«Ընկերոջս հետ մի քանի անգամ հարաբերություն ենք ունեցել, բայց չի հասել մինչև ներթափանցում: Հնարավո՞ր է հղիություն». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Հասմիկ Անդրեասյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ին ուղղված հարցերի հերթական խմբաքանակին:

 

Մալվինա
Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ, մոտ 2 շաբաթ առաջ արյան անալիզ եմ հանձնել, և հայտնաբերվել է հեպատիտ Բ վիրուս, բիլիռուբին` 22.8, ուղղակի` 12.1, անուղղակի` 10.7, ԱՍՏ` 23.7, ԱԼՏ` 14.3, Գամմա-գլյուտամիլ տրանսֆերազ` 17.7: Ուզում եմ իմանալ՝ ինձ մոտ սու՞ր է, թե խրոնիկ, գուցե դրա համար պետք է առանձին անալիզ հանձնեմ: Ի՞նչ անել, կա՞, արդյոք,  բուժում: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Բարև Ձեզ, հարգարժան Մալվինա, Ձեր հարցը պետք է ուղղեք վարակաբանին:

 


Ռուզաննա
Հարց: Բարև Ձեզ: Ես 2 տարի է՝ ամուսնացած եմ, բայց չեմ հղիանում: Ամուսնուս մոտ տոկոսները քիչ են: Ի՞նչ կարելի է անել: Խնդրում եմ օգնեք: 2 տարի չհղիանալը  չբերությու՞ն է համարվում: Ի՞նչ կարելի է անել, որ շուտ հղիանամ: Ուզում ենք շուտ ունենալ փոքրիկ:

Պատասխան: Բարև Ձեզ, հարգարժան Ռուզաննա: Ճիշտ կլինի դիմել ռեպրոդուկտոլոգիայի բաժին, որտեղ պետք է Ձեզ հետ աշխատի և անդրոլոգը, և ռեպրոդուկտոլոգը: Կախված ամուսնու մոտ սպերմոգրամայի շեղումներից՝ կորոշվի Ձեր զույգի հետ աշխատելու կոնկրետ եղանակը, այն է` ինսեմինացիա կամ արտամարմնային բեղմնավորում: Այո, երկու տարի հղիության բացակայությունը զույգի մոտ կոչվում է անպտղություն:

 


Վարդ
Հարց: Բարև Ձեզ: Ես 21 տարեկան եմ, ամուսնացած չեմ, բայց օր օրի մարմնիս զանգվածն ավելանում է: Ասեմ, որ սննդի հետ կապ չունի, նորմալ սնվում եմ, տնային պայմաններում պատրաստած, զբաղվում եմ պարով ու սպորտով (պարան, օղակ, վազք, մարմնամարզություն), սակայն ոչինչ չի օգնում: 1 տարվա ընթացքում կրծքերիս վերին հատվածում ու կրծոսկրիս հատվածում տհաճ սև մազեր են աճել ու գնալով շատանում են: Խնդրում եմ, ասեք` հնարավո՞ր է հորմոնների հետ խնդիր ունեմ: Եթե այո, ապա ինչպե՞ս կարգավորեմ: Նախապես շնուրհակալ եմ:

Պատասխան: Բարև Ձեզ, հարգարժան Վարդ: Այո, հնարավոր է Ձեզ մոտ լինեն հորմոնների խանգարումներ: Ցանկալի է դիմել գինեկոլոգ-էնդոկրինոլոգի, որը կուղղորդի համապատասխան հետազոտությունների և կնշանակի համապատասխան բուժում:

 

Արփինե
Հարց: Բարև Ձեզ: Ես հղիացել եմ էկո-ով, ուզում եմ իմանալ՝ կարո՞ղ եմ բնական ճանապարհով ունենալ, թե՞ կեսարյան հատումով պետք է ունենամ:

Պատասխան: Հարգելի Արփինե, մի քանի ցուցանիշների հիման վրա է որոշվում ծննդալուծման տարբերակը: Ամեն դեպքում մանկաբարձ-գինեկոլոգներն արտամարմնային բեղմանվորումից հետո առավել հակված են վարել ծննդաբերությունը կեսարյան հատումով` հաշվի առնելով թե հոգեբանական և թե ֆինանսական նախադրյալները, ինչպես նաև բժշկական, քանի որ արտամարմնային բեղմնավորումը սովորաբար կատարվում է հիմնականում կնոջ մոտ առկա խնդիրների պատճառով, որոնք կարող են  նաև խանգարել բնական ճանապարհով ծննդաբերությանը:

 


Նաիրա
Հարց: Բարև Ձեզ, ես 29 շաբաթական հղի եմ և պատրաստվում եմ ինքնաթիռով արտերկիր մեկնել: Կարելի՞  է, արդյոք և ի՞ նչ է պետք անել:

Պատասխան: Հարգարժան Նաիրա, եթե Ձեզ մոտ չկան խնդիրներ, ապա թույլատրվում է, չնայած պետք է նշել, որ ցանկալի չէ ցանկացած պարագայում: Սակայն եթե կա մեկնելու խիստ անհրաժեշտություն,  ցանկալի է՝  հարցը քննարկեք ձեր մանկաբարձ-գինեկոլոգի հետ: Կարող եք ձեզ հետ վերցնել սպազմոլիտիկներ` անհրաժեշտության դեպքում ընդունելու համար և ցանկալի է՝ կրեք անոթասեղմիչ զուգագուլպաներ:


Էմիլիա
Հարց: Բարև Ձեզ, հղիությունից հետո նյարդերս շատ են թուլացել ու ամեն չնչին բանից բարկանում եմ, անկախ իմ կամքից: Հիմա կրծքով եմ կերակրում, կարո՞ղ եմ այս ընթացքում բուժել կամ գոնե ընդունել նյարդերը հանգստացնող դեղահաբեր:

Պատասխան: Հարգարժան Էլմիրա, երևի նկատի ունեք ընդհանուր հանգստացնող պրեպարատներ: Օրինակ` թույլատրվում է էսկարդի և նովոպասիտի ընդունումը, որոնք անվտանգ են կրծքով կերակրման ժամանակ: Ավելի լուրջ բուժման համար պետք է դիմել նյարդաբանի խորհրդատվությանը:


Ռուզաննա
Հարց: Արհեստական բեղմնավորում կատարելու համար որտե՞ղ է անհրաժեշտ դիմել, ի՞նչ հետազոտություն պետք է անցնել: Եթե հնարավոր է, կարո՞ղ եք ասել` որքա՞ն արժե: Ես 39 տարեկան եմ և 6 ամիս է՝ փորձում եմ հղիանալ: Դա կլինի իմ առաջին հղիությունը:

 

Պատասխան: Հարգարժան Ռուզաննա, անհարժեշտ է դիմել ռեպրոդուկտոլոգին, ով Ձեզ կներկայացնի հետազոտությունների անհրաժեշտ ցանկը: Արժեքը կախված է հետազոտություններից, կոնկրետ ձեզ անհրաժեշտ դեղորայքից և բժշկական միջամտություններից: Խորհուրդ կտամ շտապել, քանի որ Դուք գտնվում եք ռիսկային տարիքում: Ձեզ մաղթում եմ հաջողություն:


Նուշիկ
Հարց: Բարև Ձեզ: 20 օր առաջ աբորտ եմ արել ու մինչև հիմա չեմ հիվանդանում: Թեստ եմ արել, երկրորդ գիծը շատ թույլ ընդգծվեց, ի՞նչ եք կարծում, հղիություն կա:

 

Պատասխան: Հարգելի Նուշիկ, հղիության արհեստական ընդհատումից հետո, կախված հղիության ժամկետից, դաշտանը կարող է սկսվել մեկ շաբաթից մինչև 40 օր անց: Թեստը անիմաստ է կատարել, քանի որ ընդհատումից մինչև մեկ ամսվա ընթացքում թեստը լինում է դրական: 

 


Լիլիթ

Հարց: Ամուսնացած չեմ, սակայն ընկերոջս հետ մի քանի անգամ հարաբերություն ենք ունեցել, բայց չի հասել մինչև ներթափանցում: Կույս եմ, հնարավո՞ր է, արդյոք,  հղիություն: Անհանգստանում եմ: Ունեմ մեջքի ցավեր, գրեթե ժամը մեկ միզելու ցանկություն եմ ունենում, հոգնածություն եմ զգում, անընդհատ քունս տանում է: Դեռ թեստ չեմ դրել: Կարո՞ղ է հղիության հետևանք լինել, թե՞ ավելի լուրջ բան է: Շնորհակալ եմ:

 

Պատասխան: Հարգարժան Լիլիթ, Ձեր նկարագրած երևույթները հղիության հավաստի նշաններ չեն: Սակայն, առանց ներթափանցման նույնպես հնարավոր է հղիանալ, եթե հարաբերությունը ավարտվել է սերմնաժայթքմամբ: Որպեսզի ավելի հանգիստ լինեք, կարող եք հանձնել արյան մեջ խորիալ գոնադոտրոպինի որոշման անալիզ, որով պարզ կլինի հղիության կա, թե ոչ: