«Աղջիկս 2,3 տարեկան է, գլուխը թեփոտված է: Ինչի՞ց կլինի և ինչպե՞ս անցկացնեմ». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը:

Յուլիա
Հարց: Բարև Ձեզ: Փոքրիկս 2 շաբաթական է, աչքերը ճպռակալում են. ի՞նչ խորհուրդ կտաք անել:

Պատասխան: Բարև Ձեզ: Աչքերը ճպռոտելու բազմակի պատճառներ կան: Պատճառը գտնելու համար պետք է դիմել մանկական ակնաբույժի խորհրդատվության, բայց առաջնահերթխորհուրդ եմ տալիս դիմել մանկաբույժի:

Գայանե
Հարց: Բարև Ձեզ: Երեխաս 6 ամսական է, ծնված օրվանից անընդհատ լաց է լինում, կարծեցի քաղցած է մնում և 2 ամսականում կաթնախառնուրդ տվեցի: Փորկապություն առաջացավ, իսկ պորտի հատվածում այտուց, որից հետո դադարեցրի կաթնախառնուրդ տալը ու 3 ամսականից խնձորի և գազարի պյուրե սկսեցի տալ: Մի քիչ հանգիստ էր երեխան, բայց վերջին 2 ամսում չափազանց նյարդային է: Քնեցնել միայն ձեռքերի վրա է հնարավոր, չափազանց զգայուն է, օրորոց տեղափոխելիս արթնանում և լաց է լինում:

Լնդերի քորի համար օգտագործում եմ Մուլտի մամ բեյբի դենտ: Ինչպե՞ս հանգստացնեմ տղայիս նյարդերը, կամ արդյո՞ք նյարդային խնդիր է սա: Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան: Բարև Ձեզ, եթե դուք այդքան վաղ շրջանից սկսել եք հավելյալ սնունդ տալ, հավանաբար, կարելի է ենթադրել, որ երեխայի մոտ մարսողական համակարգի խնդիրներ կան, նյարդային այդպիսի գրգռվածությունը երկրորդային է: Ավելի ստույգ տեղեկություն երեխայի վիճակի մասին ձեզ կտա մանկական գաստորէնտերոլոգը:

Հասմիկ
Հարց: Բարև Ձեզ: Աղջիկս 2 տարեկան է, սկսել է խաղալ պորտիկով, անընդհատ փորձում եմ շեղել` ձեռքն ու փորիկը շոյելով, սակայն, անօգուտ: Մի որոշ ժամանակ փորձեցի ուշադրություն չդարձնել, բայց միևնույնն է, ոչինչ չօգնեց: Խնդրում եմ բացատրեք` ի՞նչը կարող էր հանգեցնել այդ սովորությանը և ինչպե՞ս վերացնել այն: Շնորհակալություն:

Պատասխան: Բարև Ձեզ: Դա կպչուն սովորույթ է, արգելել կարելի է միայն նկատողություններ անելով և արգելելով պորտիկին դիպչել կամ շեղել տարատեսակ միջոցներով: Կարծում եմ` երեխայի հետ ճիշտ աշխատելու դեպքում այդ սովորույթը ինքներդ կվերացնեք:

Մերի
Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Աղջիկս 5 տարեկան էուժեղ քրտնարտադրություն ունի դեռ 1 տարեկանից: Նշեմ, որ կաթնամթերք բացարձակ չի օգտագործում, բայց փորձում եմ վիտամինների ձևով լրացնել: Հիմա քրտնարտադրությունն այնքան շատ չէ, որքան առաջ, բայց քրտնելուց հետո հոտ է գալիս վրայից, ինչպես հասուն կնոջից: Հարցս հետևյալն է` ինչի՞ հետ է դա կապված, արդյո՞ք անհանգստանալու կարիք կա: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Բարև Ձեզ: Այդ վիճակը կապված է նյութափոխանակության խանգարումների հետ, հիմնականում, սպիտակուցային և էլեկտրոլիտային բալանսի խախտմամբ, չի բացառվում նաև խնդիրներ էնդոկրին համակարգի հետ, անհրաժեշտ է դիմել նեղ մասնագետի խորհրդատվության:

Սաթենիկ
Հարց: Հարգելի բժիշկ, տղաս 4 տարեկան է, վերջերս շատ հաճախ է սկսել հիվանդանալ` գրիպ, հազ, անգինա, հիմա էլ փորլուծություն: Բուժող բժիշկը հակաբիոտիկ է նշանակել (ասեմ, որ ընդամենը 20 օր առաջ է անգինայի համար հակաբիոտիկ ստացել)` ասելով, որ հնարավոր է ինֆեկցիա լինի, իսկ անալիզի պատասխանը 3 օրից կլինի: Ի՞նչ եք կարծում` կարելի՞ է առանց հստակ իմանալու նորից հակաբիոտիկ տալ երեխային: Իսկ եթե դիզբակտերիոզ լինի, հնարավո՞ր է ավելի խորացնենք խնդիրը, լուծն էլ արդեն դադարել է: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան: Բարև Ձեզ: Ժամանակակից բժշկությունն արգելում է պատեհ, թե անպատեհ նշանակել հակաբիոտիկներ, հատկապես, աղիքային խանգարումների ժամանակ: Եթե ձեր երեխայի մոտ անցել է լուծը, որի համար նշանակվել է հակաբակտերիալ բուժում, հակաբիոտիկ ստանալու իմաստը չեմ տեսնումԻհարկե, պետք է սպասել անալիզի պատասխանին:

Արմինե
Հարց: Բարև Ձեզ: Աղջիկս 2 տարեկան 3 ամսական է, նկատել եմ, որ գլուխը թեփոտված է: Ինչի՞ց կլինի և ինչպե՞ս անցկացնեմ:

Պատասխան: Բարև Ձեզ: Այդ տարիքում գլխի թեփոտումը նյութափոխանակության հետ կարող է կապված լինել, հետևեք երեխայի սննդին, եթե կնկատեք մարսողության հետ կապված խնդիրներ, դիմեք մանկական գաստրոէնտերոլոգին:

Նարինե
Հարց: Բարև Ձեզ: Կասեք` 4-5 տարեկան երեխաները ինչու՞ են կծում և ի՞նչ պետք է անել կանխելու համար։

Պատասխան: Բարև Ձեզ, հարգարժան մայրիկ: Մի քիչ հումորով մոտենանք այս հարցին և հավելենք, որ ֆուտբոլիստ Սուարեսը 25 տարեկան է և դեռ հարմար առիթներին կծում է: Պարզապես դա երեխայի սիրո արտահայտման ձևերից մեկն է: Դուք ավելի լավ եք զգում և ճանաչում Ձեր փոքրիկին: Կարծում եմ` ժամանակի հետ այդ սովորույթը կանցնի:

Լիանա
Հարց: Բարև Ձեզ: Օրվա ընթացքում կարելի՞ է երեխային տալ սամիթի  ջուրն ու Էսպումիզանը միասին:

Պատասխան: Բարև Ձեզ: Տվեք երկուսից մեկը, որովհետև երկուսն էլ նույն ֆունկցիան են կատարում: