«Երեխաս գիշերներն արթնանում ու անդադար լաց է լինում. Ի՞նչն է պատճառը». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Նանե

Հարց. Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Հարցերս հետեւյալն են. երեխաս 1տարեկան 2 ամսական է, շատ քիչ բառեր է ասում՝ մամա, պապա, տատա: Անհանգստանալու կարիք կա՞: Բացի այդ, ցերեկը մեկ անգամ է քնում, իսկ երեկոյան չեմ կարողանում քնեցնել: Մի կերպ՝ լացելով քնում է ձեռքերիս վրա (ուրիշ կերպ չի քնում): Ինչի՞ց կլինի, խնդրում եմ՝ օգնեք:

Պատասխան. Խոսքի հետ կապված անհանգստանալու կարիք չկա: Կարծում եմ՝ ամեն բան նորմալ է ընթանում: Իսկ քնի հետ կապված պետք է ուշադիր նայել, թե ինչպիսի սովորություններ են ձեւավորվել երեխայի մոտ: Որոշ բաներ Դուք ինքներդ պետք է փոխեք Ձեր վարքում եւ օրվա ռեժիմում: Սովորաբար երեխայի քնի խնդիրն առաջանում է օրվա, սննդի, զբաղմունքի սխալ ռեժիմից եւ կազմակերպումից:

 

Արմենուհի

Հարց. Բարև Ձեզ: Ես ունեմ 2 աղջիկ՝ 7 տարեկան եւ 2 ամսական: Փոքրի ծնվելուց հետո մեծի վարքում նկատվում են բացասական փոփոխություններ: Հասկանում եմ՝ դա ուշադրություն գրավելու միջոց է, բայց նա չի զրկվել ուշադրությունից, այլ ընդհակառակը: Մեծս սկսել է պատերին թաքուն նկարել, որ նման բան նա չէր արել նույնիսկ մանուկ հասակում, հետո թաքուն ուտել (ես ամեն ինչ ազատ եմ թողնում, ոչինչ չեմ թաքցնում) ու խաբել: Փորձել եմ զրուցել, բացատրել, պատժել, նույնիսկ ապտակել, զրկել իրեն հետաքրքրող իրերից, բայց չի ստացվում: Խնդրում եմ՝ ասեք՝ ինչպես օգնեմ փոքրիկիս, որ սխալ արարքներ չանի:

 

Պատասխան. Անգամ եթե պահպանել եք առաջնեկի նկատմամբ նույն ուշադրությունը, միեւնույն է, փոքրիկի ծնունդը չի դադարել նրա համար սթրեսային լինել: Ես առաջարկում եմ պատիժները որոշ ժամանակ մի կողմ թողնել, պարզապես փորձեք խոսելով եւ հստակ սահմանափակումներով առաջ գնալ: Այսինքն՝ պետք չէ ամեն անգամ՝ վատ վարք դրսեւորելիս առանձնահատուկ ուշադրություն դարձնել, որովհետեւ դրանով ամրապնդում ենք վատ վարքը: Բայց օրվա մյուս պահերին հնարավորինս շատ պետք է խոսեք ու ինչ-որ բաներ քննարկեք նրա հետ: Որոշ դրսեւորումներ պետք է համարեք նորմալ եւ հանդուրժեք: Եթե Դուք միշտ գերուշադիր եք եղել նրա նկատմամբ, ապա այս պահին նա ավելի ծանր կտանի փոքրիկի ծնունդը: Հասկացեք երեխային: Իր կյանքի նախկին դրվածքը փոխվել է, իր դիրքը փոխվել է ընտանիքում, եւ նա պիտի հարմարվի դրան: Սակայն այս ամենը չի նշանակում, որ պետք է ամեն ինչ հանդուրժեք: Պետք է թույլատրելիի եւ անթույլատրեիի սահմանը ցույց տաք՝ բոլորի մոտ դրսեւորելով նույն վարքը: Չի կարելի մեկ մի բան ասել, մեկ՝ այլ բան: Բայց եթե փոփոխությունները լինեն դեպի վատը, դիմեք մանկական հոգեբանի:

 

 

Մայա

Հարց. Բարեւ Ձեզ: Խնդիրս հետեւյալն է՝ 4 տարի է՝ ամուսնացած եմ: Վերջերս ամուսնուս անունով չեմ դիմում (չի ստացվում անունը տալ): Շատ անհարմար վիճակ է: Նշեմ, որ նրա ծնողներին էլ մայրիկ-հայրիկ չեմ ասում: Գիտեմ՝ շատ վատ է, բայց չի ստացվում: Ի՞նչ անեմ:

 

Պատասխան. Ձեր հարցը մի քիչ անհասկանալի է՝ ի՞նչ է կատարվում եւ հատկապես ո՞րն է դրա պատճառը: Ամուսնու եւ նրա ծնողների հետ հարաբերությունները խորքից վերանայեք, փորձեք հասկանալ՝ ինչն է Ձեզ խանգարում, ինչը դուր չի գալիս եւ ինչն է անհարմարավետություն առաջացնում: Գուցե ամուսնության սկզբնական շրջանում ինչ-որ խնդիրներ են եղել, որոնք առաջացրել են այսպիսի խնդիր: Ամեն դեպքում այսպես դժվար է կռահել՝ ինչ է կատարվում եւ ինչ է պետք անել:

 

 

 

Քրիստինե

Հարց. Բարեւ Ձեզ. տղաս 3 ու կես տարեկան է, դեռ պարզ չի խոսում, նվնվում է ամեն փոքր բանից: Երբ տանը հյուրեր են լինում, նա լարվում ու լացում է, չի սիրում շփվել: Բառեր, արտահայտություններ ասել է դեռ 1 տարին չլրացած, բայց հիմա պարզ չի խոսում. եթե երկար նախադասություն է ուզում ասել, անհասկանալի հնչյուններ է արտաբերում: Նշեմ նաեւ, որ երեխան խոսում է հայերեն ու ռուսերեն: Մենք այժմ Մոսկվայում ենք: Ես փորձում եմ գրքերով զբաղեցնել նրան, բայց 2-3 րոպեից ավելի չի լսում, ուզում է մուլտֆիլմ նայել, լացում է: Նկարչության խմբակ էլ եմ տանում: Խնդրում եմ՝ խորհուրդ տվեք՝ ինչո՞վ զբաղեցնեմ երեխային, որ հետաքրքիր լինի եւ երեխայի լարված, նյարդային վիճակն էլ անցնի:

 

Պատասխան. Կարծում եմ՝ պետք է երեխան հետազոտվի նյարդաբանի, լոգոպեդի եւ հոգեբանի մոտ: Հետազոտվելուց հետո պարզ կլինի, թե զարգացման ինչպիսի խնդիր է երեխայի մոտ եւ ինչ է պետք անել, որ խոսքն ավելի արագ զարգանա: Պետք է առանձնացնել մեկ լեզու եւ երեխայի հետ հիմնականում խոսել այդ լեզվով, մինչեւ դա լիարժեք ձևավորվի: Հետո կարող եք անցնել մյուս լեզվին: Քչացրեք մուլտերն ու համակարգիչը եւ հնարավորինս շատ շփվեք ու խաղացեք երեխայի հետ: Բայց եթե ասում եք՝ չի ստացվում, չի նստում ոչ մի րոպե, ուրեմն նորից առաջարկում եմ դիմել մասնագետների:

 

 

 

Էլեն

Հարց. Բարև Ձեզ: Աղջիկս 2 տարեկան է: Մոտ 3 ամիս է, ինչ գիշերներն արթնանում եւ անդադար լաց է լինում: Քնից մի ժամ հետո սկսում է լացը մինչեւ լուսադեմ: Լացելուց հետո հանգիստ քնում է: Ինձ թվում է՝ երազ է տեսնում: Ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ անեմ:

 

Պատասխան. Փորձեք երեխայի ցերեկային կյանքը սթրեսից ու տարբեր տիպի վախերից ազատել: Երեխայի քունն արտահայտում է նրա ցերեկվա ապրումներն ու զգացմունքները: Բայց պարտադիր չէ, որ հենց այդ օրվա կատարվածներն ազդեն: Հնարավոր է, որ երեխան ինչ-որ վախեր ու տագնապայնություն ունի, որը գիշերն արտահայտվում է: Եթե Դուք ինքներդ կգտնեք դրա պատճառներն ու կվերացնեք, շատ լավ: Եթե ոչ, դիմեք մանկական հոգեբանի, որովհետեւ ամբողջ գիշեր անդադար լաց լինելը բարձր տագնապայնության մասին է վկայում: Բացի այդ, Դուք արդեն ֆիքսել եք, թե երբ է կոնկրետ սկսվել, եւ մասնագետն ավելի հեշտ կօգնի փոքրիկին:

 

 

 

Սոնա

Հարց. Բարեւ Ձեզ: Ես ամեն չնչին բանից նյարդայնանում եմ (օրինակ` կարող է մեկը հանգիստ տոնով ջուր խնդրի, իսկ ես նյարդայնանամ, փակվեմ սենյակում եւ լաց լինեմ): Ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ:

 

Պատասխան. Հարգելի Սոնա, հոգեբանությունը դժվարանում է առանց որեւէ հետազոտության եւ առանց որեւէ դիտարկման՝ հեռվից հեռու նման պատասխաններ տալ, թե ինչը ինչից կարող է լինել: Սկսած ներքին հորմոնալ խնդիրներից, ավարտած հոգեբանական տարբեր խնդիրներով, կարող են այդ վիճակի պատճառ լինել: Նամակագրությամբ ախտորոշել խնդիրը հնարավոր չէ: Դիմեք մասնագետի: