«Մինչև ե՞րբ երեխան պետք է ուտի կաթնախառնուրդ». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Լուսինե Գրիգորյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի  ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

 Լիլիթ

Հարց: Հարգելի բժիշկ, իմ աղջիկը մեկ ամսից կդառնա 2 տարեկան: Վերջին ժամանակներում հաճախ է ունենում փորկապություն: Ուտում է ամեն տեսակի ճաշ (ապուրներ և չոր ճաշեր), օրական երկու անգամ կովի կաթ է խմում առանց շաքարավազի: Գուցե դրանի՞ց է, թե ուրիշ խնդիր կա:

Պատասխան: Հարգելի Լիլիթ, փորկապությունն  առնվազն 2 կամ ավելի շաբաթների ընթացքում առկա հազվակի` շաբաթական 2 անգամ կամ դրանից պակաս, դժվարացած կղազատություն է: Եթե նշվածից հաճախ են  գործում փորքրիկի աղիները, անհանգստանալու կարիք չկա: Կարգավորեք երեխայի սննդակարգը, օրվա ռեժիմը: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել բավարար քանակով հեղուկների ընդունմանը:

Վարդուհի

Հարց: Ինձ մոտ 16 շաբաթական հղիություն է և ուլտրաձայնային հետազոտության արդյունքում ախտորոշվել է աղձիկ: Հնարավո՞ր է, որ բժիշկը սխալվի: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան: Հարգելի  Վարդուհի, սխալ լինելու հավանականությունը շատ փոքր է, բայց այդպիսի դեպքեր լինում են:

Եղիսաբեթ

Հարց: Բարև Ձեզ, ճի՞շտ է, որ ճիճվի դեմ տված բոլոր դեղերը վնասում են երեխայի լյարդը,  ի՞նչ կասեք Վերմոքսի մասին:

Պատասխան: Հարգելի  Եղիսաբեթ, Ձեր նշած դեղորայքը կարող է վնասել լյարդը: Այն ընդհանրապես հակացուցված է մինչև 2 տարեկան երեխաներին:

Անի

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ, փոքրիկս մեկ տարեկան և մեկ ամսական է: Նա առավոտյան  ուտում է Հիպպ օրգանիկ երեք, որը սկսել եմ տալ տասն ամսականից: Ինձ հետաքրքրում է` մինչև ե՞րբ պետք է ուտի կաթնախառնուրդ:

Պատասխան: Հարգելի Անի, արդեն կարող եք կաթնախառնուրդը հանել երեխայի սննդակարգից:

Աննա

Հարց: Բարև Ձեզ: Տղաս 2.8 տարեկան է, լեզվի վրա փառ է լինում և անցնում: Մտածեցինք ճիճու ունի, դրանից է, դեղեր խմեց անցավ, հիմա նորից է եղել: Խնդրում եմ պատասխանեք` ինչի՞ց կլինիՆախապես շնորհակալություն:

Պատասխան: Հարգելի Աննա, պետք է ավելի մանրամասն նկարագրել` ինչ բնույթի փառ է: Փառ կարող է առաջանալ նաև սնկային և բակտերիալ հիվանդությունների ժամանակ: Անհրաժեշտ է հետազոտել փոքրիկին:

Մարիամ

Հարց: Երեխաս 8 ամսական է, տաքություն ունի, նաև հազում է և խեղդվում: Ինչի՞ց կարող է նման բան լինել:

Պատասխան: Հարգելի Մարիամ, պատճառը պարզելու համար անհրաժեշտ է հետազոտել երեխային: Հնարավոր է լինի սուր ռեսպիրատոր վիրուսային ինֆեկցիա, բրոնխիտ, թոքաբորբ և մի շարք այլ հիվանդություններ: Կոնկրետ պատճառը պարզելու համար դիմեք ձեր տեղամասային մանկաբույժին և անցեք համապատասխան հետազոտությունները: