«Երբ բալիկս ջղայնանում է, ձեռքով հարվածում է ինքն իրեն: Դա նորմա՞լ է». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Լիկա
Հարց: Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք: Արդեն 7 ամիս է ամուսնացած եմ, սկեսուրս արգելում է շփվել մայրիկիս հետ: Անգամ հեռախոսով չենք կարողանում խոսել: Շատ եմ կարոտում մայրիկիս: Խնդրում եմ օգնեք, ինչպե՞ս վարվեմ:

Պատասխան: Բարև ձեզ։ Մարդուն զրկել իր հարազատների հետ շփումից, նշանակում է զրկել իր հիմնարար իրավունքներից  ու ազատություններից։ Դա ներկայիս իրավական տիրույթում համարվում է բռնություն։ Իրականում սա ավելի իրավական բնույթի հարց է, քան հոգեբանական։ Որպես հոգեբան կարող եմ նորից փաստել, որ դա հոգեբանական բռնություն է և իրավունքների ոտնահարում։ Բայց ինչպե՞ս վարվել նման դեպքերում, համակերպվե՞լ կամ չհամակերպվե՞լ նման երևույթների հետ, պետք է որոշեք միայն դուք և բնականաբար ձեր ընտանիքը։ Երկուսդ էլ՝ ձեր մայրն ու դուք, այս պահին տուժում եք այդ վերաբերմունքից։ Դուք հասուն մարդ եք և իրավունք ունեք շփվելու բոլոր այն մարդկանց հետ, ում հետ ցանկանում եք, առավել ևս ձեր հարազատների՝ ծնողների։

Սոֆի
ՀարցՀարգելի հոգեբան, տղաս 6 տարեկան է, շատ չար է, ոչ մեկիս չի լսում։ Սկեսուրս ու սկեսրայրս սրտային հիվանդ են և շատ կոպիտ են երեխայի հետ։ Տղաս ոչ մեկից չի վախենում, սուտասան է, գլուխգովան, իրեն այնպես է պահում, որ բակի երեխաները չեն ուզում շփվել հետը։ Փոքր տարիքում անգինայով հիվանդ է եղել ու հազարավոր դեղեր է ընդունել։ Պատրաստվում է դպրոց գնալ, փորձում եմ հետը պարապել, բայց չի լսում։ Ասում եմ թվերը գրի, ասում է չեմ ուզում գրել, ոչ մի բան չեմ սովորի և կանեմ այն ինչ ուզում եմ։

Մանավանդ  երկրորդ տղայիս ծնվելուց հետո շատ է փոխվել։ Ասում ենք` մենք քեզ շատ ենք սիրում, ասում է ինձ պետք չի ձեր սիրելը։ Ծեծում է եղբորը, խաղալիքները պահում է, որ չխաղա։ Ասացեք խնդրեմ` ի՞նչ կարող եմ անել, որ փոխվի։ Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Կարծում եմ` սա այն իրավիճակն է, երբ ոչ թե ցանկալի է, այլ պետք է դիմել հոգեբանի, քանի որ երեխան ունի անկառավարելի վարք, ագրեսիվություն, հասակակիցների հետ շփման խնդիրներ և այլն։  Բացի այդ, պետք է փոխել որոշակի պահանջներ և ակնկալիքներ երեխայից, որոնք տարիքային հնարավորություններից դուրս են։ Օրինակ, երեխային 6 տարեկանում  անգամ դպրոցում չեն ստիպում գրել, քանի որ այդ տարիքում գրելը դեռևս շատ դժվար է երեխայի համար։ Դպրոցում, առաջին կիսամյակում երեխաները խաղում են և առավելագույնը ինչ-որ մասնիկներ են գրում։ Ինչպես նաև, չի կարելի երեխայի հետ լինել շատ կոպիտ և սպասել, որ երեխան արդյունքում կդառնա հեշտ դաստիարակվող և ենթարկվող։ Բնական է, որ երեխան իր նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքին կպատասխանի նույն կերպ, կամ այլ հոգեբանական խնդիրների ձևով կարտահայտի իր սթրեսային վիճակը։

Մոնա
Հարց: Բարև Ձեզ, խնդրռւմ եմ օգնեք: Բալիկս 2.5 տարեկան է, շատ կամակոր է դարձել: Նախ ասեմ, որ տան միակ երեխան էր և մշտապես սիրով շրջապատված, մինչև որ ամուսնուս եղբոր ընտանիքը եկավ մեզ հետ ապրելու, ու բալիկիս բնավորությունը փոխվեց, դարձավ կամակոր ու լացկան: Արդեն 5 ամիս է, բայց դեռևս չի հարմարվում այն բանին, որ տան միակ երեխան չի: Օրեր շարունակ լաց է լինում առանց պատճառի, միաբերան գոռում, հիստերիկանում: Ոչինչ չի օգնում մինչև որ հոգնում ու ձայնը կտրում է: Խնդրում եմ օգնեք` ի՞նչ  անեմ:

Պատասխան: Հնարավորինս փորձեք այնպես անել, որ երեխայի միջավայրը, նրա նկատմամբ վերաբերմունքը, ռեժիմը և օրվա ռիթմը շատ չփոխվի։ Յուրաքանչյուր երեխա իր կյանքի բնականոն և սովորական ռիթմի փոփոխություններին բացասաբար է արձագանքում։ Եթե երեխան տանը «կուռք» է, ապա սա ևս կարող է սրել իրավիճակը, այսինքն նոր երեխաների ի հայտ գալը փոխում է առաջին երեխայի դիրքը։ Դա սթրեսային իրավիճակ է ձեր բալիկի համար։ Պետք է փորձեք մի փոքր չեզոքացնել տանը առկա փոփոխությունները` երեխայի հետ երկար ժամանակ անցկացնելով։ Չի կարելի նրան պատժել իր կամակորության և լացի համար, փորձեք համբերատար լինել դրա նկատմամբ։ Դուք գիտեք, որ ցանկացած երեխա, եթե անգամ տանը հյուրեր են լինում, մի տեսակ փոխվում է, անհանգիստ ու նյարդային է դառնում։ Այս դեպքում կարծեք հյուրերը եկել են ու չեն գնացել, և երեխան դժվարությամբ է նոր ստեղծված իրավիճակին հարմարվում։ Պետք է օգնել նրան այդ իրավիճակում։

Կիմա
Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Բալիկս 7 ամսական է, 2 անգամ ընկել է իմ մահճակալից, որից հետո շատ նյարդային է դարձել (բժշկի տարել եմ, ոչ մի վնասվածք չի ստացել): Կարո՞ղ է  արդյոք  նյարդային լինելը կապ ունենալ ընկնելու հետ: Եթե այո, ապա ի՞նչ անեմ:

Պատասխան: Երեխայի նյարդայնությունը կարող է կապված լինել սթրեսի հետ, եթե դուք շատ բուռն եք արձագանքել այդ պահին։ Երեխան զգում է ծնողների տագնապն ու վախը, նյարդային դրսևորումները, որից իր մոտ անապահովության և վախի զգացում է առաջանում։ Ծնողները մինչև 1 տարեկան երեխայի համար միակ ապահովության գրավականն են, և նրանց բնավորության, վերաբերմունքի, արտաքին տեսքի, ձայնի ինտոնացիայի մեջ տեղի ունեցող ցանկացած կտրուկ փոփոխություն կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխայի վրա։ Ամենայն հավանականությամբ ձեր լարվածության ու տագնապին է երեխան այդպես արձագանքում, քան հարվածին։ Եթե բժշկի դիտարկմամբ որևէ խնդիր չի բացահայտվել, ապա դա կարող է լինել երեխայի արձագանքը ձեր հուզական վիճակին։

Անահիտ
Հարց: Բարև Ձեզ: Տղաս առաջին դասարան է, երկու օր է դպրոց է գնում, բայց առանց ինձ չի մնում: Ուզում է դպրոց գնալ, հասկանում է դպրոցի կարևորությունը, առավոտյան հաճույքով գնում է, բայց բաժանվել չի ստացվում: Ի՞նչ անեմ:

Պատասխան: Այդ խնդիրն ամենայն հավանականությամբ չի սկսվել դպրոցում։ Երեխան գուցե ունի ինքնուրույնության և վստահության պակաս։ Սա կարող է լինել նաև երեխայի համար ծնողի վախերի և անվստահության պատճառով։ Որքան ծնողները վստահ են երեխայի ուժերի մեջ, այնքան երեխան էլ է վստահ իր ուժերում։ Երեխային ծառայող, նրա բոլոր քմահաճույքները կատարող, երեխային բոլոր դժվարություններում աջակցող ծնողները շատ տագնապներ են ունենում երեխայի հետ կապված, ինչն էլ հաճախ փոխանցվում է երեխային։ Առաջարկում եմ առաջին հերթին հաղթահարել սեփական վախերն ու անհանգստությունները  երեխայի հետ կապված, ապա անցնել երեխայի մոտ ինքնուրույնություն ձևավորելուն։ Կարծում եմ ամեն բան կստացվի։ 

Քրիստ
ՀարցԲարև Ձեզ, հարգելի բժիշկ, ես Ձեր խորհրդի կարիքն ունեմ: Աղջիկս 1.9 տարեկան է, գիշերը հանգիստ ու իր համաձայնությամբ պառկում է քնելու, բայց մի փոքր քնելուց հետո բարձր ձայնով լացելով վեր է թռչում: Արդեն 3 ամիս է այդպես է:

Պատասխան: Սա իրականում փոքր-ինչ բարդ խնդիր է այսպես պատասխանելու համար։ Սովորաբար յուրաքանչյուր դեպքում ուսումնասիրվում է երեխայի զարգացման պատմությունն ու ծնողների հոգեբանական վիճակը, որից եզրակացություն է արվում, թե ինչն է ազդել երեխայի տագնապայնության բարձրացման վրա։ Այսպես պարզապես հնարավոր չէ կռահել։ Եթե ցանկանում եք պարզել, ապա փորձեք հիշել, թե ինչ է փոխվել երեխայի և ծնողներից յուրաքանչյուրի կյանքում այդ 3 ամսից առաջ։ Պարտադիր չէ, որ երեխայի աչքի առաջ լինեն այդ փոփոխությունները։ Ցանկացած փոփոխություն իր հուզական դրսևորումներն է ունենում, որոնք և երեխան զգում է, անգամ «օդից» կարող է տագնապն ու անհանգստությունը փոխանցվել երեխային։ Ամուսինների հարաբերությւոնների փոփոխությունները, աշխատավայրում առկա խնդիրները, հարազատների համար ունեցած անհանգստությունները բոլորը առաջացնում են հուզմունք և տրամադրության փոփոխություններ, որոնք, որքան էլ չկամենանք, երեխաները զգում են, չնայած, որ չեն գիտակցում։ Այդ զգացողություններն էլ կարող են արտահայտվել ինչպես գիշերային վախերով և մղձավանջներով, այնպես և ցերեկը վարքի փոփոխությունենրով։

Արմինե
Հարց: Բարև Ձեզ, աղջիկս 9 ամսական է, երբ ջղայնանում է,  ձեռքով հարվածում է ինքն իրեն: Դա նորմա՞լ է:

Պատասխան: Եթե երեխայի վարքում և զարգացման մեջ դրանից բացի որևէ անհանգստացնող երևույթ չկա, ապա կարող եք չանհանգստանալ։ Երբեմն նման երևույթներ դրսևորվում են երեխաների մոտ, մինչև երեխան սովորում է իր զգացմունքներն ավելի կառուցողական ձևերով, օրինակ խոսքով արտահայտել։

Սիանուշ
ՀարցԲարև Ձեզ: Տղաս 2 տարեկան է, վերջին 8 ամիսների ընթացքում քնելու հետ կապված խնդիր ունի: Որ ժամին էլ փորձեմ քնացնել, միևնույն է, 12-ից շուտ չի քնում, լացում է, կամակորություն անում: Տարբեր մեթոդներ եմ փորձել, սակայն ապարդյուն: Սեպտեմբերից հաճախում է մանկապարտեզ, այնտեղ նորմալ քնում է, առանց սթրեսների: Խնդրում եմ ասացեք` ի՞նչ կարող եմ անել:

Պատասխան: Նման դեպքերում պարզապես փորձեք տեսնել, թե ինչպես են անում մյուսները, որ երեխան քնում է։ Որովհետև, եթե ինչ-որ մեկին հաջողվում է երեխային քնեցնել, իսկ ձեզ՝ ոչ, ապա դա ձեր և իր հարաբերությունների խնդիրն է։ Պետք է վերանայեք ձեր մոտեցումները։ Հավանաբար դուք ավելի մեղմ եք, կամ ավելի շատ տեղ եք տալիս իր քմահաճություններին։ Հնարավոր է նաև քնի ռեժիմի փոփոխությունը լինի պատճառը։ Ճիշտ կլինի կոնկրետ իրավիճակը նայել և վերլուծել։

 Հ.Մուրադյան
Հարց: Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք ինձ: Փոքրիկս 5.5 տարեկան է, երբ ընտրության առաջ է կանգնում իմ և հորաքրոջ մեջ, ընտրում է հորաքրոջը, քանի որ հորաքույրը իրեն երես է տալիս, թույլատրում է խաղալ հեռախոսով, խաղալ համակարգչով որքան կցանկանա: Եթե երեխան ուզում է հաց չուտել և ուտել միայն շոկոլադ, նա թույլատրում է և այդպես շատ ու շատ բաներ...

Երեխայիս և հորաքրոջ շփումը չեմ կարող արգելել, բայց չեմ կարող տեսնել` ինչպես եմ կորցնում նրան:

 

Պատասխան: Փորձեք դաստիարակության պրոցեսին ներգրավել նաև այլ մեծահասակների, ովքեր ձեզ հետ համախոհ են, օրինակ հայրիկին։ Արգելել նրանց շփումը չի ստացվի, բայց թույլ տալ, որ երեխայի առողջության ու դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունենան, նույնպես չի կարելի։ Դուք փորձեք չմրցակցել հորաքրոջ հետ, անգամ մի էլ փորձեք երեխային դնել ընտրության առջև, դա սխալ է։ Դուք մրցակցությունից դուրս եք, դուք երեծայի մայրիկն եք։ Պարզապես փորձեք դուք ևս փոքր-ինչ մեղմացնել պահանջները, որպեսզի ձեր ազդեցությունը չթուլանա երեխայի նկատմամբ։ Սովորաբար հակառակն է լինում, երբ տանը կան տարբեր մոտեցումներ, իրենց մոտեցումը պաշտպանելու համար մարդիկ ավելի են խստացնում պահանջները, ցույց տալու համար, որ չեն նահանջելու իրենց դիրքերից, այնինչ դրանից կոնֆլիկտը միայն սրվում է։ Այսինքն եթե ձեր և հորաքրոջ մոտեցումները ծայրահեղ տարբեր են, դուք որոշակի քայլեր արեք դեպի իրեն` երեխայի շահերից ելնելով։ Քանի որ երեխայի համար առաջացած կոնֆլիկտներում սովորաբար հենց երեխան է տուժում։ Զիջեք այն բաները, որոնք հնարավոր է զիջել և փորձեք պահպանել ձեր ազդեցությունը երեխայի վրա։