ենք օգնում: Եթե մասնագետը գտնում է, որ ռիսկն ավելի մեծ է, քան օգուտը, տվյալ դեպքում վիրահատություն չի կատարվում, սակայն հազվադեպ` այլ տարբերակ չլինելու դեպքում,  կատարվում է վիրահատություն: