«Աղջիկս վախենում է հրավառությունից. նորմա՞լ է դա». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին: 

 

Հերմինե
Հարց: Հարգելի մասնագետ, խնդրում եմ օգնեք: Տղաս 4 տարեկան է, երբեք ինձ մամա չի ասում, անունով է դիմում: Հիմա էլ, երբ հարցնում են` ո՞վ է մամադ, ասում է
՝ ես մամա չունեմ: Ի՞նչ անեմ, ինչի՞ց կարող է լինել իր այդ պահվածքը:

Պատասխան: Դժվար է միայն վարքագծից ենթադրել, թե որն է դրա պատճառը: Երեխան կարող է մամա չասել, որովհետև երբեք չի լսում, որ որևէ մեկը դիմի ձեզ այդպես: Ի վերջո, երեխայի համար էական նշանակություն չունի դիմելաձևը: Ես խորհուրդ կտայի դրան հումորով վերաբերել և ամեն անգամ երեխային ասել, որ դուք իր մայրիկն եք: Պարզապես նման բաները չեն կարող հանկարածակի լինել: Տան անդամները ևս պիտի այդ հարցում մասնակցեն, պիտի դիմեն ձեզ որպես իր մայրիկ: Պիտի ասեն՝ մամայից ուզի, մամային ասա, մամային կանչի, մաման կտա և այլն: Եթե այդպիսի դիմելաձև չեն օգտագործում տանը, երեխան մամա ասել չի սովորի:

 

Կարևոր է նաև, թե ինչպես են արձագանքում երեխայի ասածներին շրջապատի մեծերը: Եթե սկսում են ծիծաղել, ուրախանալ, պատմել ուրիշներին, ապա երեխայի մոտ կամրապնդվի այդ վարքը:

 

Յուրի
Հարց: Բարև Ձեզ: Տղաս շատ ագրեսիվ և նյարդային, կծում ու խփում է  բոլորին: Խնդրում եմ
, կասե՞ք` ինչն է պատճառը: Շնորհակալ եմ:

 

Պատասխան: Հարգելի Յուրի, ագրեսիան կարող է շատ տարբեր պատճառներ ունենալ: Յուրաքանչյուր դեպքում պիտի մասնագետը տեսնի և հարցազրույց անի, երեխայի դիտարկման, անամնեստիկ տվյալների հավաքման արդյունքում պարզի, թե ինչն է պատճառը: Նման դեպքում պետք է դիմել մասնագետի՝ մանկական հոգեբանի:

 

Մելանյա
Հարց: Բարև Ձեզ: Աղջիկս 2 տարեկան է, վախենում է բարձր ձայներից, օրինակ` փուչիկի գմփոցից, հրավառության ձայնից, որն արտահայտվում է լացով, ձեռքերի
դողով, ականջերն է փակում, աչքերն է թարթում, չնայած որ փուչիկ շատ է սիրում: Վերջերս էլ մեկի տանը տիկնիկ տեսավ, որը չուներ ձեռքեր, ոտքեր, մազեր, դեմքը գրիչով այլանդակված էր, դրանից շատ վախեցավ: Հիմա, երբ տանը գրիչով պատահմամբ նկարում է ձեռքերին, լացում է, ասում է, որ վախենում է: Ի՞նչ անեմ:  Օգնեք, խնդրում եմ: Շնորհակալություն:

 

Պատասխան: Անկեղծ ասած՝ փուչիկի պայթյունից, հրավառության հանկարծակի ձայնից ես էլ եմ վախենում, և ինձ թվում է յուրաքանչյուր նորմալ մարդ հանկարծակի բարձր ձայներից վախենում է: Պարզապես դուք գիտեք՝ դա ինչ է, իսկ երեխան չգիտի: Ինչ վերաբերում է այլանդակված տիկնիկին, ապա դա ևս առնվազն տհաճ է, իսկ փոքրիկ երեխայի համար կարող է վախեցնող լինել:

 

Տաթև
Հարց: Բարև Ձեզ: Աղջիկս 3 տարեկան է, մոտ մեկ տարի է
՝ հաճախում է մանկապարտեզ: Սկզբում լացում էր, երբ հասնում էինք մանկապարտեզ ու հանձնում էի դաստիարակին, հետո ադապտացվեց: Հիմա դաստիարակը փոխվել է, ու երեխաս շատ բուռն է արձագանքում դրան: Սկսել է էլի լացել ու համոզում է, որ գնամ, իրեն շուտ բերեմ: Ես փորձել եմ հարցերով հասկանալ՝ ինչ խնդիր ունի, ինչպես են իրեն վերաբերում և այլն, բայց հակասական բաներ է խոսում, որոնք չեմ կարող հիմք համարել: Խնդրում եմ` օգնեք ինձ, չեմ ուզում, որ երեխայիս մոտ խորանա այդ ընկճվածությունը ու դառնա լուրջ խնդիր: Նախապես շնորհակալություն:

 

Պատասխան: Խնդիրը կարող է լինել միայն դաստիարակի փոփոխությունը, այսինքն՝ երեխան պարզապես պիտի հարմարվի: Հնարավորության դեպքում փորձեք մի քիչ ավելի շուտ իրեն բերել, մինչև նորից կհարմարվի այդ նոր միջավայրին: Պետք է վարվեք այնպես, ինչպես վարվել եք սկզբում, երբ նոր էր հարմարվում:

 

Աաս
Հարց: Ընկերուհուս նշանակել են մկանային սրսկում, բայց վախենում է, չի թողնում. կարելի՞  է սրսկել հակառակ իր կամքին:

 

Պատասխան: Եթե դուք հարցնում եք՝ կարելի է անել որևէ բան հասուն մարդու կամքին հակառակ, ապա պատասխանը կլինի՝ ոչ, եթե դա դատարանի որոշում չէ: Քանի որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի հրաժարվելու առողջապահական ծառայություններից: Բայց, եթե տվյալ մարդը չի հրաժարվում բուժումից, պարզապես ունի սրսկման ֆոբիա, ապա ավելի լավ է նրան հոգեբանի մոտ տանել և բուժել ֆոբիան, նրան սթրեսներից զերծ պահելու և առողջությունը վտանգելու փոխարեն:

 

Լիանա
Հարց: Բարև Ձեզ, աղջիկս` Սյուզաննան, շուտով կլինի 5 տարեկան: Նրա մոտ նկատել եմ էսպիսի մի բան. երբ շրջապատում ենք կամ տանը, Սյուզիս իրեն պահում է էնպես, ասես մենք իր դաստիարակությամբ չենք զբաղվում. գոռում է ինձ և հոր վրա, փորձում բերան փակել, կամ դիմացինի նկատմամբ ագրեսիա ցուցաբերել..
.նմանատիպ բաներ: Խրատներին չի արձագանքում, շարունակում է ավելին ցույց տալ: Շնորհակալություն:

 

Պատասխան: Երեխաները նման վարք ցույց են տալիս, երբ ընտանիքում իրենք լինում են իշխող և իրավիճակը կառավարողի դերում: Ծնողների դիրքն ավելի շուտ ծառայողների դիրքի է նման, երեխայի կամակատարի, քան ծնողի, իշխող և պաշտպանողի: Փորձեք վերականգնել ընտանիքում ձեր իշխանությւոնը երեխայի նկատմամբ, առանց ագրեսիայի և պատիժների: Պարզապես արգելեք այն, ինչ անթույլատրելի եք համարում, մի կատարեք երեխայի ցանկությունները, եթե դրանք ձեզ դուր չեն գալիս, դադարեք ծառայել երեխային և լինել նրա կամակատարը: Ընտանիքի բոլոր մեծահասկաներով եկեք համաձայնության երեխայի դաստիաակության հարցում: Եթե չստացվի ինքնուրույն անել սա, դիմեք մանկական հոգեբանի:

 

Հասմիկ
Հարց: Բարև Ձեզ: Աղջիկս 2 տարեկան է: Սկսել է խաղալ պորտիկով: Անընդհատ փորձում եմ շեղել, ձեռքն եմ շոյում, փորիկն եմ շոյում, սակայն անօգուտ: Մի որոշ ժամանակ փորձեցի ուշադրություն չդարձնել, բայց միևնույն է, ոչինչ չօգնեց: Խնդրում եմ
, բացատրեք` ի՞նչը կարող էր հանգեցնել այդ սովորությանը և ինչպե՞ս վերացնել այն: Շնորհակալություն:

 

 

Պատասխան: Նման կպչուն սովորություններ լինում են տագնապային երեխաների մոտ: Մի զայրացեք և մի պատժեք, մի արգելեք, որովհետև դա չի օգնի, հնարավորինս շեղեք այնպես, որ չնյարդայնանա երեխան: Այնուհետև աշխատեք ձեր դաստիարակության մեթոդների և ընտանեկան մթնոլորտի վրա: Փորձեք գտնել երեխայի տագնապի աղբյուրը՝ հակասական պահանջներ, խստապահանջություն, վախկոտ ծնողավարում, տարբեր դաստիարակության մեթոդներ, կոնֆլիկտային հարաբերությւոններ, մայրիկի կամ հայրիկի նյարդային բնավորություն, լուռ չխոսված կոնֆլիկտներ և այլն: