Ո՞վ և ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի երեխայի խնամքի նպաստը ստանալու համար և ու՞մ դիմել գանգատների դեպքում

Հարց/Պատասխան

2016 թվականի հունվարի 1-ից պարզեցվել է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի կամ խնամքի նպաստի նշանակման կարգը:

Այս թեմայով «Իմ փոքրիկ»-ի հարցերին պատասխանում է ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Արամայիս Շահբեկյանը: 

 

Ովքե՞ր ունեն երեխայի խնամքի նպաստի իրավունք: 

 

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն երեխայի` ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:

 

Ի՞նչ ժամկետներում է նշանակվում նպաստը:

 

Ներկայացված փաստաթղթերի և առկա տեղեկատվության հիման վրա, տարածքային բաժին դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, որոշում է՝

 

1) նշանակել (հաջորդող ամիսը վճարել խնամքի նպաստը):

 

2) մերժել խնամքի նպաստ նշանակելը և դրա մասին տեղեկացնել դիմողին:

 

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ խնամքի նպաստի դիմելու համար, ո՞վ կարող է դիմել և որտե՞ղ:

 

Շահառուի անձը հաստատող փաստաթղթեր` անձնագիր, ՀԾՀ կամ նույնականացման քարտ և նորածնի ծննդյան վկայականն ու հանրային ծառայությունների համարանիշը: Երրորդ անձի դիմելու դեպքում, վերը նշված փաստաթղթերից բացիդիմողի անձը հաստատտող փաստաթղթերը` անձնագիր, ՀԾՀ կամ նույնականացման քարտ:

 

Ո՞ր ժամանակահատվածի համար է նշանակվում խմանքի նպաստը:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում՝ արձակուրդի նշանակման հաջորդող ամսվանից մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:

 

Կարո՞ղ են, արդյոք,  նպաստը ստանալ նաև անկանխին:

 

Նպաստը վճարվում է թե կանխիկ, թե անկանխիկ եղանակով՝ շահառուի ցանկությանը համապատասխան: 

Վճարման ծառայություններ մատուցող ընկերությունների ցանկին կարող եք ծանոթանալ www.ssss.am կայքի «նպաստների վճարման ծառայություններ» բաժնից:

 

Եթե երեխան բնակվում է, օրինակ, Երևանում, բայց գրանցված է այլ տեղ, նման դեպքերում ի՞նչ պետք է անել, որտե՞ղ հաշվառել:

 

Նպաստի նշանակման համար, միայն անհարաժեշտ է, որ շահառուն դիմի իր բնակության պետական ռեգիստրում հաշվառված հասցեն սպասարկող ՍԱՊԾ տարածքային բաժին:

 

Ու՞մ դիմել խնդիրների, բողոքների  դեպքում:

 

 

Խնդիրների, դիմում-բողոքների, առաջարկությունների համար դիմել սոցիալական թեժ գիծ 114:  Երևանի քաղաքային և բոլոր բջջայիններից զանգն անվճար է: