«Սկեսուրս երեխայի տակդիրը փոխելիս համբուրում է սեռական օրգանները. ինչպե՞ս բացատրեմ, որ չի կարելի». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:


Աննա
Հարց: Բարև Ձեզ: Տղաս 3 տարեկան է, ամբողջությամբ չի խոսում. արտաբերում է գրեթե բոլոր բառերը, բայց յուրաքանչյուր բառը 2 անգամ, նախադասություններ չի ասում: Շատ եմ անհանգստանում, որ բառերը 2 անգամ է ասում. ինչպե՞ս վերացնեմ այդ սովորությունը:

 

Պատասխան: Նախևառաջ պետք է հասկանալ, թե ինչ երևույթ է երկու անգամ կրկնելը: Կարող է լինել կակազություն, կարող է լինել էխոլալիա, կարող է լինել մեկ այլ խնդիր: Հստակ որոշելու համար անհրաժեշտ է անպայման մասնագետի դիմել: Բացի բառերը կրկնելը, դուք այս դեպքում ունեք նաև խոսքի զարգացման հապաղում, այսինքն` երեխայի լիարժեք խոսքը ուշանում է: Այս դեպքում ևս պետք է ապահովության համար մասնագետի հետ հանդիպել: Լինում են դեպքեր, երբ դա լրիվ նորմալ է, և երեխան իր յուրահատուկ տեմպով է զարգանում, հետեւաբար պետք է սպասել: Բայց դեպքեր կան, որ չի կարելի սպասել և պետք է երեխային օգնել, քանի որ խոսքի զարգացման զգայուն շրջանը կարող է անցնել և հետագայում ավելի դժվար կլինի կամ անհնարին՝ լրացնել այդ բացը: Խորհուրդ եմ տալիս անպայման դիմել լոգոպեդի և զարգացման մանկաբույժի կամ մանկական հոգեբանի, ով զբաղվում է զարգացման խնդիրներով:


Լիլիթ
Հարց: Հարգելի բժիշկ, քրոջս որդին 4 տարեկան է, ինձ հետ շատ կապված է, բայց նշանածիս չի ընդունում. նրա ներկայությամբ չափազանց ագրեսիվ է իրեն դրսևորում, լացում է (առհասարակ նա այդպիսին չէ): Փորձել եմ ամենատարբեր եղանակները. ներկայացրել եմ նրան որպես հեքիաթի հերոս, համեմատել եմ իր ծնողների հետ, նշանածս նրա համար գնում է այն, ինչ սիրում է, բայց ոչ մի փոփոխություն: Ինքս համարում եմ մանկական խանդի դրսևորում: Ի՞նչ խորհուրդ կտաք անել: Նախապես շնորհակալ եմ:

 

Պատասխան: Ձեր նկարագրածից ինձ մոտ ևս ստեղծվեց տպավորություն, որ դա խանդ է: Եթե իսկապես այդպես է, ապա ժամանակ տվեք երեխային ինքնուրույն հաղթահարել այդ խնդիրը: Շատ մի ստիպեք փոխել վերաբերմունքը, ժամանակ տվեք դրան: Թույլ տվեք, որ երեխան ինքն աստիճանաբար համակերպվի այն փաստի հետ, որ մենք մեր սիրելի մարդկանց ստիպված ենք կիսել այլ մարդկանց հետ:

Այս փուլում որքան դուք շատ քայլեր ձեռնարկեք, նվերներով և այլ մոտեցման ձևերով փորձեք ազդել երեխայի վերաբերմունքի վրա, այնքան ավելի կխորանա խնդիրը, երեխան ավելի կհամառի: Հնարավորինս անտեսեք խնդիրը և հանգիստ շարունակեք ձեր սովորական կյանքը:

 

Մարթա
Հարց: Բարև Ձեզ: Երեխաս 1.8 տարեկան է, արական սեռի: 2 օր առաջ դուրս ենք եկել զբոսանքի, նկատել եմ, որ քայլելիս  վախենում է իր և մնացած շողքերից: Քայլելիս հենց նկատեց շողքը,  լացակումած ասաց, որ գրկեմ, որ վախենում է: Այդ օրվանից մինչև հիմա, երբ հիշում է, վախենում է գետնին կանգնել, շատ ժամանակ էլ ուզում է, որ գրկեմ: Խնդրում եմ, ասեք` ինչպե՞ս վարվեմ: Կանխավ շնորհակալություն:

 

Պատասխան: Երեխայի համար ապահով վայրում, ուրախ միջավայրում փորձեք շողքերի հետ խաղեր կազմակերպել: Ուրախ, ծիծաղելի պատկերներ ստացեք շողքի միջոցով: Բազմաթիվ պատկերներ կարելի է ստանալ պատի վրա շողքեր գցելով: Ձեր պատշգամբում միասին խաղացեք շողքերի հետ, տարբեր վարժություններ արեք, ցույց տվեք` ինչպես է դա տեղի ունենում: Բայց մի ակնարկեք առհասարակ վախի մասին, ցույց մի տվեք, որ դա անում եք՝ իր վախը հաղթահարելու համար, դա արեք խաղի նման, պարզապես խաղացեք: Մի որոշ ժամանակ էլ ուղղակի համբերեք, երեխան ինքնուրույն  կհասկանա, որ դա վախենալու բան չէ:

 

Անուշ
Հարց: Բարև Ձեզ, բալիկս 5 տարեկան է: Վերջերս շատ է հարցնում եկեղեցու, Աստծո մասին: Որքան փորձում եմ իրեն հասանելի բացատրել, այնքան հարցերը շատանում են: Այնպիսի հարցեր է տալիս, որ չեմ կարողանում ճիշտ մոտենալ հարցին. օրինակ` մամա ունի, բալիկ ունի, երկնքում ոնց կարող է ապրել, բա հաց չի ուտում..... Չգիտեմ` ինչպե՞ս մոտենալ հարցին, որ և՛ չհորինեմ, և՛ չխեղաթյուրեմ իրականությունը: Կանխավ շնորհակալ եմ:

 

Պատասխան: Հարգելի Անուշ, երեխային ասեք միայն այնքանը, որքանը երեխան կարող է հասկանալ: Չեմ կարծում, որ պետք է երեխային խորապես ծանոթացնել այդ հասկացությունների հետ, որովհետև երեխան, ինչպես դուք էլ տեսնում եք, լավ չի հասկանում և իր մեջ հարցեր են մնում: Փորձեք հնարավորինս հեքիաթային ձևով բացատրել, այնքան տեղեկություններ տալով, որքանը որ երեխային դրական պատկերացում կտա կյանքի ու աշխարհի մասին և կստեղծի պաշտպանվածության, ապահովության զգացում: Ոչ մի դեպքում երեխայի մեջ պետք չի վախ մտցնել, որ եթե դու վատ բան անես, ինքը կտեսնի, ինքը մեզ կպատժի և այլն:

 

Թամարա
Հարց: Բարև Ձեզ, բալիկս 2.4 տարեկան է: Վերջին շրջանում հաճախ հիվանդանալուց հետո դարձել է շատ կոմպլեքսավորված, վախկոտ (ամեն աննշան բանից վախենում է), իր հասակակիցների հետ չի շփվում, միայն մեր ընտանիքի անդամների: Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս վարվեմ, միգուցե իմ ու նրա միջև չափից ավելի կապվածությունն է խանգարում
:

 

Պատասխան: Չափից ավելի կապվածությունը, չնայած ես չգիտեմ, թե դուք ինչն եք համարում չափից ավելի, բայց միշտ խանգարում է ինքնուրույնությանը և ինքնավստահությանը: Դա՝ մի կողմ:


Ինչ վերաբերում է երկարատև և հաճախակի հիվանդանալու արդյունքում երեխայի վարքի և հուզական ոլորտի փոփոխությանը, ապա դա կարող է լինել և՛ հիվանդությունների հետևանք, և՛ պատճառ: Ասեմ՝ ինչու
՞: Երեխայի հոգեկան և ֆիզիկական ոլորտներն իրար հետ սերտորեն կապված են, երեխան կարող է շատ հիվանդանալ և՛ հոգեբանական խնդիրների հետևանքով, և՛ կարող է հոգեբանական խնդիրներ ձեռք բերել հաճախակի հիվանդանալու արդյունքում:
Եթե դուք նշում եք չափազանց կապվածության մասին, հնարավոր է, որ երեխան մեծանում է տագնապային մթնոլորտում և տագնապային մայրիկի դաստիարակության ներքո, որի արդյունքում ունի թույլ իմունիտետ և ցածր ինքնագնահատական:
Բայց այս բոլորը ենթադրություններ են, քանի որ ձեր հարցից դժվար է տեղեկություններ ստանալ և հասկանալ խնդիրը:

 

Աղասի
Հարց: Բարև Ձեզ: Տղաս 7 տարեկան է: Երբ գիշերվա քուն է մտած լինում ու մի տեղից տեղափոխում ենք մեկ այլ տեղ, օրինակ` հյուրասենյակում է քնել, տեղափոխում ենք իր անկողին, սկսում է անկանոն բարձր ծիծաղել: Ձայն ենք տալիս, չի արթնանում, քնի մեջ է լինում: Խնդրում եմ, ասեք` ի՞նչ  անենք, անհանգստացած ենք, Շնորհակալություն:

Պատասխան: Կարևոր է, թե որքան ժամանակ է այդ ամենը շարունակվում, ինչպես նաև ինչպիսի վարք է դրսևորում երեխան ցերեկը, ինչպես է առհասարակ քնում: Եթե միայն այդ ծիծաղն է,  ապա միայն դա խնդիր չէ: Պետք է տեսնել՝ մյուս ոլորտներում արդյո՞ք ամեն բան կարգին և հարմոնիկ է ընթանում: Միայն այդ դրվագով շատ դժվար է որևէ բան ստույգ ասել:

Եթե անհանգստացած եք, դիմեք մասնագետի և երեխայի հետ միասին մեկ անգամ այցելեք, անցեք մասնագիտական զննում և ստացեք հստակ պատասխաններ ձեր հարցերին: Դիմեք մանկական հոգեբանի:

 

Տաթևիկ
Հարց: Բարև Ձեզ: Ես մի շատ նուրբ հարց ունեմ երեխայիս հետ կապված: Սկեսուրս ամեն անգամ երեխայի տակդիրը փոխելիս համբուրում է երեխայի սեռական օրգանները: Ես գիտեմ, որ դա վատ հետևանքներ կարող է ունենալ: Խնդրում եմ, ինձ մասնագիտական խորհուրդ է պետք, և եթե հնարավոր է, հայերեն լեզվով նյութ նրա և ցանկացած լեզվով նյութ ինձ համար: Նախապես շնորհակալություն:

 

Պատասխան: Նյութի առումով ասեմ, որ մենք անպայման կանդրադառնանք այդ հարցին առաջիկա հոդվածներում: Ինչ վերաբերում է այդ իրավիճակի կառավարմանը, ապա փորձեք ինքներդ երեխայի տակդիրը փոխել: Հնարավորության դեպքում պարզապես ասեք ձեր սկեսուրին, որ ձեզ դուր չի գալիս այդ արարքը, որ ամեն դեպքում դա տգեղ բան է: Եթե որևէ աստիճանի գրագիտություն ունեցող մարդ է, ապա ասեք, որ անկախ ամեն ինչից, երեխայի սեռական օրգանները որևէ կերպ գրգռելը, ավելորդ անգամ ձեռք տալը կարող է երեխայի մոտ հաճելի զգացողություններ առաջացնել, ինչը ցանկալի չէ փոքր տարիքի երեխաների համար: Իսկ ավելի լուրջ, կարող եք ասել, որ երկրներ կան, որտեղ այդ գործողությունը կհամարվեր արյունապղծություն:

Ինչպես նաև դա ցանկալի չէ կողքի երեխաների դաստիարակության առումով, երեխաները կարող են կրկնօրինակել այդ վարքը, համարել դա նորմալ, վարվել նման կերպ բոլոր այլ երեխաների հետ և այլն:

Եթե այս ամենը նրան չօգնի, պարզապես ասեք, որ դա ձեզ դուր չի գալիս, թող երեխայի մարմնի այլ մասեր համբուրի: