«Մեծ տղաս շատ խանդոտ է փոքրի նկատմամբ: Ինչպե՞ս վարվեմ». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Մելսիդա
ՀարցԻմ թոռնիկը 5.8 տարեկան է: Մի անգամ տեսել է, որ կենդանու վիզը կտրում են և արդեն 2 տարի է մսամթերք չի ուտում: Անգամ, եթե կերակուրի մեջ է տեսնում, այլևս այդ կերակուրը չի ուտում, ստիպված գաղտնի հանում ենք ուտելիքի միջից:

Ես զգում եմ, որ շուտ է հոգնում: Երբ ինձ մոտ են բերում, ես շատ եմ անհանգստանում, բայց ծնողները շատ հանգիստ են: Խնդրում եմ, մի խորհուրդ տվեք:

Պատասխան: Նմանատիպ իրավիճակներին ականատես լինելը կարող է տրավմայի ազդեցություն ունենալ երեխայի վրա։ Ցանկալի չէ նրանց մասնակցությունը այդ տեսարաններին։ Փաստորեն երեխան 4 տարեկան է եղել, մոտավորապես, և անհայտ է, թե ինչպես է ընկալել տեսածը՝ կախված ընկալման իր տարիքային առանձնահատկություններից և գիտելիքներից։ Կենդանիների սպանության տեսարանները անգամ մեծահասակների համար են լինում շատ ցնցումային։ Նման դեպքերում ճիշտ է մասնագետի հետ խորհրդակցել, հետագայում տրավմայի բացասական հետևանքները վերացնելու համար։

Ինչ վերաբերում  է հոգնելուն, ապա դա կախված է և՛ երեխայի ռեժիմից, և՛ ծանրաբեռնվածությունից, և՛ երեխայի օրը կազմակերպելուց։ Դժվար է խորհուրդ տալ` առանց իրավիճակին մանրամասն տեղյակ լինելու։ 

Աննա
Հարց: Բարև Ձեզ: Երկու որդի ունեմ` 11 և 7 տարեկան: Մեծ տղաս շատ խանդոտ է փոքրի նկատմամբ, մտածեցինք կանցնի, բայց ագրեսիվությունը պահպանվում է: Ընտանիքով գնացել էինք հանգստանալու, փոքր տղայիս բոլոր նկարները ջնջել է, սա առաջին դեպքը չէ, կամ երբ մեր աչքի առաջ չեն, անպայման պիտի հարվածի, պնդելով որ ինքը կապ չունի ստեղծված իրավիճակի հետ, որպեսզի բարկանանք փոքրի վրա: Կարող է փոքր եղբոր իրերը գաղտնի պահել և ասել` իբր չգիտի ուր է տվյալ իրը: Իհարկե, երկարատև զրույցից հետո այդ իրը հայտնվում է:

Փորձել եմ բոլոր հնարավոր տարբերակները, եթե փոքրին որևէ բան է անհրաժեշտ անպայման մեծի համար ևս գնում եմ: Ինչպե՞ս վարվեմ:

Պատասխան: Տպավորությունն այնպիսին է, որ դուք ամեն ինչ անում եք, որպեսզի մեծն  իրեն լավ պահի ու հանկարծ չնեղացնի փոքրին։ Այսինքն դուք ամեն գնով մեծի ցանկությունները կատարում եք, որպեսզի տանը խաղաղություն լինի։

Պետք է հնարավորինս արդար դատեք երեխաների վարքի վերաբերյալ։ Չի կարելի երեխայի վարքի կամ արարքների պատճառով փոխել ձեր վերաբերմունքը։ Դուք կարող եք փոքրի համար մի բան գնել, իսկ մեծի համար չգնել և դա չպիտի պատճառ դառնա խնդիրների։ Ձեր մեծ տղան արդեն բավականին մեծ է տարբեր իրավիճակները հասկանալու համար, դա կարելի է անել զրուցելու և քննարկելու միջոցով։ Մի բան հստակ է, որ պետք չի ընտանիքի նիստ ու կացը հարմարեցնել մեծի խնդիրներին և ծառայել նրա ցանկություններին ու քմահաճույքներին։ Ընտանիքում բոլորը պիտի լինեն հարգված և հավասարապես ուշադրության արժանանան։ Դուք պիտի վարվեք ձեր սեփական նկատառումներից ելնելով։
Ձեր կողմից նման մոտեցումներն ավելի կխորացնեն մեծի խանդն ու իշխանությունը ձեր նկատմամբ։
Փորձեք տանը վերականգնել ձեր, այսինքն ծնողների և մեծահասկաների իշխանությունը և որոշում կայացնելու իրավունքը։ Թույլ մի տվեք, որ երեխաները ձեզ իրենց վարքով թելադրեն քայլեր։

Առավել դիպուկ խորհուրդներ և ուղղորդումներ ստանալու համար ճիշտ կլինի հոգեբանի դիմել, որովհետև այս տարիների ընթացքում դուք հավանաբար ամեն բան փորձել եք ձեր հնարավորությունների սահմանում։

Վարդուհի
Հարց: Հարգելի բժիշկ, երկու երեխա ունեմ, տղաս 2.9 տարեկան է, աղջիկս՝ 10 ամսական: Մեր գիտելիքների և փորձի հնարավոր սահմաններում որդուս պատրաստում էինք քույրիկի լույս աշխարհ գալուն, բայց, այնուամենայնիվ, դժվարություններ ունենքխանդի և անհանդուրժողականության հետ կապված: Դստերս ծնվելուց շաբաթներ անց տեղափոխվեցինք նոր բնակարան, երբ որդուս երկուսը նոր էր լրացել: Այս հուլիսից տղայիս մանկապարտեզ ենք տարել և ունենք հետևյալ իրավիճակը. առանց ինձ սկսել է հարմարվել, բայց գրեթե չի շփվում հասակակիցների հետ (միայն դաստիարակների հետ, որոնց սկսել է սիրել), կարող է մազ քաշել կամ խփել: Ասեմ, որ մոտ 10 ամսականից մնացել է տատիկների մոտ, երբ ես աշխատել եմ, և առանց ինձ հանգիստ մնացել է: Երբ ֆիզարձակուրդում էի դստրիկիս սպասելիս, ինձ հետ շատ մտերմացավ:

Ինձ անհանգստացնում էր, որ նա դժվարությամբ էր շփվում հասակակիցների հետ նախքան մանկապարտեզը, իսկ հիմա մի քանի շաբաթ է ինչ հաճախում է մանկապարտեզ, բայց դեռ չի  շփվում: Նրա մոտ մի տեսակ ժխտողականություն կա. մեր միջավայրում էլ ունի նախընտրած երեխա, ում սիրում է և չի վնասում, իսկ մյուսների մազերը կարող է քաշել և հրել: Ասեմ, որ մազ քաշելը սկսել է դստրիկիս ծնվելուց հետո՝ ի նշան բողոքի կամ էլ՝ չգիտեմ: Նշեմ, որ շատ մեծ նախասիրություններ ունի, արագ ընկալում է շրջապատը, երբ մի բան բացատրելով հանգիստ զրուցում ենք, լսում ու կրկնում է, հայրիկի հետ էլ է մտերիմ, դաստիարակներին էլ ավելի հաճախ է լսում, բայց շփվելիս հասակակիցներից ամաչում է, ու փոխարենը վնասում:

Երբեմն շպրտում է ցանկացած իր, որ իրեն հասանելի է ու կարող է կոտրել, վարագույրը քաշել և այլն: Երբեմն բարձր ձայնով դիտողություն էի անում, բայց հասկացա, որ սխալ եմ: Շատերն ասում են, փորձում է ուշադրություն գրավել, բայց թե ես, թե ամուսինս, փորձում ենք  մեր սերն ու ուշադրությունը հավասարապես բաշխել երկու զավակիս էլ:

Ի դեպ, ունի նախընտրած գույներ /դեղին, նարնջագույն/, խաղալիքներ, կենդանին /մանկական սրճարանի նարնջագույն փղիկը, ում հետ մտերմացավ դստրիկիս ծնվելու օրերին/, իսկ մյուսներին հաճախ չի ընդունում: Մի տևական ժամանակ չէր սիրում կարմիր գույնը և բոլոր խաղալիքների կարմիր հատվածները նետում էր: Փորձում ենք ուշադրությունը հրավիրել այլ խաղալիքների վրա, և երբեմն ստացվում է:

Սա իմ ոչ մասնագիտական բնորոշումն է:

Շատ եմ գնահատում Ձեր մասնագիտական խորհուրդները, որպեսզի օգնենք որդուս ավելի ինքնավստահ ու հանգիստ զգալ իրեն: Հասկանալի է, որ ժամանակ է պետք, բայց չեմ ուզում սխալ վերաբերմունք ցուցաբերել, որպեսզի չերկարի անհանգիստ վիճակը: Շնորհակալ եմ:

Պատասխան: Անկախ նրանից, թե մենք ինչպիսի վերաբերմունք ունենք երեխաների նկատմամբ, երկրորդ երեխայի ծնունդը դժվար շրջան է առաջին երեխայի համար։ Առաջին երեխան սթրես է ապրում, որովհետև ընտանիքում իր դիրքն ու դերը փոխվում է, նա սկսում է կասկածել ծնողների սիրո և ուշադրության մեջ, սկսում է կասկածել իր կարևորության և անհրաժեշտության մեջ։
Բացի այս բնական դժվարություններից, ձեր բալիկի դեպքում առկա են նաև այլ դժվարություններ։ Առաջին հերթին այստեղ բացասական ազդեցություն ունի տարիքային ճգնաժամը։  3 տարեկանին մոտ երեխաները սկսում են գիտակցել իրենք իրենց, որպես առանձին անհատ և սկսում են զգալ իրենց կամքի ազդեցությունը ինչպես իրենց վարքի, այնպես էլ շրջապատի վրա։ Այսինքն սկսում են հակառակվել, չենթարկվել, կամակորություններ անել, որոնք բնական տարիքային դժվարություններ են։ Այս շրջանում երկրորդ երեխայի ծնունդը ավելի ծանր է ապրվում։
Հաջորդ խնդիրը տեղափոխությունն է։ Բնակության վայրի, տան փոփոխությունից երեխան սթրես է ապրում։ Որից նորից փոխվում է նրա վարքը։

Եվ վերջին դժվարությունը մանկապարտեզ հաճախելու հետ է կապված։ Երեխաներն այս շրջանում ունենում են և վարքային, և հուզական ոլորտի փոփոխություններ, որոնք կապված են մանկապարտեզին հարմարվելու հետ։
Ձեր դեպքում գրեթե միաժամանակ երեխայի կյանքում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ՝ երկրորդ երեխայի ծնունդ, 3 տարեկանի ճգնաժամ, տնից տուն տեղափոխություն, մանկապարտեզ հաճախել։  Այս դեպքում պետք է հնարավորինս համբերատար և մեղմ մոտենալ երեխային։ Ամենայն հավանականությամբ բոլոր բացասական փոփոխությունները կապված են այս խնդիրների հետ։
Հնարավորության սահմանում փորձեք երեխայի հետ առանձին ժամանակ անցկացնել՝ ինչպես հայրիկը, այնպես և դուք։ Այդ ժամանակը տրամադրեք հանգստին, շփմանը, խաղին ու հաճույքին։ Հնարավորինս պակասեցրեք քննադատությունն ու մեղադրանքը, դիտողություններն ու կոպիտ դրսևորումները, ավելացրեք վարքի կառավարման այլ մեթոդներ՝ պայմանագիր կապել, խրախուսել, ժետոնների համակարգ օգտագործել և այլն։

Արմինե
Հարց: Բարև Ձեզ: Աղջիկս 2 տարեկան 3 ամսական է, վերջերս նյարդային է դարձել, ինձ հետ շատ է կապված և ուրիշի մոտ չի ցանկանում մնալ: Ասեմ, որ պատրաստվում եմ ամուսնալուծվել, և արդեն 3 ամիս է ամուսնուս հետ միասին  չենք: Ինչպե՞ս վարվեմ և օգնեմ երեխայիս դուրս գալ այդ վիճակից:

Պատասխան: Ամուսնալուծությունը բավականին լուրջ դժվարություն է, որտեղ սթրես է ապրում ոչ միայն երեխան, այլև դուք ինքներդ։ Այդ պարագայում ապահովել սեփական հոգեկան խաղաղությունն ու միևնույն ժամանակ երեխայինը դժվար է։ Սովորաբար նման իրավիճակներում երեխաները զգում են մայրիկի հուզական փոփոխությունները և իրենց վերաբերմունքով, վարքով ցույց տալիս իրենց զգացմունքները։ Երեխան կարող է մոր հոգեկան ապրումներին արձագանքել ավելորդ կապվածությամբ, մայրիկից հեռանալու վախով, բայց իհարկե դա պարտադիր չէ։ Կարող են լինել նաև այլ վարքային և հուզական փոփոխություններ։ Ամեն դեպքում այստեղ և՛ երեխան, և՛ մայրը, և՛ հայրն ունեն մասնագիտական աջակցության կարիք՝ հետագա քայլերը ճիշտ պլանավորելու և իրականացնելու համար։  Ճիշտ կլինի մեկ անգամ խորհրդատվություն ստանալ մասնագետից, որպեսզի լիարժեք գիտակցվեն ձեր իսկ սեփական ապրումներն ու խնդիրները, որը կօգնի հետագայում երեխային ևս աջակցել։

 

Եթե հնարավոր չլինի մասնագետի դիմել, ապա պարզապես իմացեք, որ երեխաներն առավել ծանր ապրումներ են ունենում իրենց ծնողի վարքի ու հուզական դրսևորումների հետևանքով, քան իրավիճակի։ Այսինքն ինքը ամուսնալուծության փաստն այդքան չի անդրադառնում երեխայի հոգեկան վիճակի վրա, որքան մոր վարքն ու հուզական վիճակը, արձագանքները։ Ծնողի անսպասելի վարքը տագնապ է առաջացնում երեխայի մոտ, երեխան կորցնում է իր ապահովության և անվտանգության զգացումը։ Հնարավորինս փորձեք կարգավորել ձեր ապրումներն ու վարքը և երեխան ավելի հեշտությամբ կապրի այս դժվարին շրջանը։