Հարցերին պատասխանում է Շենգավիթ ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Ռաֆայել Թադևոսյանը:
Նարա
Հարց. Բարեւ Ձեզ: Արդեն 3 ամիս է՝ ամուսնացել եմ: Հարսանիքիցս 20 օր առաջ իմացա, որ հղի եմ: Հիմա բալիկս 1 ամիս շուտ է ծնվելու: Ուզում եմ՝ ինչ-որ հավաստի պատճառ հուշեք, որը ինձ շրջապատի ավելորդ մեկնաբանություններից զերծ կպահի:
Պատասխան. Հարգարժան Նառա, ծննդաբերությունը համարվում է ժամկետային. եթե երեխան ծնվում է 37-41 մանկաբարձական շաբաթների ընթացքում (Ձեր 20 օրը տեղավորվում է այդ ժամանակահատվածում):
Գայանե
Հարց. Սոնոգրաֆիկ հետազոտության արդյունքում ինձ մոտ հայտնաբերվել է արգանդի վզիկի պոլիպ (0,7 սմ): Պատրաստվում եմ ամուսնանալ: Կարո՞ղ եմ այս վիճակով սեռական հարաբերություն ունենալ:
Պատասխան.Միանշանակ կարող եք սեռական հարաբերություն ունենալ, հնարավոր է դիտվի որոշակի քանակությամբ արյունային արտադրություն, իսկ կուսազրկումից հետո (եթե այն կա) անհրաժեշտ է դիմել մասնագետի՝ պոլիպի հեռացման համար:
Մարինե
Հարց. Բարեւ Ձեզ, հնարավո՞ր է հղիություն լինի, եթե դաշտանի ժամանակ միայն արյունանման թեթեւ արտադրություն է լինում:
Պատասխան. Այո, հնարավոր է, խորհուրդ է տրվում խորեոնային գոնադոտրոպինի մակարդակի որոշում արյան մեջ (ХГЧ): Դրական արդյունքի դեպքում կատարեք ուլտրաձայնային հետազոտութություն:
Աննա
Հարց. Բարեւ Ձեզ: Ես 6 շաբաթական հղի եմ, ունեմ ցիտոմեգալավիրուս: Արդյո՞ք դա վտանգավոր է:
Պատասխան. Կախված, թե որ եղանակով է հայտնաբերվել ցիտոմեգալովիրուսը: Խորհուրդ է տրվում առավել լայն հետազոտություն եւ մասնագետի խորհրդատվություն:
Աիդա
Հարց. Բարեւ Ձեզ: Ունեմ 8 ամսական բալիկ, ոչին կերակրում եմ կրծքով: Արդեն մի քանի օր է, ինչ ձախ կուրծքս ցավում է: Ի՞նչ կարող եմ անել. հնարավո՞ր է՝ գոյացություն լինի, թե կապված է կերակրման հետ:
Պատասխան. Ցանկալի է անցնել կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն, հասկանալ, թե ինչ խնդիր է, այնուհետեւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկել:
Սեդա
Հարց. Բարեւ Ձեզ: 2 օր է՝ փորիս ու մեջքիս շրջանում ցավեր ունեմ, սակայն դաշտան չեմ տեսնում: Ինչի՞ց կլինի: Նշեմ, որ ամուսնացած եմ:
Պատասխան. Հնարավոր է՝ սպազմի հետեւանքով արգանդի վզիկը փակվել է, եւ արյունային արտադրություն չկա, այդ իսկ պատճառով առկա են ցավեր:
Զառա
Հարց. Բարեւ Ձեզ: 3 ամիս է՝ ամուսնացել եմ, սակայն չեմ հղիանում: Ի՞նչ է հարկավոր անել:
Պատասխան. Հարկավոր է դիմել համապատասխան մասնագետի, հետազոտվել, հասկանալ խնդիրը եւ անհրաժեշտության դեպքում ստանալ համապատասխան բուժում:
Նունե
Հարց. Բարեւ Ձեզ: Կասե՞ք՝ ամուսնությունից հետո որքան ժամանակ անց կարելի է հղիանալ:
Պատասխան. Դա Ձեր անձնական որոշումն է, երբ ինքներդ պլանավորեք: