«Տղաս 1 տարեկան 3 ամսական է, բայց դեռ 2 ատամ ունի, մտահոգի՞չ է արդյոք». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը:

Սրբուհի
Հարց: Բարև Ձեզ: Տղաս 2 տարեկան 10 ամսական է, վերջին 7 ամիսների ընթացքում արդեն երրորդ անգամ է հիվանդանում ստոմատիտով: Ինչպե՞ս կարող եմ բուժել, որպեսզի չկրկնվի:

Պատասխան: Բարև Ձեզ, ստոմատիտը վիրուսային հիվանդություն է: Վարակը տեղի է ունենում շրջապատի միջավայրից, այդ տարիքի երեխաների խաղալիքներից և կենցաղային առարկաներից    /գդալ, բաժակ, ծծակ և այլն/:

Հավանաբար Դուք գտնվում եք հիվանդագին արատավոր օղակի մեջ և շարունակաբար վարակվում ձեր իսկ միջավայրից: Հիվանդության հաճախակի կրկնվելու նախապայմաններից է նաև երեխայի օրգանիզմի ցածր դիմադրողականությունը: Խորհուրդ է տրվում մանրակրկիտ ախտահանել շրջապատի առարկաները, որոնց հետ շփվում է երեխան և կատարել բուժումներ երեխայի իմունիտետը բարձրացնելու ուղղությամբ:

Լիանա
Հարց: Բարև Ձեզ: Տղաս 2 տարեկան 6 ամսական է, հազի համար տվել եմ Ազիմակ սիրոպ: Խնդրում եմ, ասեք` ի՞նչ հակասնկային տամ: Շնորհակալություն:

Պատասխան: Բարև Ձեզ, նախ պետք է տեղեկանալ, թե ով է նշանակել Ազիմակ սիրոպը: Եթե այն բժիշկն է նշանակել, ապա նա պետք է նաև խորհրդատվություն տա հակասնկային պրեպարատների առումով: Խորհուրդ չի տրվում ինքնակամ դեղորայք նշանակել: Հակասնկայինի նշանակումը կախված է հակաբիոտիկի օգտագործման դոզավորումից, նշանակման տևողությունից:

Սիրանուշ
Հարց: Բարև Ձեզ, երեխաս 5 ամսական է, քաշը 6400 գ է, արդյոք, դա նորմա՞լ է: Հասակը 65 է, ծնվել է 3500գ, 53սմ, ուտում է 120գ-ից ոչ ավել ու չուզելով:

Ի՞նչ կարելի է անել, որ հաճույքով ուտի և քաղց զգա, ախորժակ ունենաՆախապես շնորհակալություն:

Պատասխան: Բարև Ձեզ: Ձեր բալիկի քաշը մոտ է նորմային, սակայն ամենանգամյա կերակրման ծավալը բավարար չէ լիարժեք քաշ ավելացնելու համար: Պետք է ավելացնել ծավալըհետագայում քաշի հետ կապված խնդիր չունենալու համար:

Անի
Հարց: Բարև Ձեզ, հարգելի մասնագետ, խնդրում եմ օգնեք ինձ: Միզուղիների հետ կապված խնդիր ունեմ, նշանակել են հակաբորբոքային Ավելոքս դեղամիջոցը: Չեմ կարող ընդունել այդ դեղը, քանի որ երեխաս կրծքով է կերակրվում (11 ամսական է), ոչ մի տեսակ կաթ չի ուտում, միայն իմ կաթիկն է ուտում ու առանց կաթիկի չի քնում: Խնդրում եմ, ինձ մի խորհուրդ տվեք` ինչպե՞ս  կտրեմ կաթիկից, որ կարողանամ խմել այդ դեղը: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Բարև Ձեզ: Շատ խրախուսելի է այդքան երկար կրծքով կերակրումը, սակայն, ցավոք սրտի, կրծքից կտրելը այդ տարիքում միշտ դժվարությունների առաջ է կանգնեցնում և երեխային, և մայրիկին: Պետք է կրծքից կտրել աստիճանաբար` ուշադրություն չդարձնելով երեխայի անհանգստությանը, կամակորություններին և լացին: Կրծքից կտրման գործընթացը  շատ մեխանիկական է և առանձին գիտական լուծումներ  չունի:

Աննա
Հարց: Տղաս 1 տարեկան 10 ամսական է: 7 օրականից ստացել է վիտամին Դ: Քնեցնում եմ տակդիրով և կարճաթև շապիկով, բայց քնած ժամանակ քրտնում է, շապիկն ամբողջովին թրջվում է, քրտնում է նաև գլուխը: Շատ եմ դիմել բժշկի, ասում են խնդիր չկա, բայց միևնույն է շատ եմ անհանգստանում: Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչ մասնագետի դիմեմ: Նշեմ, որ որոշ ժամանակ դադարեցրել եմ վիտամին Դ-ի ընդունումը, քանի որ ախորժակի խնդիր կար և ընդունում էր Գամմի Կինգի վիտամիններ:

Պատասխան: Բարև Ձեզ, հարգարժան մայրիկ: Միգուցե խնդիրը կապված է էնդոկրին համակարգի հետ: Խորհուրդ կտամ դիմել համապատասխան մասնագետի խորհրդատվությանը:

Ջուլիա
Հարց: Բարև Ձեզ, տղաս 1 տարեկան 3 ամսական է, բայց դեռ 2 ատամ ունի, վտանգավո՞ր է արդյոք, որ ուշանում է ատամիկներ հանելը:

Պատասխան: Բարև Ձեզ: Կարծում եմ, որ անհանգստանալու ոչինչ չկա: Այդ դեպքերում ուղղակի պետք է ուշադրություն դարձնել կալցիումի փոխանակությանը երեխայի օրգանիզմում:


Աննա
Հարց: Բարև Ձեզ: Փոքրիկս 3 տարեկան է, ոչ միայն առավոտյան, այլև օրվա ընթացքում բերանից տհաճ հոտ է գալիս, լեզուն թեթևակի սպիտակ է, այն վերանում է միայն հակաբիոտիկի միջոցով: Ի՞նչը կարող է լինել պատճառը: Եվ մի հարց էլ` կարո՞ղ է լինել նշիկների ստաֆիլակոկ: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան: Բարև Ձեզ: Ցանկալի կլիներ երեխային տեսնել նման գանգատների պարագայում, դա կարող է կապված լինել և կոկորդի բորբոքային հիվանդությունների հետ, և ստամոքս-աղիքային հիվանդությունների հետ: Դժվարանում եմ պատասխանել առանց երեխային  տեսնելու, հետազոտելու:

Շուշաննա
Հարց: Ողջույն, աղջիկս արդեն 3 տարեկան է, երբ ծնվեց, ուներ գեղեցիկ, համաչափ ականջներ, ժամանակի ընթացքում մի ականջը սկսեց ավելի երկարել, քան մյուսը, հիմա ակնհայտ երևում է տարբերությունը: Ի՞նչը կարող է լինել պատճառը, ինչպե՞ս կարող ենք շտկել մի ականջի լոշտակությունը:

Պատասխան: Բարև Ձեզ: Լոշտակությունը բնածին դեֆեկտ է, վաղ շրջանում դուք դա հավանաբար չեք նկատել, երեխայի մեծանալու հետ կապված այդ դեֆեկտը դառնում է ավելի արտահայտիչ: Այն ունի  վիրաբուժական լուծում և անհանգստանալու կարիք չկա: Երբ որոշակի տարիքը գա, դուք շատ հեշտորեն կարող եք այն շտկել:

Մերի
Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Իմ փոքրիկը 2.5 ամսական է, զգում եմ, որ մրսած է, թույլ հազ ունի ու քիթիկը լցված է: Ի՞նչ կարելի է անել: Նախապես շնորհակալություն:

 

Պատասխան: Բարև Ձեզ, նման տիպի վիճակները գնահատելու համար ցանկալի է տեսնել, հետազոտել երեխային: Դա կարող է լինել և վիրուսային, և ալերգիկ բնույթի: Անպայման  դիմեք մանկաբույժին: