«Ինչպե՞ս կարելի է տղա երեխա պլանավորել». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ին ուղղված հարցերի հերթական խմբաքանակին:

 

Անի

Հարց: Բարև Ձեզ: 6 տարի է ամուսնացած ենք, ամուսինս 29 տարեկան է և ոչ հաճախ` 2-3 ամիսը մեկ, գիշերամիզություն է ունենում: 6 ամիս է իր մոտ սեռական ցանկություն չի առաջանում: Խնդրում եմ, պատասխանեք` մեկը մյուսի հետ կապվա՞ծ է և ի՞նչ խորհուրդ կտաք կամ ի՞նչ դեղորայք կարելի է օգտագործել:

Պատասխան: Պետք է նշել, որ միզարձակման  և սեռական ֆունկցիայի /հատկապես սեմնաժայթքման/ ողնուղեղային և կեղևային կենտրոնները որոշակի կապվածություն ունեն իրար հետ: Առաջնային վաղաժամ սերմնաժայթքում ունեցող պացիենտների մոտ հաճախ արձանագրվել է գիշերամիզություն: Սակայն սեռական ցանկության բացակայությունը կամ իջեցումը հնարավոր է պայմանավորված լինի այլ սեքսոլոգիական մեխանիզմներով: Գիշերամիզությունը բազմագործոն խնդիր է և պահանջում է մի շարք մասնագետների համատեղ ուսումնասիրություն:

Ռուզաննա

Հարց: Բարև Ձեզ: Հարաբերություններ եմ ունեցել  զուգընկերոջս հետ, սակայն ցավ և արյան հետքեր չեն եղել: Ցանկանում եմ դիմել բժշկի պարզելու համար` կուսաթաղանթը պատռվե՞լ է, թե ինչ-որ խնդիր կա: Կասեք` ինչ մասնագետի պետք է դիմել: Արդյո՞ք բարդ գործընթաց է, և առհասարակ ստուգումն  ի՞նչ կերպ է իրականացվում:

Պատասխան: Այս հարցում պետք է հաշվի առնել մի շարք գործոններ. նախ, արդյոք, սեռական հարաբերությունը սեքսոլոգիական տեսանկյունից լիարժեք է  տեղի ունեցել, առկա են կուսաթաղանթի զարգացման անոմալիաներ՝ ձևի, տեղադրության, էլաստիկության և այլն: Բժշկական զննությունն այս առումով բարդ չէ և լիարժեք տալիս է ձեր բոլոր հարցերի պատասխանը:

Մայա

Հարց: Բարև Ձեզ: Մոտ մեկ ամսական հղի եմ, ինչպե՞ս կարող եմ կանխել հղիությունս: Խոտաբույսեր եմ խմել, բայց օգուտ չի տվել:

Պատասխան: Հղիության ընդհատումը պետք է իրականացնել բացառապես բժշկական ցուցումներով, բուժհիմնարկում և մանկաբարձ-գինեկոլոգի անմիջական հսկողությամբ:

Լիլիթ

Հարց: Հարգելի բժիշկ, ինչպե՞ս  կարելի է տղա երեխա պլանավորել:

Պատասխան: Հայտնի են սեռի պլանավորման 120-ից ավելի մեթոդներ՝ չինական (հիմնված կնոջ տարիքի և բեղմնավորման ամսվա վրա), ճապոնական, օվուլյացիոն մեթոդ (Y պարունակող սերմնաբջիջները՝ «արական սերմնաբջիջներ», առավել ակտիվ և թեթև են, սակայն քիչ կենսունակ, հետևաբար տղա ունենալու համար պետք է սիրով զբաղվել ճիշտ ձվազատման օրը), արյան թարմացման մեթոդ՝ տղամարդու մոտ արյունը «փոխվում է» 4 տարում, իսկ կնոջ մոտ` 3: Կնոջ տարիքը բաժանում են 3-ի, ամուսնունը՝ 4-ի, որի մնացորդը մեծ է՝ այսինքն արյունը թարմ է (ուժեղ է),  այդ սեռի երեխա էլ կբեղմնավորվի: Ռեզուս բացասական արյան դեպքում ճիշտ հակառակը:

Աշխարհում ծնված 100 աղջկա հաշվով միջինը ծնվում է 105 տղա: Բնությունը կարգավորելով սեռերի փոխհարաբերությունը հաշվի է առնում տղաների ավելի բարձր մահացությունը՝ կյանքի առաջին տարում մոտ 30% բարձր է, ինչը պահպանվում է նաև ամբողջ կյանքի ընթացքում: ԱՀԿ-ի տվյալներով բնակչության 49,7% կանայք են, 60 միլիոն աղջիկ «ֆիլտրացվել են» ընտրողական աբորտների հետևանքով:

Գիտականորեն ապացուցված է, որ ներարգանդային շրջանում երեխան զգում է իր մերժված լինելը, երբ իր սեռը չի համընկնում ծնողների սպասմանը և հետո նրա մոտ պահպանվում է այն զգացումը, որ իր սեռի հետ ինչ-որ բան այն չէ, դա կարող է նաև հետագայում խանգարել երեխայի սոցիալական վարքագծին և հանգեցնել իր սեռի նկատմամբ անվստահության, երբեմն նաև տրանսսեքսուալիզմի:

Որևէ մեթոդ չի ապահովում 50%-ից ավելի արդյունավետություն, այսինքն այնքան, որքան բնությունը կաներ,ավելին, մարդկային այդպիսի ներգործությունը բացասական է անդրադառնում սեռերի փոխհարաբերության բնական հավասարակշռող մեխանիզմների վրա: Եվ վերջում, ես Ձեզ համար վառ օրինակ`ունեմ 3 աղջիկ և շատ երջանիկ եմ նրանցով:

 Վիկտորյա

Հարց: Հարգելի բժիշկ, ես 20 տարեկան եմ, ամուսնացած եմ: Ունեմ մեկ երեխա` 11 ամսականկերակրում եմ կրծքով: 10 ամիս դաշտանային ցիկլ չեմ ունեցել, մեկ ամիս առաջ ցիկլը սկսվել է նորմալ, բայց այս ամիս սկսվել է 4 օր շուտ և ոչ կանոնավոր. ամեն օր շատ քիչ քանակությամբ է արյուն գալիս: Ուզում եմ իմանալ, արդյո՞ք, դա նորմալ է, թե ոչ: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Ընդհանրապես, կրծքով կերակրման ժամանակ հաճախ կարող են արձանագրվել դաշտանային ֆունկցիայի խանգարումներ /հայտնի է, որ այդ ժամանակ բարձր է պրոլակտին հորմոնի մակարդակը, որը որոշակի ճնշում է մյուս սեռական հորմոնների արտադրությունը/,  սակայն անհրաժեշտ է խորհրդակցել մանկաբարձ-գինեկոլոգի հետ՝ առավել ճշգրիտ ինֆորմացիա իմանալու համար ձեր ներկայացրած գանգատի վերաբերյալ: