«Ի՞նչ անեմ, որ չմտածեմ երեխա ունենալու մասին». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

 

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին: 

 

Հռիփսիմե
Հարց: Բարև Ձեզ: Տղաս 1.11 տարեկան է: Մոտ 1 ամիս է, ինչ գնում
է մանկապարտեզ, նրա մոտ ի հայտ է եկել ագրեսիվ պահվածք. ծեծում է երեխաներին, երբ տեսնում է որևէ մեքենա` ծանոթ, թե անծանոթ, ուզում է նստել և ոչ մի կերպ չեմ կարողանում շեղել:  Լացում է: Կամ երբ հայրիկին է տեսնում, նորից մեքենա է ուզում նստել, և այդպես բոլոր  նրանց մեքենան, որ գիտի՝ մեքենա ունեն: Ինչպե՞ս վարվեմ:

 

Պատասխան: Ագրեսիայի առաջին իսկ դրսևորումների դեպքում հստակ ցույց տվեք, որ դուք չեք հավանում այդ վարքը: Մի վախեցրեք, մի պատժեք երեխային, բայց շատ հստակ և լուրջ դեմքի արտահայտությամբ ասեք, որ դա վատ է և չի կարելի անել նման բան: Հետո փորձեք հասկանալ` ինչն է դրա պատճառը: Ագրեսիայի պատճառը կարող է լինել երեխայի նկատմամբ ագրեսիան, խստապահանջությունը, անընդհատ դիտողություններն ու քննադատությունը, ինչպես նաև երեխան կարող է ագրեսիվ դառնալ, երբ նրա բոլոր ցանկությունները կատարվում են, երբ շրջապատի մեծահասկաները դառնում են երեխայի կամակատարը: Փորձեք բացառել այդ բոլոր տարբերակները:


Ինչ վերաբերում է այլ մարդկանց մեքենան նստելուն, պարզապես արգելում եք և վերջ: Եթե ամեն անգամ չփորձեք ինչ-որ ձևով կատարել երեխայի ցանկությունները, ապա նրա մոտ նման բաները սովորություն չեն դառնա: Պահանջում է, դուք էլ ասում եք
՝ չենք կարող և վերջ: Որոշ ժամանակ հետո երեխան դադարում է պահանջել՝ վստահ լինելով, որ դուք դա թույլ չեք տա:

 

Տաթև
Հարց: Բարև Ձեզ: Աղջիկս 8 ամսական է: Մի շաբաթ է
՝ շատ անհանգիստ է. ցերեկը չի քնում. երբ փորձում եմ քնեցնել, դիմադրում է, չի քնում: Եթե հաջողվում է քնեցնել, ապա շատ անհանգիստ է լինում, քնի մեջ լաց է լինում, վեր է թռչում, շատ քիչ է քնում, արթնանալիս լաց է լինում: Ես այդ վիճակը կապում եմ երեխայի վախեցած լինելու հետ: Հնարավո՞ր է ձայներից վախենալու դեպքում նման հետևանքներ լինեն: Եթե այո, ապա ինչպե՞ս կարգավորեմ քնի ռեժիմը և ինչպե՞ս անցկացնեմ երեխայի վախի զգացումը:

 

Պատասխան: Այդ տարիքում երեխան շատ կապված է լինում ծնողների և նրանց հուզական ոլորտի հետ: Փորձեք կարգավորել ձեր սեփական հուզական վիճակը: Եթե դուք վախի զգացում ունեք, եթե դուք լարված եք, ունեք կոնֆլիկտային հարաբերություններ կամ տագնապ եք զգում այս շրջանում, երեխան կարող է նման վարք դրսևորել: Հնարավոր է նաև վախ լինի, բայց ավելի քիչ հավանական է, քան առաջինը: Եթե եղել են կոնկրետ դեպքեր, որոնք վախեցրել են երեխային, և դուք գիտեք դրա մասին, ապա պարզապես դիմացեք մի շրջան և երեխային հնարավորինս հանգիստ և ապահով միջավայրում պահեք, ինքներդ էլ աշխատեք ձեր հոգեվիճակի վրա:
Հիշեք, այդ տարիքի երեխաներն ավելի շատ վախենում են ծնողների արձագանքից, քան բուն երևույթներից, որ տեղի են ունենում:

 

Ալլա
Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Երեխաս 1.7 տարեկան է, մինչ այժմ ոչ մի խնդիր չենք ունեցել լոգանքի հետ կապված: Աղջիկս շատ էր սիրում լոգանք ընդունել: Վերջերս շատ մեծ դվարությամբ ու ստիպելով է դա անում: Չգիտեմ` ինչպե՞ս վարվեմ, խնդրում եմ մի խորհուրդ տվեք:

 

Պատասխան: Հետևեք, որ այդ իրավիճակը լինի ապահով և հանգիստ երեխայի համար: Նման բաներ լինում են, եթե ջուրը տաք կամ ավելի սառն է լինում, կամ որևէ տհաճ բան է տեղի ունենում լոգանքի ժամանակ, կամ մայրիկը վատ տրամադրութան մեջ է լինում, տանը վեճ է լինում այդ պահին և այլն: Այսինքն՝ որևէ բան փոխվում է երեխայի լոգանքի պրոցեսի մեջ: Հիմա փորձեք այնպես անել, որ աստիճանաբար այդ կոմֆորտի զգացումը, որը կար մինչ այդ, նորից լինի երեխայի լոգանքի ժամանակ:

 

Անի
Հարց: Բարև Ձեզ: Ես չեմ հղիանում: Խորհուրդ տվեք` ինչպե՞ս անեմ, որ չմտածեմ երեխայի մասին:

 

Պատասխան: Այստեղ բնականաբար տարբեր կլինեն մոտեցումները, եթե խոսքը վերաբերում է առհասարակ չհղիանալուն և եթե վերաբերում է պարզապես այս պահին հղիության ուշանալուն:
Ես կանդրադառնամ ավելի շատ երկրորդ տարբերակին, քանի որ ձեր տարիքն էլ հուշում է, որ պարզապես շտապում եք:

 

Երեխան ենթադրում է մեծ պատասխանատվություն, նվիրում և շատ զոհողություններ: Հենց այնպես չէ, որ շատ զույգերի հարաբերություններում ճգնաժամ է սկսվում հենց երեխաների ծննդից հետո: Հաճախ երեխաների ծննդից հետո շատ ծնողներ կարոտում են իրենց ազատ և անկախ կյանքը: Բնականաբար նրանցից ոչ ոք չի երազում այն մասին, որ երեխաները չլինեին կամ չունենային երեխաներ, ո՛չ: Սակայն երեխաների հետ համատեղ կյանքը, նրանց ներկան և ապագան կառուցելը, պատասխանատու լինելը նրանց առողջության, կրթության և կյանքի համար շատ դժվար գործ է:
Ես առաջարկում եմ, որ այս պահին փորձեք վայելել այս ժամանակը, ազատությունն ու անհոգությունը, որը կյանքը ձեզ տվել է, և թողնել, որ երեխան
երը լինեն այն ժամանակ, երբ Աստված կկամենա: Պետք չէ մտածել, որ միայն երեխան կարող է ձեզ երջանկացնել: Երեխան կարող է երջանկացնել, բայց երջանիկ լինելու ունակ մարդուն: Եղեք երջանիկ և ստեղծեք բերրի հող՝ ձեր երեխաների աճի ու զարգացման համար: Դեպրեսիան երբեք չի նպաստում առողջությանը և մայրանալուն: