ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ին ուղղված հարցերի հերթական խմբաքանակին:
Անահիտ
Հարց: Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք ձեր խորհուրդներով: 19 տարեկան եմ, 3 ամիս է ամուսնացած եմ, հարաբերություն ունենալիս չեմ հասնում հեշտոցային օրգազմի, միայն` ձեռնաշարժությամբ ծլիկի շրջանում: Ինձ շատ է անհանգստացնում` ի՞նչն է պատճառը: Ես մեծ ցանկություն եմ ունենում, սակայն չբավարարվելուց հիասթափություն եմ ապրում: Ամուսինս դա զգում է և ես չեմ թաքցնում նրանից: Չեմ ցանկանում, որ հետագայում խնդիրներ առաջանան: Ինչպե՞ս վարվեմ:
Պատասխան: Նախ ասեմ, որ կանանց մեծամասնության մոտ օրգազմը ըստ ծագման աղբյուրի լինում է ծլիկային, խառը և հեշտոցային: Երբ որ կինը դեռ նոր է սկսում ապրել սեռական կյանքով, նրա մոտ, հիմնականում, լինում է ծլիկային տիպի օրգազմ, այնուհետև ռեգուլյար սեռական կյանքով ապրելուց որոշակի ժամանակ հետո /դա ինդիվիդուալ է/ զարգանում է հեշտոցային օրգազմ ապրելու հմտությունը: Եթե այդ փուլում առաջանում են որոշակի խնդիրներ, նոր միայն անհրաժեշտ է լինում սեքսոլոգիական բուժում:
Արևիկ
Հարց: Ես նշանված եմ, նշանածիս հետ հարաբերություն եմ ունեցել հետանցքից, որից հետո ներքնազգեստիս վրա նկատել եմ արյան փոքր հետք: Ո՞րն է պատճառը և ինչպե՞ս կարող եմ համոզվել, որ կույս եմ. դա շատ կարևոր է ապագա ամուսնուս ու նրա մայրիկի համար, խնդրում եմ օգնեք:
Պատասխան: Անալ սեռական հարաբերության ժամանակ հնարավոր է առաջանան ուղիղ աղիքի կամ անուսի լորձաթաղանթի վնասումներ /միկրոտրավմաներ/, ինչը կարող է արյան հետքերի պատճառ հանդիսանալ: Կուսաթաղանթի վնասում գերակշռող դեպքերում լինում է միայն հեշտոցային հարաբերության ժամանակ:
Մարիամ
Հարց: Բարև Ձեզ, ես 2 տարի է ինչ ամուսնացած եմ: Ամուսնացել ենք սիրելով, բայց որոշ ժամանակ անց ամուսինս սկսեց անտարբեր դառնալ, սեռական հարաբերությունը սկսեց պակասել ու հիմա գրեթե հարաբերություն չենք ունենում: Դրա պատճառով միշտ վիճում ենք ու ես չեմ կարողանում հասկանալ նրա վերաբերմունքի պատճառը: Ասեմ, որ այդ ընթացքում նրա հայրը հիվանդացավ: Ի՞նչ կարող եմ անել, խնդրում եմ օգնեք: Շնորհակալություն:
Պատասխան: Պետք է ասել, որ ամուսնության երկրորդ տարին սեքսոլոգիական տեսանկյունից համարվում է ռիսկային, դա պայմանավորված է որոշակի գործոններով՝ նախ հիմնականում արդեն ունենում են բալիկ, որը հավելյալ ծանրաբեռնվածություն է առաջացնում ամուսինների համար, հնարավոր է, որ կնոջ հղիության ժամանակ խուսափում են սեռական կյանքով ապրելուց, ինչը առաջ է բերում ամուսնու մոտ սեռական ցանկության նվազում: Ամուսինները հաճախ մեզ այցելելուց նշում են, որ պակասել է կնոջ գրավչությունը, դրան սկսում է գումարվել որոշակի միջանձնային լարվածություն, սոցիալ-հոգեբանական խնդիրները: Ահա այս ամենը դանդաղորեն կարող են հանգեցնել ամուսնական զույգի սեքսուալ աններդաշնակության, ինչը արդեն պահանջում է սեքսոլոգիական բուժում: Միանշանակ սա լուծելի խնդիր է և պահանջում է ամուսինների համատեղ ջանքեր:
Նանե
Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Ես 26 տարեկան եմ, ամուսնացել եմ 3 ամիս առաջ: Նախ ասեմ, որ կուսաթաղանթս պատռվեց դժվարությամբ: Ապրիլի 26-ին ամուսնացա, մայիսի 14-ին դաշտան սկսվեց ու դաշտանի 4-րդ օրը փորձեցինք և ստացվեց, թաղանթս պատռվեց: Ի դեպ, խորհուրդ էր տվել գինեկոլոգը, որին այցելել էի հուսահատ: Նա ստուգել էր կուսաթաղանթս ու պարզել, որ շատ ձիգ ու հաստ է, և դժվարությամբ կպատռվի: Անցավ 3 օր ու հարաբերություն ունեցանք, շատ ցավոտ էր ու այդպես շարունակ երկու շաբաթ անընդմեջ ես ահավոր ցավ էի զգում: Այցելեցի գինեկոլոգի, ստուգեց ու պարզվեց, որ ներսում վերք է առաջացել, պատճառը երևի դժվար պատռվելն էր: 2 օր այցելեցի գինեկոլոգի, բիսեպտոլ դրեց վերքի վրա ու այդպես ցավերն անցան:
Այժմ, ինձ մոտ խնդիրը սեռական հարաբերության ընթացքում հաճույքի բացակայությունն է: Հաճույք զգում եմ, բայց ոչ լիարժեք: Ներսում` հեշտոցի պատերի շփումը շատ չնչին եմ զգում: Խնդրում եմ օգնեք Ձեր մասնագիտական խորհուրդով:
Պատասխան: Կարծում եմ` Դուք ի սկզբանե ունեցել եք և ունեք ավելի շատ սեքսոլոգիական, քան գինեկոլոգիական խնդիրներ: Այն, որ առաջին սեռական հարաբերությունները տեղի են ունեցել դժարությամբ, ցավերով /հնարավոր է առկա է եղել վախի երևույթներ/, կծկումներով, խոսում են այն մասին, որ առկա է եղել վագինիզմի կամ կոիտոֆոբիայի սեքսոլոգիական խնդիրներ: Հնարավոր է նաև, որ դա է հետագա հեշտոցի լորձաթաղանթների վնասման, ինչպես նաև օրգազմի արգելակման պատճառը: Անհրաժեշտ է մանրամասն վերլուծել պատճառահետևանքային կապերը և իրականացնել համապատասխան բուժում:
Աննա
Հարց: Ընկերոջս գիրկը նստած համբուրվելուց հետո նկատեցի, որ նրա տաբատի վերին մասում մի փոքրիկ թաց տեղ կար, նա ասաց, որ դա սերմնահեղուկ չէ, ուզում եմ իմանալ` ի՞նչ կարող է լինել այդ թափանցիկ արտադրությունը և կարո՞ղ է ներթափանցել հեշտոց` ընկերոջս և իմ հագուստի միջով:
Պատասխան: Այն, ինչ եղել է ձեր ընկերոջ մոտ, ֆիզիոլոգիական երևույթ է` սեռական գրգռման սկզբնական փուլում հարակից սեռական գեղձերի կողմից արտադրվում է թափանցիկ հեղուկ, ինչն ունի մի շարք ֆիզիոլոգիական գործառույթներ: Դրա մեջ բացակայում են սերմնաբջիջները, կամ չափազանց քիչ են և շորերի միջով չեն կարող ներթափանցել հեշտոց և առաջացնել հղիություն:
Լուսինե
Հարց: Բարև Ձեզ: Ես 2 ամիս է ամուսնացած եմ, սակայն սեռական հարաբերության ժամանակ հաճույք չեմ զգում և օրգազմի չեմ հասնում, բայց հեշտությամբ գրգռվում եմ: Օգնեք խնդրում եմ. ի՞նչ անեմ:
Պատասխան: Շատ կանանց մոտ օրգազմ զգալու հմտությունը արթնանում է ռեգուլյար սեռական կյանքով ապրելուց հետո: Ի տարբերություն տղամարդու օրգազմի, կնոջ մոտ այն կարգավորվում է շատ բարդ ուղեղային մեխանիզմներով և կարող է արգելակվել տարաբնույթ բացասական գործոններից: Ձեր պարագայում, խորհուրդ է տրվում չսևեռվել օրգազմի հասնելու երևույթի վրա, փորձել հաճույք ստանալ ամբողջ պրոցեսից: Եթե խնդիրը շարունակվի ձգձգվել, ապա կարող եք դիմել սեքսոլոգիական խորհրդատվության:
Էլենիկ
Հարց: Բարև Ձեզ, հարգելի մասնագետ, խնդրում եմ պատասխանեք հարցիս: Ամուսնուս մոտ առաջացել է պապիլոմա տեսակի խալ, դիմել ենք մասնագետների, ասացին պետք է հեռացնել և ուղարկեցին Ռենտգեն ինստիտուտ:
Խնդրում եմ ասեք` դա վտանգավո՞ր է կամ հետագայում խնդիրներ չե՞ն առաջանա, քանի որ աճուկի վրա է: Շնորհակալություն:
Պատասխան: Ձեզ ճիշտ ուղղորդել են, քանի որ պապիլոմաները, խալերը և մի շարք մաշկային նորագոյացությունները, պետք է զննվեն օնկոլոգների կողմից՝ օնկոզգուշավորության տեսանկյունից: Հետագա հսկողության մասին արդեն ձեզ կտեղեկացվի բժշկի կողմից, իրականում անհանգստանալու կարիք չկա:
Սերգե
Հարց: Բարև Ձեզ: Հարաբերությունների ժամանակ ինձ մոտ շատ շուտ է կատարվում սերմնաժայթքում: Ի՞նչ խորհուրդ կտաք, որպեսզի ավելի ուշ լինի սերմնաժայթքումը:
Պատասխան: Վաղաժամ սերմնաժայթքումը ամենահաճախ հանդիպող սեքսոլոգիական խնդիրներից է: Այն որոշակի անհանգստություն է առաջացնում ինչպես տղամարդու, այնպես էլ նրա զուգընկերուհու մոտ: Վաղաժամ սերմնաժայթքման պատճառները բազմաթիվ են. պետք է ճշտել և հետազոտել տվյալ պացիենտի սեռական կոնստիտուցիայի տիպը, սեռական կյանքի հաճախականությունը, շագանակագեղձի պաթոլոգիաները, բորբոքային խնդիրների առկայությունը, գլխուղեղի պարացենտրալ բլթերի հիվանդությունը և այլն, որից հետո իրականացնել արդյունավետ բուժում: